Հայոց պատմության մեջ կան դեպքեր և հերոսներ, որոնք երբեք անցյալ չեն դառնա, քանի որ այդ հերոսների ու իրադարձությունների մեջ է դրսևորվում հայ ժողովրդի յուրովի նկարագիրը: Նման պատմական դեմքերից է արևմտահայ ազատագրական պայքարի հերոս, Վանի ինքնապաշտպանության մասնակից, հայտնի գեղանկարիչ Փանոս Պողոսի Թերլեմեզյանը, ով իր կյանքի երիտասարդության շրջանը՝ քսանից երեսուն տարեկան հասակը, նվիրաբերեց իր ժողովրդի ազգային ազատագրության գործին:
Փանոս Թերլեմեզյանը ծնվել է 1865 թ. մարտի 11-ին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում:
Թերլեմեզյանները Մոկսից եկել և բնակություն էին հաստատել Վանի Այգեստան արվարձանում:
Փանոս Թերլեմեզյանը նախնական կրթությունը ստացել է տեղի տարրական դպրոցում: Աշակերտական նստարանից սկսել է նկարել և դպրոցում ձեռք է բերել «նկարչի» համբավ. երազել է նկարիչ դառնալ, պատկերել շրջապատի սիրած մարդկանց, հայրենի բնությունը, ազատ լինել իր բոլոր մտորումներում:
1881-86 թթ. կրթություն է ստացել Մկրտիչ Փորթուգալյանի հիմնած Վանի Կենտրոնական վարժարանում, որը եղել է ժամանակի բացառիկ դպրոցներից մեկը, ուր հավաքվել են մեծամասամբ Եվրոպայում ուսում առած, առաջադեմ հայացքներով տոգորված մանկավարժներ ու մտավորականներ:
Դպրոցն ավարտելուց հետո Թերլեմեզյանը որոշ ժամանակ զբաղվել է ուսուցչությամբ՝ դասավանդելով աշխարհագրություն, գեղագրություն և գծագրություն:
Մկրտիչ Փորթուգալյանը 1884 թ․ իր 12 շրջանավարտներով հիմնում է «Գործակցական միություն» անունով մի կազմակերպություն, որը հիմնականում պիտի զբաղվեր մանկավարժական, հայրենասիրական-դաստիարակչական գործունեությամբ, սակայն այդ «Գործակցական միությունը» երիտասարդների ջանքերով դառնում է Արմենական կազմակերպության կորիզը, որին անդամագրվում է դեռ այն ժամանակ պատանի Փանոս Թերլեմեզյանը:
1895-97 թթ. Թերլեմեզյանը սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի Ակադեմիայում: 1897 թ․ թուրքական իշխանությունների ջանքերով ձերբակալվել է և աքսորվել Ռևելի (Տալլին) բանտը, որտեղից վեց ամիս հետո, իբրև քաղաքական հանցագործի, տեղափոխել են Մետեխի բանտ, այնտեղից էլ աքսորվել է Պարսկաստան:
1899 թ. Թերլեմեզյանը նոր անձնագիր ստանալով Խրիմյան Հայրիկի օրհնությամբ և օժանդակությամբ մեկնում է Փարիզ, որտեղ ընդունվում է Ժյուլիան ակադեմիա, սովորում մինչև 1904 թ․՝ աշակերտելով Ժան-Պոլ Լորանսին, Բենժամեն Կոնստանին:
Ակադեմիան ավարտելուց հետո իր պրոֆեսորները ջանում են նրան պահել Փարիզում, բայց Թերլեմեզյանն որոշում է վերդառնալ հայրենիք.
ինքը չէր կարող ապրել առանց հայրենիքի և հայրենիքն էլ սպասում էր իր զավակին:
Թերլեմեզյանը դրսևորում է բացառիկ ունակություններ՝ համատեղելով ստեղծագործական բեղուն գործունեությունը հանրային-քաղաքական գործունեության հետ:
1910 թ․ Թերլեմեզյանը հաստատվում է Պոլսում: Այնտեղ հանճարեղ Կոմիտասի հետ ապրում է մի հարկի տակ՝ տան երկրորդ հարկում Կոմիտաս վարդապետն էր, երրորդ հարկում՝ Թերլեմեզյանն՝ իր արհեստանոցով: Այդ տանն էին հավաքվում ժամանակի հայտնի և առաջադեմ մտավորականներից Կոմիտասը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Երվանդ Օտյանը, Գրիգոր Զոհրապը, Ռ. Սևակը, Երուխանը և այլոք:
1912 թ. Թերլեմեզյանը Կոմիտասի հետ մեկնում է վերջինիս ծննդավայր Կուտինա, որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի հայտնի դիմանկարը՝ ծառի տակ նստած, երաժշտական գործիքը կողքին, խորասուզված նոտաների ընթերցանության մեջ:
Թերլեմեզյանի հուշերից տեղեկանում ենք, թե ինչպես սուլթանի արարողապետը ծանոթանում է Կոմիտասի հետ և դիմում Թերլեմեզյանին՝ խնդրանքով, որպեսզի Կոմիտաս վարդապետը որևէ բան նվագի իր համար:
Կոմիտասի Շուբերտի երգից հետո, թուրք դիվանագետը չկարողանալով զսպել իրեն, ձեռքը սեղանին է խփում և ասում.
«Գրողը տանի, ութ հարյուր տարվա պետություն ենք ցարդ այդպիսի մի արվեստի և արվեստագետի տաճար չունեցանք»:
Կոմիտասի ու Թերլեմեզյանի մտերմությունը եղել է շատ անկեղծ ու անքակտելի. դա է վկայում երկար տարիներ Փարիզյան հիվանդանոցի խցիկում պառկած և բանտարկված Կոմիտասի ու Փանոսի հանդիպումը: Տասը տարիների ընթացքում առաջին անգամ Կոմիտասը ճանաչել է մի մարդու, որը եղել է Փանոս Թերլեմեզյանը:
Թերլեմեզյանի խաղաղ կյանքի շրջանը թերևս ավարտվում է 1912 թ․ և անձնական կյանքի շրջանը իր տեղը զիջում է ավելի մեծ հարցերի ու խնդիրների: 1914 թ․ Թերլեմեզյանը Պոլսից մեկնում է հայրենի Վան, որտեղ նկարում է իր հայտնի մի շարք բնանկարները:
Վանում Թերլեմեզյանը նվիրվում է իր ծննդավայրի ազգային ու քաղաքական կյանքին, իր ժողովրդի ազատագրության գործին: 1915 թ․ Թերլեմեզյանի վրձինին ու գրչին փոխարինելու է գալիս զենքն ու կռիվը:
«Հրաժարվեցի ուսուցչությունից և աշխատեցի լինել պրոֆեսիոնալ հեղափոխական, այսինքն՝ կազմակերպող, պրոպագանդիստ, գիտենալ ինչպես կայունացնել տատանվող տարրերը և գիտենալ ինչպես խուսափել ոստիկանությունից ու շեղել նրա հետապնդումները»,- գրում է Թերլեմեզյանը:
1915 թվականի գարնանը սկսվում է Վանի հերոսական ինքնապաշտպանությունը, որը Թերլեմեզյանն արդարացիորեն անվանում է դյուցազնամարտ:
Վանի 1915 թ. ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ստեղծվում է ժամանակավոր զինվորական շտաբ, Արմենակ Եկարյանի ղեկավարությամբ, որի անդամներն էին Բուլղարացի Գրիգորը, Կայծակ Առաքելը, հնչակյաններ` Հ. Գալիկյանը, ռամկավարներ՝ Գ. Սեմիրջյանը, դաշնակցականներ՝ Արամ Մանուկյանը և Փանոս Թերլեմեզյանը: Հիմնական մարտերը տեղի են ունենում քաղաքի երկու հայաբնակ հատվածներում՝ Այգեստանում ու Քաղաքամեջում:
Վանի ինքնապաշտպանությունն ունենում է հաղթական ավարտ: Թուրքական զորքը փախուստի է դիմում՝ քաղաք հասած ռազմական օգնության շնորհիվ:
Տասնյակհազարավոր հայեր խուսափեցին բռնագաղթից՝ գերադասելով զենքը ձեռքին պատվով զոհվել:
Փանոս Թերլեմեզյանը դեռևս պատանի հասակից խորապես մտահոգված է եղել պատերազմական իրադարձությունների կիզակետում հայտնված իր ժողովրդի ճակատագրով: Նրա համար ժողովրդի նկատմամբ ունեցած անհուն սերը, բարձր հայրենասիրությունը վեհ էր ամեն ինչից՝ անգամ անձնական երջանկությունից:
Թերլեմեզյանի հուշերում նկարագրված Վանի ինքնապաշտպանության դրվագները բացառիկ ու սկզբնաղբյուրային արժեք են ներկայացնում։ Դրանցում թեև ինքն իրեն ներկայացնում է իբրև ինքնապաշտպանական կռվի սովորական մասնակցի, մինչդեռ ժամանակակիցների վկայություններում և պատմական աղբյուրներում Թերլեմեզյանը ներկայանում է որպես հերոսամարտի ամենանշանավոր, խիզախ, հանդուգն ու հերոսական կազմակերպիչներից մեկը և առաջնակարգ նշանառու:
Հուշերից տեղեկանում ենք, թե ինչպես է Թերլեմեզյանին հաջողվում է մի քանի անգամ Վանից անցնել Պարսկաստան, զենք գնել ու տեղափոխել Վան և շրջակա գյուղերը։
Թերլեմեզյանի դիպուկ գնդակից է սպանվում Վանի հերոսամարտի դավաճան ոստիկանապետ Նուրին, ով շատ մոտ ծանոթություններ էր հաստատել հայ մտավորականների և առաջավոր գաղափարներով տարված երիտասարդների հետ, ովքեր բանտարկվեցին ու զոհ դարձան Նուրիի լրտեսության և դավաճանության շնորհիվ:
Թերլեմեզյանն ուղղախոս ու շիտակ անձնավորություն է եղել, և իր հուշերում հանդիպում ենք հետաքրքրական դիտարկումների, ուղղամիտ վերլուծությունների: Այսպես է գրում նկարիչը իր հայրենակից վանեցիների մասին.
«Որքան ես նկատել եմ՝ այն ժամանակվա վանեցիները հոգեբանորեն երկու խավի էին բաժանվում: Առաջին խավից եղողները վերին աստիճանի մաքուր, անձնուրաց, իրենց նվիրական սուրբ գաղափարների համար, մեծագույն զոհողությանց պատրաստ, նման էին թուխ ու չարաշուք ամպակույտերի մեջ ընկած լուսավոր մի շերտի: Իսկ երկրորդ՝ գերակշռող խավը ստոր, գծուծ և կռոշով ծախվելու պատրաստ մի ոհմակ էր»:
Թերլեմեզյանն իր կյանքի ընթացքում բազմաթիվ շրջագայություններ է կատարել:
1915-1917 թթ. լինում է Թիֆլիսում, Ռոստովում, իսկ 1919 թ. վերադառնում է Կ. Պոլիս: 1920-1922 թթ. մեկնում է Իտալիա, Փարիզ, 1923 թ.` Ամերիկա: Նյու-Յորքում, Ֆրեզնոյում անհատական ցուցահանդեսներ է կազմակերպում և արժանանում հանրության բարձր գնահատանքին:
1924 թ. Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրաբերել Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո իրագործվում է:
Մինչև հայրենիք վերադառնալը շուրջ քսանհինգ տարի շրջագայում է տարբեր երկրներում ստեղծագործում անբավ եռանդով:
1928 թ. Թերլեմեզյանը վերադառնում է Հայաստան, ապրում ու ստեղծագործում մինչև իր կյանքի վերջը: Իր կյանքի վերջին տարիներին տառապել է լուրջ հիվանդությամբ՝ կորցնելով ձեռքերի ամրությունը:
Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է 1941 թ. ապրիլի 30-ին Երևանում: Թաղված է Կոմիտասի անվան Պանթեոնում:
Նրա անվամբ է կոչվել Երևանի գեղարվեստի պետական քոլեջը:
Քրիստինե Նաջարյան
Կրթական ծրագրերի բաժնի վարիչ
Փանոս Թերլեմեզյանը Մ. Պոյախանի հետ,Վան,1889 թ.
Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիայում, ձախից երկրոդը՝ թիկունքով նստածը, 1900-ականներ
Փանոս Թերլեմեզյանը և Վրթանես Փափազյանը Բրուսայի հայկական դպրոցի ուսուցիչների հետ, 1913 թ.
Երաժշտագետ Կոմիտասը, 1913 թ.
Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց, 1915 թ.
Գրականության ցանկ
Փանոս Թերլեմեզյան, Կյանքիս հուշերը, Երևան, 2017թ.:
Յուշեր Արմենակ Եկարեանի, Պէյրութ, 1985թ.:
Վասպուրականի հերոսամարտը,Պէյրութ,1965թ.:
Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. Ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին, Երևան, 2015թ.: