ՆԻԼԻ անդամ Էիթան Բելքինդի պատմածը (1887 – 1979) Իսրայելի պաշտպանության նախարարության հրատարակչություն, 1979
Լուսանկարը`
http://www.gen-mus.co.il/
(Գրքի հեղինակը` Ռիշոն լե Ցիոնի ծնված, ավարտել է թուրքական սպայական դպրոցը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է մորեխների ոչնչացման գործողությանը: Նրա տեսած հայերի կոտորածն այնքան է ազդել նրա և ուրիշների վրա, որ նրանք հիմնեցին ՆԻԼԻ կազմակերպությունը, որն աշխատում էր թուրքերի դեմ` հօգուտ անգլիացիների):
Իսրայելում հրեաների մեծամասնությունը, ինչպես «հին իշուվից» (բնակչություն), այնպես էլ նոր ժամանածները, պահպանում էին ոչ թուրքական քաղաքացիությունը, որը պաշտպանում էր հրեաների իրավունքները «կապիտուլյացիաների» համակարգի համաձայն, իրավունքներ` տրամադրվող Օսմանյան կայսրության կողմից օտարերկրյա քաղաքացիներին փոխառությունների դիմաց, որոնք Թուրքիան ստանում էր եվրոպական տերություններից` թուրքական խարխլված կայսրությունը պահպանելու համար:
Պատերազմի ընթացքում թուրքական իշխանությունները չէին կարող համաձայնել այն բանի հետ, որ Իսրայելում էին գտնվում թշնամական երկրներից տասնյակ հազարավոր օտարերկրյա քաղաքացիներ (քանի որ ժամանածները, հիմնականում, Թուրքիայի դեմ պատերազմող Ռուսական կայսրությունից էին): Թուրքերը պահանջեցին հրեաներից կամ ընդունել օսմանյան քաղաքացիությունը, կամ լքել Իսրայելը: «Բիլիումը» և այլ հիմնադիրները (առաջին ալիայից) ու նրանց գլխավորող Էլիէզեր Բեն-Իեհուդան կոչով դիմեցին հրեաներին` ընդունելու օսմանյան քաղաքացիություն: Սակայն շատ քչերը միայն արձագանքեցին այդ կոչին, քանի որ մեծամասնությունը վախենում էր, որ նրանք, ովքեր ընդունել էին քաղաքացիությունը, հետագայում կզորակոչվեին թուրքական բանակ, իսկ ո՞վ, եթե ոչ հրեաները, վախենում էին այն ժամանակ բանակ զորակոչվելուց: Մարդիկ գերադասեցին արտաքսվել Իսրայելից, միայն թե չմեկնել բանակ:
1915թ. մարտի վերջին ուրբաթներից մեկի ժամանակ շուրջ 10.000 հրեաներ արտաքսվեցին Իսրայելից, որոնց Յաֆո նավահանգստում նստեցրեցին չեզոք երկրների` Իտալիայի, ԱՄՆ-ի և այլոց նավերը: Արտաքսումն իրականացվում էր մեծ դաժանությամբ: Արտաքսվածները թողեցին իրենց ողջ ունեցվածքը, կանայք և երեխաները նետվեցին նավերի մեջ: Պատկերը ծանր էր և ճնշող:
Ավշալոմ Ֆայնբերգը, որը ներկա էր արտաքսմանը, մեկնեց Երուսաղեմ` մորեխների դեմ պայքարի վարչություն և դիմեց Ահարոն Ահարոնսոնին` ապստամբություն բարձրացնելու պահանջով, քանի որ հրեական բնակավայրերը գտնվում էին ոչնչացման եզրին: Ավշալոմը նշեց, որ հրեաների արտաքսումն իրականացված է, իր կարծիքով, գերմանացիների խորհրդով: «... Մենք պետք է օգնենք անգլիացիներին և ֆրանսիացիներին` հաղթելու պատերազմում,- ասաց Ավշալոմը,- քանի որ եթե, Աստված մի արասցե, գերմանացիները հաղթեն, մեր երկիրը, համաձայն գերմանական «Դրանգ նախ Օսթեն» (Ճեղքում դեպի Արևելք) կարգախոսի, կդառնա գերմանական գաղութ: Գերմանիան չունի բնակավայրեր, երկրում կա համարյա 85 միլիոն բնակչություն, որը բնակության համար տարածքներ է փնտրում: Գերմանիայի նպատակների շարքում է գտնվում Իսրայելը, որը նրանք արդեն սկսել են բնակեցնել տաճարականների քողի ներքո»:
ՀԱՅԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
... Մեր ճամբորդության երկրորդ օրը մենք Եփրատում մի դիակ տեսանք: Զարմացանք, սակայն մեզ ուղեկցող զինվորները հանգստացրեցին մեզ, ասելով, որ դա հայի դիակ է:
Մեզ հայտնի դարձավ, որ մոտակայքում` Եփրատի մյուս ափին, Հայաստանից այստեղ արտաքսված հայերի ճամբար կա: Մեր ընկեր Շիրինյանի դեմքը գունատվեց և նա համոզեց մեզ` անցնել Եփրատը և այցելել հայկական ճամբարը:
Մենք տեսանք ճամբար մի քանի հարյուր մարդկանց համար, որոնք ապրում էին ձեռքի տակ եղած նյութերից պատրաստված հյուղակներում: Տարածքը մաքուր էր և հյուղակները կանգնեցված էին ուղիղ գծերով: Մենք անցանք հյուղակների մոտով և նայեցինք` ինչ է կատարվում ներսում: Այնտեղ տեսանք կանանց և երեխաների: Նայելով հյուղակներից մեկի մեջ` Շիրինյանը տեսավ իր հորաքույրներից մեկին, որն իրեն պատմեց, որ բոլոր տղամարդիկ սպանված են և մնացել են միայն կանայք և երեխաները:
Շիրինյանը չգիտեր` ինչ է պատահել իր ժողովրդի հետ: Ապշած` նա սկսեց հեկեկալ իր հորաքրոջ ուսին, սակայն Յակով Բեկերը և ես քաջալերեցինք նրան և ասացինք, որ պետք է կատարենք մեր վրա դրված պարտականությունները: Մենք շարունակեցինք մեր ճանապարհը և որքան ավելի էինք առաջ գնում, այնքան ավելի շատ ջրում լող տվող հայերի դիակներ էինք տեսնում:
Վեց օր ճանապարհից հետո հասանք Դեյր էզ Զոր` այդ շրջանի կարևոր քաղաքը և այնտեղ ներկայացանք քաղաքի զինվորական տեսուչին` չերքեզ գնդապետ Ահմեդ բեյին: Ներկայացրեցինք նրան փաստաթղթերը և շարադրեցինք մեր ուղևորության նպատակները: Իմ ընկեր Յակով Բեկերը կացարան ստացավ, իսկ ես և իմ ընկեր Շիրինյանը ձերբակալվեցինք: Հետագայում մեզ այցելած Յակով Բեկերը բացատրեց, որ մենք ձերբակալված ենք այն պատճառով, որ հայ ենք: Պարզվեց, որ տեսուչը վախենում էր, որ ես նույնպես հայ եմ, քանի որ կարդացել էր իմ անունը` Էիտան` գրված թուրքերեն (այն ժամանակ դեռևս արաբերեն տառերով), երբ «ի» տառը գրվում է երկու կետ ներքևում, իսկ «տ» տառը գրվում է նույն կերպ, սակայն երկու կետը վերևում` «Էտիան» ձևի` բացարձակ հայերեն հնչողությամբ անուն: «Ինչքան որ ես չփորձեցի ամենը բացատրել պետին,- ասաց Բեկերը,- համոզել նրան ես չկարողացա: Ուստի հեռագիր եմ ուղարկել պետին Դամասկոս»: Երկու օր ես կալանավորված էի, մինչև Դամասկոսից ինձ ազատելու հեռագիրը չեկավ: Մեր ընկեր Շիրինյանի ճակատագիրն ինձ անհայտ է մինչ այսօր:
Դեյր էզ Զորում, որը զինվորական կենտրոն էր, կար զինվորական հիվանդանոց, որը ղեկավարում էր հրեա բժիշկ Բ-խորը (±) և որտեղ կար Արտո ազգանունով հրեա դեղագործ:
Այնտեղ մեզ հայտնի դարձավ, որ Ահմեդ բեյը չերքեզական ջոկատների հրամանատարն էր, որոնք մոբիլիզացված էին` հրեաներին ոչնչացնելու համար: Իրենց ընդարձակ տանը մեզ ընդունած բժիշկն ու դեղագործը պատմեցին, որ բոլոր հայ տղամարդիկ սպանվել են դեռևս Անատոլիայի իրենց տներից դեպի այստեղ բերող ճանապարհին, իսկ գեղեցիկ կանայք և աղջիկները թողնվել են բեդվինների քմահաճույքին:
Այն բացից հետո, երբ ստացանք ձիեր և ուղեկցության համար զինվորներ, Յակով Բեկերը շարունակեց ճանապարհը Մոսուլ, իսկ ես ուղևորվեցի իմ շրջան` Կիբուր գետի երկայնքով: Գիշերը` մինչ ճանապարհ ընկնելը, մենք լսեցինք ահավոր, աղեկտուր կանացի ճիչեր: Հայկական ճամբարը մեկ կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում այն տնից, որտեղ որ մենք ապրում էինք: Ճիչերը շարունակվում էին ողջ գիշեր: Մեր հարցին` ինչ է տեղի ունենում, մեզ ասացին, որ մայրերից վերցնում էին զավակներին, որպեսզի ուղարկեին երեխաներին հանրակացարաններ և շարունակեին իրենց ուսուցումը:
Սակայն առավոտյան, երբ ճանապարհ ընկա և հատում էի Եփրատ գետի կամուրջը, ես ապշած էի` տեսնելով արյունից կարմրած գետի ջուրը և ջրի երես:
Երեք օր ձիով գնալուց հետո ես ժամանեցի Արամ-Նահարային, որտեղ ահավոր ողբերգության ականատեսը դարձա: Այդ տեղում իրար կողք երկու ճամբար կար` հայկական և չերքեզական: Չերքեզները «զբաղված» էին հայերին ոչնչացնելով: Չերքեզական ճամբարում էին հավաքվել նաև արաբական շեյխերը, որոնք գեղեցիկ հայ աղջիկներից իրենց համար կանանց էին ընտրում: Ինձ երկու հայ կանայք դիմեցին, տվեցին իրենց լուսանկարները և խնդրեցին, որ եթե ես երբևէ Հալեպ գնամ և գտնեմ իրենց ընտանիքներին (մեծ հարցականի տակ է, արդյոք կենդանի են մնացել իրենց ընտանիքները), ապա ես պետք է բարևեմ նրանց:
Չերքեզական սպան, նկատելով, որ ես խոսում եմ երկու հայուհիների հետ, հրամայեց ինձ լքել այդ վայրը, սակայն ես մնացի նայելու` ինչ է արվելու հայերի հետ: Չերքեզ զինվորները հրամայեցին հայերին չոր խոտ հավաքել և այն դարսել բարձր բուրգով. դրանից հետո ձեռք ձեռքի կապեցին բոլոր հայերին, ովքեր կային այնտեղ, համարյա հինգ հազար հոգի, նրանց շուրջ, ինչպես շրջանի մեջ, տեղադրեցին չոր խոտի բուրգերը և այրեցին այդ խոտը, այդ կրակի բոցը բարձրանում էր երկինքն ի վեր` կրակում ողջակիզված դժբախտների ճիչի հետ միասին: Ես փախա այնտեղից, քանի որ չէի կարող դիտել այդ ահավոր տեսարանը: Ես հարվածեցի ձիուս, որպեսզի նա ամբողջ ոժով սլանար և երկժամյա խելահեղ արշավումից հետո դեռևս լսում էի դժբախտների ճիչերը, մինչև դրանք էլ չդադարեցին: Երկու օր անց ես վերադարձա այդ տեղը և տեսա հազարավոր մարդկանց այրված դիակներ:
Եկա Սանջեր սարերի մոտ, որտեղ բնակվում էին եզդիները: Սարերի ստորոտում` հյուսիսում գտնվող Ուրֆա քաղաքի ճանապարհին, տեսա հայերի ևս մի քանի զանգվածային կոտորածներ: Մարդիկ դժբախտ էին` ընդհուպ մինչև խելագարում հուսահատված: Մի տան մեջ տեսա ուտելիքի կաթսայի մեջ սեփական երեխային եփող հայուհու: Բոլոր ճանապարհները ծածկված էին սպանված հայերի դիակներով:
ԵԲՐԱՅՈՒՀԻՆ ՇԵՅԽԻ ՎՐԱՆՈՒՄ
... Ես գնացի դեպի շեյխի վրանը և, ի ուրախություն ինձ, հանդիպեցի այնտեղ աշխատանքային ընկերոջս` Յակոբ Բեկերին...
Կեսգիշերին, երբ հացկերույթն ավարտվեց, շեյխը գնաց իր վրանը և մենք մնացինք խարույկի մեջ կրակը պահող փոքրիկ տղայի ընկերակցությամբ: Յակով Բեկերը և ես ֆրանսերեն էինք խոսում: Ես պատմեցի նրան` ինչ էր պատահել ինձ հետ Ուրֆայում և հայկական կոտորածների մասին, որոնց ես ականատես էի եղել ճանապարհին, իսկ նա ինձ պատմեց Մոսուլի շրջանում իր աշխատանքի մասին: Այդպես մենք նստել և խոսում էինք մինչ ուշ գիշեր, և հանկարծ երեխան, որին մենք բեդվին էին համարում, ասաց մեզ ֆրանսերեն, որ նա և իր մայրը հայեր են և ցեղի առաջնորդը փրկել է նրանց ոչնչացումից: Իր մայրը դարձել է շեյխի կինը, իսկ ինքն օգնում է հյուրեր ընդունել: Երեխան շարունակեց և պատմեց մեզ, որ այլ ցեղի առաջնորդն ունի հրեա կին` վերցված Անատոլիայի Կեսարիայի քաղաքի ընտանիքից: Նրա ամուսնուն սպանել էին, իսկ շեյխը վերցրել էր նրան իր մոտ:
Մենք ցնցված էինք, լսելով դա, և հարցրեցինք տղային` հնարավոր է հանդիպել այդ կնոջ հետ: Չնայած կյանքի համար վտանգին` երեխան ծածուկ մտավ վրան, որտեղ յեբրայուհին էր: Վրանի բոլոր բնակիչները քնած էին, և կինը կարողացավ այնպես դուրս գալ, որ ոչ մեկը չնկատեց դա: Նա 25 տարեկան էր և չափազանց բարետես: Նա պատմեց, որ իր ազգանունը Բիրամ է` բնորոշ թուրքական: Ընտանիքն ապրում էր քաղաքի հայկական թաղամասում, և երբ այնտեղից տեղահանել էին հայերին, նա, իր ամուսինն ու երեխան տարվել էին նրանց հետ` չնայած բոլոր բողոքներին: Իր ամուսինն ու երեխան սպանվել էին, իսկ իրեն փրկել էր արաբ շեյխը` վերցնելով նրան կնության: Մենք խոստացանք հոգալ նրա մասին:
... Երկու շաբաթ անց ես ուղևորվեցի արևմուտք` Եփրատի ուղղությամբ և շտապեցի վերադառնալ Դեյր էզ Զոր: Փոստի մեջ, որն սպասում էր ինձ այնտեղ, ես գտա Կոստանդնուպոլսից (Թուրքիայի գլխավոր քաղաքի) ռ. Խաիմ Նահումի նամակը, ով խնդրում էր ինձ այլևս չխառնվել տիկին Բիրամի գործերին, քանի որ նա կապված էր հայերի սպանության հետ, իսկ դա ռազմական գաղտնիք էր: Դրանից զատ` ի պատասխան նամակիս` ուղարկված իմ կողմից գերմանական ռազմական փոստի միջոցով, որում ես պատմել էին ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել հայերի հետ, ստացա նամակ հորեղբորս աղջկանից` Ցիլիից, ով սովորում էր Բեռլինում: Ես ետ ստացա իմ նամակը` խնդրանքի հավելումով` այլևս չգրել նրան այդպիսի բաներ և զգուշանալ գերմանական փոստից, քանի որ նամակները կարող են բացվել գրաքննության կողմից:
Դեյր էզ Զորում ես ապրում էի դեղագործ Արտոյի մոտ, որն ուներ հինգ հայ կին, որոնց հետ նա ամուսնացել էր` նրանց կյանքը փրկելու համար: Նա պատմեց, որ ռազմական հիվանդանոցում աշխատում են երեսունից ավել հայ կանայք, որոնք այդպիսով փրկվել էին մահվանից բժիշկ Բխորի կողմից:
Ես պետք է նշեմ, որ իմ` Արամ-Նահարաիմում գտնվելու ողջ ժամանակ, ես չէի կարող ուտել չքնաղ ձուկը Եփրատից, որը ես շատ էի սիրում` հիշելով, որ այդ ձկներն սնվել են սպանված հայերի, այդ թվում նաև փոքր երեխաների, դիակներով: Ճիշտ նույն կերպ չէի կարող սեռական հարաբերություններ ունենալ չքնաղ հայ աղջիկների հետ, որոնց ինձ առաջարկում էին բժիշկ Բխորը և դեղագործ Արտոն:
Դեռևս Դամասկոսում գտնվելիս`... ես փոխանցեցի Իոսիֆ Լիշանսկու հետ իմ զեկույցը հայկական կոտորածի մասին...
Երբ մենք վերադարձանք փորձարարական կայան, այդժամ ես մնացի Սառայի հետ: Նա ինձ պատմեց, որ իմ զեկույցը հայկական կոտորածի մասին, որը նա փոխանցել էր Եգիպտոս (անգլիացիներին – Ի.Ս.), մեծ տպավորություն էր գործել:
... Սիրիայի և Իրաքի հյուսիսով իմ ուղևորությունների ընթացքում սեփական աչքերով տեսել եմ հայ ժողովրդի ոչնչացումը, հետևել եմ մարդասպանների գազանություններին, տեսել եմ երեխաների կտրված գլուխներ և անմեղ մարդկանց ողջակիզում, որոնց միակ մեղքն այն էր, որ հայ էին: Ես նաև դժոխային տանջանքներ եմ անցել բանտում, իսկ իմ թանկագին եղբայր Նէէման և նրա ընկեր Իոսեֆը սպանվել են: Բայց, չնայած դրան, ես ինքս ինձ հետ լիովին անկեղծ չեմ լինի, եթե գրի չառնեմ այն, ինչ որ կա սրտումս. ես խղճում էի թուրքերին, որոնք արևելքում այդքան ստորացել էին` իրենց իշխանության վերջում գերմանացիների հետ համագործակցության պատճառով: Թուրքերը գործել են հայերի դաժանագույն կոտորածը գերմանացիների խորհրդով, իսկ իրականացրել այն` չերքեզների` մոլեռանդ մուսուլմանների ձեռքերով:
© Հայոց ցեղասպանության թանգարան & ինստիտուտ