08.06.2018
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Հայկ Դեմոյանը ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը: Սամանթա Փաուերը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեց ցուցանմուշները, հնարավորություն ունեցավ դիտելու նաև Ավրորա Մարդիգանյանին նվիրված ժամանակավոր ցուցահանդեսը։
Սամանթա Փաուերը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նրան տրվեց ՀՑԹԻ հրատարակություններից՝ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» և «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը», և Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալ: