Բայազետի հայ բնակչության կոտորածը ներկայացնող գծանկար`
անգլիական մամուլից, 1877 թ.
Աղբյուրը` Դեմոյան Հ., Հայոց ցեղասպանության լուսաբանումը
համաշխարհային մամուլի առաջին էջերին,
Երևան: ՀՑԹԻ հր., 2014, էջ 36:
Հոդվածում քննության են ենթարկվում օսմանյան պատերազմական քարոզչության առանձնահատկությունները 1877 թ. լույս տեսած պետական երկու հրատարակություններում: Խնդիր ունենալով վարկաբեկելու թշնամուն` Ռուսաստանին, ինչպես նաև պայքարելու Արևմուտքում ծավալված հակաթուրքական տրամադրությունների դեմ՝ օսմանյան պետական քարոզչության մեջ սկսեցին ի հայտ գալ նոր մոտեցումներ, որոնք հետագայում զարգացվեցին և կիրառվեցին Առաջին աշխարհամարտի ժամանակ:
Հայոց ցեղասպանությունն ունի հայերի նկատմամբ իրականացված հետապնդումներով և կոտորածներով հարուստ նախապատմություն, որը չի սահմանափակվում միայն 1890ական թթ. կոտորածներով: Այս առումով հետազոտողները քիչ ուշադրություն են դարձրել 1877-1878 թթ. ռուսթուրքական պատերազմի Կովկասյան ճակատում տեղի ունեցած մարտական գործողություններին ուղեկցող անցքերին: Դա պայմանավորված էր Բալկանյան ճակատի առաջնակարգ կարևորությամբ, մյուս կողմից այդ նույն ժամանակահատվածում, ինչպես նաև դրանից մեկերկու տարի առաջ տեղի ունեցած բուլղարական դեպքերի արձագանքները կարծես թե «ստվերել» էին Կովկասյան ճակատի դեպքերը:
Այս հոդվածում քննարկվում են վերոհիշյալ պատերազմի Կովկասյան ճակատում ռազմական գործողություններին զուգահեռ տեղի ունեցած իրադարձությունները` որպես օսմանյան «քարոզչամեքենայի նյութ»: Հետազոտությունը չի ներառում թուրքական մամուլը, քանզի դա լինելով նաև որոշակիորեն ուսումնասիրված դուրս է հոդվածի հետազոտական խնդիրներից: Ուստի մեր առջև խնդիր ենք դրել ա) օսմանյան քարոզչական երկու հրատարակությունների օրինակով ներկայացնել թուրքական պաշտոնական տեսակետը նշված իրադարձությունների վերաբերյալ` զուգահեռ վերհանելով առավել կարևոր անցքերը, բ) առանձնացնել իրադարձությունների գնահատման և ներկայացման տվյալ ժամանակի օսմանյան սկզբունքներն ու մեթոդները:
ա. 1877– 1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը. քարոզչություն և հակաքարոզչություն
Հայկական հարցը միջազգային դիվանագիտության ասպարեզ մտավ 1877–1878 թթ. ռուսթուրքական պատերազմի և դրա հետևանքով կնքված նախ Սան Ստեֆանոյի, ապա նաև Բեռլինի պայմանագրերով: Ռուսթուրքական պատերազմի և դրան նախորդած Կոստանդնուպոլսի կոնֆերանսի (1876 թ. դեկտեմբեր1877 թ. հունվար) ժամանակահատվածում նկատվում է թուրքական քարոզչության ակտիվացում: Այս ամենը տեղի էր ունենում 18751878 թթ. մերձավորարևելյան ճգնաժամի պայմաններում, երբ օսմանյան իշխանության դեմ ապստամբել էին Բուլղարիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի ժողովուրդները: Թուրքական իշխանությունների դաժան հակահարվածի հետևանքով 1876 թ. Բուլղարիայում տարբեր հաշվումներով կոտորվել էր 1020 հազար մարդ, ավերվել էին տասնյակ գյուղեր: 1876 թ. դեկտեմբերի 23ին թուրքական իշխանությունները շտապեցին հայտարարել օսմանյան առաջին սահմանադրության հռչակման մասին, որի նպատակը ճգնաժամի հաղթահարման համար Կոստանդնուպոլսում հրավիրված համաժողովում մեծ տերությունների առաջարկների քննարկման և իրագործման կանխումն էր: Սակայն 1877 թ. հունվարի 20ին Կոստանդնուպոլսի համաժողովը փակվեց:
Այդ նույն ժամանակահատվածում Բուլղարիայում թուրքական վայրագությունների հետևանքով ողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը Բալկանների վրա էր: Հենց Բուլղարիայում իրականացված կոտորածներն էին, որ Եվրոպայում խիստ բացասական հանրային դիրքորոշում էին ստեղծել Օսմանյան կայսրության նկատմամբ: Օսմանյան կայսրությունը փաստորեն դեմ հանդիման էր դուրս եկել ոչ միայն ռուսական բանակին, այլ նաև եվրոպական հանրային կարծիքին: Այս շրջանում է, որ օսմանյան պետական քարոզչությունը սկսեց օգտագործել այն հնարքները, որոնք հետագայում կատարելագործվեցին Առաջին աշխարհամարտի ժամանակ: Այս առումով հետազոտական առաջնային խնդիր է դառնում օսմանյան պետական քարոզչության առանձնահատկությունների ուսումնասիրումը: Այդ հարցի պատասխանը գտնելուն կօգնի քարոզչության բովանդակային կողմին ծանոթանալը:
Մինչ այդ պետք է նշել, որ հակառուսական տրամադրությունները շատ ուժեղ էին նոր օսմանների քաղաքական շրջանակներում, քանզի Ռուսաստանը դիտարկվում էր որպես վտանգի գլխավոր աղբյուր Օսմանյան կայսրության տարածքների հնա րավոր կորստի տեսանկյունից: Ռուսաստանի դեմ քարոզչության ծավալման գործում կարևոր տեղ էր գրավում թուրքական մամուլը. 1876 թ. օսմանյան «Բասիրեթ», «Վակքթ», «Սաբահ» և այլ թերթեր հագեցած էին հակառուսական տրամադրություններով: Այնուամենայնիվ թուրքական մամուլը չուներ այնպիսի ազդեցիկ դեր, որ կարողանար ազդել եվրոպական հանրային կարծիքի վրա, և այդ միջոցառումներն ավելի շատ ներքին սպառմանն էին ուղղված: Ուստի պատահական չէր, որ օսմանյան քարոզչության մեջ սկսվեց օգտագործվել նոր գործիք` եվրոպական լեզուներով գրքույկների հրատարակման տեսքով, Արևմուտքում հասարակական կարծիքի վրա ազդեցություն տարածելու նպատակով: Իսկ թե բովանդակային առումով ինչ էր ամփոփված դրանցում, կքննարկենք ստորև:
բ. Օսմանյան քարոզչությունը երկու պետական հրատարակություններում
Ռուսթուրքական պատերազմի մասին առկա է մեծ քանակությամբ գրականություն: Այդ շարքում առկա է նաև օսմանյան կառավարության կողմից կազմված երկու հրատարակություն, որոնք ներկայացնում են քննարկվող իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական տեսակետ: Դրանցից առաջինը լույս է տեսել ֆրանսերենով Կոստանդնուպոլսի համաժողովի հրավիրման ժամանակահատվածում` 1877 թ. հունվարին և վերնագրված է «Ռուսների վայրագությունները. փաստաթղթեր՝ ներկայացված Կոստանդնուպոլսի համաժողովին» (այսուհետ`
«Ռուսների վայրագություններ»): 17էջանոց այս ժողովածուն բաղկացած է 4 փասթղթից՝
1. «Ղրիմի մուսուլմանների խնդրագիր՝ ուղղված Կոստանդնուպոլսի կոնֆերանսի անդամներին»:
2. «Կազանի շրջանի մուսուլմանների գանգատը, որոնք հետապնդվել և նահատակվել են քրիստոնեություն ընդունելու պարտադրանքի հետևանքով»:
3. «Ռուսական լծի տակ գտնվող Կովկասի չերքեզ մուսուլմանների դրությանը նվիրված զեկույց, նրանց դեմ ուղղված և իրագործված հալածանքների և դաժանության ռեժիմի մասին բողոք` ուղղված Կոստանդնուպոլսի կոնֆերանսի մասնակիցներին»:
4. «Դաղստանի կամ Արևելյան Կովկասի մուսուլման բնակչության բողոքը` ուղղված Կոստանդնուպոլսի կոնֆերանսի անդամներին, բնակչություն, որ հետապնդվել է, աքսորվել է Սիբիր կամ կոտորվել է»:
Փաստաթղթերի անվանումներից պարզ է, որ դրանք ներկայացնում են Ռուսական կայսրության` առավել շատ մուսուլման բնակչություն ունեցող շրջանները` Ղրիմ, Կազան (Թաթարստան), Կովկաս (չերքեզներ և Դաղստան): Վերոհիշյալ փաստաթղթերի (հատկապես երրորդ) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում առկա վկայությունների մի զգալի հատված ներկայացնում են դեպքեր, որոնք տեղի են ունեցել հիմնականում 1850ական թթ. վերջին և 1860ական թթ. սկզբին: Անշուշտ հարց է ծագում, թե ինչու դեպքերից միայն մեկերկու տասնամյակ անց որոշվեց դրանք հավաքել և ներկայացնել միջազգային հանրությանը: Երկրորդ կարևոր իրողությունը հյուսիսկովկասյան մուսուլմանների` Օսմանյան կայսրությունում վերաբնակեցման թեմայի թարմացումն է: Եվ երրորդ առանձնահատուկ գիծն այն է, որ փաստաթղթերում առկա նյութի մեծ մասը նվիրված է հիշյալ տարածքներում ռուսական վարչակարգի և «քրիստոնյաների կողմից մուսուլմանների հետապնդման» օրինակների ներկայացմանը:
Ըստ այդմ`
«Ռուսների վայրագություններ»ը փաստարկման առումով թույլ է հետևյալ հիմնական պատճառներով`
1. Նկարագրվող դեպքերի զգալի մասն այն է, ինչը տեղի է ունեցել դեպքերից առնվազն 1020 տարի առաջ և անմիջական առնչություն չունի ռուսթուրքական պատերազմի և Մերձավորարևելյան ճգնաժամի հետ:
2. Ներկայացվող դեպքերը, բացառությամբ հյուսիսկովկասցիների տեղահանության, չեն փաստվում պատմական այլ` օտար, անկողմնակալ աղբյուրներով, իսկ դրանց հավաստիությունը փաստող միակ ապացույցը յուրաքանչյուր փաստաթղթի տակ առկա տեղական մուսուլմանների ներկայացուցիչների անուններն են
3. Թույլ է անգամ քարոզչական տեսանկյունից, որովհետև 4 փաստաթուղթ ներկայացնող այս հրատարակությունը իր փաստարկներով չէր կարող մրցել անգամ բրիտանական մամուլում լույս տեսած մեկ հոդվածի հետ:
Քարոզչական այս ժողովածուն, անշուշտ, կազմվել է նաև Արևմուտքում լույս տեսնող բազմաթիվ քննադատական հրատարակություններին հակակշիռ ստեղծելու անհրաժեշտությունից ելնելով: Այսինքն` օսմանյան վարչակարգը փորձել
է դուրս գալ «կոտորածներ իրականացնողի» կերպարից` դրանում փորձելով մեղադրել գլխավոր ախոյանին` Ռուսական կայսրությանը:
Մյուս հակառուսական հրատարակությունը նույն տարում` 1877 թ., լույս տեսած
«Ռուսական վայրագությունները Ասիայում և Եվրոպայում 1877 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին» ժողովածուն է (այսուհետ`
«Ռուսական վայրագություններ»): Այն կազմված է 217 փաստաթղթից` հիմնականում պաշտոնական և մասնավոր հեռագրեր ու նամակներ: Նախորդի հետ համեմատած` այս ժողովածուն շատ ավելի ընդգրկուն է, իսկ բովանդակային առումով և հարցադրումներով ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում, ուստի ենթադրում է ավելի մանրամասն անդրադարձ: Օսմանյան կառավարության կողմից ներկայացվող փաստաթղթերի գերակշիռ մեծամասնությունը, մասնավորապես 217 փաստաթղթից 196ը վերաբերում են պատերազմական գործողությունների Բալկանյան ճակատին և այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: Մեր հետազոտության շրջանակը, սակայն, սահմանափակվելու է միայն Կովկասյան ճակատին առնչվող փաստաթղթերի քննությամբ:
գ. «Ռուսական վայրագություններ»-ի` Կովկասյան ճակատին վերաբերող փաստաթղթերը
«Ռուսական վայրագություններ»ում ամփոփված նյութն առավել ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ ենք համարում խմբավորել դրանում տեղ գտած փաստաթղթերը: Ժողովածուում առկա է Կովկասյան ճակատին առնչվող 21 փաստաթուղթ, որոնք կարելի է բաժանել երեք խմբի` ըստ փաստաթղթերի հեղինակների: Առաջին խումբ փաստաթղթերը` թվով 3 հատ, ներկայացնում են «քաղվածքներ»` տարբեր նամակներից և փաստաթղթերից, որոնցում չեն նշվում հեռագրի հեղինակ(ներ)ը, անգամ ուղարկման հասցեները (ինչպես օրինակ՝ N4), կամ նույնիսկ այնպիսի հեռագրեր, որոնք հասցեագրված են հետևյալ կերպ. «Հեռագիր մեկ պաշտոնական անձից մյուս պաշտոնական անձին» (անգլ.` Telegram from an official person to another official person, փաստաթղթեր N84 և N88):
Փաստաթղթերի մյուս խումբը (թվով 10 հատ, N 1, 2, 5, 6, 7, 11, 18, 21, 42, 62) ներքին գործերի և ռազմական նախարարություններին, ինչպես նաև Բարձր դռանն ուղղված հեռագրերն են կամ քաղվածքներ դրանցից, որոնց համար որպես հեղինակներ նշվում են ռազմական գործողությունների Կովկասյան ճակատի թուրք հրամանատարները, կամ էլ պարզապես «անանուն քաղվածքներ» են: Մասնավորապես առկա են Էրզրումի կառավարիչ Իսմայիլ փաշայի, Կովկասյան ճակատի հրամանատար Ահմեդ Մուխտար փաշայի և այլ ռազմական ու քաղաքացիական պաշտոնյաների կողմից ուղարկված հեռագրեր:
Երրորդ խումբ փաստաթղթերը (թվով 8 հատ, N 76, 89, 91, 93, 94, 96, 99, 140), տարբեր անձանց կողմից եվրոպական մամուլին («Daily Telegraph», «The Observer», «Telegraph», «Reuter’s Agency», «Morning Post») ուղղված հեռագրեր են (բացառությամբ 96րդ փաստաթղթի, որը վերնագրված է
Telegram from Mr. Schluga to Mr. Etienne, Vienna. Erzeroum, July 9th, 1877): Այս խումբ փաստաթղթերի առկայությունը պետք է առավել արժանահավատություն հաղորդեր ժողովածուին, քանի որ որպես դրանց հեղինակներ նշված են եվրոպացիների անուններ: Սակայն տարակուսանք է առաջանում այն բանից, որ դրանք ոչ թե եվրոպական մամուլից բերված քաղվածքներ են, ինչպես սովորաբար արվում է որևէ ժողովածու կազմելիս, այլ նշվում է, որ այս կամ այն անձը հիշյալ հեռագիրն ուղարկել է այս կամ այն թերթի խմբագրություն: Անպատասխան է մնում մի կարևոր հարց. այդ դեպքում ինչու չեն մեջբերել եվրոպական մամուլում տպագրված հոդվածներ, որոնք գոնե արժանահավատություն կհաղորդեին այդ փաստաթղթերի իսկությանը:
Փաստաթղթերի վերջին խմբի եվրոպացի հեղինակների հակառուսական տրամադրություններն անշուշտ կարելի է հասկանալ, սակայն որոշ կասկածներ են առաջանում դրանցում ռուսների կողմից մուսուլմանների կոտորածների մասին
«տեղեկությունների» հետ կապված: Այս առումով բնութագրական է ավստրիացի սպա, ճարտարագետ Ռուդոլֆ ֆոն Շլուգային վերագրվող` վերևում արդեն հիշատակված հեռագիրը (N96), որտեղ նա ներկայացնում է 1877 թ. հունիսի վերջին ռուսների կողմից մի քանի գյուղերի ոչնչացման և ավելի քան հիսուն բնակիչների կոտորածի մասին: Սակայն ուշագրավ է, որ նույն անձը հետագայում «La Revue Militaire Autrichienne De Streffleur»ում տպագրել է մի աշխատանք, որը նվիրված է 1877 թ. Հայաստանում ծավալված ռազմական գործողություններին, և 67 էջ ծավալ ունեցող այդ աշխատանքի մեջ չենք հանդիպում Հայաստանի տարածքում ռուսների կողմից մուսուլմանների կոտորածի գեթ մեկ դեպքի նկարագրության: Մինչդեռ նա, լինելով դեպքերի ժամանակակիցն ու ականատեսը, ամենայն մանրամասնությամբ նկարագրել է իրադարձությունները:
դ. Թուրքական պատումը երկու դրվագով. փաստարկներ և հակափաստարկներ
1. Բայազետի կոտորածն ու Ալաշկերտի հովտի ողբերգական իրադարձությունները
Ժողովածուի հրատարակման գլխավոր նպատակներից մեկը «ռուսների կողմից մուսուլմանների կոտորածների» ներկայացումն է: Դիցուք, դիտարկենք նշված շրջաններին վերաբերող հետևյալ փաստաթուղթը:
Փաստաթուղթ N5
«… Այս զորախմբի [Ալաշկերտի կողմում կռվող ռուսական զորախումբը – Գ. Վ.] հրամանատարը մասնակցել է իր ճանապարհին ընկած ամեն ինչի թալանին: Նա այրել է քրիստոնյաների և մուսուլմանների բոլոր տները` տանելով դրանց բնակիչների բոլոր բարիքները: Այդ նողկալի բռնություններից բացի սպանել է նաև երեք կնոջ: Օտարերկրյա թղթակիցների հաղորդումները կարդալով` տերությունները կարող են համոզվել այս զեկույցների ճշմարտացիության մեջ»:
Այս փաստաթուղթը` թվագրված 1877 թ. հունիսի 19 (հուլիսի 1), ուղղված է ներքին գործերի նախարարությանը և ուղարկված է Վանի ու Բայազետի շրջանում գործող թուրքական զորախմբի հրամանատարությունից: Ընդհանրապես Բայազետի հատվածը և Ալաշկերտի ամբողջ հովիտը քննարկվող թեմայի առումով ամենակարևոր շրջաններն են: Եթե խոսքը 1877 թ. ամռանը պատերազմական գործողությունների Կովկասյան ճակատում տեղի ունեցած քաղաքացիական անձանց սպանությունների կամ զանգվածային կոտորածի մասին է, նախ և առաջ պետք է հիշել Բայազետի դեպքերը, որը ամենախոշոր զանգվածային կոտորածն էր, ինչպես նաև Ալաշկերտի գյուղերում կատարվածը: Իսկ որ ամենակարևորն է, այդ կոտորածների զոհերը ոչ թե մուսուլմաններն էին, այլ տեղի հայ բնակչությունը, իսկ իրականացնողներն ամենևին էլ ռուսները չէին:
Բայազետը ռուսական բանակի երևանյան խմբավորման կողմից առանց դժվարության գրավվեց 1877 թ. ապրիլի 30(18)ին: Քաղաքը պահպանելու համար թողնելով 2.000ի չափ զինվոր` ռուսական բանակը շարունակեց առաջխաղացումը: Հունիսի 6ին թուրքական զորքը պաշարեց քաղաքը, և սկսվեց Բայազետի 23օրյա ինքնապաշտպանությունը: Հենց այս շրջանում էլ տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ: Ինչպես հաղորդում է Բայազետի ինքնապաշտպանության
ղեկավար Ֆեոդոր Շտոկվիչը.
«Գիշերը (հունիսի 6ի Գ. Վ.) ապշեցուցիչ տեսարան էր, որին ականատես լինելով` զինվորներն արտասվեցին. կոտորում էին տղամարդկանց, կանանց ու երեխաներին և դեռևս ողջ նրանց նետում էին կրակի մեջ, ամբողջ քաղաքը կրակի մեջ էր, ամենուր լսվում էին գոռոցներ, հեկեկոցներ և տնքոց»: Քրդական ջոկատների և նրանց միացած թուրքական կանոնավոր զորքի այս վայրագությունները կազմակերպվել և ուղղորդվել են հենց քաղաքը գրոհող Ֆայիկ փաշայի կողմից:
Ռուսական և հայկական աղբյուրներից զատ այս ողբերգության փաստը հաստատվում է նաև օտար` եվրոպական աղբյուրներով: Այստեղ հեռու գնալու անհրաժեշտություն չկա: Հակառակ քննարկվող ժողովածուի, մենք կարող ենք օգտվել ոչ թե եվրոպական մամուլին ուղղված անհայտ նամակներից, այլ հենց եվրոպական թերթերի թղթակիցների հաղորդած տեղեկություններից: Բարեբախտաբար, պահպանվել են այն ժամանակ բրիտանական ‹‹Times›› լրագրի թղթակից Չարլզ Նորմանի հաղորդած տեղեկությունները, որոնք զետեղված են նրա հեղինակած ‹‹Հայաստան և 1877 թվականի կամպանիան (արշավը)›› աշխատության մեջ: Այս աղբյուրի կարևորությունն այն է, որ դրանում օտարերկրացի ականատեսի կողմից քննարկվում և ներկայացվում է այն վայրերում տեղի ունեցած իրադարձությունների իրական պատումը, որոնք այդպես ջանասիրաբար նենգափոխվում են թուրքական ժողովածուում: Կապիտան Չարլզ Նորմանն ուղեկցել է սըր Առնոլդ Քեմբելին (18201908), ով նշանակված էր թուրքական բանակում՝ որպես բրիտանական ռազմական կոմիսար: Նրանք ականատես են եղել կարևորագույն ռազմական գործողությունների, հետապնդվել են կոզակների կողմից և հազիվ փրկվել մահից: Ռուսների նկատմամբ նրանց դիրքորոշումը, հասկանալի է, որ չէր կարող լինել դրական: Այս իրողությունն ուժեղացնում է նրանց հաղորդած տեղեկությունների հավաստիությունը, համենայն դեպս նրանց երբեք չես մեղադրի ռուսասիրության մեջ:
Այսպես, Չ. Նորմանի հաղորդած տեղեկություններից պարզ է դառնում, որ Բայազետում սպանվում է 1100 մարդ: Ալաշկերտի հովտի 122 գյուղերից միայն 9ն են խուսափել ամայացումից և կոտորածներից: Մուշի շրջանում մի շարք գյուղեր ավերվել են, բնակիչները՝ սպանվել: Այդ ամենը կատարվում էր ոչ միայն թուրքական բանակի, այլ նաև նրանց դրդմամբ ու նրանց հովանավորությամբ գործող ավազակախմբերի կողմից` շեյխ Ջալալեդդինի, Օբայդուլահի, Ֆաքիմ էֆենդիի և ուրիշների ղեկավարությամբ:
Բայազետի ողբերգությունը, չնայած աղավաղված և թուրքամետ դիտարկումներով, այնուամենայնիվ հաստատվում է նաև բրիտանացի լրագրող և պատերազմական թղթակից Չարլզ Ուիլյամսի հաղորդած տեղեկություններով: Նա 1878 թ. իր ուղարկած նամակներից և հավաքած տեղեկություններից կազմում և հրատարակում է մի գիրք («Հայկական արշավը: 1877 թ. արշավի օրագրությունը, Հայաստանում և Քուրդիստանում»): Սակայն այս հեղինակի ընդգծված թուրքասիրությունը, ի տարբերություն Չ. Նորմանի, հնարավորություն չտվեց լինելու նույնքան օբյեկտիվ: Մասնավորապես Բայազետում կատարվածի մասին նա տալիս է աղճատված տեղեկություններ, իսկ կոտորածների զոհ համարում է ռուսական զորքին, այսինքն` ամենևին չի ընդունում քրդերի և նրանց հովանավորող թուրքական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության կոտորածի փաստը:
Այսպիսով, ակնհայտ է, որ Բայազետի իրական, ոչ մտացածին ողբերգությունը, որի եղելությունը հաստատվում է օտար, անկողմնակալ աղբյուրներով, պարզապես մոռացության է մատնվում և անգամ չի քննարկվում: Իսկ Ալաշկերտի հովտի գյուղերում կատարված ողբերգությունը ներկայացվում է ծուռ հայելու միջոցով:
2. Ուչքիլիսեի միջադեպը
«Ռուսական վայրագություններ»ում ամփոփված տեղեկությունների «իսկության» մասին կարելի է գաղափար կազմել նաև որոշակի՝ տեղական նշանակություն ունեցող որևէ իրադարձության դիտարկմամբ: Տվյալ դեպքում մենք քննության կառնենք թուրքական ժողովածուում ներկայացվող մի միջադեպ: Այստեղ պետք է նշել, որ ժողովածուի Կովկասյան ճակատին առնչվող փաստաթղթերում ընդհանուր առմամբ հանդիպում ենք ‹‹քրիստոնյա›› ձևակերպմանը: Դիցուք դիտարկենք երեք փաստաթուղթ, որտեղ օգտագործվում է ‹‹հայ›› (անգլ. Armenian) բառը:
Փաստաթուղթ N7`
‹‹Այս պահին գիտեմ, որ ռուսները բռնությամբ գերեվարել են Ուչքիլիսեի հայ եպիսկոպոսին նրան վիրավորելուց և կապկպելուց հետո: Այդ հոգևորականը նվիրված էր պետության շահերին››:
Փաստաթուղթ N93`
‹‹Ուչքիլիսեում երեք ժամ տևող մարտից հետո ռուսները թալանեցին եկեղեցին, այրեցին տները, բռնության ենթարկեցին և առևանգեցին հայ եպիսկոպոսին››:
Փաստաթուղթ N94`
‹‹Ուչքիլիսեի եկեղեցում տասը դի է հայտնաբերվել: Գյուղերում հետաքննություն է սկսվել: Հայկական եկեղեցին այրվել է››:
Խոսքն այստեղ օսմանյան Էրզրումի վիլայեթի Դիադինի գավառի Ուչքիլիսե (Ուչքիլիսա, թրք.` երեք եկեղեցի) գյուղի վանքի մասին է: Դա պատմական Բագավանի Ս. Հովհաննես վանքն է (VII դար): Այս եկեղեցու մասին հայկական աղբյուրներում զգալի նյութ կա, որը, սակայն, հիմնականում վերաբերում է նրա ձեռագրական հավաքածուին: Մյուս կողմից խոսքը Հովհաննես վարդապետ Աստվածատրյանի մասին է, որին 1882 թ. հանդիպել և նրա մասին տեղեկություններ է թողել այդտեղ ժամանած Մաղաքիա եպիսկոպոս Օրմանյանը: Ռուսթուրքական պատերազմի ժամանակ վանքի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների դիտարկումը թույլ է տալիս հասկանալ, որ թուրքական աղբյուրի այս տեղեկությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նաև իրականում տեղի ունեցածի միտումնավոր նենգափոխումն է: Բանն այն է, որ մեր կողմից արդեն հիշատակված Չարլզ Նորմանը քննարկվող ժամանակահատվածում եղել է Սուրբ Հովհաննես եկեղեցում և զրույց ունեցել «ռուսների կողմից» բռնության ենթարկված և առևանգված հայ եպիսկոպոսի հետ: Այս առիթով նա գրում է.
«Ուչքիլիսեի եկեղեցում թաքնված տասը մարդ դաժանորեն սպանվել է: Ես զրուցել եմ տեղի հայ եպիսկոպոսի հետ, ով վրդովված ժխտում է, որ դա արել են ռուսները, - հայտարարություն, որ արվել էր Իսմայիլ փաշայի կողմից և շրջանառության մեջ դրվել Բ. Դռան կողմից Մեծ տերությունների համար,- և ով հանդիսավորությամբ հավաստիացնում էր ինձ, որ դա քրդերի ձեռքի գործն է, այն բանից հետո, երբ ռուսներն անցել են այդ վայրով»:
Այն, որ եկեղեցու վրա հարձակվել են մուսուլմանները, հաստատվում է նաև հայկական աղբյուրներով, մասնավորապես դեպքերի ժամանակակից ազգագրագետ Սարգիս Հայկունին Բագրևանդ գավառին նվիրված իր աշխատության մեջ հայտնում է հետևյալ տեղեկությունը.
«Այս հռչակաւոր վանքը ունէր ընտիր ձեռագրաց մատենադարան, որ պահուած էր վանքի որմերու մէջէն սանդուխներով դէպի գմբէթ բարձրացած մի դարանի մէջ. այս ձեռագիրներ ամբողջովին 77-ի պատերազմին վանքի մէջ թողուած են և ի կորուստ մատնուած: Մի ամենաընտիր ձեռագիր՝ մագաղաթեայ Աստուածաշունչ քրդերու ձեռք կանցնի, կը բերեն Ղարւսբեկ հայ գիւղն, կը դնեն վայր ու փայտով հարուածներ կտան ձեռագրին, որպէսզի հայեր մեծ գին տան, գերությունից ազատեն, կողոպտուած հայեր աստի անտի ցորեն հաւաքելով կտան, կը ստանան Աստուածաշունչն»:
Վերոնշյալը վկայում է այն մասին, որ մագաղաթյա Աստվածաշունչը քրդերի ձեռքը կարող էր ընկնել միայն այն դեպքում, եթե թալանը նրանք և նրանց հովանավորող թուրքական իշխանություններն էին կազմակերպել:
Եզրահանգումներ
Օսմանյան կայսրության և նրա հպատակ քրիստոնյա ժողովուրդների հակասությունների խորացումը հանգեցրին 18751878 թթ. մերձավորարևելյան ճգնաժամին: Բալկաններում բռնկված ապստամբությունների, ինչպես նաև 1877 թ. բռնկված ռուսթուրքական պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունները լայնորեն կիրառեցին թեև տեղական նշանակության, սակայն առանձին դեպքերում զանգվածային կոտորածներով հակահարված տալու միջոցը: Դրա անմիջական հետևանքն Արևմուտքի հասարակականքաղաքական շրջանակներում հակաթուրքական տրամադրությունների ուժեղացումն էր, չնայած Օսմանյան կայսրությունը վայելում էր այդ տերությունների աջակցությունը Ռուսաստանի դեմ պատերազմում: Օսմանյան կայսրությունն այդ շրջանում հայտնվեց մի իրավիճակում, երբ պատերազմում կռվում էր Ռուսական կայսրության դեմ, իսկ միջազգային ասպարեզում` իր դեմ ստեղծված բացասական կերպարի չեզոքացման համար:
Ահա այս շրջանում է, որ Օսմանյան կառավարող շրջաններում ի հայտ են գալիս իրադարձություններին արձագանքելու հետաքրքիր մոտեցումներ: Մասնավորապես սկսվեց երկու թիրախ ունեցող մի մարտավարության կիրառում, որի դեպքում նախատեսվում էր համադրել ա) Արևմուտքում հակաթուրքական տրամադրություններին հակակշռի ստեղծումը և բ) պատերազմական ախոյանի` Ռուսաստանի վարկաբեկումը: Պետական երկու հրատարակությունների քննությունը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ նշված նպատակին հասնելու համար թուրքական իշխանությունները փորձել են լուծել մեկ գլխավոր խնդիր` ռուսներին մեղադրել այն բանում, ինչում մեղադրում էին իրենց: Այսինքն` ռուսական կողմին ներկայացնել խաղաղ բնակչության, հիմնականում մուսուլմանների, իսկ առանձին դեպքերում նաև քրիստոնյաների կոտորածների կազմակերպիչ: Այս մոտեցումը որոշ փոխակերպումներով օգտագործվել է նաև Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ
երիտթուրքական քարոզչությունը սեփական մեղքերը սկսեց բարդել հիմնական զոհերի` հայության վրա:
Չնայած այն փաստին, որ բոլոր մեղադրանքներն ուղղված են ռուսական կողմին, այնուամենայնիվ արևմտահայությունը Կովկասյան ճակատին առնչվող հաղորդագրությունների կարևոր դերակատարներից մեկն է: Այսինքն՝ այս փուլում, երբ Հայկական հարցը դեռ նոր էր սկսում միջազգայնանալ, թուրքական կեղծարարությունների թիրախը չուներ այն ուժգնությունն ու ուղղվածությունը, որը ձեռք բերեց հետագա տարիներին: Սակայն այս հրատարակությունների քննությունը մեզ հնարավորություն է տալիս դեռևս այս շրջանում տեսնելու հետագայում պետական մակարդակի հասնող կեղծարարությունների և դրանց օգտագործման վաղ ձևերը:
Ցեղասպանագիտական հանդես, 4 (1), Երևան, 2016թ.
© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ