05.03.2018
Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի, Երևան քաղաքի ավագանու անդամների ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:
Լիոնի քաղաքապետը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Պատվիրակության անդամներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան ցուցադրությանը: Լիոն քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը գրառում կատարեց թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Լիոնի քաղաքապետը նաև եղևնի տնկեց Հիշողության պուրակում: