25.09.2014
Միհրան Մեսրոպյանի անունը շատ նշանակալի է Վաշինգտոնի ճարտարապությունը հետազոտողների համար: Նա Հենրի Ուարդմանի` 1920-ականներին Վաշինգտոնի հայտնի կառուցապատողի, առաջատար ճարտարապետներից մեկն էր:
Միհրան Մեսրոպյանը քաղաքում նախագծել է մի շարք ուշագրավ շենքեր, այդ թվում՝ Քարլթըն հյուրանոցը, Հայ-Ադամս հյուրանոցը, Ուարդմանի աշտարակը և այլն: Այս կառույցները մինչև օրս հանդիսանում են քաղաքի խորհրդանիշները:
Մեսրոպյանի կյանքի պատմությունը, սակայն, շատ ավելի տպավորիչ է: Նա ծնվել է վաճառականի ընտանիքում, Օսմանյան կայսրության Աֆյոն Գարահիսար քաղաքում: Բայց նրան վիճակված էր դառնալ արվեստի մարդ:
15 տարեկանում նա ընդունվել է Պոլսի հեղինակավոր Կայսերական Գեղարվեստի ակադեմիայի երկրորդ կուրս (Academie des Beaux-Arts), որն այժմ կոչվում է Օսմանյան կայսրության ամենանշանավոր ճարտարապետի, ծագումով հայ Սինանի անունով: 20 տարեկանում նա նշանակվել է Զմյուռնիա քաղաքի գլխավոր ճարտարապետ: Մասնակցել է նաև Պալյանների հայտնի գերդաստանի կառուցած Պոլսի հռչակավոր Դոլմաբահչե պալատի վերանորոգման աշխատանքներին:
Բայց դժբախտաբար, Առաջին համաշխարհային պատերազմն ու Հայոց ցեղասպանությունը փոխեցին նրա ճակատագիրը:
1914 թվականի օգոստոսին, Զմյուռնայում Զապել Մարթմանյանի հետ իր ամուսնությունից մի քանի ամիս անց Միհրան Մեսրոպյանը զորակոչվեց օսմանյան բանակ: Վերապատրաստություն անցնելով` 1914 թվականի հոկտեմբերին Մեսրոպյանը սկսում է ծառայել որպես կրտսեր լեյտենանտ: Որպես զինվորական ինժեներ մասնակցում է Գալիպոլիի (Դարդանելի) ճակատամարտին, լինում է ռուսական ճակատում, ապա տեղափոխվում է Պաղեստին և Սիրիա:
Զինվորական ծառայությունների համար պարգևատրվել է երկու թուրքական պատվո մեդալներով և գերմանական Երկաթյա խաչով:
Պատերազմից վերադառնալով Մեսրոպյանը տեղեկանում է, որ իր եղբոր ընտանիքն ու անչափահաս քույրը 1915 թվականին Աֆյոն Գարահիսարից տեղահանվել են, իսկ իրենց պատկանող գույքը առգրավվել է: Նրանց մասին որևէ տեղեկություն Մեսրոպյանն այլևս չի ստանում: 1921 թվականի օգոստոսին Մեսրոպյանն իր կնոջ և երկու որդիների հետ գաղթում է ԱՄՆ:
Միհրան Մեսրոպյանի պատմությունը հիշեցնում է Սարգիս Թորոսյանի և մյուս հայերի կենսագրությունները, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայեցին Օսմանյան բանակում և միևնույն ժամանակ նրանց ընտանիքները դարձան Հայոց ցեղասպանության զոհ:
Միհրան Մեսրոպյանի թոռնուհին` Քարոլայն Մեսրոպյան-Հիքմանը, ով ուսումնասիրում է իր պապի արվեստն ու կենսագրությունը, կիսվեց իր հիշողություններով նրա մասին:
- Հարգելի՛ Քարոլայն, կարող ե՞ք պատմել Մեսրոպյան ընտանիքի մասին, ովքե՞ր էին Միհրանի ծնողները:
Միհրան Մեսրոպյանը Գասպար Մեսրոպյանի և Միրիամ Փալանջյանի որդին էր։ Նրանք ապրել են Աֆյոն Գարահիսարում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը թուրքեր էին: Հայկական և թուրքական աղբյուրներում նշվում է, որ 1914 թվականին շուրջ 6500 հայեր էին ապրում Աֆյոն Գարահիսարում, ինչպես նաև սակավաթիվ հույներ, հրեաներ և շուրջ 89 000 թուրքեր:
Աֆյոն Գարահիսարը դեռևս 1860-ականներից երկաթուղիներով կապված էր օսմանյան մեծ քաղաքների՝ Պոլսի և Զմյուռնայի հետ: Քաղաքը հայտնի էր բարձր որակի ափիոնի և հացահատիկի, ինչպես նաև դեկորատիվ կահույքի արտադրությամբ:
Մեսրոպյան ընտանիքի սերունդներն ապրել են Աֆյոն Գարահիսարում: Միհրանի հայրը, մեծ հայրը և գերդաստանի մյուս անդամներն ափիոնի և հացահատիկի վաճառականներ էին: Միհրանը ունեցել է երեք եղբայր և մի քույր: Նրա ծնողները մահացել են նախքան Առաջին համաշխարհային պատերազմը և մենք ենթադրում ենք, որ թաղվել են Աֆյոն Գարահիսարի հայկական գերեզմանատանը:
- Արդյոք ճիշտ է՞, որ Մեսրոպյանը 15 տարեկանում նկարչական հմտության շնորհիվ ընդունվել է Պոլսի հեղինակավոր Կայսերական Գեղարվեստի ակադեմիա և միանգամից երկրոդ կուրս:
Ըստ Միհրանի բանավոր պատմության, որը պատմել է իր որդուն Ռալֆին` իմ հորը, նա նկարելու տաղանդ է ունեցել շատ վաղ տարիքում: Ավարտել է Աֆյոն Գարահիսարի ամենամեծ հայկական` Սահակյան վարժարանը, որտեղ ուսումնական ծրագիրը պատրաստված է եղել եվրոպական չափանիշներով: Միհրանի համար առանձնակի օգտակարություն են ունեցել մաթեմատիկան, նկարչությունը, գեղագրությունը և ձեռքի աշխատանքը:
Այնպես որ, նա հնարավորություն է ունեցել զարգացնելու իր տաղանդը վաղ տարիքում: Դպրոցում սովորել է նաև հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն և անգլերեն: Ֆրանսերեն լեզվի լավ իմացությունն օգնում է նրան Պոլսի Կայսերական գեղարվեստի ակադեմիա ընդունվելիս, որովհետև մի շարք ուսուցիչներ կամ ֆրանսացիներ էին, կամ էլ Ֆրանսիայում ուսանած թուրքեր: Միհրանը կարողանում էր նաև օսմաներենով կարդալ ու գրել:
Այնպես որ Սահակյան դպրոցը նրան պատրաստել է ընդունվելու ակադեմիա: Ըստ Միհրանի պատմածի, նա ազատվեց առաջին կուրսի դասերից, որոնք հիմնականում նվիրված էին նկարչության և նմուշների կրկնօրինակմանը:
- 1909 թվականին Մեսրոպյանը նշանակվել է Զմյուռնայի քաղաքի ճարտարապետ: Կ՞ա որևիցե տեղեկություն այդ ժամանակահատվածի իր գործերից, որևէ սևագիր կամ նկար:
Զմյուռնայում որպես քաղաքային ճարտարապետ նա եղել է կառույցի ստուգման պատասխանատու, 1909-1912: Նա թողել է Զմյուռնիայում իր կողմից նախագծված կառույցների ամփոփ ցուցակը՝ մեկ հյուրանոց, ութ տուն, մեկ պահեստ, վաթսունչորս խանութներից բաղկացած մեկ շուկա, մեկ բանկ և ակումբ, քարե և բեթոնե շինություններ: Նա նաև մշակել է 1100 ակր տեղագրական քարտեզ` բաժանելով այն 1615 լոտերի, բացել է ոռոգման ջրանցքներ և պլանավորել է ֆերմերային տների հատվածներ:
Ինչպես հայտնի է, Զմյուռնայի մեծ մասը հրդեհվել է 1922 թվականին` այդ թվում և քաղաքապետարանի փաստաթղթերը: Նրա գործերից մնացած միակ տեսանելի կառույցը վերևում նշված հյուրանոցն է, որը կառուցվել է 1912 թվականին: Այն պատկերը, որը Միհրանն իր հետ բերեց ԱՄՆ արված էր շենքի բացումից անմիջապես առաջ, այդ պատճառով էլ հյուրանոցի անունն ու հասցեն չգիտենք:
Անցյալ տարի`2013-ի հոկտեմբերին, Զմյուռնիայում էի և շրջեցի հին քաղաքի մի քանի փողոցներում, բայց այդ շենքը չգտա: Կային 19-րդ դարի վերջերից և 20-րդ դարասկզբից մնացած շենքերի հիմքեր, որոնք պահպանվել են մինչ օրս, ուստի հնարավոր է, որ նրա շինություններից մեկը կամ մի քանիսը դեռ կանգնած լինեն:
- Ի՞նչ գիտեք Միհրան Մեսրոպյանի` Առաջին համաշխարհային պատերազմի մասնակցության մասին: Ո՞ր մարտերում է նա մասնակցել:
Զմյուռնիայում Զապել Մարթամյանի հետ ամուսնանալուց մի քանի ամիս անց 1914 թվականի օգոստոսին Միհրանը զորակոչվել է թուրքական բանակ: 1914-ի հոկտեմբերին նա ավարտել է Բեյլերբեյի պահեստային սպաների դպրոցը որպես կրտսեր լեյտենանտ և նշանակվել է 4-րդ ամրոցների գնդում որպես ինժիներ:
Հայտնի է, որ նա որոշ ժամանակ ծառայել է առաջին և երրորդ ստորաբաժանումներում: 1914 վերջերին նախ ուղարկվել է Դարդանել և մասնակցել Գալիպոլիի կռիվներին, ապա եղել է ռուսական ճակատում, որտեղ անց է կացրել սաստիկ ցուրտ ձմեռ, երբ ձյունը մի քանի ոտնաչափ խորությամբ էր նստել: Նա իհարկե պետք է ճանապարհորդեր պատմական Հայաստանի տարբեր շրջաններով դեպի ռուսական ճակատ: Նրա գումարտակը հետո ուղարկվեց Պաղեստին և Սիրիա:
- Որքա՞ն ժամանակ նա մնացել է գերության մեջ Եգիպտոսում:
1918 թվականի աշնանը, բրիտանացիների և նրանց արաբ դաշնակիցների կողմից մեծ հարձակման արդյունքում, թուրքական 4րդ բանակային կորպուսի հիմնական մասը գերի էր վերցվել արաբ ոչ կանոնավոր զորքերի կողմից: Միհրանենց խումբն անջատվել էր հիմնական ստորաբաժանումից:
Նրանք մի քանի օր թափառելուց հետո գերի էին տարվել արաբների կողմից: Նա 6 ամիս գտնվել է սպաների մի բանտում, 1918 թվականի ուշ աշնանից մինչև 1919 թվականի մայիս:
Ըստ Միհրանի պատմածների, արաբները, որոնք գերեվարել էին իրենց խումբը, նպատակ են ունեցել բոլորին սպանել: Սակայն Թոմաս Էդվարդ Լոուրենսը, ով գտնվում էր այդ տարածքում միջնորդել է արաբներին` հիշեցնելով որ ռազմագերիներին մահապատժի չեն ենթարկում: Միհրանն այս մասին պատմել է մի քանի անգամ` նշելով, որ Թ.Է. Լոուրենսը փրկել է իր կյանքը: Չնայած նրան, որ ես այս դեպքի մասին փաստաթղթեր չեմ գտել, մենք կասկածելու հիմքեր չունենք:
- Առաջին աշխարհամարտի ընթացքում ի՞նչ պարգևների և տիտղոսների է արժանացել Միհրան Մեսրոպյանը:
Միհրանը պահուստային բանակային կորպուսի լեյտենանտ էր: Դարդանելում իր մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է երկու թուրքական պատվո մեդալներով և գերմանական Երկաթյա խաչով: Նրա աշխատանքը ներառել է ճանապարհների, հանքերի և վարընթաց երթուղիների կառուցումը և վերանորոգումը, ամրոցների նախագծումը, տեղակայումը և տեղագրական քարտեզների գծագրումը:
- Հայոց ցեղասպանությունը ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել Մեսրոպյան ընտանիքի վրա:
Միհրանի երեք եղբայրներն ամուսնացած էին և ունեին ընտանիքներ, բայց նրանց անչափահաս քույրը` ոչ: Նրանք բոլորը 1915 թվականի օգոստոսին տեղահանվել էին Աֆյոն Գարահիսարից և նրանցից ոչ մի տեղեկություն չի ստացվել: Միհրանի հորեղբորորդիները նույնպես տեղահանվել են:
Առաջին աշխարհամարտից հետո Միհրանը վերադարձել է Աֆյոն Գարահիսար և փորձել է վերադարձնել ընտանիքի ունեցվածքն, որ վաճառի, բայց չի հաջողվել: Մարդահամարի տեղեկությունները ցույց են տալիս, որ նա եղել է ոչ թե հայկական թաղամասում, այլ Հաջի Մուրադ շրջանում, որը Աֆյոն Գարահիսարի հարևանությամբ գտնվող հին քաղաքից դուրս գտնվող բազմաէթնիկ մի շրջան էր:
- Ինչպիսին ե՞ք հիշում ձեր պապին, ինչպիսի՞ անձնավորություն էր նա:
Հյուսիսային Կարոլինայում մեծացող փոքրիկ մի աղջիկ էի, ընտանիքիս հետ այցելում էի պապիկիս տարին միայն երկու անգամ, նրան վերաբերվում էի մեծ հարգանքով: Նա ինձ օտար էր թվում, շատ պարփակված: Գոնե մեր այցելությունների ժամանակ քիչ էր խոսում: Բայց կարող եմ ասել, որ շատ խելացի էր և ընկալող, ինձ ու քրոջս հետևում էր բազեի նման: Նրա նկարներն ու ջրաներկի գործերը լցրել էին տունը, նրանք խորհելու համար հիասքանչ էին: Նա հաճախ լավ չէր լինում, ինչը հասկանալի է, եթե հաշվի առնենք այն ամենը, ինչ նա դիմագրավել է իր երիտասարդ տարիքում:
Հիշում եմ նաև, որ նա և տատս խոհանոցում միասին պատրաստում էին հայկական ճաշատեսակներ: Այսօրվա իմ հեռանկարներն ունենայի, նրա հետ իր փորձառության ու ճարտարապետության մասին մի շարք զրույցներ կունենայի: Ես միշտ ափսոսում եմ դրա համար: Բայց զգում եմ, որ իր կառույցների շնորհիվ ես լավ եմ ճանաչում նրան: Ես տարիներ շարունակ ուսումնասիրել եմ դրանք և մեծապես հպարտանում եմ իր ուշագրավ աշխատանքներով և այն ամենով, ինչ կարողացել է անել որպես գաղթական: Նա իսկական վերապրող էր: Նա ունեցել է տաղանդ և ԱՄՆ-ում հնարավորություն է ունեցել այդ տաղանդն օգտագործելու:
- Ի՞նչ կարող եք ասել ճարտարապետության պատմության մեջ ձեր կարիերայի վրա նրա ունեցած ազդեցության մասին:
Ճարտարապետությունն իմ արյան մեջ է, հայրս նույնպես ճարտարապետ էր: Բայց ես ոչ մի գեղարվեստական տաղանդ չունեմ իմ քրոջ նման, ուստի որոշեցի ուսումնասիրել արվեստի և ճարտարապետության պատմությունը: Որքա՜ն հրաշալի է, որ ես մինչև հիմա ապրում եմ Վաշինգտոնում և կարող եմ հիանալ, ուսումնասիրել և գրել իր կառուցած շենքերի մասին: Սա հարատև կապ է, որի համար ես միշտ շնորհակալ կլինեմ:
Գայանե Միրզոյան
© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Միհրան Մեսրոպյանի դիմանկարը
Մեսրոբյան ընտանիքի արխիվից
Միհրան Մեսրոպյանի զինվորական պարգևները
Ռազմագերու ազատագրման վկայական, 1919
Միհրան Մեսրոպյանի դիմանկարը
Մեսրոբյան ընտանիքի արխիվից
Dupont Circle շենքը, Վաշինգտոն
Կոնգրեսի Գրադարան
Քարլթըն հյուրանոցը, Վաշինգտոն
Կոնգրեսի Գրադարան
Հայ-Ադամս հյուրանոցը, Վաշինգտոն
Կոնգրեսի Գրադարան