07.07.2016
ՀՑԹԻ գիտաշխատողներ Էդիտա Գզոյանը և Շուշան Խաչատրյանը մասնակցել են Երուսաղեմում հունիսի 26-29-ը անցկացվող Ցեղասպանագետների միջազգային ցանցի 5-րդ համաշխարհային խորհրդաժողովին: «Հատման կետեր՝ Հոլոքոսթի հետազոտություն, ցեղասպանության ուսումնասիրություն և զանգվածային բռնության պատմությունները» խորագիրը կրող գիտաժողովի անցկացմանը աջակցել էին Երուսաղեմի հրեական համալսարանը և Վան Լիր ինստիտուտը, «Ռոզա Լյուքսեմբուրգ» հիմնադրամի իսրայելյան գրասենյակը, Իսրայելի Բաց համալսարանը, գիտական այլ կառույցներ, նաև՝ Երուսաղեմի հայ համայնքը:
Գիտաժողովը նպատակ և շեշտադրում ուներ ցույց տալու , որ ցեղասպանությունների ուսումնասիրման ոլորտը դարձել է համալիր և բազմակողմանի՝ հարթակ բացելով նոր գիտական հարցադրումների և հեռանկարների համար:
ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Էդիտա Գզոյանը հանդես է եկել «Պաշտպանելով ճշմարտությունը՝ Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության ժխտման համեմատական վերլուծություն» զեկույցով: Կրտսեր գիտաշխատող Շուշան Խաչատրյանը ներկայացրել է «Կայենի սինդրոմը՝ ցեղասպանության գաղափարախոսությունները համեմատական տեսանկյունից» զեկույցը: