Ներկայումս անհնար է մարդկային հասարակությանը պատկերացնել առանց տեխնոլոգիական զարգացման։ Նորարարությունը և տեխնոլոգիական առաջընթացն իրենց հետ արագ փոփոխություններ են բերում մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներում՝ այդ թվում նաև ռազմական ասպարեզում։ Սակայն նորագույն տեխնոլոգիական միջոցները բոլոր դրական կողմերով հանդերձ, կախված իրենց կիրառությունից, կարող են մեծ վտանգ պարունակել ինչպես ողջ մարդկության, այնպես էլ մարդկային առանձին խմբերի համար։ Խոսքը մասնավորապես վերաբերում է անօդաչու թռչող սարքերին կամ դրոններին, որոնք կարող են հայտնվել ահաբեկչական խմբավորումների և այնպիսի պետությունների կառավարությունների ձեռքում, որոնք հակված կլինեն դրանք օգտագործել մարդկանց որոշակի խմբերին թիրախավորելու նպատակով։
Դրոնների կիրառման դեպքում ռիսկի գործոնը մեծ է. դրանց որոշ տեսակներ կարող են ստեղծվել կարճ ժամանակամիջոցում և սահմանափակ ռեսուրների օգտագործման միջոցով։ Միևնույն ժամանակ, հեռակառավարումը դրոնների աշխատանքը համակարգող կողմին հնարավորություն է տալիս զերծ մնալ մարդկային կորուստ ունենալուց։
Սրան զուգահեռ արդեն կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ապակայունացնող վտանգ են պարունակում պետությունների կողմից արտադրվող և գերժամանակակից տեխնիկական հնարավորություններով հագեցած անօդաչուները։
Խնդիրը հատկապես հրատապ նշանակություն ունի ներկայիս փուլում, երբ ականատես ենք լինում, թե ինչպես են համավարակի տարածման և դրա արդյունքում համաշխարհային տնտեսական ճգնաժամի, գլոբալ մակարդակով սոցիալական լարվածության սրման ֆոնին նոր թափով բորբոքվում ազգային, էթնիկ և կրոնական մի շարք հակամարտությունները։
Եվ այս առումով ուշագրավ է անցած տարի Արցախում 44 օր տևած պատերազմում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան, որի համատեքստում մեծ դերակատարություն ունեցավ դրոնների կիրառումը։ Ընդ որում, ադրբեջանական կողմը անօդաչուներն օգտագործում էր ինչպես հայկական կողմի զինվորական ուժերն ու զրահատեխնիկան ոչնչացնելու, այնպես էլ լայնորեն կիրառում էր քաղաքացիական բնակավայրերը, բնակչությանը թիրախավորելու, մշակութային և կրթական կենտրոններն ու ենթակառուցվածքները վնասելու նպատակով՝ արդյունքում ստեղծելով էթնիկ զտումների և ցեղասպանության լուրջ սպառնալիք։
Այսպես, օրինակ, ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանական զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ հասցրեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն(1)։ Ավելին, ադրբեջանական ուժերն անօդաչուներով թիրախավորեցին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը(2) և մյուս հիմնական բնակավայրերը, այդ թվում` Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը, Շուշին: Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքային վնասների, անօդաչուների հարվածների թիրախում հայտնվեցին նաև որոշ դպրոցներ(3):
Սակայն հարցը դրոնների կիրառման միջոցով միայն արցախահայության թիրախավորմամբ չավարտվեց. ադրբեջանական կողմի անօդաչու սարքերի հարվածի տակ հայտնվեց նաև ՀՀ սահմանամերձ շրջանների հայ բնակչությունը(4)։ Նկատենք, որ ադրբեջանական անօդաչուների թիրախային հարձակումները Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են(5):
Պատահական չէ, որ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոթրեն, ով իր պատգամավոր գործընկերների հետ պատերազմի ընթացքում Արցախ էր այցելել, Արցախում իրենց տեսածը որակել է որպես «դրոնային ցեղասպանություն»։ «Արցախի բնակչությանը փորձում են ցեղասպանության ենթարկել ԱԹՍ-ների միջոցով»,- ասել է Քոթրեն(6)։
Եվ ուշագրավ է, որ «դրոնային ցեղասպանություն» եզրույթի շրջանառության մեջ դրվելուց հետո ադրբեջանական «Бакинский Бульвар» ռուսալեզու տելեգրամյան ալիքը ակտիվորեն տարածում էր ադրբեջանական ռազմական գերատեսչության տեսանյութերը, որոնցում ցուցադրվում է, թե ինչպես են թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի միջոցով ոչնչացվում հայկական զինվորական ուժերը և տեխնիկան։ Այդ տեսանյութերը տարածվեցին հետևյալ վերնագրերով՝ «Պաշտպանության նախարարությունը հանդիսատեսին ուրախացրեց «Դրոնային ցեղասպանություն» բազմասերիանոց նոր դրամայով», «Դրոնային ցեղասպանության նոր սերիա» և այլն(7)։
Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի պատասխանատվության և պատժամիջոցների միջազգային մեխանիզմներ ստեղծվեն դրոնների միջոցով խաղաղ բնակչության թիրախավորման և էթնիկ զտումների սպառնալիքի չեզոքացման ու պատժի համար։ Եթե խնդիրը չկարգավորվի, ապա այն ավելի կխորանա անօդաչու սարքերի կատարելագործմանը զուգընթաց, երբ որ դրանք, արհեստական բանականության տեխնոլոգիայով օժտված լինելով, ինքնավար գործելու և մարդկանց թիրախավորելու հնարավորություն կստանան։ Այս հարցը շատ այժմեական է, քանի որ Թուրքիայում արդեն իսկ սկսել են աշխատել անօդաչու թռչող սարքերի՝ արհեստական բանականության վրա հիմնված ծրագրակազմ ստեղծելու ուղղությամբ(8)։
Նարեկ Պողոսյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի
Համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող
Թուրքական արտադրության «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարք:
Ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածից Վարդենիսում այրված քաղաքացիական ավտոբուս:
_________________________________
1. «Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունից վիրավորված ռուս լրագրողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է», 8․10․2020, https://armenpress.am/arm/news/1030925.html,
Human Rights Watch, “Azerbaijan: Attack on Church Possible War Crime,” https://cutt.ly/4l2zgGY:
2. «Ադրբեջանն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածում է մայրաքաղաք Ստեփանակերտին. Բեգլարյան», 07.10.2020, https://cutt.ly/ul2zxid:
3. «Արցախում ավելի քան 50 վիրավոր կա. բոլորը խաղաղ բնակիչներ են», 27.09.2020, https://cutt.ly/yl2zEvQ:
4. ՀՀ ԱԻՆ, «Ադրբեջանական ԱԹՍ-ները հրթիռակոծել են քաղաքացիական ենթակառուցվածքներ», 17.10.2020, http://mes.am/hy/news/item/2020/10/17/1747/,
«Ադրբեջանական կողմի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Սոթքի և Կութիի դպրոցները», 19․10․2020, https://www.azatutyun.am/a/30900631.html:
5. Տե՛ս ՀՀ ՄԻՊ արտահերթ զեկույցը Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումների վերաբերյալ՝ որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտումների մասին, https://cutt.ly/6l2zSUV:
6. Արցախի բնակչությանը ցեղասպանության են ենթարկում ԱԹՍ-ների միջոցով. գերմանացի պատգամավոր, 18.10.2020, https://cutt.ly/Nl2zKfO.
7. Бакинский Бульвар, https://cutt.ly/Gl2zNZm.
8. Burak Ege Bekdil, “Turkish firm develops AI-powered software for drone swarms,” 24.11. 2020, https://cutt.ly/Ql2z3RH.