Վահան Տերյանն առաջին հայացքից հայ գրականության ամենից ուսումնասիրված հեղինակներից է, սակայն պոետի և՛ կյանքի, և՛ ստեղծագործության վերաբերող բազմաթիվ էջեր ոչ միայն ուսումնասիրված չեն, այլև մինչ այժմ անհայտ են կամ քիչ ուսումնասիրված:
Վահան Տերյանի կյանքի ու գործունեության անհայտ էջերից է Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած հայ երեխաների հետ աշխատանքը:
Ականավոր հայ բանստեղծ, հասարակական գործիչ Վահան Տերյանը (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ ծնվել է 1885 թ. փետրվարի 8-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։
1899 թ. կրթություն է ստացել Մոսկվայի Լազարյան ճեմարանում, այնուհետև 1906 թ. Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետում, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1917 թ. Տերյանն ակտիվորեն մասնակցել է բոլշևիկյան կուսակցության հեղափոխությանը, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ:
1917 թ. վերջին Ռուսաստանի խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին» որոշումը և «Հայաստանի մասին» զեկուցագիրը:
1918 թ. մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին` որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական:
Տերյանն այն հասարակական-քաղաքական գործիչներից էր, ով հետամուտ եղավ Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած երեխաների հիշողությունների հավաքագրմանը:
Տերյանագիտությունը շրջանցել է պոետին և հայ ժողովրդի մեծագույն ողբերգության թեման միմյանց կապող փաստերը. մինչև անցած դարի ութսունականները Տերյանի կենսագրությունից հանվել են Երևան կատարած այցելություններից երկուսը:
Իսկ պետական-քաղաքական գործիչ, հրապարակախոս Պողոս Մակինցյանը քաջատեղյակ էր Տերյանի՝ Երևան կատարած երկու այցելություններից, և այդ առիթով գրում է.
«1916 թ. դեկտեմբերի 31-ին Տերյանը ժամանեց Երևան: Սա վերջին անգամն էր: Նա պետք է վերջացներ իր հաշիվները զինվորագրության հետ, որպեսզի ապա ուղևորվեր Սոխում՝ բուժարան»:
Ավելի վաղ, 1915 թ. դեկտեմբերին Տերյանն այցելել էր Երևան ու Ցարսկայա փողոցում գտնվող որբանոցի սաներին խնդրել է գրել շարադրություններ՝ փորձելով նկարագրել իրենց վերապրածը:
Վ. Տերյանի այցի վերաբերյալ պահպանված առանձին դրվագներ թույլ են տալիս բացահայտել այս նախաձեռնության նախապատմությունը՝ ինչպես է Տերյանը երկար ժամանակ համոզել Մոսկվայի հայկական կոմիտեի նախագահ Ստեփան Մամիկոնյանին, որ իրեն Երևան ուղարկեն, ինչպես է նույն Ստեփան Մամիկոնյանը ներկայացրել Տերյանի ուղևորությունը, որտեղ է գտնվել որբանոցը, շարադրություններից մի քանիսը հստակ երբ են գրվել և այլն:
Որպես շարադրություն 8-15 տարեկան երեխաները թղթին են հանձնում իրենց հիշողությունները, նկարագրում են ցեղասպանությունն հնարավոր բոլոր դրսևորումներով՝ ինքնապաշտպանություն, կոտորած, գաղթ, փախստականություն, սարսափներ:
Շարադրանքներից պարզ է դառնում, որ Տերյանն անձամբ է խոսել երեխաների հետ, խնդրել գրել իրենց կյանքի և Վանի ինքնապաշտպանության մասին:
Երեխաներից ալաշկերտցի
Վահան Տեր Թադևոսյանը գրում է.
«մի քիչ առաջ ասացի Ձեզ», մեկ ուրիշը՝
Քարմիլե Մանուկյանը «Վանի դեպք և կյանքիս մասին» վերնագրով շարադրությունում գրում է.
« և ես երկու երես ու կես սևացնելով Ձեզ բան չհասկացուցի և հետո լավ չեմ գրեր»:
Երեխաները գրել են միայն այն, ինչ տեսել են առանց պատմական ընդհանրացումների: Օրինակ՝
Աղասի Գոնդակչյանը առանց ավելորդ մանրամասնությունների ներկայացնում է գաղթի ճանապարհը.
«Այսպէս դժուարությամբ չարչարուելով կեղտոտ ջրերը խմելով անօթի մնալով տևեց 15 օր և մինչեւ որ հասանք Իկտիր. Իկտիրը 14 օր մնալով եկանք Էջմիածին. Այնտեղ ալ 17 օր մնալէն եկանք Երեւան: Երեւանի մէջն ալ Ս. Սարգիս հայաթի մէջ 10 օրմնալէն յետոյ ալ տան մէջ կապրէինք և ահա եկայ անտեղ իմ պզտիկ եղբայրս մեռաւ և մենք գացինք տանը մէջ այնտեղէն եկայնք այս որբանոց»:
Որբերից
Վահան Տեր-Թադևոսյանը հիշում է.
«Այս տանջանկի մէջ մենք ինչ էինք քաշում այտեղ Էստէրիի փոքր ծիծ չուներ ծծելու մեռաւ մնաց մարտիկ սովածութիւնից Աղած էի ուտում որով, հետեւ փոլոր հոտերը քրտեր հաներ էին»:
Իրենց հիշողությունները թղթին հանձնել են 27 երեխա, որոնցից միայն մեկի անունը գրված չէ: Տեքստերի ընդհանուր թիվը եղել է 37՝ և՛ մաքրագիր, և՛ սևագիր տարբերակներով:
Բովանդակային առումով հայ որբերի գրությունները կարելի է բաժանել չորս մասի՝ Վանի ինքնապաշտպանություն, գաղթ, կոտորած և այլ տեքստեր:
Վահան Տերյանի համար, Վանը ոչ միայն Հայոց ցեղասպանության առանցքային պատմաքաղաքական դրվագ էր, այլև հայկական մշակույթի խորհրդանիշ: Այսինքն՝ մի կողմից Վանի իրադարձություններում երևում էին հայկական միասնականությունը, հերոսականությունը, ինչպես նաև արտաքին ուժերի՝ թուրքական և ռուսական կայսրությունների դավադրությունն ու դավաճանությունը, մյուս կողմից՝ Վանը տոհմիկ քաղաք էր՝ իր ավանդույթներով, հարուստ հայկական մշակույթով:
Պատահական չէ, որ որբերի հետ աշխատանքից հետո, 1916 թ. Տերյանը գրեց իր «Ռուսահայերի հասարակական զարգացումը» գրախոսությունը, որտեղ քաղաքական անկախության կորստից հետո հայ ժողովրդի պատմության գլխավոր ողբերգություն համարեց հենց քաղաքների ավիրումը:
Հայ որբերի գրություններից պարզ է դառնում, որ երեխաներից շատերը Վանից են և ամենից շատ ներկայացված է Վանի ինքնապաշտպանությունը և պատմական իրադարձությունները:
13-ամյա
Գարմիլե Խանճյանը ինքնապաշտպանական կռվի սկիզբը թվագրում է ապրիլի 5-ով.
«1915 ապրիլի 5 Վանի մէջ սկսեց շբոդութիւններ, կուսակալ Ճէվտէտ պէյ նախ ձերբակալեց Դաշնակցակեան պարագլուխներ, պարոն Իշխան իր երք թիկնապահներո ուղարկեց Շատաղու նհանգ եւ դաւադրութեամբ սպաել տուավ...»:
12-ամյա
Արտաշես Մկրյանը գրում է, որ սպասվող հայկական կոտորածի մասին Վանում սկսեցին խոսել ապրիլի 5-ից.
«1915 ապրիլի 5 շաբաթ երեկոյեան ամբողջ Վանն իրարանցում և մարդէր կը փսփսային և կանայք ձեռքեր կցկցէին ախ ու վախ կանէին ինչ կաայ ինչ կայ հայկական ջարդ կայ»:
Ներկայացնելով Վանի ինքնապաշտպանությանը հաջորդող իրադարձությունները՝ 13-ամյա
Սիրարփի Բյուզանդյանն գրում իր հուշ-շարադրությունում. «...Հայեր կը կարծէին որ այլեւս գէշ օրեր չ պիտի տեսնիք ազատուեցանք թուրքի բարբարոս բռնութնէն չի նայելով որ ամիսէն վէրջ ռուս կառավարութիւն այնպէս խաղ մը խաղաց հայերու գլխին և մեր պար ոն նահանգապետին կառչ դատողութեան առանց վերջ մտածիլու հանկարծակի 24 ժամուան մէջ ամբողջ բնակութիւն ճամբոյ հանեցին...» :
14-ամյա
Օգսեն Պողոսյանը՝ խաղաղ առավոտի պատկերին հակադրում է թնդանոթների կրակի սարսափը.
«Գարնանային զուարթ աշուք առաւոտ մը երբ որ դեռ Արփին իր ոսկէ ճամուկ ճառագայթները դեռ չէր ցօնած հորիզոնի վրայ , հանկարծ հեռուէն լսուեցաւ հրացարանի և թնթանոթի շառափները….»:
Հայտնի է, որ Վանի ինքնապաշտպանությանը մասնակցել են անգամ երեխաները: Վանի հերոսամարտը նկարագրած Ա-Դոն պատմում է նրանց բացառիկ դերակատարության մասին.
«Հաջորդ օրը ես այցելեցի Քաղաքամեջի կրակային դիրքերը, պատկերն այստեղ նույնն էր, բայց ավելի խտացած գույներով. այստեղ թշնամու հակադիր դիրքերից բացի, քաղաքի վրա գործել են ժայռապատ բերդից նետվող ռումբերը: Սակայն այստեղ հերոսական աշխատանք են տարել 10-12 տարեկան մանուկներ, որոնք նետվել են ընկնող ռումբերի վրա և մինչև որ ռումբերը կպայթեն, ձգել հանել են ծխացող պատրույգները, և այդպիսով ռումբերը ոչ միայն անվտանգ են դարձել, այլև դրանցում եղած վառոդն օգտագործվել է թշնամու դեմ»:
Երեխաներից միակը ով չի գրել իր անունը և տարիքը պատմում է, թե ինչպես են դպրոցում իրենց պատմել թուրքական հարձակման մասին:
Հուշերից մեկում պարզ է դառնում, թե ինչպես է Արամ Մանուկյանը փորձում չենթարկվել Վանից նահանջելու հրամանին, ինչպես էր հայկական բնակավայրն աջակցում թուրքական զորքին, ինչպիսի արհավիրքներով է անցում գաղթի ճանապարհը բռնած հայությունը:
Վահան Տերյանի հորդոր-պահանջով այլ գործիչներ ևս լծվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստեր, նկարագրություններ և պատմություններ գրի առնելու և հանրայնացնելու գործին:
Հայ որբերի այս գրությունները Հայոց ցեղասպանության առաջին վավերագրերից են, ունեն սկզբնաղբյուրային պատմագիտական բացառիկ արժեք: Նախ՝ դրանք պատմագիտության տեսանկյունից են հազվագյուտ, քանի որ նրանցում նկարագրված են պատմական իրադարձությունների այնպիսի կարևոր մանրամասներ, որոնք տարբեր պատճառներով վրիպել են հայ պատմագիտության ուշադրությունից: Երկրորդ՝ այս գրությունները հոգեբանական ուսումնասիրության լրջագույն նյութ կարող են դառնալ, որովհետև մոտ երեք տասնյակ երեխաներ, լինելով մասսայական բռնության ականատես, նկարագրել են ցեղասպանության դրվագները, որը եզակի նմուշ է համաշխարհային գրականության մեջ:
Տերյանը, հաշվի առնելով մանկական նուրբ ու խոցելի հոգին, փորձել է խաղ-դասի միջոցով ստանալ անհրաժեշտ տեղեկությունները կատարվածի մասին՝ հնարավորինս զերծ պահելով երեխաներին վերապրումներից: Տերյանը անձնական շփում հաստատելով որբերի հետ՝ փորձել է և՛ աջակցել նրանց, և՛ հնարավորություն տալ արտահայտվել, և նաև՝ հանրայնացնել այս պատմությունները:
100 տարի անց հայ որբերի այս հուշերն առաջին անգամ հրատարակել է Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը: Գիրքն անվանել է «Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը»:
Վահան Տերյանը մահացել է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում ծանր հիվանդության պատճառով:
Քրիստինե Նաջարյան
Կրթական ծրագրերի բաժնի վարիչ
Վահան Տերյան
Ցարսկայա փողոցի որբանոցում
Որբանոցի նախկին սաները տարիներ անց նույն տեղում
Որբանոցի սաների՝ Քարմիլե Մանուկյանի ժառանգներից (ձախից երկրորդը)
Որբանոցի սան, Քարմիլե Մանուկյան
Երևանի մանկատների նախկին սաները
Աղասի Գոնդակչյանի հուշերից
Գրիգոր Գրիգորյանի հուշերից, 11 տարեկան
75-ամյա կամավոր Տեր Գրիգորը կամավորների հետ մտնում է Վան
Արտամետից (գյուղաքաղաք Վանի նահանգում) Վան եկած և կռվելու պատրաստ կամավոր հայ պատանիները` լուսանկարված իշքնապաշտպանությունից քիչ անց, 1915 թ.
“National Geographic”, օգոստոս, 1919
Վահան Տերյանի տունը, Գանձա
Օգտագործված գրականություն
1. Վահան Տերյան, Յերկերի ժողովածու, Կ. Պոլիս, 1923, 133 էջ:
2. Վահան Տերյան, Յերկերի ժողովածու, հատ.I, Կ. Պոլիս, 1924, 122 էջ:
3. Էմին-Տերյան Գևորգ , Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը, Երևան, 2016, 376 էջ: