18.04.2018
Ս.թ. ապրիլի 12-13-ը Կահիրեում տեղի ունեցավ «Եգիպտոսի հայերը» խորագրով գիտաժողով, որտեղ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատողներ Միհրան Մինասյանն ու Նարինե Մարգարյանը հանդես եկան զեկուցումներով՝ «Եգիպտահայ արաբագիր հեղինակներ» և «Եգիպտահայության օժանդակությունը Հայոց ցեղասպանությունը վերապրածներին» թեմաներով:
Միհրան Մինասյանի զեկուցման շրջանակում հատուկ անդրադարձ կատարվեց արաբերենով ստեղծագործած եգիպտահայ գրողներին, ովքեր իրենց ուրույն տեղն ունեն արաբական գրականության մեջ: Ժամանակագրական առումով առաջին գրողներն են եղել Եգիպտոսի բանաստեղծ-կառավարիչներ Ալ-Աֆդալ իբն Բադր Ալ-Ջամալին, Թալաա իբն Ռուզեյքը: Կարևոր աղբյուրագիտական նշանակություն ունի նաև 13-րդ դարում ստեղծագործած Ալ-Շեյխ Աբու Սալեհ Ալ-Արմանին, ով գրել է Եգիպտոսի վանքերի, եկեղեցիների և այդ շրջանում քրիստոնյաների պատմությունը:
Նարինե Մարգարյանի «Եգիպտահայության օժանդակությունը Հայոց ցեղասպանությունը վերապրածներին» զեկուցման շրջանակում ներկայացվեց Եգիպտահայության դերը: Հայոց ցեղասպանության տարիներին հայ տարագիրներին օգնություն ցուցաբերելու գործում Եգիպտոսը դարձավ հայկական կազմակերպությունների հիմնակետը և առաջինն արձագանքեց սիրիական անապատներում ապաստանած հայ գաղթականներին, որբերին ու այրիներին օգնելու ձեռնարկներին:
Գիտաժողովը կազմակերպվել էր Եգիպտոսի Հայոց թեմի Կահիրեի Ազգային առաջնորդարանի ու Հայկազեան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի համատեղ ջանքերով: Գիտաժողովի պաշտոնական բացմանը ներկա էին Եգիպտոսի հայոց առաջնորդ Գերշ. Տ. Աշոտ եպս. Մնացականյանը, Հայկազեան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Պոլ Հայդոստյանը, Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, ինչպես նաև եգիպտահայ համայնքի մտավորականներ ու անդամներ:
Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին եգիպտահայությանն առնչվող բազմաթիվ թեմաներ՝ եգիպտահայ գրատպության ու մամուլի սկզբնավորման, Եգիպտոսի կինոյի և թատրոնի հայ դերասանների, եգիպտահայ երկու կաթողիկոս-պատրիարքներ Գասպարյանի և Թարմունիի, ինչպես նաև Հայաստան-Եգիպտոս միջպետական կապերի վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց 1902 թվականից Կահիրեում հրատարակվող «Արտեմիս» և 1912 թվականից ՀԲԸՄ-ի պարբերական «Միություն» թերթերի գործունեությանը: Հնչեցին զեկուցումներ նաև 1950-1970 թվականներին Եգիպտոսից հայերի արտագաղթի, ինչպես նաև Սփյուռքահայության հետ Մշակութային կապի կոմիտեի գործունեության վերաբերյալ: