07.07.2009
Պատմական անհերքելի փաստ է, որ թուրքական թատրոնի սկզբնավորումը և գոյության առաջին հիսուն տարիների պատմությունը սերտորեն կապված է հայերի հետ: Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ Օսմանյան կայսրություն թափանցող եվրոպական նորամուծությունների առաջին արձագանքողներն ու կրողները հայերն ու հույներն էին: 1850-ական թվականները կարելի է համարել արևմտահայության մշակութային վերելքի շրջան: Այնպիսի կարևոր հայաշատ կենտրոններում, ինչպիսին Կ.Պոլիսն ու Զմյուռնիան էին, ժամանակի նորամուծությունների պահանջներին համապատասխան զարթոնք ապրեց հայկական դպրոցն ու մամուլը, գիտությունն ու գրականությունը: Բազմաթիվ հայ երիտասարդներ այս ընթացքում կրթություն էին ստանում Եվրոպայում, որտեղից իրենց հետ բերում էին բազմաթիվ նորամուծություններ: Դրանց թվին էր պատկանում նաև թատրոնը, որը խանդավառությամբ ընդունվեց արևմտահայերի կողմից:
Դեռևս 1859 թ. Պոլսի Բերա թաղամասում Սրապիոն Հեքիմեանը, ով հայկական վարժարաններում պարբերաբար ներկայացումներ էր բեմադրում, կարճ ժամանակում թատրոնը վարժարանական սրահներից փոխադրեց պրոֆեսիոնալ բեմ և ձևավորեց առաջին արևմտահայ կանոնավոր թատրոնը`«Արևելյան թատրոնը»: Չնայած իր ունեցած կարճատև կյանքին, «Արևելյան թատրոնը» մեծ հաջողություններ ունեցավ: Արևմտահայ բեմի լավագույն դերասանները` Էքչեան, Ֆասուլեաճեան, Մնակեան, Պենկլեան, Թրեանց, Աճէմեան, Արուսեակ և այլոք` որպես հմուտ դերասաններ կազմավորվեցին հենց այս թատրոնում:
Ս. Հեքիմեանի «Արևելյան թատրոնում» բեմադրած մի շարք գործերում որպես սկսնակ դերասան խաղացել է նաև Հակոբ Վարդովեանը, ով, ճիշտ է, չէր փայլում դերասանական տաղանդով, սակայն հետագայում դարձավ թուրքական թատրոնի հիմնադիրն ու զարգացնողը: «Արևելյան թատրոնի» փակվելուց հետո Վարդովյանը մի քանի երիտասարդների հետ խումբ կազմեց և, վարձելով Կէդիկ Փաշայի կրկեսը, 1867թ. այն վերածեց թատրոնի: Կարճ ժամանակում Վարդովյանի թատրոնը մեծ համբավ ձեռք բերեց: Կազմակերպելով շրջիկ ներկայացումներ Կ.Պոլսի արվարձաններում` Սկյութարում, Գատը-Գյուղում, Բերայում, նրան հաջողվեց գրավել Պոլսի հասարակության ուշադրությունն ու համակրանքը:
Մինչև Վարդովեանի «Օսմանյան թատրոնը» ոչ ոք չէր փորձել թուրքերեն լեզվով ներկայացումներ բեմադրել: Առաջին անգամ 1869թ. Կէդիկ Փաշայի թատրոնի բեմում թուրքերենով նա բեմականացրեց «Ցեզար Բորջիա» պիեսը: Այս քայլին դիմելու համար Վարդովեանը երկու կարևոր պատճառ ուներ` մի կողմից թատերախումբը հայտնվելու էր թուրք հեղինակավոր մարդկանց հովանավորության տակ, մյուս կողմից թուրք հանդիսատեսին կապելով թատրոնի հետ` ապահովելու էր լրացուցիչ եկամտի աղբյուր: Նրա երկու հաշվարկներն էլ ճիշտ դուրս եկան: Կ.Պոլսում միայն Վարդովեանի թատրոնին իրավունք վերապահվեց կրելու «Օսմանյան Թատրոն» անվանումը, և նրա ձեռք բերած այս մենաշնորհը պահպանվեց թատրոնի գոյատևման շուրջ տաս տարիների ընթացքում: Վարդովեանի թատրոնի ներկայացումները միշտ անցնում էին լեցուն դահլիճներում, ինչն էլ հնարավորություն էր տալիս նրան բարձր հոնորարներ տալ իր դերասաններին:
Արդեն 1870-ականներին «Օսմանյան թատրոնը» այնպիսի հաջողությունների էր հասել, որ կարող էր մրցել ժամանակի լավագույն եվրոպական բեմերի հետ: Երբ 1876թ. Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ Սոլսբերին դիվանագիտական հատուկ առաքելությամբ ժամանեց Կ.Պոլիս, Վարդովեանի թատերախումբը Կէդիկ Փաշայի թատրոնում երեք ներկայացումներ տվեց, որոնց ներկա գտնվեցին կայսերական ավագանին և անգլիացի դիվանագետն ու իր ուղեկիցները: Այս հանգամանքը վկայում է այն մասին, թե որքան կարևոր էր այս թատրոնի դերը Օսմանյան կայսրության մայրաքաղաքում:
«Վարդովյան» կամ այսպես կոչված «Օսմանյան թատրոնի» կազմալուծումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Աբդուլ Համիդը հրամայեց մեկ օրում հիմնահատակ քանդել թատրոնի շենքը: Պատճառն Ահմեդ Միդհատի «Չերքեզ Էոզդենները» ներկայացումն էր, որը սուլթանի չերքեզ թիկնապահների մեջ մեծ վեճի առիթ էր տվել: Պալատի ներքին խաղաղությունը վերականգնելու համար Աբդուլ Համիդը այլ միջոց չէր գտել. նա հրամայել էր քանդել թատրոնի շենքը և ցրել թատերախումբը:
Թուրքական դասական դրամատուրգիայի բուռն զարգացումը զուգադիպեց Վարդովեանի ջանքերով ստեղծված «Օսմանյան թատրոնի» գործունեության հետ: Եթե թատրոնը սկզբնական շրջանում բեմադրում էր թարգմանություններ, ապա հետագայում Վարդովյանի պատվերով և քաջալերանքով բազմաթիվ թուրք հեղինակներ սկսեցին պիեսներ գրել այս թատրոնի համար, որոնց թիվը կարճ ժամանակում անցավ հարյուրից: Դրանց շարքում էին ժամանակի թուրք դասական բոլոր հեղինակների գործերը, ինչպես օրինակ Նամըք Քեմալի «Վաթան կամ Սիլիստրան», «Խեղճ երեխան», «Աքըֆ բեյ» և «Գյուլնիհալը», Ահմեդ Միդհատի «Չերքեզ Էոզդենները», Շեմսեդդին Սամիի «Բեսան», Աբդյուլ Հակ Համիդի «Հնդկուհին», Էպու Զիա Թեֆիկի «Արկածամահը» Ռիջաիզադե Էքրեմի «Վուսլուաթը», Մանաստրըլ Մեհմեդ Ռիֆատի ստեղծագործությունները, Հասան Բեդրեդդինի քսանից ավելի փոխադրություններն ու մի քանի ինքնուրույն գործեր, Ահմեդ Վեֆիկ փաշայի Մոլիերից կատարած թարգմանություններից մի քանիսը, Ալի Հայդար բեյի «Արսասը» և այլ գործեր:
Ռուդոլֆ Թալասոն, ով հանդիսացել է Վարդովեանի ժամանակակիցը և գրել է թուրքական թատրոնի պատմությունը, «Օսմանյան թատրոնի» տասնամյա գործունեությունը համարում է թուրքական թատրոնի ամենափայլուն շրջանը: Ահմեդ Ֆեհիմը (1856- 1930թթ), ով համարվում է թուրք առաջին դերասանը և հիսուն տարի հանդիսացել է թուրքական թատրոնի աչքի ընկնող դեմքերից մեկը` թե որպես դերասան ու ռեժիսոր, թե որպես թատերախմբի ղեկավար, իր բեմական առաջին քայլերը 1876թ. կատարել է Հակոբ Վարդովեանի «Օսմանյան թատրոնում»: Այստեղ նրա առաջին ուսուցիչը եղել է Թովմաս Ֆասուլաճեանը: Վարդովյանի թատերախմբի քայքայումից հետո նա Ֆասուլաճեանի հետ մեկնում է Բուրսա, ուր շարունակում է իր գործունեությունը դարձյալ հայ արվեստասերների շրջանում: Ավելի ուշ, իր հուշերում նա շատ բարձր է գնահատել Վարդովեանի թատրոնի դերն ու առաքելությունը` այն համարելով առաջին թուրքական պրոֆեսիոնալ թատրոնը:
Թուրքական թատրոնի մեկ այլ պատմաբան` Մեթին Անդը, Վարդովեանի թատրոնին անդրադառնալիս նշում է, որ վերջինս այնքան պրոֆեսիոնալ մակարդակի թատերախումբ ուներ, որի նմանը չի ստեղծվել անգամ 1908 թ. Օսմանյան սահմանադրության վերահաստատումից հետո:
Այսպիսով, հայերը մեծ դեր են ունեցել թուրքական թատրոնի հիմնադրման և զարգացման գործում, և այս հանգամանքը գնահատվել է թե հայ և թե թուրք թատերագետների ու թատրոնի պատմաբանների կողմից: