31.07.2021
Վարդանուշ տատը որդու՝ Պատվականի ընտանիքի հետ
1915 թ. ապրիլին սկսված և Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Մեծ եղեռնի չարագուշակ ձեռքը մեծ ողբերգությունից անմասն չթողեց ոչ մի հայ ընտանիքի։ Իմ ոչ հեռավոր նախնիները ևս եղեռնազարկ են եղել՝ կրելով դաժան իրադարձությունների հետևանքները:
Պապիս հայրը՝ Տեր Պետրոս քահանան, ճանաչված, հարգված ու մեծահարուստ հոգևորական է եղել Կաղզվան նահանգի Ղարավանք գյուղում: Նրա հորը Գրիգոր են կոչել: Ղարավանքն Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ուներ շուրջ 500 հայ բնակիչ։
Գրիգորի գերդաստանի զավակ է պապս` Սամսոնը, որին, ավաղ, նրա թոռներից ոչ մեկը չի տեսել։ Սամսոն Պետրոսյանը հորս՝ Վարդևանի (Վարդանի) հայրն է: Հոգևորական լինելն է եղել պատճառը, որ պապիս ցեղը Տեր-Պետրոսյան ազգանունն է կրել, սակայն հետագայում ազգանվան «Տեր» կցականը հանվել է, հավանաբար Խորհրդային Հայաստան գաղթելուց հետո:
Տեր Պետրոսն ունեցել է յոթ որդի և հպարտորեն ամենուր հայտարարել է, որ իր ընտանիքը հայրենիքին յոթ զինվոր-զավակներ է պարգևել։ Նա այդպես էլ աղջիկ չի ունեցել: Ցավոք, Պետրոսի յոթ որդիներից միայն վեցի անունները գիտեմ` Իշխան, Պատվական, Աղաբաբ, Վարդևան, Մինաս, Սամսոն: Ենթադրում եմ, որ յոթերորդ որդուն Պետրոսն իր հոր անունով Գրիգոր պետք է կոչած լիներ:
Երբ ես փոքր էի, միշտ զարմանում էի, թե իմ Վարդանուշ տատն իր որդիների անսովոր անունները՝ Վարդևան, Պատվական և Աղաբաբ, որտեղի՞ց է գտել: Բայց երբ մեծացա, ու տատս, հայրս, նաև հորեղբայրներս պատմեցին Սամսոն պապիս ընտանիքի պատմությունը, հասկացա, որ հորեղբայրներս պատահական անուններ չեն կրում, դրանք մի հին ու տխուր պատմության արձագանք են:
Պատմությունը, որ պիտի շարադրեմ, Սամսոն պապս է պատմել իր կնոջը՝ Վարդանուշ տատիս, ով էլ, իր հերթին, փոխանցել է իր որդիներին, հարսներին ու թոռներին:
Ահա այն պատմությունը, որ Սամսոն պապս փոխանցել է տատիս: Թուրք ոստիկանները հայ երիտասարդներին ձերբակալում ու բանտ են նետում: Նրանց մեջ էր նաև պապս: Ամեն օր անուն-ազգանունները կարդալով՝ երիտասարդներին հերթով դուրս են կանչում ու սպանում: Մի օր էլ Սամսոն պապիս անունն են կարդում: Թուրք հրամանատարն ոստիկաններից մեկին պատվիրում է՝
«Էդ գյավուրի գլուխը կտրել, շորերը թաթախել արյան մեջ ու վերադարձնել իրեն»։ Թուրք ոստիկանը պապիս տանում է ամայի մի տեղ, որ սպանի: Սամսոնը կռանում, մի քիչ հող է գցում բերանը` որպես մահից առաջ քրիստոնեական խոստովանանք ու օրհնություն։ Այդ պահին թուրքին նրա լայն թիկունքը շատ ծանոթ է թվում: Հարցնում է պապիս որտեղացի լինելն ու երբ իմանում է, որ նա Կաղզվանի Տեր Պետրոսի որդի Սամսոնն է, հրացանը ցած է գցում ու փաթաթվում նրան։ Պարզվում է, որ այդ ասկյարը տարիներ առաջ Ղարավանքում Սամսոնենց տանը ծառայություն է արել, և իր ընտանիքին սովից փրկել է Սամսոնի հայրը՝ Տեր Պետրոսը: Նա պապիս հիշեցնում է, որ ինքն Ալին է, և որ նրան մինչև տասը տարեկան հասակն իր ուսերին էր ման տվել: Պապս հիշում է նրան: Ալին սպասում է մինչև մութն ընկնի, ապա Սամսոնին տանում է իր տուն, մի մոզի մորթում, նրա շորերը թաթախում է արյան մեջ ու տանում իր հրամանատարին տալիս:
Ալիի որդին մահացած է լինում, բայց երիտասարդ հարսը նրա տանն է ապրելիս լինում: Սամսոնը տատիս պատմել է, որ այդ կինն աննկարագրելի գեղեցկություն է ունեցել, և Ալին մշտապես համոզել է նրան ամուսնանալ իր հարսի հետ ու իր տղան դառնալ: Բայց Սամսոնն ամեն անգամ մերժել է նրան: Երբ Ալին մի վերջին անգամ է փորձել համոզել, Սամսոն պապս այնքան համարձակություն է ունեցել, որ ասում է.
- Ուզում ես հենց էստեղ ինձ սպանիր, բայց ես թուրք կին չեմ առնի ու թուրք չեմ դառնա։
Ալին վերջապես հասկանում է, որ երիտասարդ Սամսոնին համոզելն անիմաստ է և մի օր գիշերով նրան օգնում է անցնել սահմանն, ու պապս գալիս է հայրենի գյուղ՝ Կաղզվան։ Գյուղից, սակայն, միայն ավերակներ էին մնացել։ 1918 թվականի թուրքական արշավանքը սրբել, տարել էր գրեթե ամեն բան։ Հայրական օջախի դուռը կողպած տեսնելով՝ Սամսոնը հանկարծ հիշում է իր հոր պատվիրանը` ուղղված զավակներին.
«Եթե երբևէ հեռավոր տեղից տուն վերադառնաք ու տան դուռը փակ տեսնեք, կգնաք մեր ընկույզի ծառի տակը կփորեք, եթե այնտեղ թաղված լինի մեր ընտանիքի հարստությունը, ուրեմն փախեփախ է եղել ու մենք լքել ենք մեր գյուղը»: Սամսոնը փորում է ընկույզի ծառի տակն ու երբ տեսնում է կճուճով ոսկին, հոնգուր-հոնգուր լաց է լինում, նորից հողով ծածկում է այն` հույսով, որ երբևէ բոլորը կրկին կվերադառնան իրենց օջախը:
Սկսվում է հայ-թուրքական պատերազմը։ Գիշերով քեմալական զորքը սկսում է գյուղի գնդակոծումը, և փաստորեն այլ ելք չի մնում, քան վերստին բռնել գաղթի ճանապարհը։ Սամսոնը, երկար թափառելով, հասնում է Էջմիածին: Այն ժամանակ բոլոր գաղթականներն Էջմիածին էին գալիս՝ պատսպարվելու Մայրավանքի սուրբ պատերի տակ: Էջմիածինը լիքն էր գաղթականներով ու որբերով։ Գաղթականների մեջ Սամսոնը շատ պատահական հանդիպում է իր հորեղբայր Մինասին, ում հետ միասին այստեղ-այնտեղ ծվարելով, կիսաքաղց անցկացնում են գիշերները: Սակայն քաղցը և եղբոր որդու ծանր վիճակը ստիպում են հորեղբայր Մինասին համոզել Սամսոնին, որ հեռանա Էջմիածնից, գնա որևէ գյուղ աշխատանք և ապրելու տեղ փնտրի՝ հուսալով, որ շուտով Կարսը կվերադարձնեն ու իրենք կվերադառնան հայրենի Կաղզվան։
Սամսոնը հասնում է Կոշ գյուղ (հնում՝ Կվաշավան, որն Արշակունի թագավորների դաստակերտն է եղել): Կոշեցի Վանուշ Գևորգյանը, ում մենք Վանուշ հորեղբայր ենք կոչում, ինձ պատմեց, որ, գալով Կոշ, պապս հանդիպում է իրենց ազգակից Աբրահամին, որին գյուղացիներն Ափո էին անվանում: Նա երիտասարդ Սամսոնին իր տանն աշխատանքի է վերցնում: Ձմռան մի ցուրտ օր Վանուշի տատը՝ Լուսնթագը, փողոցում տեսնում է արտասվող Սամսոնին: Հարցնում է արտասվելու պատճառը, Սամսոնը պատասխանում է, որ շունն ավելի լավ կյանքով է ապրում, քան ինքը: Պատմում է, թե իր հոր տանն ինչ անհոգ ու շքեղ կյանքով է ապրել, ծառաներ են ունեցել, իսկ հիմա անօթևան է, մի կտոր հացի համար օր ու գիշեր տանջվում է՝ ցրտին ու բքին: Լուսնթագ տատը, խիստ ազդված, դիմում է իր ամուսնուն, համոզում, որ Սամսոնին բերեն իրենց հետ ապրի: Ամուսինը գիտեր, որ Ափոն Սամսոնին իրեն տվողը չէ, ուստի դիմում է քահանային, ում հետ միասին համոզում են Աբրահամին, և Սամսոնը տեղափոխվում է տիրացու Գևորգի տուն։ Տեսնելով Սամսոնի մարդկայնությունը, աշխատասիրությունը, խելացիությունն ու գրագիտությունը` տիրացու Գևորգն անչափ սիրում է տղային ու գյուղի եկեղեցում Սամսոնին որդեգրում որպես իր հոգեզավակի՝ որդիներ Խաչատուրի, Վաչագանի և Բենիամինի չորրորդ եղբայր: Սամսոնը դառնում է ընտանիքի անդամ ու թիկունք՝ տիրացու Գևորգի որդիների համար:
Որոշ ժամանակ անց տիրացու Գևորգը որոշում է ամուսնացնել Սամսոնին: Շուտով նրա ընտանիքի անդամները Սամսոնի համար փոքր տուն են կառուցում ու ամուսնացնում Արագածի լանջերին ծվարած գաղթական մի ընտանիքի դստեր՝ Վարդանուշի հետ:
Սամսոնի և Վարդանուշի հարսանիքի ժամանակ, տեսնելով, որ սասունցիները շատ են խմում, պապս ինչ-որ մեկին ռուսերենով ասում է, որ էս սասունցիները խենթ են, եթե խմեցին, անպայման կռիվ կանեն... Սասունցիներից մեկը լսում է ու տեղյակ պահում հարազատներին: Հարսին Կոշ տանելու ճանապարհին նրանք հրացաններով կանգնեցնում են Սամսոնին ու տիրացու Գևորգի ընտանիքի անդամներին: Ստիպում են, որ իրենց աղջկան հետ վերադարձնեն: Տիրացու Գևորգը որքան էլ համոզում է, նրանք չեն զիջում: Ճարահատյալ Գևորգը մի քանի անասուն է խոստանում նրանց, որ թույլ տան հարսին իրենց հետ տանեն: Նա իր խոստումը հետագայում կատարում է:
Ամուսնությունից հետո Սամսոնն ունենում է չորս որդի, որոնց անվանում է իր եղբայրների ու հոր անուններով` Պետրոս, Իշխան, Վարդևան, Պատվական և Աղաբաբ: Պետրոսն ու Իշխանը մանուկ հասակում մահանում են սովից:
Հետագայում հայրս` Վարդևանը, իր առաջնեկին անվանում է պապիս անունով` Սամսոն, իսկ Պատվական հորեղբայրս իր երեք որդիներից երկուսին անվանում է իր անհետ կորած հորեղբայրների անունով` Իշխան ու Պետրոս:
Ասում են եղբայրս` Սամսոնը, շատ նման է իմ պապին, ոչ միայն արտաքինով, այլև իր խելքով ու գրագիտությամբ: Սամսոն պապս շատ գրագետ է եղել: Դեռևս այն տարիներին տիրապետել է մի քանի լեզուների:
Սամսոն Պետրոսյանը մահացել է 1935 թվականին՝ լնդախտից, երիտասարդ հասակում: Նա թաղված է Կոշ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու կողքի գերեզմանոցում, որը հետագայում դարձավ նրա տոհմի գերեզմանատունը: Նրա շիրիմը գտնվում է իր հոգևոր հայր տիրացու Գևորգի գերեզմանոցից վերև: Մինչ օրս պապիս մասին խոսելիս Կոշ գյուղում ասում են Պզանենց Սամսոնը: Պզանենք տիրացու Գևորգի տոհմն է, որի բոլոր անդամներն անչափ սիրել են պապիս, ու նրանց երեխաներն ու թոռները մինչև վերջերս չգիտեին, որ Սամսոնն իրենց հարազատ հորեղբայրը չի եղել:
Սամսոնի մահվանից հետո է նրա Եվա հորաքույրը գտել իմ հորն ու հորեղբայրներին: Եվան 1915 թվականի հայերի կոտորածի խոսուն վկաներից է: Նա իր գոտկատեղին կապել է նեղ կտորի մեջ կարված իր ոսկիների մի մասը, որոնցով թուրք ասկյարներին կաշառելով` իր տասը երեխաներից միայն չորսի հետ է կարողանացել հասնել Հայաստան: Երեխաներից վեցին ու ամուսնուն թուրք ասկյարներն են գաղթի ճանապարհին սպանել: Թե ի՞նչ զրկանքներով է նա՝ միայնակ կին, կենդանի մնացած չորս երեխաների հետ ու Հայաստան հասել, ես այդ մասին, ցավոք, անտեղյակ եմ:
Սկզբնական շրջանում Եվան բնակվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Այն տարիներին Ալեքսանդրապոլում համաճարակ է տարածված լինում։ Եվա հորաքույրն ընկնում է հիվանդանոց։ Երբ ապաքինվելուց հետո վերադառնում է, Աստծո հույսին թողած իր չորս զավակներին չի գտնում։ Ոմանք նրան ասել են, թե որդիները մահացել են, ոմանք էլ թե՝ ամերիկացիները նրանց մյուս որբերի հետ Ամերիկա են տարել։
Եվան մի որոշ ժամանակ ապրել է նաև Կոշ գյուղում: Գյուղացիները Եվային հիշում են միշտ շալվարը հագին ձի հեծած՝ գյուղի խաղողի բաղերը հսկելիս: Պատմում են, որ Եվային իր ուժեղ բնավորության համար գյուղում «տղամարդ-կին» են կոչել:
Եվա Զադոյան հորաքույրը մինչև իր կյանքի վերջն ապրեց Պատվական հորեղբորս ընտանիքի հետ Երևանում՝ այդպես էլ չգտնելով իր որդիներին: Ամեն Աստծո օր նա առավոտյան ու երեկոյան մի ժամ աղոթում էր իր զավակների համար ու ոչ մեկի հետ չէր կիսում իր ցավը:
Ոչ այնքան հավաստի աղբյուրներից լսել ենք, որ իբր Սամսոն պապիս հայրը՝ Տեր Պետրոսը, այդ ամբողջ ընթացում ապրել է Երևանում, բայց այդպես էլ հայր ու որդի երբեք չեն հանդիպել։ Դառը ճակատագիր:
Երկար տարիներ անց, երբ հորեղբայրս՝ Սամսոնի որդի Աղաբաբը, Ջրվեժում շինարարության բրիգադավար էր աշխատում, նոր տներ կառուցելու համար քանդել է տվել հին տները, մի տարեց մարդ զայրացած ասել է.
- Ուր գնացինք, մեր տունը քանդեցին, էս ի՞նչ կյանք է։
- Քո ո՞ր տունն են քանդել, հայրի՛կ։
- Կաղզվանի իմ տունը, այ որդի,- պատասխանել է տարեցը։
Հորեղբայրս տեղեկացել է, որ այդ մարդը ճանաչել է իմ պապի հորը՝ Տեր Պետրոսին: Աղաբաբն այդ մասին պատմել է իր եղբայրներին: Պատվական հորեղբայրս հետաքրքրվել և տեղեկացել է, որ Էջմիածնում ապրում է Սամսոն պապիս եղբոր փեսան՝ Վարդևանը ու հանդիպել նրա հետ:
ՎԱՐԴԱՆՈՒՇԻ ՏՈՀՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Վարդանուշ տատիս տոհմն էլ իր ցավոտ պատմությունն ունի: Նրա ընտանիքը 1915 թվականին գաղթել է Էրզրումից: Նրա հայրը և հորեղբայրները շատ հարուստ ու հեղինակություն վայելող մարդիկ են եղել Էրզրումում: Փախեփախի ժամանակ տատիս հոր ընտանիքի անդամները հասցրել են Էրզրումից փախչել, իսկ հորեղբոր փոքր տղան բոլորի ունեցվածքն է թաքցրել թուրքերից ու չի հասցրել փախչել: Հետագայում Հայաստան գաղթած գյուղացիները պատմել են, որ թուրքերը բռնել են նրան ու ծեծելով ստիպել իրենց գերդաստանի հարստության տեղն ասել՝ խոստանալով ազատ արձակել նրան: Նա իրենց տան բակում, գետնի տակ ցույց է տվել մի մեծ հոր, որտեղ իր գերդաստանի ոսկիները, թանկարժեք իրերն ու խալիներն էր թաքցրել: Թուրքերը, դրժելով տված խոստումը, սպանել են նրան ու տիրացել Վարդանուշ տատիս տոհմի ողջ հարստությանը:
Ես շատ եմ ցավում ու դատապարտում եմ ինձ, որ ունենալով մեր սեփական հեռուստաստուդիան՝ Աշտարակի հեռուստատեսությունը, ես երբևէ տատիկիս չեմ նկարահանել։ Այն ամենը, ինչ այս պահին պատմում եմ, կպատմեր նա՝ որպես 1915 թ. հայկական Եղեռնի կենդանի վկա, կպատմեր ավելի մանրամասն՝ իր և Սամսոն պապիս կյանքից, իրենց գաղթից…
Հեղինակ և պատմող՝ Գայանե Պետրոսյան՝ Սամսոն Պետրոսյանի և Վարդանուշի թոռնուհին
Խմբագրումն ըստ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի
Սամսոն պապը
Տիրացու Գևորգը
Եվա հորաքույրը եղբոր որդու՝ Պատվականի ընտանիքի հետ