Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Ականատեսներ

ԹՐՔՈՒՀԻՆ
(միջադեպ` Եդեսիայի կոտորածից)



Ավստրիական Մարի-Թերեզա շոգենավով Լարնակայից Ալեքսանդրիա էի գնում կիլիկիացի Հ. Շ-ի ընկերակցությամբ, որին դեռ Կիպրոսից էի ճանաչում: Այս անձնավորությունը մտավոր տկարություն ուներ, որ, կարծեմ, ձեռք էր բերել իր բնակավայրում, թրքական խժդժությունների մասին լսելով, երբեմն էլ` ականատեսը լինելով: Իրեն թվում էր, որ իր անձը կարևորագույն մի «որս» է թուրք ոստիկանի համար, և ի դեմս յուրաքանչյուր օտարի շատ դեպքերում էլ` քաջածանոթ անձանց` տեսնում էր լրտեսների, որոնք, իբր, Կիպրոս էին եկել լոկ իրեն ձերբակալելու ստույգ և որոշակի նպատակով: Սակայն ինքը հեղափոխության հետ որևէ հեռավոր թե մոտավոր հարաբերություն չէր ունեցել: Երբեմն պատահում էր, որ, մի քանի բարեկամների հետ զբոսնելիս թե սրճարանում նստած, Հ.Շ-ն հանկարծ վեր էր ցատկում ու փախչում, քանզի նստածների կամ անցուդարձ անողների մեջ մի ինչ-որ դեմք կասկածելի էր թվացել նրան: Կարծեք ինքը` լրտեսում էր լրտեսներին, որոնք լոկ իր համար գոյություն ունեին:

Երբ խաղաղ ջրերի վրայով սահող շոգենավն ուղղություն վերցրեց դեպի Բեյրութ, և Կիպրոսի լեռները գրկախառնվեցին ամպերի հետ, Հ.Շ-ն ինձ, մատնացույց անելով երկու հովիվներին, որոնց մի շարք անգամներ տեսել էինք Լարնակայում և որոնք ոչխարներ ու եզներ էին տեղափոխում Պորտ Սայիդ, ասաց.

- Գիտե՞ս, սրանք վստահելի անձինք չեն:

Փորձեցի փոխել իմ համոզումը, իրեն հասկացնելով, որ այս մարդիկ, եթե նույնիսկ աշխարհի ամենաանօրեն անձինք լինեին, շոգենավի մեջ չէին կարող նրան վնասել, և քանի որ ինքը հարկադրված չէր թրքական որևէ նավահանգստում իջնել, այդ մարդկանցից և որևէ այլ անձից ինքը վախենալու որևէ առիթ չունի: Բայց հասկանում էի, որ իզուր եմ համոզում: Մի դեպք ծայրահեղության հասցրեց Հ.Շ-ի սարսափը: Նույն երեկո Մարի-Թերեզան դեռ նոր էր խարիսխ գցել Բեյրութի մոտ, երբ շոգենավ ներխուժեցին տասնյակի չափ ոստիկաններ: Զգացի, որ ընկերս դողահար ձեռքերով թևս է բռնել ու լսում էի նրա ատամների կափկափումը: Ճիշտն ասած` ես էլ էի անհանգստացած: Այս պահին հիշեցի, որ Կ.Պոլսո մոտ թուրքական կառավարությունը օտար շոգենավերի մեջ փախստականներ էր որսում: Ոստիկանները կես ժամից հեռացան, իրենց հետ տանելով Իզմիրից փախած մի հին հանցագործի, որի մասին Բեյրութի կառավարիչը հեռագիր էր ստացել: Քսանչորս ժամ մնացինք հիշյալ նավահանգստում: Այդ ողջ ժամանակ Հ.Շ-ն բնավ չհայտնվեց, այլ մի անկյունում, առանց սնվելու մնաց կծկված, անընդհատ միայն ջուր էր խմում: Աչքերն անսովոր փայլով լայն բաց էր արված, ձայնը` խռպոտած:

Շոգենավը հինգ ժամից արդեն Յաֆայի ուղղությամբ էր ընթանում, երբ Հ.Շ-ն բռնեց ձեռքս, ինձ մի անկյուն տարավ և ասաց.

- Տեսա՞ր, հեռագիրը:

- Ո՞ր հեռագիրը:

- Նավապետին ուղղված...

- Ե՞րբ:

- Հիմի, նավապետին հանձնեցին:

Քանի որ Մորզեի անթել հեռագիրը դեռ չէր ստեղծվել, նրա ահաբեկված դեմքին նայեցի: Աչքերը խոշորացել, այտերը գեղեցիկ կերպով շառագունել էին: Ձայնը սուլոցի ելևէջներ էր արձակում, շրթերը` ճաքճքված էին: Սոսկալի էր:

- Ի՞նչ էր գրված, - հարցրի, - հեռագրի մեջ:

- Նավապետը հրաման ստացավ կամ կախել ինձ, կամ ծովը նետել, կամ հանձնել Պորտ Սայիդի ոստիկանությանը:

Հ.Շ-ն խենթացել էր...

Անհասկանալի մտատանջության մեջ ընկա: Նավաստիներից մեկին խնդրեցի հսկել ընկերոջս և շտապեցի փնտրել մի սիրիացի բարեկամի, որին տեսել էի Բեյրութում շոգենավ մտնելիս, բայց հետո, տակավին տեսակցելու ժամանակ չէի ունեցել:

Ալֆրեդ Պ-ն մի մեծ վաճառատան աշխատակից է և միշտ ճամփորդում է աշխարհով մեկ: Իսկական ֆրանսիացու պես զվարճախոս է, առանց նրանց մեծամասնության` թեթևամտության: Եվ, որ նրա ամենալավ հատկությունն է, ճշմարտախոս է: Խոսում է, պատմում, ճառում` առանց սեթևեթանքի, առանց վերապահության, մեծագույն պարզությամբ և ամենայն անկեղծությամբ: Երբ գտա նրան, խիստ զբաղված էր երկու օրիորդների և մի տիկնոջ հետ, որոնց բացատրում էր հանդարտ ծովով ճամփորդելու հրապույրները: Նրան պատմեցի ընկերոջս վիճակի մասին:

- Բժիշկը տեսե՞լ է, - հարցրեց:

- Ո՛չ:

- Լավ կլինի, որ մի անգամ տեսնի, թեև առանձնապես բարձր կարծիք չունեմ այդ պարոնների իմացությունների և կարողությունների մասին, բայց պատասխանատվությունից զերծ մնալու համար հարգենք սովորությունը:

Բժիշկը զննեց հիվանդին և ասաց.

- Ջղերը սաստիկ գրգռված են, ուշադիր եղեք, որ մի աղետ չպատահի: Ցնցուղ ընդունելը կարող է օգտակար լինել, չնայած կարող է և ավելի սաստկացնել վիճակը: Մի խոսքով` առայժմ, բացի ուշադրությունից, այլ ասելիք չկա:

- Ես քեզ մի բան ասեմ, - ընդմիջեց Ալֆրեդ Պ-ն, - ինչպես ասում են` մեծ ցավերը մեծ դեղերով են ամոքվում: Այս մարդն անտեղի, հիմար, երևակայական վախի զոհ է: Եթե ես իրեն ավելի ահռելի, քստմնելի և իրական մի դեպք պատմեմ, թերևս հակազդեցությամբ կբժշկվի: Բոլոր դեպքերում` ոչինչ չենք կորցնի:

- Պարոն բժիշկն ինչպե՞ս է գտնում այս առաջարկը, - հարցրի բժշկին:

- Չեմ կարծում թե անտեղի է, - պատասխանեց բժիշկը, - հակազդեցությամբ բուժված հիվանդների ցանկը մեծ է, և եթե ձեր պատմությունը կարճ է, ես էլ փափագում եմ Ձեր ունկնդիրներից մեկը լինել:

- Մեզ այդ պատվի՞ն եք արժանացնում, - գոչեց Ալֆրեդ Պ-ն: - Ուրեմն իբր իմ երախտագիտության արտահայտություն` տիկնոջն ու օրիորդներին էլ կհրավիրեմ մասնակցել: Շնորհալի անձանց ու գթառատ սրտերի կարողությունն ու ազդեցությունը աշխարհում բազմաթիվ հրաշքներ են գործել: - Գեղեցիկ սեռը միշտ էլ հրաշքներ է գործում, - ասաց բժիշկը` ժպտալով:

- Ուրեմն փորձենք և մաղթենք, որ մեր ձեռնարկը հաջողությամբ պսակվի, - պատասխանեց տիկինը` բազմելով ճոճաթոռի մեջ և իր ընկերուհիներին հրավիրելով, որ իր օրինակին հետևեն:

- Պարոն Հ.Շ., լսե՛ք, հիմնականում Ձեր հանդեպ ունեցած սիրո համար է, որ ես պիտի պատմեմ և ազնվազարմ բարեկամներս էլ` ուշի ուշով ունկնդրեն, - իբր իր պատմության նախաբան, ասաց Ալֆրեդ Պ-ն:

II

«Հայկական կոտորածի տարին Ուրֆա էի գնացել մի թուրքի հետ որոշ գործեր կարգավորելու համար, որին Աբդուլլա եմ անվանելու, և որը, երկար ժամանակ ճշտապահ լինելուց հետո, արդեն մի քանի ամիս չէր պատասխանում վաճառատան նամակներին:

Քաղաքի մեջ արդեն իսկ ջարդը վերջացել էր: Թե՛ թրքական, թե՛ եվրոպական լրագրերը լուրեր էին հաղորդում, որ խաղաղությունը վերահաստատված է: Բացի այդ` բացառվում էր երկրորդ ջարդի հավանականությունը: Բեյրույթից դեռ չմեկնած, տեսակցելով հյուպատոսի հետ, ապահովություն ստացա, թե այլևս վախենալու առիթ չկա:

Ուստի` Ուրֆա հասա 1895-ի դեպտեմբերի 8-ին, ուրբաթ երեկո և իջևանեցի մի հայաբնակ թաղամասի հարևանությամբ: Հաջորդ օրը հանդիպեցի Աբդուլլային, որն ինձ սիրալիր ընդունելով հանդերձ հասկացրեց, որ տագնապալի իրադրության պատճառով իր համար դժվարին, գրեթե անհնար էր իր մուրհակները մարել, մանավանդ, որ քրիստոնյաները, որոնք միշտ ճշտապահ էին թուրքերի հետ դրամական օգնության և իրենց վաճառականական հարաբերություններում, հիմի սարսափահար և կոտորածի վերսկսման վախով դուրս չէին գալիս իրենց տներից, և բոլոր գործառույթները դադարեցվել էին: Նա չէր ստում և կեղծած չէր լինի եթե ասեր, թե քրիստոնյաների մեծամասնությունն արդեն իսկ կողոպտված է և մոխիրների վրա է նստած: Իսկ մի նվազ մասը, եթե կարողացել էր ինչ-որ բան ազատել, անշուշտ այն պահել էր մի ապահով տեղ, որտեղից, բնականաբար, չպետք է դուրս հաներ մինչև վերջնականապես խաղաղություն չհաստատվեր:

Իմ սենյակներից, որ, ինչպես ասացի, հայաբնակ մի թաղամասի հարևանությամբ էր, հեշտությամբ կարող էի հետևել այդ թշվառ ժողովրդին: Այդ դժբախտները, վախից կիսամեռ` երբեմն գրեթե սոսկալով փողոց էին դուրս գալիս, այն էլ այն դեպքում, երբ քաղցն ու ծարավը հարկադրում էին նրանց, և իրենց բախտավոր էին զգում, եթե հաջողվում էր տուն վերադառնալ առանց վիրավորվելու կամ ծեծվելու: Սակայն տնից դուրս գալու աղետալի անհրաժեշտությունն օր-օրի ավելի ստիպողական էր դառնում և ավելի մեծանում: Պահեստավորված պաշարներն ու կահ կարասիքը թալանված, ոչնչացված էին հոկտեմբերի 16-ի դեպքերի ժամանակ: Բազմաթիվ հայեր գրեթե մերկ էին: Տղամարդիկ, կանայք, աղջիկները, մանուկները մնացել էին ծվեն-ծվեն ցնցոտիներով: Դժվար չէր կռահել, որ դրանք ինչ-որ ավազակների կողմից, որպես ոչ պետքական զգեստներ, դեն էին նետվել: Դրանք այդ խեղճ էակների համար ծառայում էին իրենց մերկությունը ծածկելու և սաստիկ ցրտերից լավ թե վատ պատսպարվելու համար: Բոլորը նիհար էին ու հիվանդ. տառապանքն ու սարսափը, կարծեք, անջնջելիորեն դրոշմվել էին նրանց մեռելատիպ դեմքերին:

Ուրֆա հասնելուս երրորդ օրը, վաղ առավոտյան, ընդոստ արթնացա քնից: Ականջիս խեղդված հեծկլտանքի ձայներ էին հասնում: Բացեցի պատուհանս և ականատես եղա մի այնքան տխրազդեցիկ, այնքան սրտաճմլիկ տեսարանի, որին չեմ կարծում թե որևէ մեկն իր կյանքում գեթ մեկ անգամ հանդիպած լինի: Ցնցոտիներով ծածկված մի մանկամարդ կին դռան շեմին ընկած էր ծնկների վրա: Քիչ այն կողմ, փողոցում, հողի վրա ընկած էին մի ծեր կնոջ ու մի մանկան անկենդան մարմինները: Կինը, չկարողանալով զսպել իր հեկեկանքը, գլուխը քարերին էր զարնում և մազերն էր փիտում իր մոր ու վերջին զավակի անկենդան դիակների վրա: Ավելի ուշ իմացա, որ այդ թշվառները զոհ էին գնացել ցրտին և այլ զրկանքներին: Արդեն երկու օր մահացած էին, բայց կինը, որ միայնակ էր, ստիպված էր եղել նրանց իր տան մեջ պահել և նրանց հատկացնել այն չոր խոտը, որ երկու ամիս ի վեր նրանց երեքին անկողին էր ծառայում: Արդեն իսկ առաջին կոտորածը նրանցից խլել էր հորը, ամուսնուն և երկու տղաներին. աղջիկը, համիդեների ձեռքն ընկնելով, անհետացել էր:

Այն պահին, երբ ես անզոր կարեկցությամբ դիտում էի այդ խոցոտված կնոջը, որին արժեր քրիստոնեաբար «Մայր ցավոց» անվանել, փողոցն ամայի էր: Այսուհանդերձ չէի համարձակվում փողոց դուրս գալ` սփոփելու համար մի բազմանդամ ընտանիքի ողբերգու դարձած այդ վշտակոծ ու խեղճ կնոջը, քանզի չարագույժ լուրեր էին պտտվում քաղաքում: Մոտալուտ հարձակման մասին լուրը համակել էր վերապրողներին:

Վերջապես այդ կինը, ոտնաձայներ լսելով, երկարատև ու սրտաբուխ համբույրներ դրոշմելով իր սիրեցյալների քարացած մարմիններին, ներս գնաց: Հազիվ էր տան դուռը փակվել, որ քաղցած շների մի ոհմակ, չգիտեմ որ ծակ ու ծուկից ելնելով, ընկավ դիակների վրա...: Ջղաձգաբար ձեռքերով փակեցի աչքերս:

Քիչ հետո կրկին նայեցի` ոչինչ չէր մնացել մարդկային էակներին պատկանող այն երկու մարմիններից: Միայն մի քանի շներ իրենց թաթերն ու դնչերն էին լիզում և մի քանիսն էլ` կրծոտում էին ոսկորները...: Երևում էր` կենդանիները սովոր էին այդ տեսակի խնջույքների:

III

Նույն օրը, ամենախիստ պատիժների սպառնալիքով, կայսերական կառավարությունը մունետիկների միջոցով քրիստոնյաներին հրամայեց բացել խանութները: Միաժամանակ իշխանությունը, ոստիկանների հսկողությամբ հավաքելով հայերի ողջ մնացած ավագներին, կրկնում էր միևնույն կարգադրությունը և միևնույն սպառնալիքը, ավելացնելով սակայն, թե որևէ խռովություն ու խառնակություն թույլ չտալու համար միջոցներ է ձեռք առել: Ավելին` անշուշտ հայերին վստահություն ներշնչելու նպատակով բերել տվեց մի քանի թուրքեր ու նրանց պատվիրեց սիրով ապրել իրենց հայրենակիցների հետ: Այդ միջոցին հայերն ու թուրքերը ողջագուրվեցին: Առաջինները, ինչպես միշտ` ապշեցուցիչ կերպով միամտորեն, շտապեցին այդ ուրախալի եղելությունը հաղորդել իրենց կրոնակիցներին: Այն օրը մի քանի խանութներ բացվեցին: Նույնիսկ հայեր եղան, որոնք առանց անհրաժեշտության համարձակվեցին փողոց դուրս գալ:

Հաջորդ` երկուշաբթի օրը, կառավարությունը, խաղաղությունը պահելու պատրվակով, հայերի ձեռներից առավ այն բոլորը, որ կարող էր զենք ծառայել, օրինակ` դանակներ և այլ նման իրեր: Խեղճերը կատարելապես անապահով էին, բայց ի՞նչ էին կարող անել: Ոստիկանները տներն էին խուժում, և վերցնում էին գտածները և, որ ես այդպես էլ, ի՞նչ տրամաբանությամբ, չկարողացա հասկանալ, եթե որևէ զենքի նման բան չէին գտնում` հինգ ոսկով տուգանում էին: Այս գումարը կամ փոխարժեքը տալու անկարող տանտերերին բանտ էին տանում, իսկ այրի մնացած տանտիրուհիներին մոլլաների և իմամների տներն էին ուղարկում` նրանց այնտեղ պահելու համար: Բայց որովհետև անվճարունակները բազմաթիվ էին, կառավարիչը հանկարծ փոխեց իր հրամանը և ոչ միայն նրանց այլևս չհեռացրեց իրենց տներից, այլև` ազատ արձակեց բանտարկված տղամարդկանց և կանանց:

VI

Այդ օրն էլ, ի մեծ ուրախություն հայերի, անցավ առանց տհաճ միջադեպի:

Երեքշաբթի օրը` ավելացավ բաց խանութների թիվը, քիչ թե շատ առևտուր կատարվեց: Ժողովուրդը շունչ էր առնում և իր առջև առավել լավ օրերի հեռապատկեր էր տեսնում: Մի պարագա, որ զարմացրեց ինձ, այն էր, որ թուրքերը, մանավանդ ծեր թուրքերը, ինքնաբերաբար շտապում էին վճարել հայերին իրենց մանր-մունր պարտքերը:

Այդ օրը հայ քահանաները կարողացան առանց քարկոծելու գերեզմանատուն առաջնորդել չորս հանգուցյալներին, որոնք ավելի քան երեսուն ժամ մնացել էին տներում: Այդ օրը մի ժամագործից տեղեկացա իր ողջ ընտանիքը կորցրած մանկամարդ կնոջ պատմության մանրամասների մասին: Ժամագործը նաև ասաց, որ չկար մի տուն, որ անձի կորուստ չունենար: Յուրաքանչյուր ընտանիք սգում էր սպանված կամ անհետացած մեկ կամ ավելի անդամների կորուստը: Քիչ չէին նաև իրենց հինգ-վեց անդամներով ոչնչացված ընտանիքները: Կոտորածից հետո, քանզի թուրքերը, համաձայն իրենց կրոնական հրահանգի, նախատելով մերժում էին դիակները վերցնելը, դրանք կամ շների կեր էին դառնում, կամ հրեաների միջոցով քաղաքից դուրս էին տարվում և նետվում էին մի փոսի մեջ, այնտեղ` շնագայլերի ճիրանների տակ բզկտվելու համար: Կանայք, բազմաթիվ կույսեր պղծվեցին, շատերն առևանգվեցին համիդեականների կողմից: (Հարկ է գիտենալ, որ այդպիսի դեպքերում թուրքերն ու զորքը հաճախ ծպտվում էին համիդեի տարազով): Մի խոսքով` ժամագործն ինձ պատմեց այնպիսի եղելությունների մասին, որոնց քստմնելիությունն աներևակայելի է և աննկարագրելի: Դրան գումարած` գույքի և դրամի կորուստը: Չնայած սաստիկ ազդվել էի տեսածներիցս և լսածներիցս, դեռ հույս ունեի, որ պահանջներիս գեթ մի մասը կարող էի ստանալ և մեկնել քաղաքից: Նրանք, ովքեր բացել էին խանութները, կարծեք թե գոհ էին: Գնորդները մեծավմասամբ քրդեր էին, որոնք, իբր խաղաղասեր շրջողներ, պտտվում էին քաղաքում, ուշադիր զննելով բոլոր թաղամասերը:

Մինչ այս, մինչ այդ` ուրբաթն անցավ և շաբաթ առավոտ գրեթե բոլոր քրիստոնյաները, ուրախությամբ լեցուն, իրենց գործերով էին զբաղվում: Ուրբաթը` սպառնալի էր թվում նրանց: Վախենում էին, որ թուրքերը մզկիթներից ավելի կատաղած դուրս կգան: Ուստի` շաբաթ առավոտյան, եվրոպական ժամանակով մոտ ժամը տասին, հաշիվներս կարգի բերելու նպատակով խանութ վերադարձա, քանզի Աբդուլլան մասամբ հասկացրել էր ինձ, թե այդ երեկո պիտի վճարեր, թեև դա անհավատալի էր ինձ թվում:

Ինչևիցէ` հազիվ մի ժամ զբաղվել էի գործերով, երբ հանկարծ աղիողորմ աղաղակներին և դժոխային ժխորին խառնված հրազենի խառնիճաղանչ պայթուններից խլացած` վեր ցատկեցի տեղիցս ու սլացա փողոց: Չեմ կարող ասել, թե այդ պահին ի՞նչ զգացմունքներով էի համակված, վախի՞, թե՞ հետաքրքրության, չեմ իմանում: Ճշմարիտն այն է, որ եթե խորհելու ունակություն ունենայի, պիտի փակվեի սենյակումս:

Խանութի դռան առջև ականատես եղա մի ահասարսուռ տեսարանի, որ երբեք չեմ կարող մոռանալ: Հայերը տարբեր կողմերից փախչում էին իրենց հետապնդող` դաշույներով զինված թուրքերից, այնինչ փողոցների ծայրերում դարանակալած կատաղի քրդերը հրազենով գնդակահարում էին փախչողներին: Մեռածներն ու վիրավորները բզկտվում էին, շատերն էլ` կրունկի հարվածների տակ վերջին շունչն էին փչում: Չէր խնայվում ոչ ոք: Գազանացած դահիճները երեխաներին խլում էին իրենց հոր թե մոր գրկից և նրանց ոտքերից բռնելով` խփում էին պատերին կամ սալահատակին, ուր այդ մանուկները սրտակեղեք ճիչերով խյուսի էին վերածվում մոլեգին թուրք կանանց ու մանուկների ոտների տակ: Մյուսները` գլխատված և արյունահոս գլուխներով զարդարված նիզակները վեր պարզած, սատանայական գոչյուններով պտտվում էին փողոցից` փողոց:

Ոմանք էլ` մսավաճառների կեռերից կախված և տակավին կյանքով գալարուն մանուկների մսերն էին ամենայն պաղարյունությամբ հոշոտում... Հրացանների գնդակներից կամ դաշույնի հարվածներից մեռնողներն ամենաբախտավորներն էին...

Այդպիսի ճգնաժամային վիճակների ժամանակ, կռվին անվարժ ժողովրդի սրտում կորովն ու գորովը կարծեք տեղի են տալիս աղետալի սարսափի, ու ինքնապաշտպանության բնազդն այնքան է նվազում, որ բանական էակը գրեթե մի իր է դառնում: Այլ կերպ չեմ կարող բացատրել գաղտնիքն այն վիճակի, որի մեջ գտնվում էր Ուրֆայի հայությունն այդ չարաժամ պահին: Կոտորածի պահին տեսել եմ ծնողների, որոնք, մոռանալով իրենց բոլոր պարտականությունները, փախուստով կամ ուրիշ միջոցներով ճգնում էին միմիայն փրկել իրենց կյանքը: Տեսա ընտանիքի հայրերի, ամուսինների, որոնք իրենց կանանց, մանկահաս զավակների թիկունքում էին պատսպարվում, տեսա հուժկու երիտասարդների, հաղթանդամ կտրիճների, որոնք իրենց դահիճների, նույնիսկ թուրք ու քուրդ մանուկների առջև ծնկադիր, բազկատարած խնդրում էին խնայել իրենց, մինչդեռ կարող էին բռունցքի հարվածով նրանց գետին տապալել և նրանց զենքերին տիրանալ:

Բայց տեսա նաև մի ծաղկահասակ օրիորդի` անվեհերության, պարտքի գիտակցման մի տիպար, որ անվիճելի ու մշտապես հիշվող փաստերով հավաստեց, որ այն ցեղը, որ ծնել է իրեն, այդպիսին է` փոքր ինչ ցանկության դեպքում կարող է առյուծանալ ու սարսափեցնել թշնամիներին: Այդ մատղաշ հայուհին, կանգնած մի դռան առջև, պաշտպանվում էր երկարաձող մի տապարի միջոցով: Քսանից ավել թուրքեր և քրդեր էին իրենց սրերով, դաշույներով կռվում այդ հերոսուհու դեմ: Հայուհին հիանալի դյուրաշարժությամբ, անդիմադրելի հարձակումներով թշնամիների մի երկուսին զսպելով, կայծակի արագությամբ` իր տապարը մյուսների գլխին էր իջեցնում: Երբ ինքը, իրենից անկախ, իր թիկունքը պահող միակ պաշտպանը հանդիսացող տան պատից կես քայլ առաջ էր մղվում, մարդասպանները մի տաս քայլ ետ էին ընկրկում: Ինչ օգուտ` միայնակ էր. մինչդեռ մեկ տապալվածին փոխարինում էին չորսը:

Այդ աննման դյուցազնուհին շատերին էր տապալել և թեպետ արդեն հոգնած` գերբնական ուժով շարունակում էր մահ սփռել իր շուրջը, երբ չգիտեմ որ կողմից հրացանի մի գնդակ նրա ճակատին դիպավ և գետին տապալեց: Երկու վայրկյան չանցած մաս-մաս էր արված այդ զարմանահրաշ հայուհու պաշտելի մարմինը...

Գուցե սխալվում եմ, բայց ըստ իմ տեսածների կարող եմ հայտարարել, որ մի քսան, իրոք, քաջասիրտ և անձնվեր հայեր պիտի կարողանային այդ թաղամասի հարյուրավոր մարդասպաններին ծայրեծայր հալածել: Ասում են թե ուրիշ թաղամասերի հայերն այն աստիճան չեն համակերպվել և այնպիսի մի ընդունելություն են ցույց տվել մարդասպան խուժանին, որ եթե այս վերջիններին օգնության չգար կանոնավոր զորքը, գնդակահարելով հայերին, Ուրֆայի խնդիրը հայերի համար փառավոր վախճան կունենար: Ինչ էլ լինի, ճշմարիտ է, որ այն հայուհին հեղաշրջեց իմ կարծիքը: Այսօր համոզված եմ, որ հայերը եվրոպական այս կամ այն տերության ոտքը ստրկաբար լիզելու փոխարեն իրենց հույսն իրական կդարձնեն, եթե ինքնապահպանության փոխարեն խոհեմությամբ ու լրջորեն ինքնապաշտպանության դիմեն: - Ի՞նչ տարբերություն կա ինքնապահպանության և ինքնապաշտպանության միջև, - հարցրեց օրիորդներից մեկը:

- Կարծեմ Ալֆրեդ Պ-ն, - պատասխանեց բժիշկը, - իր պատմության մեջ գործնականորեն ցույց է տվել թե ի՞նչ է հասկանում այդ երկու բառերով: Օրինակ` նրանք, ովքեր իրենք` իրենց հանձնում էին իրենց սպանողների ձեռքը, այն հույսով, թե իրենց կյանքը կազատեն, այսինքն ինքնապահպանության խեղաթյուրված բնազդով, ոչ միայն անպայման իրենք էին վերանում, այլ նաև` կորցնում էին իրենց ինչքը: Մինչդեռ մեծահոգի հայուհին, որ թվում է թե միայն իրեն էր պաշտպանում, պաշտպանում էր նաև ուրիշներին` իր դեմ կաշկանդված պահելով մեկից ավելի թշնամիների: Նույնիսկ պատերազմի դաշտում խիզախ զինվորների մի գունդ կարող է իր դիմադրությամբ կասեցնել թշնամու բանակները և, ի հետևանք դրա, ավելի արժանապատիվ կերպով ներկայացնել իր հայրենակիցներին: Արյունի հոտից հարբելով, գազանացած կատարողների կատաղությունը սաստկանում է վախկոտության առջև: Քաջաբար դիմադրությունն է այն միակ զենքը, որ կարող է նրանց ոչնչացնել: Քիչ ընդարձակ այս բացատրությունից կարող եմ հետևություն անել, որ ազգի անհատները միմիայն ինքնապաշտպանությամբ են կարող պաշտպանած, պահպանած և ազատագրած դարձնել ողջ ազգը:

- Զեյթունցիների դիմադրությունը, - ասաց Ալֆրեդ Պ-ն, - ինքնապաշտպանության անգնահատելի արժանիքը և փրկարար բնույթը ցուցադրող մի փառահեղ փաստ է: Եթե այդ խրոխտ լեռների որդիներն էլ, իրենց մյուս հայրենակիցների նման, համակերպվեին արյունախում կառավարության դժոխային մտադրություններին, բնավ չպետք է տարակուսել, որ իրենց պատմական գյուղաքաղաքը անթաղ դիակների մի մեծ գերեզմանոց պիտի դառնար, որի հողի վրա անսիրտ չերքեզը, վաչկատուն թուրքմենը և ավազակ քուրդը պարբերաբար այդ կոտորածի հիշատակը պիտի տոնեին:

- Ըստ այն ամենի, ինչ ես լսեցի, - ասաց տիկինը, - եզրակացնում եմ, որ համերաշխության ոգին չի իշխում այդ ազգի մեջ: Այդ դեպքում հիմարություն է ազատագրության կենաց-մահու մի գործ ձեռնարկել, կենաց` համերաշխությամբ և մահու` անմիաբանությամբ: Մի՞թե հայերը չունեին մեծ գաղափարների գործիչներ և հրահանգիչներ:

- Ըստ իմ տեղեկությունների` ժողովրդին լուսավորելու ծանր պարտականությունն ինքնաբերաբար ստանձնել են երկու ընկերություններ կամ հեղափոխական կուսակցություններ, - պատասխանեց Ալֆրեդ Պ-ն: - Ցավալին այն է, որ երկպառակտության, անվստահության, հակառակության առաջին օրինակն այդ կուսակցությունները տվին ազգին, որին սեր և միություն քարոզելու պարտականությամբ էին նրանք հրապարակ եկել:

- Ցավալի է, ցավալի - հառաչեց տիկինը:

- Համերաշխության, այսինքն անհատի` իր անձնական օգուտն ընկերների օգտի մեջ կայացնելու ոգին անծանոթ մնաց այդ ազգին, - ասաց բժիշկը: - Մի հայ բարեկամ ունեի, որ, լավատեղյակ լինելով իր ազգային պատմությանը, հավաստում էր, որ ավատական ժամանակներից սկսած, նախարարները, ընդարձակ գավառների գրեթե ինքնագլուխ իշխանները, ավագանին երբեք համաձայնությամբ որևէ գործ չեն ձեռնարկել: Հայաստանում թագավորություն ունեցած ժամանակ և հարստությունների անկումից հետո, իշխանները երբեք միացած չեն եղել գահը կամ հայրենիքը պաշտպանելու համար: Նրանք լավագույնն են համարել` ամեն մեկը քաշվել իր ամրոցը և միմիայն իր իշխանության տակ գտնվող երկիրը պաշտպանել թշնամուց, որն, իր առջև չտեսնելով միացած, ստվար խմբեր, խիստ հեշտությամբ մեկիկ-մեկիկ ոչնչացրել է այդ իշխանությունները:

- Վերադառնալով հայերի այսօրվա հեղափոխական կազմակերպություններին, - ասաց Ալֆրեդ Պ-ն, - անկարելի է ուրանալ, որ կուսակցությունները հզոր, բարեկարգ մի ժողովրդի համար շեղումներն ի չիք են դարձնելու, ճշմարտությունները երևան հանելու, մի խոսքով` ազգի մտավոր և բարոյական անդադար բարգավաճման համար անհրաժեշտ են նաև խաղաղության պահին: Բայց նեկայումս հայերի կացությունը խիստ տարբեր է, և նրանց հեղափոխական մարմինների` միմյանց դեմ պայքարող դիրքորոշումն այն աստիճան անհասկանալի է ինձ համար, որ երբեմն, կասկածելով նրանց անկեղծությանը, ինքս ինձ հարցնում եմ. «Ի՞նչ է այդ անձանց բուն նպատակը` փրկել ա՞զգը, թե՞ անձնական դիրք ստեղծել»: Իմ կարծիքով նրանց այդ երկպառակտությունից ոչ միայն թշնամին է օգտվում, այլև ազգն է բարոյապես տուժում: Դարերով ստրկության լծի ներքո հյուծված մի ժողովրդին կես` քուն, կես` արթուն վիճակի մեջ պահելը, մարդկային ընկերության հիմքի վրա հազիվ ծնվող գաղափարների նենգափոխումը, միայն աղետալի վախճան կարող է ունենալ:

- Բայց կարծեմ, - ասաց տիկինը, - հայերին վնասեց ոչ այնքան իրենց տգիտու¬թյունն ու պայքարելուն անվարժ լինելը, որքան` քաղաքակիրթ ազգերի անտարբերությունը:

- Չեմ կարող Ձեզ հետ համաձայնվել տիկին, - պատասխանեց Ալֆրեդ Պ-ն, - եթե ազգեր ասելով չեք ուզում կառավարություններ ասել: Իմ տեսակետն այն մասին, թե ի՞նչ տարբերություն եմ դնում ազգի և կառավարության միջև` այդ մասին բացատրությունը քիչ երկար և ձանձրալի կլինի:

- Այս բոլորը լա՛վ, - ընդմիջեց օրիորդներից մեկը, - բայց վախենում եմ, որ Ալֆրեդ Պ-ն չկորցնի իր պատմության թելը: Ուստի, տիկնոջ, քրոջս և պարոնների թույլատվությամբ Ալֆրեդ Պ-ն նորից իր պատմությանն ուղորդելու և իր հիշողությանն օգնելու համար խնդրում եմ նախ ասել, թե գնդակով նահատակված հայ օրիորդի ինքնապաշտպանությունը գեթ որևէ արդյունք ունեցա՞վ:

- Երեք կյանք ազատեց, օրիորդ, - պատասխանեց Ալֆրեդ Պ-ն, - իր հիվանդ մոր, ընչազուրկ մեծ մոր և իր... նշանածի կյանքերը:

- Իր նշանա՞ծի..., - գոչեցին բոլորը միաձայն:

- Իր նշանածի, որը տան թոնրի մեջ կծկվել էր դողահար, այնժամ, երբ հիվանդ հայրն ու ընչազուրկ մեծ մայրը դռան բանալիներն էին փնտրում` իրենց քաջարի զավակին օգնություն փութալու համար:

- Հետո՞:

- Դուռը չկարողացան բացել, քանզի բանալին էլ թոնրի մեջ էր, նշանածի մոտ, որը միջոցների մեջ ընտրություն չէր դրել` իր մորթին փրկելու համար ...

Ունկնդիրները մեծագույն զարմանքով իրար երես նայեցին:

- Ինչպե՞ս վերջացավ այս ամբողջը, - հարցրեց օրիորդներից մեկը:

- Մարդասպանները, հերոսուհու մահից հետո թողեցին այդ տունը և իրենց կատաղությունն այլ կողմ ուղղեցին, բայց հայրը և մեծ մայրը սրտի կսկիծով նույն օրը մեռան, իսկ նշանածը...

- Իսկ նշանա՞ծը, – միաբերան հարցրին մյուսները:

- Կարծեք թե կարողացավ անցնել արտասահման, ուր իրեն ներկայացրեց որպես հեղափոխության անզուգական մի հերոս, և հենց այդպես էլ պաշտվում է մի խումբ ինքնակոչ հեղափոխականների կողմից, որոնք վարժված են թմբուկի ձայնը հեռվից լսելուն...:

Ճնշող լռություն տիրեց:

Ալֆրեդ Պ-ն շարունակեց:

- Այս աննկարագրելի ահ ու դողի առջև այն աստիճան կորցրել էի ինքս ինձ, այնքան քարացած էի, որ չեմ կարող ասել, թե այս անլուր նախճիրը որքա՞ն տևեց, ո՞րքան ժամանակ ես այնտեղ` դռան առջև մնացի, ինչպե՞ս չվնասվեցի այն դիվահարների կողմից, որոնք վխտում էին շուրջս:

Խուժանը սկսել էր ցրվել, մանկասպանները, արդեն նոր զոհեր չգտնելու պատճառով, հեռանում էին, բայց հրաձգությունն ու կոտորածը շարունակվում էր քաղաքի այլ կողմերում, ուր ապաստանել էին հայերը:

Հանկարծ զգալով, որ ինչ որ մեկը ձգում է մազերս, ետ դարձրի գլուխս և ճգնաժամի մի ճիչ արձակեցի: Չորս ավազակների ձեռքն էի ընկել, որոնք, անշուշտ, ինձ բախտակից կդարձնեին այն անմեղներին, եթե ինչ որ մեկը հեռվից չգոչեր:

- Հյուպատոս է, մի դիպչեք, թե չէ հերներդ կանիծվի:

Այսպես ասելով հանդերձ նրանց ցույց տվեց գլխարկս, որ, բարեբախտաբար, գլխիցս վայր չէր ընկել:

Ինձ անմիջապես արձակեցին:

Աբդուլլան, որովհետև նա էր իմ փրկարարը, ձեռքս բռնեց և արյան գետի միջով, անհամար մահացածների և հոգևարքի մեջ գտնվողների միջով անցկացնելով ինձ իր տունը տարավ:

- Այս սենյակում մնա, - ասաց, - և մինչև իմ վերադարձը այնտեղից դուրս չգաս:

Զգայազուրկ` փռվեցի գետնին:

Երբ բացեցի աչքերս, կանթեղի լույսով տեսա Աբդուլլային, որ ընթրում էր ճոխ սեղանի առջև: Իմ շարժումից` իմ կողմը դառավ և ասեց.

- Քնեցի՛ր, և լավ արեցիր, որովհետև արշալույսին պետք է դուրս գաս քաղաքից: Քեզ համար արդեն մի ձի եմ վարձել և արաբի զգեստ եմ պատրաստել: Այսօր կարողացա քեզ ազատել, բայց վաղվա համար երաշխավորել չեմ կարող: Կառավարությունը գիտե, որ դու ո՛չ հյուպատոս, ո՛չ էլ օտարահպատակ ես: Քո միակ առավելությունն այն է, որ չես պատկանում դատապարտված ազգին: Իսկ հիմա, ա՛րի ու կե՛ր:

Դողահար մարմնով սեղանին մոտեցա, բայց կարո՞ղ եք պատկերացնել` անկարելի եղավ մի պատառ իսկ կուլ տալ: Իմ մտածմունքի միակ առարկան հնազանդվելն էր իմ պարտապանին, որի ձեռքերում էր կյանքս:

Ճաշելուց հետո Աբդուլլան դուրս եկավ և քիչ հետո վերադառնալով` տարբեր տիպի դրամներով վճարեց իր պարտքը: Քանի որ գիտեի, որ մի օր առաջ չուներ այդ գումարը, հիշեցի այն օրն ինձ վճարելու իր խոստումը և իսկույն կռահեցի այդ դրամի աղբյուրը: Դա, պարզապես, արդյունքն էր կոտորածի վերջաբանը հանդիսացող թալանի: Սաստիկ զայրացա, բայց իմ զգացմունքներն ի հայտ չբերելու համար, ճանապարհին չկողոպտվելու վախի պատրվակով, ըստ հնարավորի անտարբեր դեմքով, նրան առաջարկեցի հետաձգել այդ պարտքի վճարումը: Կարծեք թե Աբդուլլան հասկացավ միտքս, քանզի ժպտաց և ասաց.

- Դու գիտես, բայց գիտցիր, որ մենք ճշմարիտ հավատացյալի մեր պարտականությունն անթերի կատարեցինք` հայերին վճարելով մեր դրամական բոլոր պարտքերը: Մեզ ի՞նչ, որ իրենք չկարողացան պահպանել իրենց ունեցվածքը:

Հետո, բարի գիշեր մաղթելով, ինձ մենակ թողեց:

Չէի կարողանում ո՛չ քնել, ո՛չ էլ հանգիստ մնալ` քստմնելի ցերեկը աչքիս առջև էր:

Չգիտեմ քանի՞ ժամ հետո տան մոտերքը հրազենի կրակոցներ լսեցի: Տերևի պես դողում էի և չէի կարողանում ոչ մի կերպ հասկանալ այդ հրաձգության պատճառը, քանի որ զուտ թրքաբնակ թաղամասի մեջ էի գտնվում:

Քիչ անց Աբդուլլան եկավ ինձ մոտ և ինձ հանդարտացնելու համար ասաց.

- Սպանվողները չորս վատ թուրքեր են, որոնք մի քանի «գյավուր» են փախցրել: Տե՛ս, ինքս ինձ ի˜նչ վտանգի ենթարկեցի քեզ ազատելու համար: Այն չորս թուրքերի դիակները հիմի հայոց թաղամասը պիտի տարվեն, ցույց տալու համար, թե հայերն են սպանել:

Էլ սիրտ չունեի, և աշխարհի վրա որևէ այլ բան չէի ցանկանում, քան միայն` անմիջապես հեռանալ այդ անիծյալ քաղաքից:

V

Հանկարծ տան մեջ ողբ ու կոծ սկսվեց: Ես, վախով համակված, վայրկյանաբար հազար ու մի ենթադրությունների մեջ էի, երբ սենյակիս դուռը մի անդիմադրելի ուժով բացվեց և ներս խուժեց արտասվաթոր, հերարձակ ու բոկոտն մի կին, որի հետևից վազում էր Աբդուլլան` զայրագին գոչելով.

- Ի՞նչ ես անում, Ֆաթմա, անօրեն կին, երեսդ բաց` օտարականի առջև ես ելնում...

- Էհ, ինձ թո՛ղ, - բղավեց կինը, - զավակս մեռնում է, իսկ դու ՙնամեհրամի՚ մա¬սին ես խոսում:

Միաժամանակ կինն առջևս ծնրադիր չոքած, մի քանի ամսական մի երեխայի էր ինձ երկարում, աղերսելով:

- Էֆենդի գթա, փրկիր Օսմանիս:

Շփոթվել էի և սարսափել, քանզի, չգիտեի թե ո՞վ էր այդ կինը և ի՞նչ էր ուզում, թե որքա՞ն հանցապարտ պիտի ճանաչվեի, ակամա մի թրքուհու դեմքը տեսնելուս համար, որը չի քողարկված և որն իրեն իմ հայացքին էր արժանացել: Թերևս` այս հանդգնությանս համար անհապաղ իմ կյանքով պիտի հատուցեի, մանավանդ` այնպիսի մի ժամանակ և մի այնպիսի քաղաքի մեջ, ուր ցեցի, անարգ ճճվի շունչն ավելի էր հարգվում, քան կրոնակիցներիս կյանքը:

Երևի դեմքս մի արտակարգ արտահայտություն ուներ, որովհետև Աբդուլլան հանկարծ մի բաժակով ջուր առաջարկեց ինձ, ասելով.

- Մի վախեցիր, ա՛ռ խմիր այս ջուրը: Ֆաթման իմ կինն է, քո քույրը:

Ահ˜, այն ահռելի ցերեկը, ահ˜, այն սարսափելի գիշերը:

Հավետ անմոռանալի այն քսանչորս ժամերի ընթացքում սրտի տրոփյունով այնքան տարբեր զգացմունքների, սոսկումների մեջ տապակվեցի, որ զարմանում եմ, թե ինչպե˜ս չխելագարվեցի և կամ` ողջ մնացի:

Սակայն կինը չէր դադարում ինձ պարզել երեխային, որի նիհար, փոքրիկ դեմքին արդեն մահվան դալկությունն էր դրոշմվել:

- Էֆենդի, էֆենդի, - հեծկլտում էր խեղճ մայրը, - փրկիր որդուս, փրկիր Օսմանիս: Ոտքդ համբուրեմ, հորդ, մորդ սիրույն համար փրկիր, զավակիս փրկիր:

- Քույրս, - թոթովեցի ես, - ես բժիշկ չեմ:

- Ա՛հ, դու բժիշկ չես, - մի ոստումով ոտքի ելնելով գոչեց մահամերձ մանկան մայրը:

Հետո մի տառապագին, աղեկեզ շեշտով շարունակեց.

- Ա՛հ, Օսմանս պիտի մեռնի: Պատվելի Աբուհայաթը եթե մեռած չլիներ, կփրկեր նրան, ինչպես փրկեց իմ մյուս վեց զավակներին: Բայց պատվելի Աբուհայաթը երեկ սպանվեց: Քահանա էլ չմնաց զավակիս գլխին աղոթք կարդալու համար:

- Աստված ողորմի հոգուն, - քրթմնջաց Աբդուլլան:

Եվ Ֆաթման կրծքին էր սեղմում, արցունքներով էր ողողում, իր համբույրներով ցանկանում էր վերակենդանացնել մանկանը, որի մարմնի ծայրանդամներն արդեն սկսել էին սառչել:

- Զավակս պիտի մեռնի, - դարձյալ գոչեց կինը:

- Աստված ինչպես ուզի, այնպես էլ կլինի, - լսվեց թիկունքիցս մի խորունկ ձայն:

Սարսափած, միանգամից ետ դարձրի գլուխս:

Խոսողը երկու ձեռնափայտերի վրա հենված, դողդոջագլուխ, սմքած մարմնով, տարիքն առած մի ծեր կին էր:

- Մայրս է, - ասաց Աբդուլլան և շտապեց հարգալից` ծեր կնոջ ձեռներն համբուրել:

Բայց նա խոժոռադեմ ետ մղեց նրան:

- Հեռո՛ւ, հեռո՛ւ, - գերեզմանային ձայնով գոչեց կինը, - հեռո՛ւ, մարդասպան, հեռո՛ւ ոճրագործ:

- Մայր, - հեզորեն քրթմնջաց Աբդուլլան, - հորս գերեզմանով եմ երդվում, որ ձեռքս արյունոտ չէ:

- Եվ միթե դա հերիք է, - պատասխանեց ծեր կինը զայրագին, - ո՞ւր են այն աղջիկները, այն կանայք, այն մանուկները, այն ծերերը, այն հիվանդները, այն երիտասարդները, որոնց, իբր ճշմարիտ հավատացյալ, պիտի փրկեիր, պիտի այստեղ` տունդ բերեիր, հորդ տունը, որ հայտնի ապաստան պիտի դառնար բոլոր հալածյալների համար: Այսպես պիտի աներ հայրդ: Ո՞ւր են այն վերքերը, որ ստացար անգութ ծանոթի, բարեկամի, ազգականի զինված ձեռքերից մի անմեղի խլելու համար: Հայրդ այդ տեսակ վերքերով պիտի պարծենար: Ա˜հ, մեր օրերում քաղաքացիությունն իր պարտականությունն ու իրավունքն ուներ, հարևանությունն իր պարտականությունն ուներ, աղն ու հացն իրենց նվիրական պարտականությունն ու իրենց նվիրական իրավունքն ունեին: Աստված ուզեց ինձ էլ ձեր օրերի պես անիծյալ օրեր ցույց տալ: Ես շուտով կմեռնեմ, դուք ողջ կմնաք, բայց գիտցե՛ք, որ մուսուլմանությունը` իր արդարամտությունը կորցնելով, կկորցնի նաև իր փառքը, և նույնիսկ` կմոտենա իր կորստին:

Ծեր կինը չէր հանդարտվում:

- Եվ ինչի՞ համար է այդ ամենը, - շարունակեց նա` ավելի բարձրաձայն, - քանի որ թագավորն է հրամայել: Բայց տեսե՞լ եք այդ թագավորին, ո՛չ, միայն գիտեք, որ գոյություն ունի: Ինչո՞ւ երկու օրվա թագավորի խոսքն եք կատարում և ականջալուր չեք լինում Աստծու անսկիզբ ու անվերջ պատվիրաններին: Հանցավորը թող պատժվի, բան չունեմ ասելու, բայց անմեղների՞ց ինչ եք ուզում: Ո՞րն է մանուկների, կանանց, ծերերի, հազարավոր անտեղյակների հանցանքը: Իմամը` ղուրանը փոխարինելով շերիֆով (ոստիկանապետով), ընդհանուր ջարդ է քարոզում: Թող գնա՛, քարոզի՛: Դուք կարդացե՞լ եք այդ գիրքը, ո՛չ: Ուրեմն չե՞ք մտածում, որ իմամը կարող է ձեզ խաբել կամ սխալեցնել: Դուք այդ ի˜նչ տեսակ ապիկար մարդիկ եք, որ ձեր տունը քանդելու և ձեր վրա հրեղեն անեծքներ տեղացնելու համար կուրորեն հետևում եք մի քանի մարդկանց խոսքերին:

Ծեր կինը լռեց:

- Բայց, մայր, - ասաց Աբդուլլան ակնածանքով, - Նվարդը և Գևորգը ...

- Նվարդը և Գևորգը, - ընդմիջեց ծեր կինը, - սովալլուկ գայլերի առջևից հուսահատորեն փախչող գառնուկների նման, մեկը մյուսին գրկած, առանց գիտենալու թե ուր են գնում, ինքնաբերաբար այստեղ ընկան: Այո՛, Նվարդը և Գևորգն այստեղ են: Բայց արդյոք քաջություն և վեհանձնություն կունենա՞ս նրանց պաշտպանելու` եթե անխիղճ, անհավատ մուսուլմանները նրանց ոչնչացնել ուզեն:

Հետո, դեպի դուռը դառնալով, ծեր կինը շարունակեց.

- Ներս եկե՛ք, զավակներս, մի վախեցեք, քանի այս դողդոջ ձեռքերն ու ատամնազուրկ բերանը փաթաթված չէ պատանքի մեջ` ձեր մազին իսկ դիպչող չի լինի:

Մի պահ, ինքս ինձ մոռացած, հետաքրքրությամբ դռան կողմը նայեցի:

Գրեթե տասնվեց տարեկան մի աղջիկ, վեց-յոթ տարեկան մի տղայի ձեռքը բռնած, ներս մտավ: Աղջկա խարտյաշ և անխնամ մազերը թափված էին մեջքն ի վար, սև և ազնվահայաց աչքերն ուռել էին լացից, բարձր հասակը կորացած էր: Տղան` Գևորգը, մի սիրուն փոքրիկ տղայիկ էր` վախից խոշորացած աչքերով: Երկուսն էլ պատառոտված ցնցոտիներով էին:

- Եկեք զավակներս, ձեր երկրորդ մոր գիրկն ընկեք, - ասաց ծեր կինը հենակները նետելով և բացելով թևերը: - Մի վախեցեք, թեև ծեր եմ, բայց ձեզ պաշտպանելու համար բավական մայրական գորով ունեմ իմ պառաված սրտիս մեջ: Ով որ էլ լինեն ձեր հայրն ու մայրը, թող Աստծու օրհնությունը լինի իրենց վրա, որ այս դժոխային օրերին ինձ իմ հանգուցյալ ամուսնուս հաճելի մի գործ անելու հնարավորությունը տվեցին:

Գուշակո՞ւմ եք արդյոք, թե այդ պահին ինչ էր անցնում իմ մտքով: Առանց այդ ծեր կնոջ բարեսրտությանն ու անկեղծությանը կասկածելու, մտածում էի, որ այն երկու որբերը ժամեր անց իրենք էլ իրենց ազգակիցների բախտին պիտի արժանանան, Աբդուլլան նրանց համար մի՞թե իրեն պիտի մահառիթ վտանգի ենթարկեր:

Հիվանդ մանուկն իրար ետևից սկսեց զկռտալ, ինչը առանձնապես մի բարի նշան չէր: Բայց մանկան մոր մոտ մի հույս ծագեց:

- Նվարդ և դու` Գևորգ, - ասաց որբերին, - դուք հազիվ էիք ներս եկել, ահա պստի¬կիս ձայնը լսվեց: Խնդրում եմ աղոթեք, որ Աստված կատարյալ առողջություն շնորհի զավակիս:

Օրիորդն ու տղայիկը վարանած կանգնել էին:

- Ձագուկներս, մի վախեցեք, - ասաց ծեր կինը, - ձեր լեզվով ու ձեր ձևով աղոթեք, թերևս Աստված ձեր անմեղ ձայնը լսի:

Որբերը խաչակնքելուց հետո ծնկի էին եկել, երբ մի թուրք տղա ներս վազեց ու գոչեց.

- Ֆաթմա տատ, մայրս է սա ուղարկել, ասում է, որ եթե խաշես ու ջուրն Օսմանին խմեցնես, հիվանդությունն անմիջապես կանցնի:

- Տուր տեսնեմ սա ի՞նչ է, - ասաց ծեր կինը:

Տղան կարմիր շորով մի փաթեթ դրեց նրա ձեռքերի մեջ ու ասեց.

- Մոր արգանդից հանված մի գյավուրի սիրտ է:

Գրեթե նույն վայրկյանին Աբդուլլայի կինը բղավեց:

- Ա¯խ, Օսմանս մեռավ:

Եվ մինչ ծեր կինը անլուր անեցքներ տեղալով բերողի երեսին էր շպրտում փաթեթը, մինչ Նվարդն իր եղբորը գրկած ուժեկորույս ընկավ վար, մինչ որդեկորույս մայրն իր զավակի դին կրծքին էր սեղմել, Աբդուլլան քաշեց թևս և ուզեց ինձ սենյակից դուրս հանել:

- Շուտ մեկնեք, - ասեց, - իրավունք չունենք ժամանակ կորցնել:

Անշուշտ իրավացի էր: Յուրաքանչյուր վայրկյան կարող էր ճակատագրական լինել ինձ համար: Ես էլ էի ուզում անմիջապես հեռանալ այդ «վայոց ձորից», որ, միաժամանակ, հրաբխային երկունքի մեջ տնքում էր: Րոպե ասաջ, առանց ետ նայելու, ուզում էի փախչել: Բայց ոտքերս կաշկանդում էին Նվարդը և Գևորգը` այդ երկու անօգնական որբերը, որոնք, անտարակույս, մահվան դատապարտված լինելով հանդերձ` հրաշալի կերպով ազատվելուց հետո, մի զույգ տատրակի նման ընկել էին անգղների երամի մեջ: Ճիշտ է, այնտեղ իրենց մի բարեկամ կար` ի դեմս մի թրքուհու, բայց այդ կինը մինչև ե՞րբ կարող էր պաշտպանել նրանց, և միթե՞ կկարողանար նրանց պաշտպանել, երբ ինքը գրեթե անշարժ մի հաշմանդամ էր: Ուստի ուզում էի նրանց էլ տանել հետս և աչքերս չէի կարողանում հեռացնել նրանց ուժեկորույս մարմիններից:

Կարծես` ծեր կինը կռահեց տագնապալի միտքս:

- Քրիստոնյա, - ասաց, - դու ուշանալովդ քո կյանքն ես վտանգում, առանց որևէ մեկին օգտակար լինելու: Նվարդը և Գևորգը քեզ հետ չեն կարող մեկնել. այս պահին նրանց տնից դուրս հանելը նշանակում է նրանց գլուխները սրին հանձնել: Դու գնա և վստահ եղիր, որ նրանց ամենափոքր վնաս իսկ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Աստված հոգիս չի առել: Նրանք իմ զավակներն են: Ծեր կնոջ պատճառաբանություններն անվիճելի էին: Ուստի, ակամա, հեռացա:

Լույսը նոր էր բացվում: Աբդուլլան բերեց նոր զգեստս, որ, լավ թե վատ, հարմարեցրի ինձ: Դուրս եկանք տնից և ճամպրուկներս վերցնելու համար ուղղվեցինք դեպի խանութ: Ես համարյա կիսամեռ էի: Կարմիր փաթեթը սառեցրել էր արյունս:

Հայոց թաղամասին էինք մոտենում, երբ մի խումբ հրեաների հանդիպեցինք. սրանք անձայն, անշշուկ, իբր ճակատագրով դատապարտվածներ, իրենց ետևից քաշ էին տալիս դիակներ, որոնց գլուխների` չարաշուք համաչափությամբ ու ոստոստումով քարերին զարնվելու և փողոցի արյունալի փոսորակների մեջ ընկնելու խուլ ձայները խանգարում էին գիշերվա լռությունն ու մահառիթ ոգևորությամբ էին օժտում թաղամասի ամայությունը, որի բոլոր տների դռները կոտրատած էին և փողոց էին նետված: Շատ անգամ թանձրացած արյան միջով էինք քայլում, և երբեմն ոտքերս բախվում էին մարմինների բեկորների: Հասնում էինք խանութին, երբ սարսռեցնող ձայներ լսելով շրջեցի գլուխս և արշալույսի աղոտ լույսով ականատես եղա աննկարագրելի, անլուր, հրեշային մի եղելության, որ ինձ դրդեց կորցնել զգուշությունս և խոհեմությանս բնազդը: Թաղամասից դուրս, խանութից քիչ այն կողմ նախորդ օրվա մարդասպաններն առանց խղճի և տարրական պատկառանքի ամենավերջին տանջանքների էին ենթարկում կանանց, աղջիկներին և մանուկներին:

Չկարողանալող զսպել ինքս ինձ, ամբողջ ուժով փախա ...

Երևի Աբդուլլան գալիս էր ետևիցս, որովհետև երբ դուրս ելա քաղաքից զգացի, որ մեկը բռնեց քղանցքիցս:

- Փախչելով մեծ անմտություն արեցիր, - ասեց ինձ, - բարեբախտաբար տղաները զբաղված էին ու ուշադրություն չդարձրին քեզ վրա, իսկ հրեաները խիստ գաղտնապահ են: Սպասի՛ր այստեղ: Գնամ, ուղարկեմ ճամպրուկներդ ու մեկին, որ քեզ Դիարբեքիրի քարավանին հասցնի, որը իջևանել է մոտակայքում:

Մի ժամ անց սարավանդի վրա էի գտնվում, երբ արևակարմիր երկինքը խավարեց թանձր ծխով, մինչդեռ սրտակեղեք վայնասունները, դժոխային քրքիջների ներքո, թնդեցնում էին օդը:

Մեծ ողբերգության վերջին տեսարանն էր. Ուրֆայի Հայոց եկեղեցին, որ թուրքերն ու համիդիները հրկիզել էին, իր բոցավառ փլատակների տակ թաղում էր երկսեռ և տարբեր հասակի ութ հազար դժբախտներին, որոնց կառավարությունը քշել ու հավաքել էր այդ սրբավայրում:

Սոսկումով և նողկանքով համակված քառատրոփ հեռացա նախճիրների և ոճիրների այդ բույնից»:

Ալֆրեդ Պ-ի պատմությունն ավարտվեց:

***

Հաջորդ օրը հոգեկան խանգարվածին տարա Ալեքսանդրիայի հայկական պանդոկը:

Երկու օր անց իր մի քանի բարեկամների միջոցով նրան տարան Մարսել, ուր ինչքան ժամանակ ի վեր գտնվում էր նրա ընտանիքը:

ՎԵՐՋԱԲԱՆ

Ուրֆայի կոտորածի այս միջադեպը դարձյալ վերհիշեցի, երբ նախորդ օրը երկու ծրար ստացա: Մեկի մեջ մի գրքույկ էր, որ պատմում էր Բեյրույթի առաջնակարգ վարժարաններից մեկում պարգևների բաշխման մասին: Հիշյալ գրքույկը թերթելով հանդիպեցի կապույտ մատիտով ընդգծված հետևյալ անվանը:

«Գևորգ Խաչոյան, որբ, ուրֆացի...» և հետո` շահած մրցանակների թվարկումը:

Երևում է ուրֆացի որբը աշխատասեր է և ուշիմ, ինչը մեզ հույս է ներշնչում, որ պատվաբեր մի անդամն է դառնալու իր ազգի:

Երկրորդ ծրարի պարունակությունը, որ ֆրանսերեն էր, բառացի թարգմանում եմ ներքո.

«Բեյրութ, 8 սեպտեմբերի 1901թ.

Տեր և տիկին Հաբիբ Պ. պատիվ ունեն Ձեզ ծանուցել իրենց որդվոց` Ալֆրեդ Պ-ի ամուսնությունը, ընդ` օրիորդ Նվարդ Խաչոյանի, որ տեղի ունեցավ այս ամսվա 2-ին»:

... Ծեր թրքուհին կատարել էր իր խոստումը:



© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am