Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Հոդվածներ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ



Շուշան Խաչատրյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ)


book

«Քրիստոնյաների կոտորածը Թուրքիայում»,
ֆրանսիական Le Petit Journal, մայիսի 2, 1909 թ.
Հոդվածի մեջ անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության աստվածաբանական և կրոնագիտական ուսումնասիրություններին: Առանձնացված են երկու գլխավոր թեմաներ՝ պատմակրոնագիտական և աստվածաբանական՝ իրենց ենթակետերով ու դրանց համապատասխան համառոտ նկարագրությամբ: Պատմակրոնագիտական ուսումնասիրությունների նյութ են Քանանի ազգերի կոտորածը (որի մասին խոսվում է Հին Կտակարանում), ցեղասպանությունների ընթացքում կրոնների բախումը. կա՞ր արդյոք կրոնների քաղաքակրթական բախում, որի հետևանքով տեղի ունեցավ ցեղասպանությունը (իսլամի և քրիստոնեության օրինակով): Երկրորդ խումբը վերաբերում է աստվածաբանական ուսումնասիրություններին՝ ներառելով զոհաբերության և զոհի աստվածաբանության որոշ հարցեր, չարի հիմնախնդրի և թեոդիցեայի աստվածաբանական վերլուծություն ցեղասպանության թեմայի շուրջ, ցեղասպանության զոհերի սրբադասման հարցերը և ցեղասպանությունից հետո ազգային ինքնությանն առնչվող որոշ թեմաներ:

Ցեղասպանությունն աղետ է, որը ժամանակակից մարդկության ամենաքննարկվող ֆենոմենների շարքում է դասվում: Բացի պատմագիտական ուսումնասիրություններից, Հայոց ցեղասպանությանն անդրադարձ է կատարվում հոգեբանական գիտության կողմից, դիտարկվում է հայոց պատմության փիլիսոփայության համա- տեքստում, գրականագիտությունն ուսումնասիրում է Մեծ եղեռնի գրական արտացոլումը հայ և արտասահմանյան գրողների երկերում: Նշված տեսանկյուններից կատարված ուսումնասիրությունները շատ կարևոր են ու անհրաժեշտ: Սակայն այդ կարգի հետազոտությունների կողքին նաև հատուկ ուշադրություն պետք է դարձնել Մեծ եղեռնի աստվածաբանական ուսումնասիրության հարցին, որի կարիքն զգացվում է շատ վաղուց: Եղեռնը կատարվել է քրիստոնեություն դավանող ժողովրդի հետ ու պահանջում է թե՛ աստվածաբանական, թե՛ կրոնագիտական քննարկում:

Այս հոդվածում հակիրճ կներկայացվեն մի կողմից կրոնապատմագիտական ուսումնասիրությունների, մյուս կողմից՝ աստվածաբանական տեսական վերլուծությունների նյութ հանդիսացող և ցեղասպանություն երևույթին առնչվող որոշ օրակարգային թեմաներ: Ստորև պայմանականորեն առանձնացված են 2 խմբեր՝ կրոնապատմագիտական և աստվածաբանական՝ իրենց ենթակետերով: Պետք է ընդգծենք, որ հոգեբանությունը, փիլիսոփայությունը, քաղաքագիտությունը, մշակութաբանությունը և մարդաբանությունն աստվածաբանությանը և կրոնագիտությանն օժանդակող գիտակարգեր են, որոնց սահմաններում կատարված հետազոտությունները հնարավորինս համակողմանիորեն նպաստում են ցեղասպանության՝ որպես երևույթի ուսումնասիրմանը:

1. ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿՐՈՆԱՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Կրոնապատմագիտական ուսումնասիրությունները վերաբերում են հետևյալ՝ առաջին հայացքից իրարից անջատ, սակայն միևնույն ֆենոմենի կրոնագիտական կողմին առնչվող ոլորտներին.

ա) Ոչնչացումը, սպանությունները կրոններում. դիցաբանական համակարգերից մինչև համաշխարհային կրոններ

Դիցաբանական մտածելակերպը բարդ, կոմպլեքս երևույթ է: Բացի հեքիաթների, լեգենդների, մետաֆորիկ կերպարների և հերոսների աշխարհ լինելուց, դիցաբանական մտածողությունը կրոնագետները, մարդաբանները, հոգեբանները և այլք արժևորել ու արժևորում են որպես տվյալ ժողովրդի հոգեբանության արքետիպային, որպես ազգի ինքնության հենակետային փուլ: Այնպես որ, եթե ցանկանում ենք պարզել ցեղասպան գաղափարների հիմքը, անհրաժեշտ է նաև հետադարձ հայացք նետել տվյալ ազգի կրոնական՝ սկզբնական, դիցաբանական համակարգին, թուրքերի դեպքում՝ մինչմիաստվածային կրոնի առանձնահատկություններին. ինչպիսի՞ հերոսներ է ունեցել այդ ժամանակ, արդյոք ազգի իդեալ համարվող հերոսները եղել են արդարության մարտիկնե՞ր, թե՞ ագրեսիվ ուժի մարմնավորումներ:

Հանրահայտ է, որ և՛ բազմաստվածային, և՛ միաստվածային կրոններն անխտիր ունեն հատուկ բարոյական նորմեր: Յուրաքանչյուր կրոնի մեջ աշխարհայացքա- յին վերաբերմունքն այլ կրոնների ներկայացուցիչների հանդեպ կարող է լինել և՛ բացասական, ընդհուպ նրանց ոչնչացնելու կոչերը, և՛ դրական, ինչպես, օրինակ, գթասիրտ լինելը մարդկանց հանդեպ: Բարոյականության դերի ուսումնասիրութ- յունը տվյալ կրոնում կարող է լույս սփռել ցեղասպանագիտական ուսումնասիրությունների վրա:

բ) Քանանի ազգերի ցեղասպանությունը

Այժմ աստվածաբանական լայն քննարկումների առարկա է դարձել Քանանի յոթ ազգերի ոչնչացման խնդիրը հրեաների կողմից: Բուն աստվածաբանական հարցն այստեղ այն է, թե ինչպես կարող է համատեղվել հինկտակարանյան 10 պատվիրանների կրոնը, որտեղ սահմանվում է «Մի՛ սպանիր»-ը, այժմյան Իսրայելի և Պաղեստինի տարածքում Ք. ա. ապրող տեղաբնիկների՝ պարբերաբար իրականացվող ոչնչացման հետ: Խնդրի մասին խոսվում է հենց Հին Կտակարանում, Քանանի ազգերի կոտորածները պատմականորեն ապացուցվում են հնագիտական պեղումներով (պահպանված սեպագրերով, հնագույն տաճարների ու կոթողների շնորհիվ և այլ փաստերով):

գ) Թուրքական իսլամը և Հայոց ցեղասպանությունը: Կրոնների բախումը

Կրոնագիտական վերլուծությունները քննարկում են իսլամ-քրիստոնեություն առճակատումը Հայոց ցեղասպանության ընթացքում: Կրոնների բախումը ցեղասպանության մեջ ակնհայտ է և խթանող կարևորագույն գործոններից մեկն է: Պետք է ընդգծել, որ Հայոց ցեղասպանությունը կրոնական հողի վրա կատարված ցեղասպանություն չէ, սակայն կրոնական առճակատումը և կրոնական այլադավանությունն այն կարևորագույն գործոններից էին, որ հանգեցրին ցեղասպանության իրա- գործմանը:

Այս համատեքստում պետք է ուսումնասիրել՝ ինչպես կրոնը քաղաքական խավի կողմից օգտագործվեց որպես բախում առաջացնող միջոց: Իսլամի գաղափարախոսությունն իր բնույթով չի կարող անջատ լինել պետությունից ու քաղաքակա- նությունից, հետևաբար նաև՝ պատերազմներից, զինված բախումներից: Օսմանյան կայսրության սուլթանը նաև խալիֆ էր` բոլոր մուսուլմանների կրոնական առաջնորդը, իսկ իսլամը կայսրության պետական կրոնն էր մինչև Թուրքիայի Հանրապետության՝ աշխարհիկ պետության հռչակումը (1923-ին): Ազգային պատկանելությունը որոշվում էր դավանանքով:

Այս նյութի լուսաբանումը կարող է ընթանալ հետևյալ հարցերի ուսումնասիրության միջոցով.

1. իսլամի յուրահատկությունը թյուրքական մշակութային տարածքում,
2. իսլամական մարդաբանությունը, բարոյագիտությունը, ջիհադըև Հայոց ցեղասպանությունը
3. իսլամի ի՞նչ կրոնական ուղղություններ կային Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարիներին. սուֆիական-միստիկ ուղղությունները և նրանց դերակատարությունն Օսմանյան կայսրության քաղաքականության և հասարակական կյանքի մեջ (նակշիբանդի, մևլևի, բեկթաշի միաբանությունները):

դ) Կրոնական փոքրամասնությունների հանդեպ երիտթուրքերի վարած քաղաքականությունը և Մեծ եղեռնը, նրանց կրոնական պատկանելության հարցերը, որդեգրած գաղափարախոսությունը

Մերօրյա ցեղասպանագետ Բեն Կիերնանը գրում է. «Չնայած բոլոր երեք ռեժիմները (երիտթուրքականը, նացիստականը և խմերը- Շ. Խ.) աթեիստական էին, բոլորն էլ թիրախավորեցին հատկապես կրոնական փոքրամասնություն հանդիսացող ազգերին...»: 1914 թվականի նոյեմբերի 14-ին Օսմանյան կայսրության հոգևոր առաջնորդը՝ շեյխ-ուլ-իսլամը, արձակեց ֆեթվա՝ հրովարտակ, որով կոչ էր արվում աշխարհի բոլոր մուսուլմաններին ջիհադի դուրս գալ ընդդեմ Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի: Հրովարտակը միանշանակ չընկալվեց ամբողջ իսլամական աշխարհում, քանի որ շատերն այն ընդունեցին որպես երիտթուրքերի քաղաքական ուտոպիաների արդյունք: Ջիհադի այս հայտարարությունն այն խթանն էր, որը երիտթուրքերի հաշվարկով պետք է մոլեգնեցներ իսլամադավան արմատականներին այն կայսրության տարածքում, որտեղ դարերով դժվարին փոխհարաբերություններ էին հաստատվել քրիստոնյա տեղաբնիկ ազգերի և իսլամ ընդունած թյուրքական քոչվորների սերունդների միջև:

Երիտթուրքերի գաղափարախոսական կորիզը կարելի է համարել աթեիզմը՝ չմոռանալով նրանց կողմից որդեգրված օժանդակ գաղափարախոսությունները, ինչպիսիք էին՝ պոզիտիվիզմը, կենսաբանական մատերիալիզմը, սոցիալական դարվինիզմը և այլն: Երիտթուրքերը սեփական գաղափարները ձևավորելիս, ի թիվս այլոց, օգտվել էին հատկապես պոզիտիվիզմի հիմնադիր փիլիսոփա Օգյուստ Կոնտի և սոցիալական հոգեբան Գյուստավ Լը Բոնի տեսություններից:

ե) Հայերի կրոնափոխության հարցը ցեղասպանության տարիներին

Նախորդ երկու ենթակետերի հետ անմիջական առնչություն ունի ցեղասպա- նության տարիներին հայերի բռնի կրոնափոխության երևույթը: Բռնի կրոնափոխությունը` որպես ցեղասպանության գործիք, զատում է Հայոց ցեղասպանությունը մյուս՝ մի շարք ցեղասպանություններից:

Այս խնդիրը մշակութային ցեղասպանության մաս է: Այս ենթակետի շրջանակներում կրոնափոխությունը պետք է ուսումնասիրվի ամենայն մանրամասնությամբ՝ ծեսը, կրոնափոխ եղածների սոցիալական ինտեգրման փուլերը, կրոնասոցիալական նշանակությունն ու հետևանքները Հայոց ցեղասպանության ընթացքում և հետագայում:

2. ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ցեղասպանությունը ներառում է և՛ մարդկային էթիկական չարը, և՛ կրոնական չարը: Այս առումով Հոլոքոստի աստվածաբանական մեկնաբանությունները շատ են. աստվածաբանական աշխատանքներ են սկսվել տպագրվել անմիջապես Հոլոքոստից և Իսրայելի պետության վերականգնումից (1948 թ.) հետո: Հոլոքոստի աստվածաբանությունն առանձին մտածողների տեսակետների համախումբն է, իսկ այդ տեսակետները տարբեր հեղինակների մոտ հաճախ իրարամերժ են լինում, հետևաբար աստվածաբանական միահամուռ տեսակետ գոյություն չունի: Հարցերը, որոնք արծարծվում են Հոլոքոստի մասին աստվածաբանելիս, բազմաթիվ են ու առնչվում են հրեական աշխարհայացքի հիմքերին, որտեղ կրոնը՝ հուդայականությունը, առանցքային տեղ է զբաղեցնում:

Նախորդ դարի հիսունական թվականներից սկսած՝ մեծ աղմուկ բարձրացրեց «Աստծու մահվան»մասին աստվածաբանությունն ու համապատասխան արձագանքներ ունեցավ փիլիսոփայության մեջ: Այս տեսությունն առաջադրողներից էր հայազգի բողոքական, ռադիկալ աստվածաբանության ներկայացուցիչ Գաբրիել Վահանյանը (1927-2012), ով ցեղասպանությունը վերապրած ծնողների զավակ էր և ծանոթ էր Եղեռնի գործած դեստրուկտիվ ազդեցությանը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ու հոգևոր մակարդակներում: Նա առաջադրեց այն գաղափարը, որ ժամանակակից աշխարհը «հետքրիստոնեական» (անգլ. post-Christian) դարաշրջան է ապրում: Անդրադառնալով մարդու աշխարհընկալման և բարոյական փոփոխություններին և այդ ամենի մեջ Աստծու ներկայության գաղափարին՝ Վահանյանը կարծում է, որ մշակույթը կորցրել է ամեն տեսակ «սրբազան» տարր, իսկ ժամանակակից մարդու գիտակցության մեջ «Աստված մահացել է»: Հոլոքոստի առաջին աստվածաբաններից մեկը` Ռիչարդ Ռուբենշտայնը (ծն. 1924), այս ուղղությունից ազդված, իր «Օսվենցիմից հետո» գրքում կարծում է, որ հրեաների Աստվածը մահացել է, Նա այլևս հոգ չի տանում իր ազգի մասին, հետևաբար, ըստ նրա, իմաստ չունի ո՛չ աղոթելը, ո՛չ Պասեք տոնելը, քանի որ դա այն տոնն է, որը խորհրդանշում է Աստծու հոգածությունը հրեա ժողովրդի հանդեպ. Հոլոքոստի ժամանակ Աստված, իբր, չհոգաց, մոռացավ իր ազգի մասին: Ըստ նրա` «Աստված Սուրբ Չգոյ է»` անտարբեր արարածի ճակատագրի հանդեպ. դա, ըստ Ռուբենշտայնի, հատկապես երևաց Հոլոքոստի ժամանակ:

Հոլոքոստի առավել հայտնի աստվածաբաններից է Էլիզեր Բերկովիցը (1908–1992): Բերկովիցի աստվածաբանությունը կարելի է կոչել պատմաիմաստասիրական, քանի որ իր «Հավատքը Հոլոքոստից հետո» գրքով նա փորձում է ուրվագծել Աստծո միջամտելը մարդկության պատմությանը, իսկ տեղի ունեցող մարդածին աղետները պարզապես մարդու ազատկամային բացասական դրսևորումներն են: Հրեաների կոտորածը ամենևին էլ հակասեմական պոռթկում չէր, այլ, ինչպես նա է համոզված, նացիստների մետաֆիզիկական վախն էր «իշխանություն չունեցող» Աստծուց, որը միաժամանակ ներկա է պատմության ընթացքում: Նացիստները, այդպիսով, վախենում էին հրեաների պարադոքսալ Աստծուց և ցանկանում էին վերացնել այդ Աստծու «վկաներին»՝ հրեաներին:

Աստվածաբանական hարցերը, որոնց ծրագրվում է հատուկ ուշադրություն դարձնել, վերաբերում են և՛ հուդայական աստվածաբանությանը, և՛ հրեա-քրիստոնեական երկխոսությանը, և՛ Մեծ եղեռնի թեոդիցեային: Աստվածաբանական հարցերը, որ առաջադրում է ցեղասպանությունը, հետևյալն են.

ա) Ցեղասպանության թեոդիցեան

Ցեղասպանության ուսումնասիրությունը կատարվում է թեոդիցեայի՝ և՛ աստվածաբանական, և՛ փիլիսոփայական հայեցակարգերի հետ համատեղ: Այն հարցերից, որոնք քննվում են այս ուսմունքի շրջանակներում, մի քանիսը հետևյալն են. «ինչպե՞ս կարող է մարդու աշխարհայացքը նույնը մնալ ցեղասպանությունից հետո», «արդյո՞ք նույնը պետք է մնա մարդու մասին ընկալումը», «ի՞նչ կատարվեց Աստծո Արդարադատության ուսմունքի հետ», «ինչո՞վ կարող է օգնել թեոդիցեայի ցանկացած փորձ այն բանից հետո, երբ չարը իրեն դրսևորեց որպես առերևույթ հզոր ու անկախ ուժ», «ինչպե՞ս հասկանալ չարի դիալեկտիկ դերակատարումը աշխարհում», «ինչպե՞ս բացատրել Աստծու սարսափեցնող լռությունը կոտորածի ժամանակ» և այլն: Այս հարցերն իրենց թե՛ փիլիսոփայական, թե՛ աստվածաբանական ուղղվածությամբ ստանում են պատասխաններ ամենատարբեր տեսանկյուններից:

բ) Զոհի կամ զոհաբերության աստվածաբանություն. զոհաբերության իմաստը ցեղասպանության մեջ

Պատմագիտության, հոգեբանության, իրավագիտության բնագավառներում «զոհ» բառը, եզրը, ունի տվյալ ոլորտներին բնորոշ բացատրություն: Օրինակ` հոգեբանության մեջ առանձին բնագավառ`վիկտիմալոգիան զբաղվում է զոհի վարքի, նրա կրած հոգեբանական ձևափոխությունների ուսումնասիրություններով, իրավաբանության մեջ քրեագիտության առանձին կատեգորիա է զոհը: Սակայն բառի ծագումը հուշում է, որ ոլորտը, որին պատկանում է բառը, կրոնականն է: Նույնը կարող ենք ասել նաև «հոլոքոստ» եզրի մասին, որի ոլորտը ևս կրոնականն է` ամբողջովին այրվող` ողջակիզման ենթարկվող զոհը, որը կատարվում էր Սողոմոնի տաճարում: Սակայն «զոհ» բառն օգտագործելիս պետք է լինել առավելագույնս զգույշ, որպեսզի «զոհ» ասելիս պիտակավորման կամ արժևորման երևույթ չնկատվի: Այս դիտանկյունից խնդիրն ուսումնասիրելն իր բնույթով ֆենոմենոլոգիական է և չի ենթադրում տուժող կողմին որպես հավերժական զոհ ներկայացնելը:

գ) Կաթոլիկ և բողոքական միսիոներների աստվածաբանական խորհրդածությունները հայերի կոտորածների մասին

Միսիոներները, որոնք Եղեռնի ականատեսն են եղել, աչքի են ընկնում համամարդկային ճգնաժամի հատուկ ընկալմամբ՝ այդ երևույթը կապելով առաջին հերթին կրոնական և բարոյական ճգնաժամի հետ: Նրանց օրագրերում կարելի է գտնել բազմաթիվ խորհրդածություններ՝ համեմված յուրօրինակ պատմափիլիսոփայությամբ, դեպքերը կապելով քրիստոնեական ընդհանուր վախճանաբանությանը հատուկ ուսմունքների հետ: Հաճախ, եթե անգամ միսիոները կամ միսիոներուհին իր դավանաբանական պատկանելության մասին ոչինչ չի հաղորդում, կարելի է դրա մասին պատկերացում կազմել նրա յուրահատուկ աստվածաբանական դիրքորոշումից, որն արտացոլվում է օրագրի էջերում: Ականատես լինելով Հայոց ցեղասպանության վայրագություններին՝ նրանցից շատերը համոզված են, որ հայերը նահատակվում են քրիստոնյա լինելու պատճառով, իսկ դեպքերը հաճախ ընկալվում են որպես աշխարհի վախճանի նշաններից մեկը: Նրանց հուշերում մեջբերվում են Աստվածաշնչից համարներ՝ անելով համեմատություններ հայերի կրած տառապանքների հետ (Հայտն. 12.11, Հուդիթ 8:15, Առակ. 3:12, Սաղմ. 125:5)16, ուշադրություն են դարձնում ցեղասպանությունն իրականացնողների կողմից սպանություններին ծիսական երանգավորում հաղորդելու դեպքերին, ընդգծում կրոնափոխ չլինելու հայերի հաստատակամությունը: Այս իմաստով աբբա Ժյուլ Շապեռոնի, Մարիա Յակոբսենի, Ալմա Յոհանսոնի, Բոդիլ Բյոռնի, Ռութ Փարմլիի, Հենրի Ռիգզի և բազում այլ միսիոներների վկայություններն անգերագնահատելի են:

դ) Զանգվածային սպանությունների իմաստաբանությունը (սեմանտիկան), կապը կրոնական նշանաբանության հետ

Այս ենթակետի նյութը կարող են դառնալ հետևյալ ասպեկտները՝ իրենց սիմվոլիկ կրոնահոգեբանական և սեմանտիկ վերլուծություններով.

1. վայրերը (անապատ, գետ, դաշտ, բնակավայրից դուրս հանվելը և այլն),
2. ձևերը (կտտանքներ, խաչելություն, ծիսական սպանություններ, մահվան շարժակազմ, բռնաբարություն և այլն):

ե) Եղեռնի զոհերի սրբադասման հարցեր

Հոլոքոստի ժամանակ սպանված հրեաներն ուղղադավան հուդայական հեղինակների կողմից «կեդոշիմ»-ի (եբր. «սրբեր»)՝ հանուն հավատի մահացածների,հասկացության մեջ չեն դասվում. Հոլոքոստի ընթացքում մահացան հրեաներ` լինելով թե՛ աթեիստներ, թե՛ հուդայականներ, թե՛ քրիստոնյաներ: Սակայն Մեծ եղեռնի ընթացքում շատ հայեր որպես քրիստոնյա նահատակվեցին՝ մերժելով կրոնափոխությունը, որն առաջարկվում էր հայերին՝ որպես մահվանն այլընտրանք: Հայ առաքելական եկեղեցու վերջին սուրբը Գրիգոր Տաթևացին (1346-1409) է, որին Հայ եկեղեցին սրբադասել է Կիրակոս Ա Վիրապեցի (1441–1443) կաթողիկոսի գահակալության ժամանակ: Հայ նահատակների քրիստոնեական սխրանքի շուրջ պետք է կատարվեն աստվածաբանական մեկնաբանություններ՝ մանրակրկիտ աղբյուրագիտական վերլուծություններով:

զ) Մեծ եղեռնի աստվածաբանական վերլուծությունները

Եթե «ցեղասպանությունը» իրավական լեզվով հանցանքների հանցանք է կոչվում, ապա աստվածաբանության լեզվով այն «մեղքերի մեղք» կարելի է կոչել, քանի որ ներառում է բոլոր մեղքերը և դրանց հետևանքները: Հայոց ցեղասպանությունը աստվածաբանության դիտանկյունից փորձել են նայել հետևյալ աստվածաբանները: Հայր Համազասպ Գլընճյանն իր աստվածաբանական կարծիքն է արտահայտել Գաբրիել Վահանյանի «Աստծո մահվան» տեսության շուրջ: Հայր Լևոն Զեքիյանն ունի մենագրություն՝ նվիրված հայ ինքնությանը, և Հայոց ցեղասպանության բարոյագիտական և աստվածաբանական հարցերին առնչվող հոդվածներ: Վիգեն Գուրոյանը Վիրջինիայի համալսարանի աստվածաբանության դասախոս է. նա դիտարկում է Եղեռն - Եկեղեցի - ժողովուրդ զուգահեռները, «Ինչպե՞ս մենք պետք է հիշենք» հոդվածների ժողովածուի մեջ խոսում է ազգի կրած հոգեբանական ու հոգևոր ճգնաժամերի շուրջ, անցում կատարում հայոց պատմության փիլիսոփայությանը, ինչպես և Սփյուռքում ցեղասպանությունը հիշելու և վկայակոչելու երևույթին: Գրական և փիլիսոփայական զուգահեռներով հոդված է տպագրել Վենետիկի Մխիթարյան միաբան Հայր Գրիգորիս Սիրանյանը: Եղեռնի մասին խոսել է նաև անգլիկան աստվածաբան Ֆլորա Քեշգեգյանը:

է) Հայոց ցեղասպանությունը, Հայ եկեղեցին և ազգային ինքնության պահպանման խնդիրները XXI դարում

XXI դարն իր մարտահրավերներով հայ ազգային ինքնությանն առնչվող բազմաթիվ հարցեր է առաջադրում: Էթնիկ ինքնության հարցը հայերիս համար արդեն մեկ դար է, ինչ ուղիղ կապ ունի Եղեռնի հետ: Ցեղասպանության հետևանքով մեծ ավերածություն եղավ ոչ միայն ֆիզիկական մակարդակում, այլև հոգեկան և հոգևոր մակարդակներում: Հայերի ինքնագիտակցականը փոփոխություններ կրեց, որոնք իրենց ազդեցությունն ունեցան նաև հոգևոր կերտվածքի վրա: Ցեղասպանության հետևանքով վնասվեց նաև քրիստոնեական հավատքը. թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում պատկերը գրեթե չի տարբերվում: Խիստ տառապանքն ազդեցություն է գործում կրոնական հավատքի վրա: Ոմանք ծայրահեղ աթեիստ են, մյուսները փորձում են տրամաբանական պատճառներ գտնել, թե ինչո՛ւ Աստված չմիջամտեց` կանխելու վերահաս աղետը «քրիստոնյա ազգի» նկատմամբ: Մեկ այլ դեպքում էլ տեսնում ենք հավատի ձևափոխում, որի մոտիվացիան հետևյալն է. Աստված չուզեց դադարեցնել աղետը, հետևաբար հայ ժողովուրդն արժանի էր դրան, ինչպես և ամենատարբեր բացատրություններ ու կարծիքներ: Այս բոլոր հարցադրումներն ու պատասխաններն այն խոր վիշտն են արտահայտում, որը չի հաղթահարվել, որն ուղեկցվում է վիրավորանքով, փնտրում է պատասխաններ թե՛ բանականի, թե՛ գերբնականի սահմաններում: Հետաքրքիր է, որ հայերը, գիտակցելով հանդերձ երիտթուրքերի ոճրագործ լինելը, չեն բավարարվում դրանով, ու երբեմն էլ կարելի է կարծել, որ թուրքերը հայերիս այս հոգեվերլուծական մտահայեցումների հետ ընդհանրապես կապ չունեն, քանի որ հայերը նրանց գիտակցաբար դուրս են թողնում այդ շրջանակից: Մղում կա՝ պարզելու քրիստոնյա հայի ու Աստծու հարաբերությունները, գտնելու պատասխաններ բազմաթիվ «ինչո՞ւ»-ների, որոնք շատ հաճախ վերպատմական են:

Հոդվածում համառոտ ներկայացվեցին այն հիմնական կետերը, որոնք պահանջում են կրոնագիտական և աստվածաբանական ուսումնասիրություն: Ցեղասպանությունները կանգնած են ներկայիս մշակութային ու կրոնական ճգնաժամերի հիմքերի մոտ` մարտահրավեր նետելով մարդու գործունեության ցանկացած ոլորտի: Ցեղասպանությունը կապված է ուտոպիստական առաջընթացի տեսիլքների ու հեղափոխականության, բարոյական անկման և կրոնական-աշխարհայացքային տարբերությունների հետ: Մարդկության ճգնաժամի հետ կապված այս երևույթը պետք է լինի աստվածաբանության և կրոնագիտության ուսումնասիրության նյութ հանդիսացող առաջնային հարցերից:



Ցեղասպանագիտական հանդես, 2 (2), Երևան, 2014թ.



© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am