17.07.2018
Հուլիսի 17-ին, ժամը 13:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Դանիէլ» ֆիլմի ցուցադրությունը:
Հյուրերին ողջունեց և Դանիել Վարուժանի կենսագրությունը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը:
1915 թվականին արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ձերբակալության և սպանության պատմությունը նկարագրող «Դանիէլ» կարճամետրաժ կինոնկարը նկարվել է նուար ոճում՝ արևմտահայերեն և անգլերեն լեզուներով: Ֆիլմը համեմված է վարուժանական պոեզիայով:
Միջոցառմանը ներկա էր ֆիլմը ստեղծագործական կազմը՝ բրիտանահայ ռեժիսոր Կարօ Պէրպէրեանի գլխավորությամբ: Ռեժիսորը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հյուրընկալության և ցուցաբերած աջակցության համար:
Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան, այնուհետև ներկաները հնարավորություն ստացան ունկնդրելու Վարուժանի պոեզիան և ծանոթանալ կյանքի մանրամասների հետ:
Դերասաններ Տիգրան Գաբոյանը և Եղիա Ակգունը պատմեցին Վարուժանի կյանքը իր բանաստեղծություններով և նամակներով։
ՀՑԹԻ հատուկ այս միջոցառման համար պատրաստել էր նաև Վարուժանի կյանքը և ստեղծագործությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություն:
Ֆիլմում անգլերենով հնչում է նաև բրիտանացի գրող Բեն Հոջսոնի պոեզիան, որը կարդում է «Մատանիների տիրակալը», «Գահերի խաղը» ֆիլմերից հայտնի Շոն Բինը: Կինոժապավենում հնչում են Ֆիլիպ Գլասի, Մայքլ Նայմանի և Տիգրան Համասյանի երաժշտական ստեղծագործությունները:
Ֆիլմն այս տարի մասնակցում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, իսկ տարեսկզբին Բերմուդայի միջազգային կինոփառատոնում հաղթել էր «Հանդիսատեսի մրցանակ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում: