24.02.2021
«Պատմութեանս աղբիւրը ես իսկ եմ, իբրեւ ականատես մը մինչև վերջը:
Տարի առաջ ի Սեբաստիա օրական տեղի ունեցած անցքերը կը նօթէի.
թէև ատոնք ամէնը վերջէն ոչնչացուցի, բայց թե նոյն շարքը մնաց մտքիս մէջ:
Ամէն մէկ վերապրող, սակայն ունի իր «Պատմությիւնը».
ընտրովի առած եմ շատերու ալ տեղեկատուութիւնները»:
Կարապետ Գաբիկեան
Ժամանակի արևմտահայ կարկառուն մտավորական ու հասարակական գործիչներից է բառարանագիր, ազգագրագետ Կարապետ Գաբիկյանը: Նա ծնվել է 1861 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում: Կրթությունը ստացել է Սեբաստիայի վարժարանում, այնուհետև զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: Կարապետ Գաբիկյանի գրչին են պատկանում բազմաթիվ հոդվածներ և երեք մեծածավալ աշխատություն:
1915 թ. գարնանը, երբ Սեբաստիայում սկսվում են հայ երևելիների զանգվածային ձերբակալությունները և աքսորը դառնում է անխուսափելի, Գաբիկյանն ինքնակամ ոչնչացնում է իր աշխատությունները, նոթերը, գրական ստեղծագործությունները: Իր ընտանիքի հետ տեղահանվելով Սեբաստիա քաղաքից՝ Գաբիկյանը գաղթի ճանապարհին կորցնում է ընտանիքի բոլոր անդամներին ու հարազատներին:
Հրաշքով փրկվելով՝ 1919 թ. աքսորվում է Հալեպ ու իր կյանքի վերջին տասնամյակն անցկացնում այնտեղ՝ կրելով տարագրության դառնություններն ու տանջանքները: Աքսորի ընթացքում Ռաքքայում նա սկսում է գրի առնել իր հուշերը:
Հալեպում անցկացրած տարիներին նամակագրությամբ սեբաստահայ գաղթականներից հավաքագրում է վերապրողների պատմություններ և ճշտում Սեբաստիայի հայկական բնակավայրերի տեղանունները:
Կարապետ Գաբիկյանը սեբաստացի Գրիգոր Փահլևանյանի հետ միասին Հալեպում ստեղծում է
«Սեբաստահայերի հայրենակցական միությունը», որն զբաղվում է վերապրողների մանրամասն վիճակագրությամբ:
1920 թ. գրում է
«Եղեռնապատում Փոքուն հայոց և նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ» գիրքը, որը Հայոց ցեղասպանությունից փրկված սեբաստացու հուշագրությունն է՝ գրի առնված բանիմաց ուսումնասիրողի և քաջատեղյակ ականատեսի կողմից: Իրական դեպքերի վրա հիմնված այս աշխատանքը կարող է ընկալվել և՛ իբրև վկայություն, և´ հետազոտություն:
«Եղեռնապատում Փոքուն հայոց և նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ» գրքի մի քանի տարբերակներ թեև անհետացել են, սակայն Գաբիկյանը կարողացել է ավարտին հասցնել և հրատարակել իր մեծարժեք աշխատությունը:
«Եղեռնապատում»-ի առաջին տարբերակը Գաբիկյանը գրում է հոգևոր գործիչ, մանկավարժ Սարգիս Մանուկյանի խնդրանքով Ռաքքայում՝ ներկայացնելով տարագրության պատմությունը:
«Րագգա մտնելուս, երկու ամիսի չափ մնացի առանձին սենեակով: Այդ միջոցին էր որ գիշերները գրի առի մեր տարագրութեան այս պատմութիւնը. շատ համառօտ գծերով. եւ զոր յանձնեցի պ. Սարգիս Մանուկեանին որ Հալէպ գնալուն Գերման հիւպատոսին պիտի տար Կարնոյ Տարագրութեան տեղեկագրին հետ: Եւ իրաւ ալ իր հետ տարաւ, բայց իր մէկ ազգականին սպառնալիքին վրայ այրեր ոչնչացուցեր էր»,- գրում է Կ. Գաբիկյանը:
Գրքի երկրորդ տարբերակը Գաբիկյանը վերսկսում է շարադրել Հալեպ հասնելուց հետո, որտեղ նա ծանոթանում է Արամ Անտոնյանի հետ և աշխատակցում նրան վերապրողների հուշերի գրանցման և համակարգման գործում։ Անտոնյանին է հանձնում «Եղեռնապատում»-ի երկրորդ ձեռագիր տարբերակը, ով հավանության է արժանացնում ձեռագրի հրատարակությունը:
1920 թ. ընդունելով Երուսաղեմի պատրիարքության հրավերը՝ Կարապետ Գաբիկյանը 11 հայ որբերի հետ տեղափոխվում է Երուսաղեմ՝ աշխատելով հայկական դպրոցներում որպես հայոց լեզվի, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Այդ տարիների ընթացքում էլ նա շարադրում է «Եղեռնապատումի» վերջնական տարբերակը՝ ուղարկելով ԱՄՆ՝ Չիկագոյում հրատարակվող «Երիտասարդ Հայաստան» թերթում հրատարակելու համար:
1924 թ. Բոստոնում լույս է տեսնում Գաբիկյանի «Եղեռնապատում» գիրքը, որտեղ հեղինակը հանդես է գալիս
«Գուժկան Սեբաստիո» կեղծանվամբ:
Գաբիկյանն իր մեծածավալ աշխատությունն սկսում է Բալկանյան պատերազմից և Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակից: Փաստարկված ցույց է տալիս, որ Սեբաստիայում ևս հայերի ֆիզիկական ոչնչացումը վաղօրոք ծրագրված էր: Ինչպես ժամանակի արևմտահայ տարագիր մյուս մտավորականների գործերում, այստեղ ևս նկարագրված են գաղթի սահմռկեցուցիչ տեսարանները և իրականացված կոտորածները:
Գաբիկյանը ներկայացնում է Արևմտյան Հայաստանի պատմական Փոքր Հայքի և Սեբաստիայի 350.000 հայության տեղահանման պատմությունը: Նա հաղորդում է, որ Սեբաստիան ուներ 5.800 տուն հայ բնակչություն, մոտավորապես 34-36 հազար անձ:
Կարապետ Գաբիկյանն ստույգ տեղեկություններ է հաղորդում նաև Սեբաստիայի մոտակա հայկական գյուղերի մասին, որոնք ևս քանդվեցին և հավասարվեցին հողին:
Հանգամանալից ներկայացնելով աքսորի ճանապարհը՝ նա բերում է որոշ սեբաստահայերի վերաբերյալ մասնավոր պատմություններ՝ անդրադառնալով հայ գաղթականության վիճակին, նպաստամատույցների գործունեությանը, որբահավաք աշխատանքերին, ինչպես նաև հարեմներից ազատագրված հայ կանանց ու բռնի մահմեդականացված հայերին:
Գաբիկյանն առաջիններից մեկն է մատնանշում գերմանացիների դերը հայերի տեղահանության հարցում՝ նրանց համարելով թուրքերի ուսուցիչներ:
Աշխատությունում մեծ տեղ է հատկացվում գաղթականների գլխավոր հանգրվաններին՝ Ֆըրընջլարին, Սուրուճին և Ռաքքային:
Գաբիկյանին մեծ վիշտ է պատճառել նաև հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային արժեքների ոչնչացումը, և գրքի 48-րդ (ԽԸ) գլխում, որը վերնագրված է
«Սեբաստիա յետ բռնագաղթի», հեղինակը մեկ առ մեկ հիշատակում է սեբաստահայերի կողմից սիրված, բայց ոչնչացված վանքերն ու եկեղեցիները:
1919 թ. Հալեպում Գաբիկյանն ամուսնանում է Սեբաստիայի հայտնի ընտանիքներից մեկի՝ Ահարոն Նորարևյանի դստեր՝ Ազնիվի հետ: Ունեցել է երկու զավակ:
Կարապետ Գաբիկյանը մահանում է 1925 թ. Երուսաղեմում:
Քրիստինե Նաջարյան
Կրթական ծրագրերի բաժնի վարիչ
_________________________________
1. Գուժակն Սեբաստիոյ,
«Եղեռնապատում Փոքուն հայոց և նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ», Պոսթըն, 1924:
2. Պատմագիրք Յուշամատեան Սեբաստիոյ եւ գավառի հայութեան, հատոր Ա, Պէյրութ, 1974:
3. История уничтожения Малой Армении и ее великой столицы Себастии, Ереван, 2015.
Կարապետ Գաբիկյանն ու իր ընտանիքը, Երուսաղեմ, 1922 թ.
Կարապետ Գաբիկյանն ընտանիքի և որբերի հետ, Երուսաղեմ
Միջգավառային միության անդամները Հալեպում
1. Գեր. Հ. Գրիգոր վրդպ. Փէհլիվանեան, 2. Եսայի…Ուրֆացի, 3. Սարգիս Սէլեան, 4. Նշան Մաթոսեան,
5. Միհրան Նաճարեան, 6. Կ. Գաբիկեան, 7. Ռուբեն Աճէմեան, 8. Ղազարոս Մարտիկեան
Կարապետ Գաբիկեան, Եղեռնապում, Պոսթըն, 1924 թ.