Ալաշկերտի կոտորածը և գաղթը
Պատմողն է Մոլլա Սուլէյման գիւղի բնակիչ Մուքայէլ Ղուկասեան
1914 թուի աշնանը ռուս-տաճկական պատերազմի յայտարարումով սկսւում է զօրքի համար շորեղէնի և ուտեստի պատրաստութիւն, որ ստացւում է ժողովուրդից: Նախքան պատերազմը կառավարութիւնը հաւաքում է սովորական տուրքերը` 2-3 տարուայ բաժինը մէկից. բահրա (հացից և խոտից), արազիե (հողային հարկ), ամալիա (ճանապարհների շինութիւն), խամչուր (ոչխարների վրայ դրած հարկը) և անշարժ կալուածների (ձիթհանք, ջրաղաց, խանութ) և արդիւնաբերութեան (այգիներ ու բանջարանոցներ) թամաթուս264 կոչուած տուրքը: Սրանցից առաջինից միայն և ստանում են 1/8 մասը տարեկան հացի և խոտի, իսկ մնացածներին` կանխիկ դրամ: Այս անսովոր հաւաքումը տեղի է ունենում պատերազմի նախօրեակում, իսկ պատերազմի յայտարարութիւնից յետոյ հաւաքւում է պատերազմական տուրք` ոչ ըստ ցանկութեան ժողովուրդի, այլ` իշխանութեան որոշումով` իւրաքանչիւր գիւղի բաժինը առանձին, որ պարտաւոր էր անպատճառ լրացնել գիւղը, իսկ գիւղից ամէն տան բաժին ընկածը, երբ տունը ինքը չունէր, գնում էր ուրիշից և տալիս պահանջողին: Օրինակ Մոլլա Սուլէյման գիւղի համար որոշած է եղել 1200 հոխա (374 ֆունտ) իւղ, ամէն տան` 2-20 փութ ձաւար, 4-30 փութ գարի, իսկ ցորեն, խոտ և դարման տարուել է` որքան կամեցել են տանողները, իբրև թէ գնահատելով տարածը. բայց, իհարկէ, ոչ մի վճարում տեղի չի ունեցել:
Զօրքի համար հագուստեղէն նոյնպէս որոշ չափով ամէն տան վրայ դրուած է եղել սպիտակեղէն- ելակ265 (բաճկոն), իշլիկ266 (ֆուֆայկա), գուլպայ, տրեխ, կարպետ, եորղան, քեչա` վրաններ շինելու համար և ուրիշ հարկաւոր բաներ: Մէկ անգամ տանելուց յետոյ, մի ժամանակ անց` նորից գալիս են հաւաքում և այսպէս կրկնում, մինչև ժողովուրդի գաղթը դէպի մեզ: Ւսկ իւրաքանչիւր գիւղից 20-30 սայլ տանում են սահմանամերձ փախչող քուրդ ժողովուրդի քոչերը և զօրքի ուտելիքը ներս կրելու համար, բայց բոլոր գնացողներն էլ իրենց սայլերով ու տաւարներով (2 զոյգ եզ ամէն սայլին և երկու մարդ) այլևս չեն վերադառնում:
Կոտորածը.- Ռուս զօրքը գալիս անցնում է Մոլլա Սուլէյման և Զէդկան գիւղերից և հետապնդում քիւրտերին: Մի ամսի չափ մնալուց յետոյ, ռուս զօրքը յետ է նահանջում և այդ նահանջի ետևից վրայ են հասնում Համիդիէ քրտական յորդաները և շրջապատում Մոլլա Սուլէյման գիւղը: Ռուսաց դարձը ո՛ր գիւղը որ լսում է, պատրաստւում է և փախչում, գալիս դէպի մեր սահմանը. իսկ տեղեկութիւն չունեցող գիւղերը մնում են իրենց տեղերում: Զէդկանի բնակիչները գալիս հաւաքւում էին Մ. Սուլէյման գիւղում, սրանք էլ բարձում էին սայլերը, անասուններին խոտ են գցում ուտելու և մտածում, թէ ինչպէս ազատուեն փորձանքից: Սայլերր չեն լծում, կասկածելով, թէ դեռ ռուս զօրքին չհասած, ճանապարհը կը բռնեն քիւրտերը և կը կոտորեն, ուստի ուղարկում են չորս ձիաւոր ռուս զօրքից տեղեկութիւն բերելու, բայց սրանք գնում են ու այլևս չեն վերադառնում: Երեկոյեան դէմ նորից չորս ձիաւոր են ուղարկում, բայց սրանք ևս անդարձ են մնում իրենց նախորդների նման` գցելով իրենց ուղարկողներին մտատանջութեան մէջ: Այս սպասողական վիճակում երեկոյեան դէմ գիւղի մօտից լսւում է հրացանաձգութիւն, որին պատասխանում են գիւղից: Քրդերը լռում են, որ ռուս զօրքը աւելի հեռանայ գիւղից և առաւօտեան վաղ շրջապատում են գիւղը ու սկսում հրացանազարկը: Ժողովուրդր տեսնելով իր օրհասը և մի քանի սպաննածներ, թողնում է բարձած սայլերը, տաւարը, ինչքն ու հարստութիւնը և ամէնն իր ընտանիքի ձեռքը բռնած բռնում են Թոփրախկալէի (Ալաշկերտի բերդ) ճանապարհը այն յոյսով, որ իշխանութեան ձեռքով ազատուին, բայց բերդում իշխանութիւն չեն գտնում:
Բերդի քիւրտերը առաջին պատահողին հէնց իրենք սպանում են, մինչև որ հաւաքւում է բոլոր ժողովուրդը: Երբ երկու գիւղի ժողովուրդը մեծ ու փոքր լցւում է բերդը, քիւրտերը ժողովուրդին լցնում են մի քանի մեծ տներ և այսպէս պահում, մինչև որ Համիդէի զօրքը Մ. Սուլէյմանի աւարը տիրելուց և իրար մէջ բաժանելուց յետոյ հասնում է բերդ` ճաշից յետոյ: Վրայ հասնող համիդիէի գլխաւորներն են` շէխ Օսման և շէխ Դարւէշ (բիրաբադցի շէխ Հասանի լամուկները), բրազցոց մեծը` Արէշ աղէն և Հաջի Հասանի եղբայր Հայդօն:
Երբ այս շէյխերը մտնում են բերդ` տեղացի քիւրտերը նախ հանում են Մ. Սուլէյմանի Յովհաննէս վարդապետ Հուրիկեանին, Զէդկանի քահանային, բերդեցի Յովհաննէս էֆենդուն, Բարսեղ աղին և իր Սահակ, Վարդան և մի ուրիշ եղբօրը (սրանցից Յովհաննէսը շրջանի թահսիլաթչին էր- հարկահաւաքր, իսկ Բարսեղ և Վարդան եղբայրները` մէջլիսի անդամ) և ասում են շէյխերին, թէ ահա սրանք ձեզ համար մատաղ ենք անում (սրբազան մուտքի առթիւ) ե մորթում են ոչխարի պէս վարդապետին, քահանային և հինգ երևելիներին: Յետոյ սկսւում է կոտորածը: Սպանում են գնդակներով, կացիններով ու խենչալներով: Սպանւում է այդտեղ 480 աչքի ընկնող տղամարդ: Այստեղ (Բերդի մէջ) նախկին ռուս-տաճկական պատերազմի ժամանակից Կաղզուանից գաղթած թուրքերը կամենում են պաշտպանութիւն ցոյց տալ հայերին, շատերին վերցնում են իրենց տները և կանանց լցնում մեչեթը, բայց մունետիկը շրջում է քաղաքի փողոցները և յայտարարում է, թէ ում տունը հայ պահուեց կամ մէկը ազատ ճանապարհ տուեց հային նրա տունը կ՚այրուի, նա մուսլիմ270 չէ (հաւատացեալ): Այս հանգամանքը թուլացնում է այդ թուրքերին, բայց այնուամենայնիւ յաջողեցնում են ութսուն շնչի փախուստ` տղամարդ և կին միասին:
Կոտորում են Թոփրախկալէ բերդը, Մ. Սուլէյման, Զէդկան, Յամադ և Խաչլու գիւղերը: Վերջին երկուսի բնակիչները իրենց տեղում են կոտորում, իսկ Մ. Սուլէյմանի և Զէդկանի տղամարդիկը բերդում կոտորելուց յետոյ կանանց և երեխաներին դուրս են անում բերդից և քշում իրենց գիւղերը: Այստեղ քիւրտերը լցւում են սրանց մէջ, գեղեցիկ կանանց վերցնում են: Շատերին առևանգում և սպանում [են] և շատերին էլ վառած թոնիրները ձգում ու այրում: Այս չորս գիւղից ազատւում են միայն այն ընտանիքներն ու անհատները, որոնք առաջուց փախած են լինում:
Մոլլա Սուլէյմանը ունենում է 130 տուն բնակիչ, Զէդկանը` 100 տուն, Յամադը` 200 տուն և Խաչլուն` 150 տուն: Ամէնաշատը ընտանիքում պէտք է հաշուել 40 շունչ, իսկ քչին` 7 շունչ: Ազատուել են Մ. Սուլէյմանից 120 շունչ, Զէդկանից` 60 շունչ, Յամադից` կէս մասը, իսկ Խաչլուից` մեծ մասը:
Կազմեց Գրիգոր քահանայ Տէր Գրիգորեան:
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 476, թթ. 1-2 շրջ., բնագիր, ձեոագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 228 – 231: