21.07.2018
Հուլիսի 20-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տեղի ունեցավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հարյուրամյակի առիթով կազմակերպվելիք տոնակատարությունների մեկնարկի հանդիսավոր արարողությունը:
Այս առիթով, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում վերաբացվեց «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ցուցադրությունը:
Պատմական միջոցառմանը ներկա էին ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը, Հայկ Դեմոյանը, բարձրաստիճան հյուրեր, ՀՄԸՄ նախկին և նոր անդամներ։
ՀՄԸՄ նվագախմբի ուղեկցությամբ` նախ կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության դրոշի բարձրացման արարողությունը, ապա ելույթով հանդես եկան Հայկ Դեմոյանը և ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը:
Այնուհետև բոլոր ներկաներով մասնակցեցին Հիշողության պուրակում ծառատունկին՝ Անթիլիասից, Պոլսից, Փարիզից և Արարատ լեռից բերված հողը խառնվեց պուրակի հողին: Տնկվեց արծաթափայլ եղևնի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին՝ ՀՄԸՄ 100-ամյակի առթիվ:
Ծառատունկից հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Անթիլիասում, Պոլսում, Փարիզում և Արարատ լեռան վրա վառված ջահերն էլ միացան հուշահամալիրի անմար կրակին:
ՀՄԸՄ 100-ամյակի տոնակատարությունների մեկնարկն ամփոփվեց Հայոց ցեղասպանության թանգարանում «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրության վերաբացումով: Բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը.
«Մեծ է ՀՄԸՄ դերը հայապահպանության գործում: ՀՄԸՄ-ը նպաստում է մեր նորահաս սերունդի ֆիզիկական առողջ կազմավորման և ազգային ու բարոյական արժեքների ձեռք բերմանը: ՀՄԸՄ-ը նաև կամուրջ է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման համար: ՀՑԹԻ –ը հատուկ ուշադրության է արժանացնում նախաեղեռնյան հայ կյանքի ուսումնասիրությանն ու լուսաբանմանը: Հայ մարմնակրթությունն այդ կյանքի կարևոր կողմերից է, հայերն են եղել Օսմանյան կայսրության մարզական կյանքի հիմնադիրները»:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտին տրվեց ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված ալբոմ և հուշանվեր:
Այնուհետև ներկաները ծանոթացան ժամանակավոր ցուցադրությանը, Հայկ Դեմոյանը մանրամասն ներկայացրեց ցուցանմուշների ու ցուցապաստառների պատմությունը: