Հոդվածներ |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՇԱՐՔԱՅԻՆ» ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հասմիկ Գրիգորյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ)
Սրբազան պատերազմի (ջիհադ) հռչակումը, որին հանդիսավոր մասնակցում են նաև թուրք երեխաները:
1914 թ. նոյեմբերին սուլթանը, խալիֆի իշխանությունն օգտագործելով, ջիհադ է հայտարարում Անտանտին: Միաժամանակ գործող շեյխ-ուլ-իսլամը` Հայրի էֆենդին, և բարձրաստիճան հինգ հոգևորականները ստորագրում են ֆեթվա:
Ցեղասպանագիտության մեջ գերակայող տեսակետներից մեկի համաձայն` զանգվածային կոտորածներ կամ ցեղասպանություն իրականացնելու համար անհրաժեշտ է հասարակության անմիջական մասնակցություն կամ առնվազն ակտիվ աջակցություն: Այս հանգամանքը ենթադրում է զանգվածային կոտորածների կազմակերպումն ու հրահրումը կանխարգելելու համար հասարակության տարբեր սոցիալական խմբերի համոզմունքների, մտայնությունների, բռնություններին մասնակցելու նրանց նպատակների ու շարժառիթների ուսումնասիրության անհրաժեշտությունը (1):
Ընդունված է համարել, որ ցեղասպանության ամենախոցելի զոհերը երեխաներն են (2): Զանգվածային կոտորածների ու ցեղասպանության ժամանակ երեխաները զոհ են դառնում տարաբնույթ հիվանդությունների, սպանությունների, սեռական և այլ բռնությունների (3):
Հարկ է նշել, որ երեխաների գործառույթները որպես ցեղասպանության «հանցագործների» ավելի քիչ է ուսումնասիրված (4): Ցեղասպանության գործընթացում երեխաների մասնակցության խնդիրը հիմնականում լուսաբանվում է երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում` հղելով Միջազգային քրեական իրավունքին, ինչպես նաև Ռուանդայի ու նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարաններին: Երեխաների ներգրավվածության խնդիրը պատերազմական և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններում հիմնականում դիտարկվում է ռազմական և ռազմականացված ինստիտուտների մեջ անչափահասներին ընդգրկելու անընդունելիության տեսանկյունից: Երեխաներին` որպես զինվորների, օգտագործելու փորձը մարդկությանը հայտնի է դեռ վաղ անցյալից, որի միտումն Արևմուտքում սկսել է նվազել 20-րդ դարի կեսից, հատկապես, երբ պարտադիր զինվորական ծառայությունը փոխարինվեց մասնագիտացված զինծառայությամբ (5): Հարկ է նշել, որ Օսմանյան կայսրությունում գոյություն ուներ դեվշիրմե կոչվող հարկի մի տեսակ, որի ժամանակ 8-20 տարեկան տղաներին բռնի կերպով հավաքագրել են ենիչերական կանոնավոր բանակի մեջ (6), ինչը լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից ձևակերպված սահմանման համաձայն ցեղասպանական գործողություն է (7):
Human Rights Watch կազմակերպությունը 1995-2002թթ. հետազոտություն է իրականացրել՝ հիմնվելով միջազգային և տեղական կազմակերպությունների, երեխաների իրավունքների փորձագետների, Միավորված ազգերի կազմակերպության երեխաների ֆոնդի (UNICEF) և Ռուանդայի իշխանության պաշտոնյա անձանց հետ անցկացրած հարցազրույցների վրա: Կազմակերպությունը «ոճրագործ երեխաներին» դիտարկում է միջազգային օրենքով` միտում ունենալով կանխարգելել երեխաների ներգրավումը ռազմական և ռազմականացված ինստիտուտների մեջ, ինչպես նաև մասնակցությունը մարդկության դեմ գործադրվող բռնություններին: Սակայն, նույնիսկ այս պարագայում UNICEF-ը երեխաներին ավելի շատ դիտարկում է որպես զոհ, ովքեր շահագործվում են իշխանության կողմից, քան որպես ոճրագործ (8): Իսկ «Երեխաների իրավունքների կոմիտեն» ընդգծում է, որ ցեղասպանությանը, ռազմական կամ մարդկության դեմ այլ հանցագործությունների մասնակցած երեխաներին պետք չէ դիտարկել առանձին կտրվածքով, և նրանց նկատմամբ պետք է կիրառել անչափահասների նկատմամբ գործող ընդհանուր սկզբունքները (9):
Միջազգային իրավունքի համաձայն` հանցանք գործելու պահին 14 տարեկանից ցածր երեխաներն իրավական հետապնդման և պատասխանատվության չեն ենթարկվում: Չնայած այս հանգամանքին` Ռուանդայում գրեթե 5.000 անչափահասներ` 14-18 տարեկան, այդ թվում՝ նաև 14 տարեկանից ցածր, ձերբակալվել են ցեղասպանությանը մասնակցելու մեղադրանքով, որոնցից 4.000-ը UNICEF-ի 2002թ. տվյալներով դեռևս բանտարկված էին (10):
***
Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության համատեքստում հասարակության մասնակցության խնդրի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցեղասպանություն իրականացնող «մարդկային ռեսուրսը» համալրում են նույնիսկ այնպիսի խմբեր, ինչպիսիք են՝ կանայք ու երեխաները, ովքեր իրենց դաժանությամբ չեն զիջում մեծահասակներին: Այս առումով հետաքրքրական է, թե ինչու և ինչպես են երեխաներն ընդգրկվում զանգվածային բռնությունների մեջ և ինչ գործառութային առանձնահատկություններ ունեն:
«Հանցագործ երեխաների» խնդիրն այլ ժողովուրդների ցեղասպանությունների համատեքստում դիտարկելուն նպաստում է այն հանգամանքը, որ ցեղասպանության հարցով կազմվել են միջազգային դատարաններ, տեղի են ունեցել հարցաքննություններ հենց ոճրագործների հետ, ինչն ուսումնասիրության լայն դաշտ է ստեղծում մասնագետների համար:
Հայոց ցեղասպանության պարագայում միջազգային դատավարության և դրա հետ կապված գործընթացների բացակայությունը հնարավորություն չի ընձեռում առավել հստակ ներկայացնելու «ոճրագործ երեխաների» գործառութային առանձնահատկությունները, տարիքային սանդղակը, դրդապատճառներն ու նպատակները: Հետևաբար, ուսումնասիրության շրջանակներում հիմնվել ենք ցեղասպանության վերապրողների, օտարերկրյա պաշտոնյաների ու ականատեսների հուշագրություններում, զեկուցագրերում տեղ գտած վկայությունների վրա:
Այդ վկայությունների համաձայն` Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած զանգվածային կոտորածների ու Հայոց ցեղասպանության համատեքստում մուսուլման (11) «ոճրագործ երեխաների» դերային առանձնահատկությունները կարող ենք դասակարգել հետևյալ կերպ՝ դեռահասներ, ովքեր հալածում էին իրենց հասակակից հայ երեխաներին (միջխմբային բախում հայ և մուսուլման երեխաների միջև), մեծահասակներին նմանակող երեխաներ, սպանությունների անմիջական մասնակիցներ և երեխաներ, ովքեր պղծում էին հայերի դիակները:
• Դեռահասներ, ովքեր հալածում էին իրենց հասակակից հայ երեխաներին (միջխմբային բախումը հայ և մուսուլման երեխաների միջև)
Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաները հետագայում գրառած հուշագրություններում անդրադառնում են մուսուլման երեխաների հետ իրենց ունեցած փոխհարաբերություններին: Մուսուլման երեխաները հալածանքի են ենթարկել ոչ միայն իրենց հասակակից տղաներին, այլև աղջիկներին:
Պեհեսնիահայ Վահան Համամճյանը պատմում է, որ կոտորածները սկսելու նախօրեին իրենք խուսափել են թուրքական թաղամասերով անցնելուց, քանի որ թուրք երեխաները «մեռցնելու աստիճան» ծեծում էին հայ տղաներին, ովքեր ընկնում էին իրենց ձեռքը (12):
Լինում էին նաև դեպքեր, երբ մի քանի թուրք երիտասարդներ որևէ պատրվակով հայկական թաղերից դուրս հայ երիտասարդի էին ծեծում ու անպատիժ մնում: Վերապրող Ռուբեն Խաչատրյանը (13) պատմում է. «Այդպես պատահեց Գրիգոր քեռուս տղայի` Պողոսի հետ, ով հայկական թաղի տներից մետր դեպի հարավ, ծառի տակ նստած ժամանակ հանկարծ հայտնվում են թուրք երիտասարդներ, նրան ծեծում և հեռանում: Ես այս ամենի ականատեսն էի: Նույնը պատահել էր նրա եղբոր` Հովհաննեսի հետ» (14): Հաճախ թուրք երեխաները հալածում էին բռնագաղթից հետո ընտանիքներում մնացած անծնող հայ երեխաներին: Տասներկուամյա Կարապետ Զարիֆյանի` Խարբերդի գավառի Մեզրե գյուղաքաղաքի կոտորածների մասին վկայության համաձայն. «Նախապէս թուրքերը լաւ էին վերաբերւում հայերի հետ, բայց մի որոշ ժամանակից յետոյ սկսեցին վատանալ, այնպէս, որ հայ երեխաները երբ դուրս էին գալիս, թուրք երեխաներից ծեծվում էին և հայհոյանքներ լսում» (15): Հայոց ցեղասպանությունը վերապրած այնթապցի Մարիցա Թութունճյանն (16) իր հուշերում պատմում է ամուսնու տեսածը. «Մի օր գիշերով քաղաքին մէջ պտտած ատեն կը տեսնէ որ խումբ մը պատանիներ պարտեզնէրու մէջ կը հալածէին հայ աղջիկ մը որ իբր հագուստ կը կրէր իր վրայ ցորենի պարկ մը...» (17):
Յոզղաթ գավառի Րումտիկին գյուղում ծնված Գևորգ Յափուջյանը վերհիշում է մի միջադեպ, որը պատահել էր, երբ ինքը ծառայության էր քրդական ընտանիքում. «Արևը մոտենում էր իր մայրամուտին, որ ինձ ասացին հեռացած տավարը թեքեմ դեպի գյուղի կողմը և ես բաժանվելով նրանցից 200-300 մետր տարածություն մի փոքր բլուրի ետև, նրանց քշեցի դեպի ծառաների կողմը և այդ միջոցին հանկարծ շատ մոտիկ տարածությունից հայտնվեցին երկու թուրք պատանիներ, որ կլինեին 14-15 տարեկան և ես նրանցից որևէ վտանգ չսպասելով փախուստի չդիմեցի: Սակայն նրանք մոտենալով ինձ, մեկը մյուսին «Էյսան, բռնիր այս քեաֆիրին» ու երկուսով հարձակվեցին վրաս» (18):
• Մեծահասակներին նմանակող երեխաներ
Մուսուլման երեխաները, նմանակելով մեծահասակների վարքը, արտահայտում էին իրենց վերաբերմունքը քրիստոնյաների և հատկապես հայերի նկատմամբ, ինչը հաճախ դրսևորվում էր զոհերի հանդեպ ցուցաբերված ծաղրանքի ձևով:
Վերապրողներից մեկը` վեցամյա Բյուզանդ Ճամբազյանը (19), պատմում է. «Կիրակի մը, Մարաշի մէջ, եկեղեցիէն որբանոց կը վերադառնայինք: Ճամբուն վրայ թիւրք մանչուկ մը, բաւականին լայն շրջագծով, փոս մը կը փորէր: Մեր վարժապետներէն, Խարբերդցի ազնիւ հայ մը, պ. Նշանը, հարցուց թէ ինչո՞ւ կը բանար այդ փոսը: Թիւրք մանչուկը համարձակութեամբ պատասխանեց` այս փոսը կը բանամ որ կեավուրները մէջը իյնան»: Համաձայն վերապրողի վկայության` այն հարցին, թե գյավուր կոչվածները նրա եղբայրները չեն, թուրք երեխան պատասխանել է. «Ո´չ: Ես թիւրք եմ, իսկ անոնք կեավուր» (20): Բաղդադի երկաթուղու շինարարության ընկերության բժիշկներից մեկը` դոկտոր Հրեշտակյանը, Մարդինի աղբյուրի մոտ հանդիպել էր մերկ կանանց: Նրանք տերևներով ծածկել էին իրենց մերկությունը և ձեռքերով բռնել տերևները: Դոկտոր Հրեշտակյանը վկայում է, որ մուսուլման տղաները փայտերով խփում էին կանանց ձեռքերին, որպեսզի բաց թողնեն և բղավում էին` թո´ւ, թո´ւ, էրմեն (21):
Խարբերդում աշխատանքային գործունեություն ծավալած դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենը, նկարագրելով Մեզրե գնացող թուրք և քուրդ մարդկանց, գրում է. «Երբեք տեսած չեմ կատաղի եւ վայրի տեսք ունեցող նման մարդիկ: Նոյնիսկ իրենց պզտիկ տղաքը, ինքզինքնուն հասուն մարդու ձեւեր կու տային ու մեր ետեւէն կը պոռային՝ կեավո´ւր, քրիստոնեայ շուն» (22): Հեղինակը պատմում է, որ թուրք տղաներն ու երիտասարդները հավաքվում և զվարճանում էին` հայերի չարչարանքները դիտելով: «Այսպիսի սոսկալի դէպք տակաւին տեսած չէի... Երկու ժանտարմաներ տեսայ որոնք ծեր կին մը կը քաշկռտէին զառիվար փողոցէ մը: Հոն 10-12 թուրք տղաք կային որոնք կը խնդային ու կը զուարճանային այս ցաւալի տեսարանէն» (23): Իսկ սեբաստացիների տեղահանության ժամանակ Մալաթիայի թուրք երեխաները ծաղրում էին և ասում. «Ամէնքդ պիտի ջարդենք, սպաննենք» (24):
Վերապրող Սարգիս Պալապանյանն (25) իր հուշագրության մեջ երեխաների մասնակցությամբ հետաքրքիր դրվագ է նկարագրում. «Գիշերը, կախուած Յակոբին դիակը տախտակէ սանդուխի մը վրայ երկնցուցած, կու տան երկու խեղճ հայ զինուորներու ուսը եւ կը հրամայեն, որ տանին ու թաղեն զայն: Այս վերջինները, երբ կը սկսին ուսամբարձ տանիլ մեռելը, հարիւրաւոր թուրք լակոտներ քարկոծելով ու հայհոյելով, անարգելով ու պոռալով կը հետապնդեն զինուորները» (26): Գրիգորիս վարդապետ Պալաքյանը Չանկրիում լինելու ժամանակ պատմում է տարածված համաճարակի մասին, որին զոհ էր գնացել նաև տեղի քահանա Տեր Սիմոնը. «Եւ երբ ողբացեալ քահանային դագաղը կը փոխադրէինք անձայն անշշուկ քաղաքէն դուրս այգիներու կողմ գտնուող հայոց գերեզմանատունը, թուրք տղայք յուղարկաւորներս քարի կը բռնէին» (27):
Հայոց ցեղասպանությունը վերապրած Պետրոս Ծատուրյանը պատմում է որ մուսուլման շատ երեխաներ գալիս էին պարզապես իր վերքերը տեսնելու, և երբ ցույց էր տալիս, նրանք հարվածում էին և ծիծաղելով փախչում (28):
Մեծահասակներից ընդօրինակված մեկ այլ վարքային դրսևորում էր այն, որ մուսուլման երեխաները, նմանակելով հավանաբար իրենց մայրերին, նույնիսկ տղամարդկանց հրահրում էին սպանել հայերին: Բիթլիսի տեղահանությունը վերապրած Հմայակ Բոյաջյանը տարիներ անց վերհիշում է. «Երբ Բիթլիսից դուրս էին բերում գյուղը վերադարձնելու համար, թուրք կանայք, երեխաները կտուրներին կանգնած բղավում էին` ինչո՞ւ եք կենդանի թողել, այդ ո՞ւր եք տանում, կոտորե´ք» (29):
• Սպանությունների անմիջական մասնակիցներ
Օսմանյան կայսրությունում զանգվածային կոտորածների ու ցեղասպանության ժամանակ սպանությունների մեջ են ընդգրկվել նաև 6-15 տարեկան երեխաները, ովքեր զինված են եղել քարերով, դանակներով, սրերով, զենքով: Սպանություններին երեխաների մասնակցությունն եղել է անհատական և կրել է խմբային բնույթ: Երեխաների այն հատվածը, որը զինվել է կառավարության կողմից, բռնություններ է իրագործել վերահսկողության ներքո, իսկ երեխաների մի մասը մասնակցություն է ունեցել անհատապես և անձնական նախաձեռնությամբ, հաճախ` ծնողների ուղեկցությամբ:
1895թ. համիդյան կոտորածների ժամանակ Տրապիզոնում, Արաբկիրում կառավարությունը զինում էր տեղի բնակչությանը, այդ թվում՝ նաև 11 տարեկան երեխաներին (30): Ուրֆայի կոտորածների վերաբերյալ վերապրողներից մեկի հուշագրության մեջ կարդում ենք. «Ամենէն վերջ կու գային 10-12 տարեկան Թուրք տղաքներ, որոնք ձեռքերնին շամփուր, դանակ եւ այլ տեսակ տեսակ զէնքեր ըլլալով գետինը փռուած Հայ դիակները կը զննէին եւ եթէ շնչաւոր կամ ողջ մնացողներ գտնուէր, զանոնք կամ կը մորթէին եւ կամ շամփուրով կը ծակծկէին որ բոլորովին մեռնին» (31):
Հայոց ցեղասպանությունը վերապրող Ներսես Մազմանյանը (32) վկայում է, որ իրենց գյուղում կանանցից մեկի ձեռքերը հետևի մասից են կապել, իսկ մազերը կապել են կեռ գամերից, որոնք խրված են եղել հողի մեջ: Ապա 6-8 տարեկան թուրք երեխաներին քշել են նրա վրա, ովքեր քարերով սպանել են կնոջը (33):
Մուսուլման տղաների կողմից սպանություններ իրականացվելու մասին է պատմում վերապրող Մարտիրոս Պալմյանը (34), ով մի քանի անգամ հանդիպել է նման երեխաների, երբ թաքնված է եղել Էնտերեսում (35). «...Խանըմ էֆէնտիս [ազգությամբ թուրք - Հ. Գ.] ինծի տուաւ մանգաղ մը, տոպրակ մը եւ ինծի ընկերացուց իր վեց տարեկան զաւակը, որպէսզի պարտեզէն խոտ քաղեմ եւ տուն բերեմ: Պզտիկը ճամբան ինծի ցոյց կու տար իր մէջքի դանակին գեղեցկութիւնը եւ կը փնտռէր կեավուրներ, որպէսզի մորթէ զանոնք, որովհետեւ իր նոր ու գեղեցիկ դանակով արդէն մորթեր էր երկու կեավուրներ եւ շատ ուրախացեր էր»: Հեղինակը պատմում է, որ այս ամենը լսելով և տեսնելով 6-12 տարեկան մի խումբ թուրքերի` մանգաղն ու տոպրակը տվել է երեխային և հեռացել: Վերապրողը մեկ անգամ ևս բախվել է տասնամյա թուրք երեխայի, ով ցանկացել է սպանել իրեն. «Ես գիտցայ որ դուն կեավուր ես: Տե´ս, այս դանակը նոր գնած եմ կեավուրներ մորթելու համար: Փորդ խոթեմ ըսելով` դանակը ինծի մօտեցուցած պահուն բռունցքի հարուած մը տուի» (36):
Մխիթար Հազրոյանի վկայությունը Բիթլիս գավառի Մոտկան գավառակի Խութ-Բռնաշեն գյուղախմբի մասին. «Այս գիւղից սպանուեցան չորս հոգի՝ Սերօ Յովհաննէսեան և իր եղբայր Աբրէն, Կարօ Կարապետեանը և իր եղբայր Աւտալը: Մի քուրդ պատանի Աւճալիլ Րուպադօլ լամուկ անուն, տասնհինգ տարեկան, դրանց տարաւ գիւղից դուրս, ասելով աշխատանք կայ անելու ու այնտեղ ատրճանակի հարուածներով սպաննեց» (37):
Տասներկուամյա զեյթունցի վերապրող Հովսեփ Բշտիկյանը (38) Սուլեյմանիեից (39) Բոզանթի ճանապարհի իրադարձությունների մասին պատմում է. «Թուրք զինվորները մեր քովեն կերթային: Մեկ էլ թուրք լակոտ մը տեսավ մեր էշի վրա երկու կողմը հեյբայի մեջ դրված երեք-չորս տարեկան քույրս ու եղբայրս` ամեն մեկը մի կողմ: Էդ լակոտը մի ափ հող գետնից վերցրեց ու շպրտեց եղբորս երեսին, եղբորս աչքերը տեղն ու տեղը կուրացան, ինքն ալ վախեն մեռավ» (40):
• Երեխաներ, ովքեր պղծում էին դիակները
Ցեղասպանությունը վերապրողների ու օտարերկրյա ականատեսների հուշագրություններում ու զեկուցագրերում երբեմն հանդիպում են այնպիսի վկայություններ, որոնցում նկարագրվում են մուսուլման երեխաների կողմից հայերի դիապղծության տեսարաններ: Դրանցից հատկապես ուշագրավ են երևույթի խաղային դրսևորումները:
Ազգությամբ հույն ֆրանսիացի լրագրող Ադոսիդեսն Ադանայի կոտորածների վերաբերյալ իր աշխատության մեջ գրում է. «Ամսի 26-ին, կեսօրից հետո, զբաղվեցին մահացածներին հավաքելով: Նրանց բեռնում էին սայլակները, որոնք պետք է բեռնաթափվեին Սարոսում: Այդ քարավաններն ուղեկցող թուրք լակոտները զվարճանում էին` ծակծկելով դիերը, փորելով դրանց աչքերը, սրածայր ցուպիկներով ծակելով այտերը» (41): Հալեպի հյուպատոս Ռյոսլերը ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգին 1915թ. սեպտեմբերի 2-ին ուղարկած զեկուցագրին կցել է պարոն Վ. Շպիկերի վկայությունը Մարաշի իրադարձությունների մասին, որում կարդում ենք. «Քաղաքից (Մարաշից) ֆերմա ճանապարհին քաղաքի ծայրամասում ես տեսա մարդկային գլուխ` ընկած գոմաղբի կույտի վրա, որը թուրք դեռահասները դրել էին որպես նշանակետ» (42): Վերապրող Պետրոս Ծատուրյանը, իր հուշագրության մեջ նկարագրելով գաղթի ճանապարհները, որոնք լի էին մարդկային ոսկորներով, գրում է. «Գանկեր ամէն կողմ որոնց հետ կը խաղային քիւրտ լաճերը...» (43):
Գևորգ Յափուջյանը պատմում է. «Անելանելի վիճակ, խնամքի կարոտ, զրկված հարազատներից, վիշտ ու տառապանք, կյանքին սպառնացող վտանգներով հղի սև օրեր, միշտ ծաղր ու ծանակի ենթակա թուրք լակոտների կողմից, որ համատեղ գործ ունես անասուններին արածեցնելիս, նաև ծառան ես այն ծառաների ևս, որ քեզ հրամայեն եզները շրջելու, ջուր բերելու, գյուղը հացի գնալու և այլ գործերի կատարման համար: Պակաս չէր բորբոքվում նաև մատաղ սրտիս վերքերը այն ժամանակ, երբ հաճախ ձորերում հանդիպում էինք տանջամահ եղած հայերի կմախքներին, գանգերին, ծնկոսկրներին, որ ծաղրանքով լակոտները ասեին՝ «Է´յ, քեաֆի´ր, տե´ս-տե´ս, սա քո հոր գլուխն է, կացինով ջարդված» (44):
***
Քննարկելով Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ իրականացված զանգվածային կոտորածներին ու ցեղասպանությանը «ոճրագործ մուսուլման երեխաների» մասնակցության գործառութային առանձնահատկությունները` կարող ենք ասել, որ նրանց ընդգրկվածությունը բռնություններին չի եղել կազմակերպված և համակարգված: Նրանց ակամա մասնակցությունը բացառապես եղել է շարքային քաղաքացիների ներգրավվածության համատեքստում, ինչը պայմանավորված էր Օսմանյան կայսրությունում առկա նախացեղասպանական սոցիալ-մշակութային մթնոլորտով:
Չնայած նախացեղասպանական փուլին բնորոշ սոցիալ-մշակութային միջավայրը բազմաշերտ էր, այդուհանդերձ հարկ է նշել այն երեք հիմնական սոցիալ-հոգեբանական և սոցիալ-մշակութային մեխանիզմները, որոնք լույս են սփռում կոտորածներին և ցեղասպանություններին հասարակության լայնածավալ մասնակցության խնդրի վրա:
1. Նախացեղասպանական քարոզչության ազդեցությունը
Ժողովրդական զանգվածներին ուղղորդելու և ցեղասպանությանը մասնակից դարձնելու համար իշխանությունները որպես քարոզչության ենթատեքստ օգտագործում էին «մշակութային մոդելները», որոնք հիմնականում յուրացվում են սոցիալիզացիայի (45) ընթացքում: Դրանով ստեղծում են հոգեբանական այնպիսի մթնոլորտ, որ անհատները կորցնում են իրենց բնորոշ հատկանիշները և արմատապես վերափոխում իրենց վարքագիծը:
Այդպիսի «մշակութային մոդելներից» է «օտարի» կերպարի վերաբերյալ պաթոգեն վտանգ պարունակող տեղեկատվությունը, որն Օսմանյան կայսրությունում հանգում էր գլխավորապես հայերի «ապստամբ» և «դավաճան» լինելու մասին լուրերի տարածմանը: Օսմանյան կայսրությունում «օտարի» կերպարի շուրջ սահմանը գծվում էր դարերով արմատացած կրոնահոգեբանական, կրոնաբարոյական աշխարհընկալման սկզբունքով` տարանջատելով հասարակությանը «ճշմարիտ հավատացյալների» և «անհավատների», համապատասխանաբար` մուսուլմանների և ոչ մուսուլմանների, իրենց` տիրապետողների և ենթարկվողների դերակատարությամբ:
Յուրայինի և օտարի միջև տարածությունը պարզ ֆիզիկական տարածություն չէ, այլ հոգեբանական: Հետևաբար ցեղասպանության ժամանակ զոհի ու հանցագործի միջև բարոյահոգեբանական տարածության աճը դյուրացնում է ոճրագործության իրականացումը (46): Բռնության կիրառման համար կարևոր է, թե ինչպես է «օտարի» կերպարը տեղավորվում ոճրագործների աշխարհընկալման համակարգում, ինչ նախնական վերաբերմունք գոյություն ունի նրա նկատմամբ և ինչ վերաձևավորման է ենթարկվում: Օսմանյան կայսրությունում հայերն ընկալվում էին որպես օտար, որն արտահայտող տեքստերից են «ոչ մարդ», «մակաբույծներ», «անհավատներ», «շարժվող իրեր», «թափառական հրեաներ», «ռայա» (47) պիտակները: «Օտարի» ապամարդկայնացման գործընթացը հանգեցնում է զոհի սոցիալական մահվան (48), որին էլ հաջորդում են հետապնդումն ու ֆիզիկական ոչնչացումը:
Ժողովրդական զանգվածներին համախմբող մշակութային մոդելներից է նաև Հայրենիքի գաղափարը: 1910թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Սալոնիկում 13 օր տևած Իթթիհադի համագումարի կարգախոսն էր՝ «Թուրքիան միայն թուրքերի համար»: Առաջ քաշելով «Ետ դեպի Թուրան» լոզունգը` թուրք ազգայնամոլները հանդես էին գալիս թուրքական հին սովորությունների վերականգնման օգտին:
Ժողովրդական զանգվածների վարքը կառուցող մեկ այլ մշակութային մոդել է «սրբազան պատերազմը» (ջիհադը): Կոտորածների նկարագրություններում հաճախ հանդիպում ենք այնպիսի դեպքերի, երբ հայերի վրա հարձակվող մահմեդականները կրոնական բնույթի կոչեր են անում (49):
2. Հասարակության հիերարխիկ (ուղղահայաց) կառուցվածքը
Զանգվածային կոտորածներին ու ցեղասպանությանն ամբողջ հասարակության, այդ թվում՝ նաև մուսուլման երեխաների, ներգրավվածությունը պայմանավորված է նաև տվյալ հասարակության ընդգծված ուղղահայաց կառուցվածքով: Ավանդական ուղղահայաց կառուցվածք ունեցող հասարակությունների կազմակերպման հիմքում խարսխված են հավաքական արժեքները, որոնք ծայրահեղ դրսևորմամբ կարող են վերածվել զանգվածային բռնության կամ ցեղասպանության հրամայականի, քանի որ կիրառվում են ներխմբային համերաշխություն հաստատելու համար և վերացնում բռնություն գործադրելը խոչընդոտող արգելքները (50):
3. Իրավիճակային ճնշումը
Հասարակության շարքային քաղաքացիները զանգվածային կոտորածներին ու ցեղասպանությանը մասնակցում են երկու կերպ. կա´մ ընդգրկվում են ռազմական և ռազմականացված ինստիտուտներում, կա´մ ներգրավվում փողոցային ոճրագործ խմբերում: Ժողովրդական զանգվածների` կոտորածներին ու ցեղասպանությանը մասնակից դառնալու գլխավոր ազդակներից են միջավայրի ճնշումը և խմբային համատեղման ազդեցությունները (51): Օսմանյան կայսրությունում շարքային մուսուլման երեխաները զանգվածային բռնություններին ու անկարգություններին մասնակցում էին գլխավորապես իրավիճակային ճնշմամբ` ընդգրկվելով մեծահասակներից բաղկացած փողոցային խմբերում:
Երեխաների ընդգրկվածությունը զանգվածային կոտորածներին ու ցեղասպանությանը պայմանավորվում է նրանով, որ իրենց բնույթով լինելով դյուրագրգիռ՝ ավելի հեշտությամբ ու արագ են արձագանքում և ինտեգրվում բռնությունների իրագործմանը: Մուսուլման երեխաները մասնակցել են ոճրագործություններին, կողոպուտին՝ մեծամասամբ հետևելով կամ նմանակելով մեծահասակներին, արտահայտելով նույն վերաբերմունքը, ինչ գոյություն ուներ նրանց ընտանիքներում և հասարակության մեջ: Այս հանգամանքն իր հերթին պայմանավորված է նրանով, որ հասարակության մեջ կայուն էր դրված մեծահասակներին հնազանդվելու կանոնը, ինչը նպաստում է, որ երեխաներն ու պատանիներն ավելի պատրաստակամությամբ ենթարկվեն մեծահասակներին, ինչպես նաև` իշխանության հրահանգներին:
Ցեղասպանագիտական հանդես, 2 (1), Երևան, 2014թ.
_________________________________________________________________
1-Այս մասին մանրամասն տե´ս Valentino B., Final Solutions: Mass Killing and Genocide in the Twentieth Century, Ithaca and London, 2004, p. 31.
2-Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան 1989 թ. ընդունել է, որ երեխաներ են համարվում մինչև 18 տարեկանները:
3-Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության 800.000 զոհերից 300.000-ը երեխաներ էին: Այս մասին տե´ս www.unicef.com. 11. 07. 2013: Հրեաների Հոլոքոստի ժամանակ զոհվել է 1,5 միլիոն երեխա: Տե´ս www.annefrank.dk. 11. 07. 2013: Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր երեխաներ զոհ են դարձել հիվանդությունների, ողջակիզման, խեղդամահության, սեռական և այլ բռնությունների: Այս մասին մանրամասն տե´ս Dadrian V., Children as Victims of Genocide: The Armenian Case. The Issues of The History and Historiography of The Armenian Genocide, 2003, No. 7, pp. 3-18.
4-Սյեռա Լեոնեում երեխաները գործուն մասնակցություն են ունեցել քաղաքացիական հասարակության ահաբեկչությանը` ընդհուպ մարդկանց վերջույթների անդամահատմանը: Մանրամասն տե´ս International Criminal Justice and Children. UNICEF Innocenti Research Centre, 2002, p. 33, www.unicef-icdc.org Ռուանդայում հազարավոր երեխաներ օգտագործվել են որպես ցեղասպանության և պատերազմի գործիք: Որոշ երեխաները միացել են թութսիների ոչնչացման գործողություններին, մյուսները ներառվել են «Ռուանդայի հայրենասիրական ճակատ» (Rwandan Patriotic Front-RPF) քաղաքական կուսակցության մեջ, ինչպես նաև` բանակի կամ տեղական ինքնապաշտպանական ուժերի, Ռուանդայի ազատության բանակի մեջ: Ռուանդայում որոշ երեխաներ ակտիվ մասնակցություն են ունեցել ցեղասպանությանը` ներգրավվելով նաև Ինթերհամվեի (ռազմականացված կազմակերպություն) կազմի մեջ, մնացած երեխաներն ու պատանիները գործակցել են ընդհանուր քաղաքացիական հասարակության մասնակցության համատեքստում: Մանրամասն տե´ս Lasting Wounds: Consequences of Genocide and War on Rwanda’s Children. Human Rights Watch, 2003, p. 13. www.reworld.org
5-Rosen D., Child Soldiers, California, 2012, pp. 1-4.
6- Զուլալյան Մ., «Դեվշիրմե»-ն (մանկահավաք) Օսմանյան կայսրության մեջ՝ ըստ թուրքական և հայկական աղբյուրների, ՊԲՀ, 1959, թիվ 2-3 (5-6), էջ 247-256:
7-Մանրամասն տե´ս Lemkin R., Axis Rule in Occupied Europe: Laws of Occupation, Analysis of Government, Prposuls for redress, Oxford University Press, 2008.
8-International Criminal Justice and Children, pp. 33-34.
9- Նույն տեղում, էջ 22:
10-Lasting Wounds: Consequences of Genocide, p. 18.
11-Այս եզրի մեջ ընդգրկել ենք գերազանցապես թուրք և քուրդ երեխաներին: Սույն հոդվածում այս ձևակերպումն օգտագործվում է միայն այն դեպքում, երբ սկզբնաղբյուրում հստակեցված չէ ոճրագործություններ իրականացնողների ազգային պատկանելությունը:
12-Թէքէեան Ա., Դրուագներ ապրիլեան Մեծ եղեռնէն: Պեհեսնիհայութեան գողգոթան (1914-1918), Պէյրութ, Լա Ֆոդո-Բրէս, 1956, էջ 60:
13-Ծնվել է 1903 թվականին Դերջան գավառի Բագառիճ ավանում:
14-Խաչատրյան Ռ., Եղեռնի հավերժ ծխացող հուշեր, Երևան, Ռուբին Պրինտ, 2002, էջ 9: Հուշագրությունը գրի է առնվել կենսաթոշակի անցնելուց հետո, հավանաբար 1960-ական թվականներին:
15-Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ: Փաստաթղթերի ժողովածու: Հատոր III, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, Երևան, Զանգակ-97, 2012, էջ 328:
16-Հեղինակը Դեյր-Զորում ամուսնացել է ոստիկանապետ Ալի էֆենդու հետ, ով կնոջը պատմել է սույն պատմությունը:
17-Աղէտէն վերապրողներ, Տէր-Զօր, Փարիզ, Պ. Էլէկեան, 1955, էջ 147:
18-Յափուջյան Գ., Հուշեր: Մահ եւ վերածնունդ, Ձեռագիր հուշեր, ՀՑԹԻ, թղթապանակ 169, էջ 89:
19-Ծնվել է 1909 թվականին Ադանայում:
20-Ճամպազեան Բ., Պատանի կեանքի մը պատմութիւնը: Մատենաշար ապրիլեան եղեռնի, թիւ 4, Անթիլիաս, Լիբանան, Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, էջ 21:
21-Անտոնեան Ա, Մեծ ոճիրը: Հայկական վերջին կոտորածները և Թալէադ փաշա, Պօսթըն, Պահակ, 1921, էջ 159: Հետաքրքրական է նշել, որ, ի տարբերություն Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության օրինակի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեզ հայտնի ուսումնասիրություններում մուսուլման երեխաների կողմից սեռական բռնությունների գործադրում չի հանդիպում, սակայն պետք է ընդգծել, որ նման դեպքեր գրանցվել են:
22-Ճէյքըպսըն (Եագոպսըն) Մ., Օրագրութիւն: 1907-1919: Խարբերդ, Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիաս, 1979, էջ 171:
23-Նույն տեղում, էջ 158:
24-Գաբիկեան Կ., Եղեռնապատում փոքուն Հայոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ, Պոսթըն, «Հայրենիք», 1924, էջ 228:
25-Ծնվել է 1882 թվականին Այնթապում:
26-Պալապանեան Ս., Կեանքիս տաք ու պաղ օրերը: Այնթապ-Քեսապ-Հալեպ, Հալէպ, Շարք, 1983, էջ 104: Հուշագրությունը գրի է առել 1960 թվականին:
27-Պալաքեան Գ. Ծ. Վարդ., Հայ գողգոթան: Դրուագներ հայ մարտիրոսագրութենէն: Պեռլինէն դէպի Զօր: 1914-1920, Ա հատոր, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1922, էջ174:
28-Ծատուրեան Պ., Կեանքը որ ապրեցայ: Մատենաշար ապրիլեան եղեռնի, թիւ 13, Անթիլիաս, Կաթողիկոսութեան Մեծն Տանն Կիլիկիոյ, 1969, էջ 49: Հուշագրությունը գրի է առել 1962 թ.:
29-Բոյաջյան Հմայակ, ՀՑԹԻ գիտական ֆոնդ, տեսագրությունների բաժին, ֆ հ. 6:
30-Братская помощь пострадавшим в Турции армянам. Литературно-научный сборник, Москва, 1897, с. 51.
31-Եդեսիոյ սոսկալի դէպքը եւ ողբերգութիւն կոտորածին Եդեսիոյ, գրեց Եդեսիացի հայ մը, Շումլա, Յ. Աւետարանեան, 1904, էջ 13:
32-Ծնվել է 1900 թվականին Սեբաստիայի Գավրա գյուղում:
33-Մազմանյան Ն., Ձեռագիր հուշ, ՀՑԹԻ, թղթապանակ 176:
34-Ծնվել է 1895 թվականին Սեբաստիայի Զառա գյուղաքաղաքում:
35-Էնտերես` քաղաք Սեբաստիայի նահանգի Շապին-Գարահիսար գավառում:
36-Պալըմեան Մ., Համամարդը, Պէյրութ, Տօնիկեան եւ որդիներ, 1978, էջ 16-17:
37-Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրողների վկայություններ: Փաստաթղթերի ժողովածու: Հատոր II, Բիթլիսի նահանգ, Երևան, «Զանգակ-97», 2012, էջ 81: Հուշագրությունը գրի է առնվել 1916 թվականին:
38-Ծնվել է 1903 թվականին Զեյթունում:
39-Սուլեյմանիե` գյուղաքաղաք Ադանայի նահանգի Մարաշի գավառակում:
40- Սվազլյան Վ., Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երևան, «Գիտություն», 2011, էջ 446: Հուշագրությունը գրի է առնվել 1983/96 թթ.:
41- Ատոսիտիս Ա., Հայերը և երիտասարդ թուրքերը: Կիլիկիոյ կոտորածները, Հալէպ, Բերիոյ հայոց թեմի, 2009, էջ 74:
42-Գուստ Վ., Հայերի ցեղասպանությունը 1915-1916 (Գերմանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական արխիվի փաստաթղթերից), Երևան, «Հայագիտակ», 2008, էջ 338:
43-Ծատուրեան Պ., նշվ. աշխ., էջ 55:
44-Յափուջյան Գ., նշվ. աշխ., Ձեռագիր հուշեր, ՀՑԹԻ, թղթապանակ 169, էջ 101:
45- Անհատի` իր էթնիկ հասարակություն և մշակույթ ներգրավման գործընթացն ազգագրության մեջ արտահայտվում է «սոցիալիզացիա» կամ «ինկուլտուրացիա» հասկացություններով: Անհատի կողմից իր սոցիոմշակութային միջավայրի (մշակութային տարածության և ժամանակի, գործառութային օբյեկտների, գործունեության, շփման, վարքագծային կրթության) յուրացման գործընթացն է:
46-Waller J., Becoming Evil, Oxford, 2007, p. 197.
47- Կիրակոսյան Ջ., Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ (19-րդ դարի 90-ական թթ.-1914 թ.), Երևան, 1982, էջ 153:
48-Հարկ ենք համարում նշել, որ Կ. Կարդը «սոցիալական մահ» հասկացությամբ բնորոշում է խմբի մշակութային ինքնության ոչնչացումը՝ որպես ցեղասպանության գլխավոր չարիք, քանի որ վերապրողները կորցնում են մշակութային ժառանգությունը և միջսերնդային կապը: Տե´ս Card C., Genocide and Social Death, Hypatia, Vol. 18, No. 1, Winter, Indiana University Press. Մենք հոդվածում հասկացությունը կիրառում ենք՝ ցուցելու նախացեղասպանական փուլին բնորոշ գործընթացը:
49-Գրիգորյան Հ., «Մշակութային մոդելները» որպես ամբոխի վարքի կազմակերպման ազդակներ Հայոց ցեղասպանության համատեքստում, Մերձավոր Արևելք: Պատմություն, քաղաքականություն, մշակույթ: Հոդվածների ժողովածու, VII, Երևան, 2011, էջ 98-103:
50-Waller J., նշվ. աշխ., էջ 174-189:
51-Մանրամասն տե´ս Valentino B., նշվ. աշխ., էջ 46:
© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|