Նորություններ |
«ԲՐՈԹԻ ԿՂԶԻԻ ԱՍՊԵՏԻՆ»՝ ՉԵՐԱԶԻՆ
ՎԱՀԱՆ ՉԵՐԱԶ (1886 -1927)
Կետայանների կամ Չերազների տոհմն Ակնա Չերազ ավանից է։ Հետագայում Կ.Պոլիս տեղափոխված Մահտեսի Մինաս ամիրայի ճյուղից է սերվել տոհմի թվով ութ ամիրա, ովքեր վարել են ազգային ու պետական պաշտոններ։
Այս ազդեցիկ գերդաստանի ժառանգորդներից են իրավաբան և գրող Գասպար, ինչպես նաև՝ հասարակական ու մշակութային գործիչ Մինաս Չերազ եղբայրները (1)։
Գասպար Չերազի որդին՝ Վահան Չերազը, ծնվել է 1886 թ. օգոստոսի 16-ին, Կ.Պոլսում, սովորել հայկական և ֆրանսիական նախակրթարաններում, Կեդրոնական վարժարանում, ապա՝ կրթությունը շարունակել Ֆրանսիայում և Անգլիայում։ Վերադառնալով Կ.Պոլիս՝ կազմակերպել է մարմնակրթական խմբակներ, մարզել ֆուտբոլային առաջին թիմերը, զարգացրել լողը և մարմնակրթության այլ ճյուղեր (2):
Առաջին աշխարհամարտի տարիներին անդամագրվել է հայ կամավորական գնդերին, մասնակցել ինքնապաշտպանական մարտերի. «…1916 թ. հետո, երբ կազմալուծվեցին կամավորական ջոկատները, ես անցա ծառայության Քաղաքների միություն՝ Սարիղամիշ-Էրզրումում և ծառայեցի մինչև 1917թ.: Այդ ժամանակ ռուսական զորամիավորումները նահանջեցին ճակատից և ես մտա Անդրանիկի վերակազմավորված ջոկատը ճակատը պահելու համար մինչև իրավիճակի կարգավորվելը և փախստականների ժամանումը: Երբ բոլոր ջոկատները նահանջեցին, 18 թվի ապրիլին ես Լենինականում հայտնվեցի, որտեղ Անդրանիկը իր ջոկատը կրկին վերակազմավորեց և կանգնեցրեց ճակատում թուրքերի հարձակման դեմ: Ես էլ էի Անդրանիկի ջոկատի մեջ: Մի քանի շաբաթ անց թուրքերը Անդրանիկին առաջարկեցին հանձնել զենքը, սակայն Անդրանիկը չհամաձայնվեց և ջոկատը ուղևորվեց Պարսկաստան՝ միավորվելու այնտեղ գտնվող մյուս հայկական կամավորական ջոկատներին: Ժամանեցինք Խոյ: Այստեղ Անդրանիկի ջոկատի և թուրքերի մեջ ճակատամարտ սկսվեց, որի արդյունքում Անդրանիկի ջոկատը նահանջեց Զանգեզուր, որտեղ մնաց մինչև 1919թ՝ պաշտպանելով Զանգեզուրը տարբեր հարձակումներից: Երբ պատերազմն ավարտվեց, Անդրանիկի հետ բանակցությունների համար այստեղ ժամանեց անգլիական առաքելությունը և ես նշանակվեցի թարգմանիչ, քանի որ անգլերեն գիտեի…» (3):
Հայաստանի առաջին հանրապետության տարիներին կրթության և մշակույթի նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով սկաուտապետներ Վահան Չերազը, Օնիկ Յազմաճյանը և Տիգրան Խոյյանը 1920թ. Կոստանդնուպոլսից վերադառնում են հայրենիք։ 1921թ. գարնան սկզբին Չերազը Կազաչի պոստի շրջանային հրամանատար Միլթըն Բրաունին հանդիպելուց հետո աշխատանքի է անցնում Կազաչիում՝ որպես պահակապետ։
Տիգրան Խոյյանն իր պատանեկան օրերի «Բրոթի կղզիի ասպետին»՝ Չերազին, այսպես է նկարագրում. «… ամբողջովին կը նուիրուի մեր որբերու թէ՛ մարմնական, թէ՛ հայկական եւ թէ՛ հոգեկան դաստիարակութեան՝ սկաուտական պատուիրաններու շինիչ առաջնորդութեամբ: Իր կեանքը այդ եղած էր միշտ… Եղած էր միշտ փոքրիկներու սիրուած բարեկամը, եւ ահա, պատեհութիւնը կը ներկայանար նորէն փոքրիկներու աշխարհին մէջ գործելու. եւ այս անգամ՝ շատ աւելի սուրբ աշխարհ մը, մեր միլիոնաւոր նահատակներու կտակ՝ անուշիկ որբերու աշխարհը…» (4):
Արվեստաբան, դերասանուհի Աննա Պետրոսյանի բնութագրմամբ «… Չերազի համար կարևորը հայրենիքի պաշտպանությունը և բազմահազար որբերին նվիրվելն էր: Ոչ միայն նրանց պաշտպանության ներքո վերցնելը կամ մի կտոր հաց տալը, այլև ծնողական, եղբայրական սեր, գուրգուրանք, քայքայված առողջությունն ու խաթարված բարոյականը բուժելը և վերականգնելը» (5)։
1925 թ․ հունվարի 12-ին, Էջմիածնի տաճարում Վահան Չերազը պսակադրվում է Վարդանուշի հետ: Տասնհինգ օր հետո Չերազին ձերբակալում են Ալեքսանդրապոլում, բանտարկում Թիֆլիսում, ապա՝ աքսորում Սիբիր։ 1927թ. դեկտեմբերի 21-ին Մետեխի բանտում գնդակահարում են նրան։ Այս առնչությամբ Խոյյանի վկայագրության մեջ կարդում ենք. «Մէկուկէս տարի, կեդրոնական Սիպերիոյ մէջ, աքսորականի տաժանելի կեանքը, անշուշտ կը քայքայէ առողջութիւնը կրանիթեայ կազմով չարքաշ Վահանին, եւ 1927 տարուան Դեկտեմբեր ամսու վերջին օրերուն, սուտ ու պատիր զրպարտութիւններով, վատահամբաւ Մետեխի բանտը նետուած մեր Երէց եղբայրը՝ մահն ու զայն իրեն պարտադրողները արհամարհելով, առտու մը կանուխ, իր բանտակիցներու արցունքոտ աչքերուն առջեւ, իրեն վայել հերոսական ասպետի կեցուածքով կը գնդակահարուի… Հազար ափսոս…» (6):
Վահան Չերազ
Վահան Չերազը՝ կամավորական գնդում, վերևում՝ աջից երրորդը, 1916, Երևան
Վահան Չերազը, Օնիկ Յազմաճյանը և Տիգրան Խոյյանը Կ.Պոլսից վերադառնում են հայրենիք, 1920 թ.
Վահան Չերազի ձեռագիր-նամակը
1. Մանրամասն տե՛ս Քէչեան Առաքէլ, Ակն եւ Ակնցիք, խմբ. Մկրտիչ Պարսամեան (Փարիզ, Ամերիկայի Ակնայ հայրենակցական միություն, 1952), 668-669:
2. Արտակ Վարդանյան, «Նվիրյալը», Հայաստանի հանրապետություն, 16 հունիսի 1998 (ՀՑԹԻ, Բ-40, թպ. 1, ֆհ. 2510), Վազգէն Անդրէասեան, Վահան Չերազ եւ իր երգն Հայաստանի (Պէյրութ, Սեւան, 1977), 21-23:
3. Տե՛ս՝ Վահան Իշխանյան, Ընտանեկան ալբոմ. Վահան Չերազ Մաս 1, Ինքնագիր, գրական հանդես, 01 մարտի 2016, https://inknagir.org/?p=6504
4. Տիգրան քհնյ. Խոյեան, Նահատակ ցեղի անմահներ (Պէյրութ, 1983), 139:
5. Աննա Պետրոսյան, «Նահատակը», Կումայրի, 25 դեկտեմբերի 1990 (ՀՑԹԻ, Բ. 40, թպ. 1, ֆհ. 2506):
6. Տիգրան քհնյ. Խոյեան, Նահատակ ցեղի անմահներ, 142:
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|