10.03.2011
Պատմության ընթացքում առնվազն երեք անգամ Թուրքիան փորձել և մինչ օրս փորձում է իրականացնել ցեղասպանական գործողություններ` Ղարաբաղի հայ բնակչության լիակատար բնաջնջման կամ բռնագաղթի ուղղությամբ: Հայաստանին նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը, ներառյալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ճնշումներ գործադրելու քաղաքականությունը և Հայաստանից ցանկալի զիջումներ ստանալու ձգտումը, պատմական համատեքստի տեսանկյունից շատ արդիական է թվում և հղումները պատմական փաստերին, այս տեսանկյունից օգնում են լույս սփռել Ղարաբաղյան հարցի շուրջ «թուրքական ռազմավարության» ակունքների վրա:
Առաջին փորձ
Օսմանյան կայսրության սահմանների ընդլայնումը Կովկասի ուղղությամբ սկսվեց տասնվեցերորդ դարից: Թուրքական զորքերը դեպի Կասպից ծովի ափերը տանող ճանապարհին բազմիցս բախվեցին Արցախի (Ղարաբաղի) հայերի համառ դիմադրությանը և բազմիցս պարտություն կրեցին արցախահայերի կազմակերպված դիմադրությունից: 1725 թվականին սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հայերին բնաջնջելու հատուկ ֆեթվա (հրաման) արձակեց օսմանցիներին հաջող դիմադրություն կազմակերպած հայերի դեմ՝ հրամայելով սպանել բոլորին` մեղադրելով ռուսներին Կովկաս բերելու և օսմանցիների մուտքը դեպի Բաքու շրջափակելու համար: Ղարաբաղում հայերի կողմից գերի վերցված Սալեհ փաշայի վկայությունները խոսուն փաստ է դնում թուրքական սուլթանի` Ղարաբաղի հայերին գլխովին բնաջնջելու նպատակադրության մասին: Սալեհ փաշան խոստովանում է.
«Սուլթանը հրամայել է բնաջնջել հայերին և ղզլբաշներին (շիաներ – Հ.Դ.), քանի որ ռուսաց ցարի զորքերը զավթել են Կասպից ծովի այդ ափը և մենք ստիպված ենք հարձակվել նրանց վրա: Մենք պետք է հեռացնենք հայերին, ովքեր կարծես սեպ լինեն մեր միջև: Մենք պետք է ոչնչացնենք մեր ուղու վրա հայտնված ցանկացած խոչընդոտ և բացենք ճանապարհը: Չլինեիք դուք` հայերդ, մենք վաղուց արդեն ոտք դրած կլինեինք հնուց ի վեր մեզ պատկանող Դերբենտ և Բաքու»: 18-րդ դարի այս փաստաթղթում մենք տեսնում ենք հայերի հանդեպ թրքական մոտեցման ծագումնաբանությունը, որոնց հետագայում Թուրքիան կմեղադրվի Ստամբուլի և թրքական Արևելքի միջև անմիջական կապը խափանելու մեջ: Կորցնելով հազարավոր զինվորներ և փաշաներ` ձախողվեց Ղարաբաղը միացնելու և օսմանյան ուժերն այնտեղ տեղավորելու սուլթանի և նրա դաշնակիցների փորձերը: Արցախահայերի դեմ Օսմանյան ցեղասպանության առաջին փորձը հաջողություն չունեցավ, բայց դա դեռ սկիզբն էր…
Երկրորդ փորձ
Ղարաբաղի հայ բնակչության ոչնչացման երկրորդ փորձը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան զորքերի կովկասյան տարածաշրջան ներխուժելուց հետո, երբ թրքական աջակցությամբ ստեղծվեց արհեստածին մի պետություն, որին երիտթուրքերը կնքեցին «Ադրբեջան» անվամբ: Այն հյուսիսային Իրանի նահանգներից մեկի անունն էր և հեռահար նպատակ կար վերջինս կցել նորաստեղծ Ադրբեջանի հանրապետությանը: Բայց սա թրքական պետություններ ստեղծելու օսմանյան նախագծի միակ օրինակը չէր: Սրան հաջորդեցին «Արազի հանրապետության» և «Հարավ-արևելյան կովկասյան ժողովրդավարական հանրապետության» հռչակումը, որպես քայլ` թրքական էքսպանսիային նպաստելու համար (նմանօրինակ քաղաքականության ժամանակակից օրինակ է 1974 թվականին թուրքական զորքերի ափհանումը Հյուսիսային Կիպրոսում և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ստեղծումը): Օսմանյան բանակի կովկասյան արշավն ավարտվեց Բաքու քաղաքի գրավումով և 1918 թվականի սեպտեմբերի 15-ին քաղաքում մնացած հայ բնակչության դեմ իրագործված դաժան կոտորածներով: Բաքուն գրավելուց հետո Օսմանյան ուժերը նոր ռազմարշավ սկսեցին, այս անգամ «խաղաղեցնելու» հայաբնակ Ղարաբաղը: Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշան, ով 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր իրագործողներից մեկն էր, հրամայեց իր զարմիկին` Ադրբեջանում թուրքական զորքերի հրամանատար Նուրի փաշային,
«մաքրել Ադրբեջանը ռուսներից և հայերից` ապահովելու թուրքական տարածքային շարունակականությունը համար»: Այս հրամանից մեկ շաբաթ անց Թուրքիան ընդունեց իր պարտությունն Առաջին համաշխարհային պատերազմում: Օսմանյան բանակը իր վերջին պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմում կրեց հենց Ղարաբաղում, երբ դարանակալած հայ գյուղացիները հարձակվեցին Հադրութի շրջանի գյուղերի դեմ պատժիչ արշավ իրականացնող օսմանյան բանակի զորաջոկատի վրա և կոտորեցին մոտ չորս հարյուր թուրք զինվոր: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և Թուրքիայի նահանջը ձախողեց ցեղասպանության երկրորդ փորձը: Ավելի ուշ, ի հետևանք բոլշևիկյան և քեմալական համաձայնության, 1921 թվականին Ղարաբաղը բռնակցվեց Սովետական Ադրբեջանին:
Երրորդ փորձ
Չէի ցանկանա պնդել, որ ցեղասպանության երրորդ փորձը Ղարաբաղի հայերի բնաջնջման ուղղակի քաղաքականություն էր Թուրքիայի կողմից, սակայն Անկարայի լիակատար աջակցությունն Ադրբեջանին, վերջինիս կողմից մարդկության դեմ հանցագործությունների իրականացման և հայ բնակչության արտաքսման փորձերը թույլ են տալիս պնդելու, որ Թուրքիան, ուղղակիորեն, ներգրավված էր Ղարաբաղում հայերի դեմ նոր ցեղասպանություն իրագործելու փորձի մեջ: Բավական է միայն ասել, որ թուրքական կանոնավոր բանակի հարյուրավոր զինվորներ և սպաներ, ներառյալ տասը գեներալ, ներգրավված էին հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողություններում: Կրկին Թուրքիան դարձավ պարտված կողմ, այս անգամ Ադրբեջանի հետ միասին` դառնալով Բաքվի ստորացուցիչ պարտությունների պասիվ դիտորդը:
Հիմնվելով վերոհիշյալ փաստերի և արձանա-գրությունների վրա` կարող ենք պնդել, որ 1. Թուրքիան կանգնած է Ղարաբաղյան հարցի առաջացման հիմքում, երբ ստեղծեց ադրբեջանական պետությունը և փորձեց բռնակցել հայաբնակ տարածքը վերջինիս: 2. Բացահայտորեն աջակցելով Ադրբեջանին` Թուրքիան դարձավ Ղարաբաղյան հիմնախնդրի կողմերից մեկը:
Ղարաբաղյան հիմահարցում թուրքական միջամտությունն ու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը Թուրքիային վերածեց ավելի շատ հիմնախնդրի, քան թե դրա հանգուցալուծման մասը: Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտության ոլորտում ներառում է հետևյալ բաղադրիչները` ռազմական միջամտության սպառնալիք, զինուժի ցուցադրություն, Հայաստանի նկատմամբ էներգետիկ և տրանսպորտային շրջափակում, ռազմական աջակցություն Ադրբեջանին, հակահայկական կոալիցիայի ձևավորմանն ու Հայաստանի տեղեկատվական մեկուսացմանն ուղղված նախաձեռնությունների մշակում և իրականացում, միջազգային կազմակերպություններում ադրբեջանական շահերի բարձրաձայնում:
Մշտական ռազմական սպառնալիքներն ու լարվածություն առաջացնելու փորձերը, Հայաստանին տարածաշրջանային ու միջազգային քաղաքակա-նության մեջ շրջափակելու փորձերը ուղղակի սպառնալիք ստեղծեցին Հայաստանի և Ղարաբաղի համար: Հենվելով վերոհիշյալ փաստերի վրա, կարող ենք պնդել, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ թուրքական մոտեցումները (պատմական և ժամանակակից) որոշ առումով Ղարաբաղը վերածեցին թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտի սուլթանական, երիտթուրքականների և քեմալականների/հանրապետականների կողմից: Ավելին, Օսմանյան Թուրքիայի կողմից ստեղծված ադրբեջանական պետությունը ժառանգեց ժողովրդագրական ինժեներիայի թուրքական կոդը, այսինքն` ցանկացած ազգային կամ փոքրամասնությանը վերաբերող խնդիր բռնի արտաքսման կամ զանգվածային սպանությունների միջոցով լուծելու եղանակը` այսպիսով ճանապարհ հարթելով «անվտանգ և ապահով» ազգային պետության ստեղծման համար: Թուրքիայի և Ադրբեջանի ազգային պետությունները ձևավորվել են ժողովուրդների բնաջնջումների ու բռնաճնշումների արդյունքում, և ապագայում այս հանգամանքները լուրջ հետևանքներ են ունենալու երկու պետությունների համար:
Եռակի ցեղասպանական փորձերը արցախահայության դեմ և Թուրքիայի պարտությունների փաստը պետք է որ պարզ ուղերձ հանդիսանա Անկարայի համար. Թուրքիան պետք է ընդունի հայերի և «Pax Ottomanica»-ի շատ ուրիշ ազգերի դեմ իրագործած ցեղասպանությունները, իսկ սեփական պատմության վերաշարադրումն անհրաժեշտությունը բխում է սեփական պատմության ու հիշողության հետ «զրոյական խնդիրներ» ունենալու հրամայականից, քանզի Realpolitik-ը լուծում չի հանդիսանում երկրի ներկայիս ազգային ու պետական ինքնությունների ճգնաժամերի հաղթահարման համար:
Այս պարագայում Թուրքիայի համար այլընտրանք չկա:
[1] Армяно-русские отношения, Ереван. 1967, том. II, часть II, документ 315.
[2] FO 371/3388, file 1396, no. 173495, the Director of Military intelligence’s no. B. I/565 (M.I.2), secret to the Under Secretary of State for Foreign Affairs, dated 18 Oct. 1918 see Jacob Landau. Pan-Turkism. From Irredentism to Cooperation. London, 1995. P. 55.
[3] Гайк Демоян. Турция и Карабахской конфликт. Ереван, 2005
Հայկ Դեմոյան
Տարածել