Ինքնանկար
ԺԱՆՍԵՄ
(ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՋՅԱՆ) ծնվ. 1920թ.
Ժանսեմը ֆրանսիական արդի արվեստի ականավոր դեմքերից է:
Հովհաննես Սեմերջյանը ծնվել է Սելեզում, Բրուսայի մոտ, մետաքսագործի ընտանիքում: 1922-ին հալածանքների երկյուղից նրանց ընտանիքը գաղթում է Հունաստան: Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը` 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում:
Հովհաննեսի մասնագիտական առաջին դպրոցն է դառնում Մոնպառնասի ազատ ակադեմիաները (1934-1936թթ.): 1938-ին նա ավարտում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը: Ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում: Սկսել է ցուցադրվել 1944-ից «Անկախների սալոնում» «Ջութակահարը» նկարով: Ստեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով` «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում» և այլն: Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում:
Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից` մայր ժողովրդի մեծ արհավիրքից:
Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ` թշվառների նկարիչ:
1956-ին Ժանսեմը ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ 1958-ին Մեքսիկայում շահում է Կոմպարեզոն: Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ` Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր: Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև Մոսկվայում: Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում:
Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին:
2001-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելեց Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին: