Հայոց ցեղասպանության վերապրող, եկեղեցական, ազգային, հասարակական գործիչ Գրիգորիս Պալաքյանը ծնվել է Թոքատոմ 1879թ.: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա՝ Էրզրումի Սանասարյան վարժարանում: 1895թ. մեկնել է Գեմանիա ուսանելու ճարտարագիտություն, սակայն երկու տարի անց՝ վերադարձել է հայրենիք հոգևորական դառնալու նպատակով: 1898-1901թթ. ուսանել է Արմաշի դպրեվանքում և ավարտելով՝ ձեռնադրվել վարդապետ: 1906թ. Կ. Պոլսում կարգվել է Մ.Օրմանյան պատրիարքի անձնական քարտուղար: 1912թ. ստանձնել է Սանասարյան վարժարանը Էրզրումից Սեբաստիա փոխադրելու դժվարին գործը: Գ. Պալաքյանը 1913-14թթ. Բեռլինի համալսարանում հետևել է աստվածաբանության և փիլիսոփայութան դասընթացներին: Առաջին աշխարհամարտը սկսվելուն պես՝ 1914թ. սեպտեմբերին վերադարձել է Կ. Պոլիս: Նա մերժել է Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Եղիայանի առաջարկը (1914թ. հոկտեմբեր)՝ ստանձնել Երզնկայի առաջնորդարանի թափուր պաշտոնը՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում քաջալերել հոգևոր իշխանության սխալ ու անհեռատես քայլերը:
1915թ. ապրիլի 24-ին՝ «Կարմիր կիրակի»-ի օրը, Գ. Պալաքյանը ձերբակալվել է Կ. Պոլսի 220 հայ մտավորականների հետ: Թուրք ոստիկանները նրանց ձերբակալում էին նախապես կազմված ցուցակների համաձայն: Ըստ Պալաքյանի
«Ասոնք մահապարտ այն հայերն էին, որոնք յեղափոխական թէ ազգային կեանքի մէջ գործօն դեր մը ունենալով՝ աչքի զարկած էին, և իբր թէ ի հարկին կըրնային ժողովուրդը մղել յեղափոխութեան կամ գոնէ դիմադրութեան»: Ձերբակալված հայ հոգևորականներին, բժիշկներին, կուսակցական, հասարակական գործիչներին, ուսուցիչներին, իրավաբաններին, Օսմանյան պառլամենտի անդամներին թուրք զինվորականների հսկողության ներքո Պոլսի կենտրոնական բանտից հաջորդ օրը նավով փոխադրեցին Սենճեան-Քյոյ երկաթուղային կայարան (Էնկյուրիի մոտ), որտեղ վերջիններիս բաժանեցին 2 խմբի: Առաջին խմբի անդամներին (Ռուբեն Զարդարյան, Սմբատ Բյուրատ, Նազարեթ Տաղավարյան, Սիամանթո, Շավարշ Քրիսյան, Ենովք Շահեն և այլոք)՝ մոտ 75 բանտարկյալ, տեղափոխեցին Այաշ, իսկ մուսներին՝ Չանղըրի: Գ. Պալաքյանը Կոմիտասի, Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Տիրան Քելեկյանի և այլոց հետ աքսորվեց Չանղըրի, ուր նրանց տեղակայեցին թուրքական զորանոցի շենքում: Իր հուշերում՝ ներկայացնելով Չանղըրիի հայ աքսորականի կյանքը, Գ. Պալաքյանը գրում է.
«Զրկուած էինք կեանքի ամենաանհրաժեշտ տարրական պիտոյքներէ, պառկած չոր տախտակների վրայ, գլուխ գլխի, ոտք ոտքի, սիրելիներու կարօտը մեր տանջուող սրտերու մէջ, վաղուան անորոշության սարսափը մեր հոգիներուն մէջ: Մինչ զօրանոցին մեծ դրան ու մեր արգելափակուած սրահին փոքր դրան առջև պահակ կը սպասէին հերթով սուինավոր զինւորներ չթոյլատրելով որ ամենաստիպողական պարագաներու մէջ իսկ գոնէ դուրս գալ մեր սրահէն»:
Ի դեպ, Երևանի պատմության պետական թանգարանում առկա է մի հուլուքաշար համրիչ, որի 99 հատիկներին փորագրված են Չանղըրի աքսորված միայն 103 հայ աքսորականի անուններ: Առաջին հատիկին Կոմիտասի անունն է, 5-րդին՝ Ռուբեն Սևակի, 40-րդին Դ. Վարուժանի, իսկ ամփոփիչ 99-րդ հատիկաշարին՝ Գ. Պալաքյանի: Իր հուշագրության մեջ («Հայ Գողգոթան. Դրուագներ հայ մարտիրոսագրութենէն Պեռլինէն դէպի Զօր 1914-1920», Վիեննա, 1922թ.) Գ. Պալաքյանը ներկայացնում է Չանղըրիի 69 աքսորականի անուն, ցավով հիշատակելով, որ «դժբախտաբար Չանղըրիի մեր աքսորական տարաբախտ ընկերներուն հազիվ կէսին անունը կարելի եղավ ձեռք բերել մեծ դժվարութեամբ...»:
Արդեն հունիսին Չանղըրի աքսորավայր սկսեցին հասնել գավառների հայ բնակչության սոսկալի կոտորածների և բռնագաղթի մասին աղետաբեր լուրերը: Այդ ընթացքում, Գ. Պալաքյանի վկայության համաձայն, Չանղըրիի հայ աքսորականներից թուրք զինվորականների կողմից պարբերաբար առանձնացվում էին մի քանի տասնյակ հոգի, որոնց խմբերով թուրք զինվորականների ուղեկցությամբ տանում էին իբրև թե Տիգրանակերտի պատերազմական ատյանում դատելու, սակայն, իրականում նրանք դաժանաբար սպանվում էին աքսորի ճանապարհին, ինչպես օրինակ՝ Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Տիրան Քելեկյանը և այլոք: Հայ աքսորականներից հինգը Չանղըրիի աքսորավայրից ազատվեցին
Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հ. Մորգենթաուի անմիջական միջնորդությամբ:
1916թ. փետրվարին Չանղըրիի 130-140 հայ աքսորականներից մնացել էին 16-ը, ովքեր տեղի հայության հետ տարագրվեցին դեպի Դեր-Զոր: Հայ տարագիրների քարավանը բաղկացած էր հիմնականում կանանցից և երեխաներից, որոնց ուղեկցում էին 10-12 հեծյալ ոստիկաններ: Մի քանի օր շարունակ քայլելով ձնածածկ ճամփով, Չանղըրիի հայ տարագիրները, որոնց շարքում էր նաև Գ. Պալաքյանը, Յոզղատ-Պողազլեան ճանապարհին հանդիպեցին բազմաթիվ կազմալուծված մարդկային դիակների, որոնք 1915թ. հուլիսին Յոզղատի սպանդի ժամանակ դաժանորեն սպանված հայերի մասունքներն էին: Պալաքյանի այն հարցին, թե սրանք ում դիակներն են, տարագիրների քարավանը հսկող
թուրք հարյուրապետ Շյուքրին, ով ամիսներ առաջ իրականացրել էր Յոզղատից տարագրված հայ բնակչության անողոք կոտորածը, պատասխանեց.
«Շրջակայ թուրք գիւղացիներու կողմէ ջարդուած հայերու ոսկորներ են ասոնք, որ 1915ի Օգոստոս եւ Սեպտեմբեր ամիսներուն մէջ Պոլսէն եկած բարձր հրամանին վրայ կոտորուեցան (ձեռքով ցուցանելով) սա դէմի ձորին մեջ: Եւ թեպետ ներքին գործոց նախարարին հրամանով՝ այս կոտորածներուն հետքը կորսնցընելու համար, մեծ փոսեր փորուելով ի մի հաւաքուեցան եւ թաղուեցան անցեալ տարի հոկտեմբերին. սակայն ձմրան հեղեղները այդ փոսերը բանալով ոսկորները և մասամբ կազմալուծւոած դիակները դուրս բերած են ...»: Ըստ Շյուքրիի վկայության Յոզղատից տարագրվել էին 6400 կին, երեխա , այդ թվում՝ մինչև 12 տարեկան տղաներ, որոնց սպանդին մասնակցեցին նաև շրջակա թուրքական գյուղերից հանուն ջիհադի եկած շուրջ 10 000 թուրք, որոնք
«Ալլահ, Ալլահ» գազանային վայրագ պոռչտուքներով՝ կը յարձակէին եոզղատցի 6400է ավելի անտեր ու անպաշտպան կիներուն, աղջիկներուն և երախաներուն վրայ»:
Պալաքյանը վկայում է, որ իր տարագրության ճանապարհին`Չանղըրի-Չորում-Յոզղատ-Կեսարիա-Թոմարզա-Սիս-Օսմանիե-Իսլահիե, 1916թ. փետրվար-ապրիլ ամիսներին, նա բազմիցս ականատես եղավ դաշտերում և ձորերում՝ հայերի մահվան քարավանների անցած վայրերում, պատառոտված զգեստների կտորների, մաշված կոշիկների, եկեղեցական գրքերի մասնատված էջերի, հոշոտված, քայքայված և մերկ դիակների...
Չանղըրիից դուրս եկած տարագիրները շարունակում էին իրենց ճանապարհը սոված, կիսամերկ և բոկոտն՝ դեպի Կեսարիա: 1916թ. գարնանը Կեսարիայի գրեթե բոլոր շրջաններում սով էր սկսել. պատճառը՝ ցորենի չհնձված դաշտերն էին, քանի որ հողը մշակող հայերը 1915թ. օգոստոսին սպանվել էին...
Հայ տարագիրներից յուրաքանչյուրը հաշվառված էր «մահվան քարավանը» հսկող թուրք ոստիկանի կողմից կազմված ցուցակում, որն ամեն կայանատեղում անվանակոչով ստուգում էր հայ աքսորյալներին: Վերահաս մահից միակ փրկությունը՝ փախուստն էր: Այս գաղափարը Գ. Պալաքյանի մոտ հղացավ Իսլահիեում (Կիլիկիա), որտեղ, Դեր-Զօրի մահվան վրանակայանից հատուկենտ փրկված հայ վերապրողներ, նրան պատմեցին անապատում անմարդկային պայմանաներում իրենց գոյությունը մի կերպ քարշ տվող, արևից, ցրտից, քամիներից, սովից կմախքացած հայ խլյակների մասին: Կ. Պոլսից աքսորվելուց գրեթե մեկ տարի անց՝ 1916թ. ապրիլի 2-ին, Գ. Պալաքյանը՝ պարտիզակցի Հովհաննեսի ուղեկցությամբ, Իսլահիեյից ծպտյալ փախավ Այրան:
Որոշ ժամանակ անց նա տեղացի հայերի միջնորդությամբ աշխատանքի անցավ
Բեռլին-Բաղդատ երկաթուղու Այրանի կայարանում՝ իբրև պոլսեցի Գ. Կարապետյան: Այստեղ՝ թուրքերի հետապնդումից խուսափելու համար, սափրեց մորուքը, հանեց հոգևորականի փարաջան, ձեռք բերեց եվրոպացու հագուստ՝ ստանալով բոլորովին նոր կերպարանք:
1916թ. հունիսին Կ. Պոլսից եկած նոր հրամանով Այրանում, Ինթիլլիում, Քելլերում, Պահճեում իրականացվեց տարագրությունից մազապուրծ եղած հայության բեկորների երկրորդ տեղահանությունը, որոնց ընդհանուր թիվը կազմում էր 11 500 հայ՝ հիմնականում մանկահասակ երեխաներ և կանայք: Սկսվեց ինչպես նախորդ տարագրությունից փրկված, այնպես էլ գերմանական երկաթուղում աշխատող հայերի ցուցակագրությունը, որի նպատակը հայության իսպառ բնաջնջումն էր: Տարագրությունն իրականացվեց Ամանուսի լեռնաշղթայի հատվածում աշխատող բազմաթիվ օտրաերկրացիների՝ գերմանացիների, ավստրացիների և այլոց աչքի առաջ, որոնցից շատերը փորձում էին, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, կասեցնել հայերի նոր տեղահանությունը կամ գոնե ինչ-որ կերպով աջակցել մահվան քարավանի մեջ երկրորդ անգամ հայտնված հայ տարագիրներին, սակայն՝ ապարդյուն: Այս մասին Գ. Պալաքյանը գրում է.
«Ստուգիւ բազմաթիւ ականատես հայեր ինծի պատմեցին այն ազնիվ օժանդակութիւններուն մասին որ զուիցերիացի, գերման եւ ավստիրացի երկրաչափներ ու ճարտարագէտներ կ’ընէին, հակառակ գերման կառավարութեան հետապնդած հայահալած քաղաքականութեան»:
Ըստ Գ. Պալաքյանի վկայության՝ հայ տարագիրներին Պահճեից Մարաշ ճանապարհին հրացանային համազարկով սպանեցին թուրքական բանակի զինվորները, որոնք զենքի ունեցած իրենց փորձառությունը ստուգում էին մահվան երթուղով անցնող հայ տարագիրների վրա՝ նրանց օգտագործելով որպես կենդանի թիրախ: Թուրք զինվորականներից հետո մահվան «խրախճանքին» մասնակցեցին շրջակա գյուղերի մահմեդական բնակիչները, որոնք կողոպտեցին և դաժանաբար սպանեցին թուրքական փամփուշտից մազապուրծ մնացյալ տարագիրներին:
Այսպիսով, Ամիանոսի երկաթուղային գծի վրա աշխատողն շուրջ 10 000 հայ տարագիրներից 1916թ. տեղահանությունից հետո մնացին մի քանի հարյուր հայ, այդ թվում նաև Գ. Պալաքյանը: Նա տարագրությունից խուսափեց ավստրիացի ճարտարապետ Քլաուզի միջնորդությամբ, քանի որ տիրապետում էր գերմաներենին և Բեռլինում ուսանել էր ճարտարագիտություն: Ենիճեի կայարանապետ Տիրան Գույումճյանը վերապրող հայ հոգևորականի այդ փորձառությունը բնութագրում էր այսպես.
«...հայ գաւառներու մէջ միակ ողջ մնացած վարդապետը, որ ցարդ իր կենդանի մնալը կը պարտի իր յանդգնութեան եւ գերմաներէն լեզուին իր ծանոթութեան...»: Շուտով ակնհայտ դարձավ, որ Պահճեի մնացյալ սակավաթիվ հայերի կյանքին ևս վտանգ է սպառնում, քանի որ լրտեսների կողմից բացահայտված ծպտյալ հայերը թուրքական իշխանությունների կողմից կամ բռնի իսլամացվում էին կամ էլ աքսորվում դեպի սիրիական անապատներ: Այս մտահոգությամբ, երկաթուղու աշխատակից՝ գերմանացի մեքենագետ Քեկըլը, հայ հոգևորականին փրկելու բարեպաշտ կաթոլիկ քրիստոնյայի անձնուրացությամբ, կազմակերպեց Գ. Պալաքյանի նոր փախուստը Պահճեից: Գ. Պալաքյանը կեղծ անձնագրով և գերմանացու անունով՝ Հեռ Բերնշթայն, ձեռք բերեց գերմանական զիվորական համազգեստ և փախավ Ինճիրլիք՝ Բեռլին-Բաղդատ երկաթուղու Ամանոսի գծի վերջին կայարանը: Այստեղ գտնվում էին Պաղեստինի և Միջագետքի ռազմաճակատների գերմանական ռազմամթերքների մթերանոցները: Մի քանի շաբաթ մնալով իր ազատարար Քեկըլի հետ նրա վրանում՝ պարզ դարձավ, որ Պաղչում Պալաքյանի ինքնությունը բացահայտած լրտեսները այդ մասին հայտնել են տեղի թուրք ոստիկաններին:
Ակնհայտ էր, որ Հեռ Բերնշթայն կեղծանունով Ինճիրլիքում երթևեկելը այլևս վտանգավոր էր Գ. Պալաքյանի համար: Իր հուշերում այդ կապակցությամբ նա գրում է.
«Ամեն հավանական վտանգ կարենալ կանխելու համար, Քէկըլ ինծի յանձնեց իր գերմանական անցագիրը»:
1916թ. հուլիսի 26-ին թուրքական իշխանությունների կողմից հետախուզվող հայ աքսորական հոգևորականը՝ գեմանացի զինվորականներին տեղափոխող գնացքի վագոնով՝ իբրև գերմանացի Քեկըլ, գաղտնի անցավ Պելեմետիկ: Այստեղ 6 ամիս ծպտյալ ապրելով իբրև գերմանացի ինժիներ, նա հանդիպեց Պոլսից աքսորված հայ մտավորականության մազապուրծ բեկորներին՝ հրապարակախոսներ Թեոդիկին, Ակնունուն, Սանասարյան վարժարանի նշանավոր ուսուցիչ Աստվածատուր Խաչատուրյանին և այլոց, որոնցից յուրաքանչյուրն ուներ փրկության իր պատմությունը...
1917 թ. Գ. Պալաքյանի հաջորդ թաքստոցն Ադանան էր: Հենց այստեղ էր, որ բազում փորձությունների միջով անցած հայ հոգևորականը որոշեց
«..հայ ահավոր տառապանքին պատմութիւնը գրել: Եւ սակայն յիշողութիւնս սուր ըլլալուն, հոն կը պաշարէի աքսորի կեանքիս բոլոր գլխավոր դէպքերը իրենց մանրմասնութեամբ... Այս օրերուն էր որ կը մտադրէի ողջ մնալու պարագայիս գրել հայ տառապանքի սարսափելի պատմութիւնը, որպեսզի ապագայ սերունդները գիտնան իրենց վայելած ազատութեան արժեքը և գինը...»: Ադանայում նա մի քանի ամիս ապրեց Ս. Կիրակոս եկեղեցու մոտ գտնվող թաքստոցում: Վերապրող հոգևորականն ամեն օր ականատես էր լինում, թե ինչպես են եկեղեցու շենքը բռնագրաված թուրք զիվորները պղծում հայ եկեղեցականների մարմարե դամբարանները՝ դրանց վրա արտաքնոցներ շինելով:
1918 թ. աշնանը Օսմանյան կայսությունը բոլոր ռազմաճակատներում պարտություն էր կրում: Ադանայում թուրք ոստիկանների իրականացրած խուզարկություններն օրըստօրե սաստկանում էին. աքսորյալ հոգևորականի թաքստոցն այլևս անվտանգ չէր: Նա ևս մեկ անգամ իբրև գեմանացի զինոր, Ադանայից գնացքով անցավ Կ. Պոլիս: Ճակատագրի բերումով, նա Ադանա-Պոլիս իր վեցօրյա ուղևորությունը Պալաքյանն անցավ այն վայերով, որտեղ անցակացրել էր իր տարագրության դժվարին չորս տարիները:
Պոլսում Պալաքյանը մնաց մինչև պատերազմի ավարտը (1918թ. հոկտեմբեր)՝ թաքնված ապրելով ծանոթների տներում և սկսեց գրի առնել իր հուշագրությունը: 1919 թ. հունվարի 4-ին նա հեռացավ Պոլսից...
Վտանգը կանխազգալու բացառիկ զգացողության շնորհիվ Պալաքյանը կարողացավ խուսափել վերահաս մի քանի ձերբակալություններից և փրկվել մահվանից: Իր անհավանական փրկության մասին խոսելիս՝ նա գրում է.
«Աքսորի եւ տառապանքի անցուցած չորս սարսափելի տարիներուս մէջ, ճակատագրին անվերապահ կերպով չհաւատալս և անխարդախ հաւատքս դէպի նախախնամութիւնը, փրկած էր զիս ցարդ ամէն վտանգներէ. ուստի հզօր հավատքով մը հարկ էր որ առաջ քալէի դէպի վերջնական փրկութիւն»:
Գ. Պալաքյանը 1921թ. ամռանը Բեռլինում մասնակցել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը՝ իբրև վկա: Գերմանական դատարանում նրա՝ Հայոց ցեղասպանության վերապրողի տված վկայությունները կարևոր հակափաստարկ եղան նախորդ իրազեկի՝ Օսմանյան կայսրությունում գերմանական ռազմական առաքելության ղեկավար Լիման ֆոն Սանդերսի վկայութան դեմ: Գ. Պալաքյանը իր վկայության մեջ հստակեցրեց այն դրույթը, որ հայերի տեղահանության և ջարդերի գլխավոր կազմակերպիչը Թուրքիայի Ներքին գործերի նախկին նախարար Թալեաթն էր, որի տված հրամաններով իրագործվեց Հայոց ցեղասպանությունը:
Թեհլերյանի դատավարությանը իր մասնակցության մասին Գ. Պալաքյանը գրում է.
«Երբ 1920ի Օգոստոսին Թալէաթի դատավարության միջոցին, ոչ միայն Սողոմոն Թէհլիյանը փրկելու, այլ նաև հայ ցեղի բնաջնջման մեծ եղեռնը գերման դատարանի մը մէջ փաստելու համար կ’երթայի Պերլին եւ ինծի շուրջ 40 վայրկեան[րոպե- Գ.Խ.] ժամանակ կը տրուէր որպէսզի տեսածներս ու գիտցածներս պատմեմ աներկիւղ, ամէն ազգի հոծ ունկընդիրներու ու մանաւանդ թուրքերու առջեւ, ուր կը գտնուէր նաև հայոց մեծ դահճապետ Թալեաթի այրին»:
1920-ակակներին Գ. Պալաքյանը հաստատվել է Եվրոպայում: Ընտրվել է Մարսելի, ապա Մանչեստրի հայ համայնքների հոգևոր առաջնորդ: Մահացել է 1934 թ. հոկտեմբերին` թողնելով անտիպ գործերի հսկայական ժառանգություն: Օրինակ՝ 1915թ. Չանղըրիում աքսորվի օրերին հեղինակել է «Հայ ընտանիք» անտիպ աշխատությունը, որը 1916 փետրարին երկրորդ անգամ աքորվելու ժամանակ ի պահ է տվել չանղըրեցի մի հայ կնոջ:
Հեղինակել է «Նկարագրութիւն Անիի ավերակերուն» (1911), «Ս. Էջմիածնի բարենորոգության պետքը» (1911 և «Հայ Գողգոթան. Դրուագներ հայ մարտիրոսագրութենէն Պեռլինէն դէպի Զօր 1914-1920» (1922), որը կարևոր սկզբնաղբյուր է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության համար:
Նյութը պատրաստեց ՀՑԹԻ գիտաշխատող Գոհար Խանումյանը