Նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին`
ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժների կողմից
25.12.2009
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը յուրաքանչյուր տարի համալրվում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ու թանգարանային ցուցադրության կազմակերպմանը մեծապես նպաստող նորահայտ և բացառիկ թանգարանային արժեքներով, որոնք գերազանցապես ձեռք են բերվում թանգարանի բարեկամների ֆինանսական աջակցության և նվիրատվությունների շնորհիվ:
2009թ-ին «ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժներ»-ի կողմից հանգանակված գումարը որպես նվիրատվություն տրվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` գնումների միջոցով թանգարանի գիտական ֆոնդերը անհրաժեշտ նյութերով հարստացնելու համար:
Երիտթուրքերը և ճշմարտությունն Ադանայի հոլոքոստի մասին
11.12.2009
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակեց Ֆերրիման Դակետի` «Երիտթուրքերը և ճշմարտությունը Փոքր Ասիայում` Ադանայում, 1909 թվականի ապրիլին տեղի ունեցած հոլոքոստի մասին» աշխատությունը: Այն առաջին անգամ հրատարակվել է Լոնդոնում 1913 թվականին: Այս գիրքն արժեքավոր աղբյուր է 1909 թվականի Ադանայում տեղի ունեցած հայերի կոտորածների մասին, որը կարծես ազդարարում էր Օսմանյան թուրքերրի կողմից կազմակերպվելիք ցեղասպանությունը: Այս գիրքը մանրամասն նկարագրությունն է արյունոտ ջարդերի` կազմակերպված թուրքական իշխանությունների կողմից` Ադանա նահանգի թուրք բնակչության ակտիվ մասնակցությամբ:
Այդ արյունալի իրադարձությունները և բռնությունները ստացան հոլոքոստ (Ողջակիզում) անվանումը, քանի որ բազմաթիվ զոհեր ողջ-ողջ այրվել են: Ադանա քաղաքը և շրջակա հայկական քաղաքներն ու գյուղերը նույնպես հրի են մատնվել:
Ֆ. Դակետը գրքի ամենասկզբում գրում է.
Լատվիայի նախագահը հարգանքի տուրք մատուցեց
10.12.2009
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը, տիկնոջ՝ Լիլիտա Զատլերի հետ այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշարձանին: Այնուհետև նախագահ Վալդիս Զատլերսը և նրա գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ հյուրերը ծանոթացան ցուցադրությանը: Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը գրառում կատարեց տպավորությունների մատյանում. «Մարդկության հիշողությունը անհնար է ոչնչացնել, այն ապրում է հավերժ և փոխանցվում սերնդեսերունդ»: Լատվիայի նախագահը եղևնի տնկեց`ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:
Վալի ադ Դին Յաքուն ընդդեմ Ռեջեփ Թ. Էրդողանի
Մի մահմեդականի նախատինքը. հարյուրամյա պատասխան
ժամանակակից պնդումներին
09.12.2009
Բոլորովին վերջերս Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թ. Էրդողանը հանդես եկավ մի տարօրինակ հայտարարությամբ. «Ոչ մի մահմեդական չի կարող երբեք իրականացնել ցեղասպանություն» ( նոյեմբեր 8, 2009 Հյուրիեթ): Ավելի ճիշտ է ասել, որ, նույնիսկ մահմեդականները դիմադրում և բողոքում էին անմարդկային վերաբերմունքի դեմ, որին ենթարկվում էին հայերը Հայոց ցեղասպանության ժամանակ: Դրա վառ օրինակը կարող են լինել Մեքքայի շերիֆ Հուսեյնի, պարսիկ գրող Ջամալզադեի հրովարտակները, արաբ փաստաբան Ֆայեզ ալ Ղուսեյնի և շատ ուրիշների գրվածքները, որոնք անդրադարձան Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված սարսափազդու կոտորածներին, և արտահայտեցին իրենց զայրույթը`նշելով, որ սպանությունը և անմեղ կանանց և երեխաների դեմ իրականացվող դաժանությունները դեմ են իսլամին և Ղուրանին:
Այսպիսի պատասխաններից մեկը բարձրաձայնվեց այն բանից հետո, երբ Ադանայի սարսափելի կոտործներն հասան դաժանության այնպիսի աստիճանի, որ բարձրացրեցին մահմեդական պոետ Վալի ադ Դին Յաքունի վրդովմունքը, ով 1909 թվականի ապրիլի 16/29 եգիպտական «Մուղաթան» ամսագրում հրատարակեց իր` քիչ հայտնի կոչը:
Այս տողերը կարող էին լինել լավագույն պատասխանը Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությանը:
Ադանայի ջարդերի 100-ամյակին նվիրված միջոցառումներ Անթիլիասում
30.10.2009
2009թ. հոկտեմբերի 29-ին, Անթլիլիասի Մայրավանքի Վեհարանում, Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի հայրապետական օրհնութամբ և նախագահությամբ բացվեց Ադանայի ջարդերի 100-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ Լիբանանից, Սիրիայից, Հայաստանից, Կիպրոսից, Հունաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից և այլ երկրներից: Գիտաժողովին մասնակցում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Գիտաժողովի նախորդ օրը` երեկոյան, Անթլիլիասի Մայրավանքում մեկնարկվել էր նաև «Ադանայի ջարդերի 100-ամյակին նվիրված» շաբաթը, որը խորհրդանշվեց Ադանայի ջարդերի 100-ամյակին նվիրված նորակերտ խաչքարի բացմամբ: Հիշյալ արարողությանը հաջորդել է Ադանայի կոտորածները ներկայացնող վավերագրական լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որտեղ ցուցադրվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և այլ արխիվներից հավաքված շուրջ 60 լուսանկար:
Նկարազարդ գիրք` հրատարակված ՀՑԹԻ կողմից
«Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»
13.10.2009
ՀՑԹԻ հրատարակել է ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հեղինակած «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» ալբոմ-մենագրությունը:
Մենագրությունն անդրադառնում է Օսմանյան կայսրության հայաբնակ բնակավայրերում առաջացած հայկական մարզական ակումբների գործունեությանը, հայկական օլիմպիական խաղերի կազմակերպմանը, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում մեծ թափ առած մարմնակրթական շարժման պատմությանը, ինչպես նաև հայ կանանց մարմնամարզական ակումբների, մարզական մրցակցության և ազգայնականության, հայկական սկաուտական շարժման առաջացմանը և Մեծ Եղեռնին զոհ գնացած հայկական մարզիկներին:
Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության զարգացման պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջերից, երբ կազմակերպվեցին առաջին մարմնամարզական ակումբներն ու խմբակները: Սուլթանի տիրապետության ընթացքում սպորտով կամ մարմնամարզությամբ զբաղվելը խստիվ արգելված էր, իսկ այս արգելքը խախտողները ենթարկվում էին պատժի:
1908թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո Պոլսում և Զմյուռնիայում ձևավորվեցին առաջին հայկական մարզական ակումբները և ֆուտբոլային թիմերը: Այս ընթացքում ի հայտ եկան նաև պրոֆեսիոնալ մարզական կրթություն ստացած մարզիկներ Շավարշ Քրիսյանը, Մկրտիչ Մկրյանը, Գրիգոր Հակոբյանը և այլոք, ովքեր նշանակալից դերակատարություն ունեցան արևմտահայության շրջանում տարբեր մարզաձևերի նկատմամբ հետաքրքրության առաջացման գործում:
«ԱՆԱՎԱՐՏ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ». ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
10.10.2009
1918թ. Մուդրոսի զինադադարից հետո, ձգտելով ազատվել երիտթուրքերի վարկաբեկված վարչակարգից և կանխելով Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած դաշնակիցների հնարավոր պատժիչ գործողությունները Թուրքիայի հանդեպ, Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ կազմված նոր կառավարությունը որոշում է Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի դեմ զանգվածային կոտորածներ կազմակերպելու համար դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի անդամներին:
1918թ. դեկտեմբերի 16-ի որոշումներով կազմվեցին հարցաքննիչ հանձնախմբեր (գլխավոր նախագահ` Անկարայի նախկին վալի Մազհար բեյ), որոնք սկսեցին հավաքել արևմտահայության կոտորածներին վերաբերող մեղադրական ապացույցներ` ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ և հրամաններ, ինչպես նաև ականատեսների վկայություններ:
Օսմանյան կայսրության նահանգները բաժանվեցին 10 դատաքննչական շրջանների, յուրաքանչյուր շրջանի համար նշանակվեցին դատախազներ, հարցաքննիչ դատավորներ և քարտուղարներ:
Ձերբակալվեցին երիտթուրքական մի շարք նախարարներ ու կուսակցության ղեկավարներ, շրջանային պատասխանատու քարտուղարներ, լիազորներ, կուսակալներ, զինվորականներ և այլ պաշտոնյաներ:
ՀՑԹԻ-ին նվիրաբերվել են Սողոմոն Թեհլիրյանի հազվագյուտ լուսանկարներ
08.10.2009
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լուսանկարների հավաքածուն համալրվեց Սողոմոն Թեհլիրյանի չորս բացառիկ ընտանեկան լուսանկարներով, որոնք սիրահոժար թանգարանին նվիրաբերել է Լևոն Ա. Սարյանը (ԱՄՆ, Գրինֆիլդ):
Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896թ.` Արևմտյան Հայաստանի Էրզրում վիլայեթի Ներքին Բագառիճ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա` ավարտել Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը:
Հայոց ցեղասպանության ընթացքում Ս. Թեհլիրյանն ականատես է եղել իր քույրերի բռնաբարությանն ու ընտանիքի անդամների դաժան սպանությանը թուրքական հրոսակախմբերի կողմից: Տարագրության ընթացքում ծանր վիրավորվելով` Թեհլիրյանը երկար ժամանակ համարվել է մահացած: Ավելի ուշ նա տեղափոխվել է Կովկաս` անդամագրվելով Անդրանիկի գլխավորած կամավորական ջոկատին:
1921 թ. Սողոմոն Թեհլիրյանը ներգրավվեց «Նեմեսիս» օպերացիային` Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչների մահապատժի իրականացման գործողություններին: Նրա հիմնական խնդիրն էր գտնել և վրեժխնդիր լինել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչից` Թալեաթ փաշայից: Երկար որոնումներից հետո, վերջապես, Բեռլինում գտնելով Թալեաթին` 1921 թ. մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում, 25-ամյա Սողոմոն Թեհլիրյանը բազմաթիվ ականատեսների աչքի առջև գնդակահարում է ոճրագործին:
Ժան Ժորես – 150
(1859-1914)
07.10.2009
Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, սոցիալիստ և հայասեր Ժան Ժորեսը ծնվել է 1859թ. սեպտեմբերի 3-ին Կաստրում:
1885թ-ին ընտրվել է Կաստրի պատգամավոր: Իր քաղաքական գործունեության սկզբնական շրջանում` 1880-ական թվականներին, նա համագործակցում էր հանրապետականների հետ, սակայն 1893 թվականից հարում է սոցիալիստական խմբին: 1902թ. Ժ. Ժորեսը գլխավորում է սոցիալիստական աջ կուսակցությունը, իսկ 1905թ. Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության հետ միավորումից հետո` միացյալ սոցիալիստական կուսակցության աջ թևը:
1904թ. նրա ջանքերով հիմնադրվեց «Հումանիտե» թերթը:
Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում Ժ. Ժորեսը բազմիցս հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվող հալածանքների ու զանգվածային սպանությունների քննադատությամբ:
Ազգերի լիգայի փաստաթղթերը ապացուցում են Հայոց ցեղասպանության փաստը
03.10.2009
Ազգերի լիգան, որը ստեղծվել է 1919թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսի որոշմամբ, կոչված էր ապահովելու խաղաղություն և ժողովուրդների միջև զարգացնել համագործակցության ոգին: Ազգերի լիգան իր գործունեությունը սկսեց 1920թ. հունվարի 10-ից: Ըստ կանոնադրության` Ազգերի լիգայի ղեկավար մարմիններ էին հանդիսանում ասամբլեան, խորհուրդը և քարտուղարությունը` Գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ:
Միջազգային այս կազմակերպությունում առաջատար դերը հենց սկզբից ստանձնեցին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Լիգայի կենտրոնն էր Ժնևը (Շվեյցարիա), ուր և գումարվում էին լիգայի բոլոր ասամբլեաները: 1939թ.` Երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում, Ազգերի լիգան, փաստորեն, անկարող լինելով կատարել իր ստանձնած հիմնական դերը` այն է ապահովել խաղաղություն, և, փաստորեն, դադարեցրեց իր գործունեությունը: Ազգերի լիգան պաշտոնապես լուծարվեց 1946թ., երբ հիմնվեց Միավորված ազգերի կազմակերպությունը:
Իր գործունեության ընթացքում Ազգերի լիգան մի քանի անգամ անդրադարձ է կատարել Հայկական հարցին: 1920թ. մայիսին Հայաստանի Հանրապետությունը, որը հռչակվել էր 1918թ. մայիսին, առանձին հայտով դիմեց Ազգերի լիգային անդամակցելու համար: Մի քանի ամիս տևած քննարկումներից հետո այդ դիմումը մերժվեց: Հայաստանի նկատմամբ ԱՄՆ մանդատի հաստատման հարցը ևս եղել է Ազգերի լիգայի քննարկումների օրակարգում:
Ռոք-երաժշտության գերաստղերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
02.10.2009
«Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում Երեւան են ժամանել ռոք-երաժշտության գերաստղեր Իէն Գիլանը (“Deep Purple” ռոք-խմբի հիմնադիր անդամ), Թոնի Այոմին (“Black Sabbath” ռոք-խմբի հիմնադիր անդամ) Ջեֆ Դաունսը (“Asia” ռոք-խմբի հիմնադիր անդամ), մեծ թենիսի նախկին աստղ Փեթ Քեշը և «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, ավստրալիական “Do Something” բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին:
Այսօր, համաշխարհային ռոք աստղերն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:
Պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ հայտնի երիաժիշտները գրառում կատարեց Տպավորությունների մատյանում:
Բելգիայի Սենատի նախագահը հարգանքի տուրք մատուցեց
26.09.2009
Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերին և նրա գլխավորած պատվիրակություն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին զոհերի հուշակոթողին: Բելգիայից ժամանած պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետև Բելգիայի Սենատի նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ պարոն դը Դեկերին գրառում կատարեց Տպավորությունների մատյանում:
Պողոս Արապեան` օսմանյան տպագիր մամուլի հիմնադիր հայրը
26.09.2009
Պողոս Արապեանը (Հովհաննիսեան, Արապօղլու) ծնվել է 1742 թ. Ակնից ոչ հեռու գտնվող Ապուջեխ գյուղում: Սուլթան Սելիմի օրոք Պ. Արապեանը հոր հետ տեղափոխվում է Կ. Պոլիս, որտեղ ժամանակավորապես զբաղվում մանրավաճառությամբ, իսկ այնուհետև աշակերտելով հորը` տպագրիչ Հովհաննես Ածատուրեանին` սերտում և խորապես ուսումնասիրում է ժամանակի տպագրական գործը: Հետզհետե կատարելագործելով և լրացնելով հոր ստեղծած հայերեն տառաձևերը և զարգացնելով տպագրական աշխատանքի ոլորտում ունեցած կարողությունները, Պողոս Արապեանը ձեռնարկեց նաև վրացական և թուրքական տպագրության հիմք դարձած առաջին տառաձուլվածքների ստեղծումը:
1760-ականներին Կ.Պոլսում գոյություն ունեին մի քանի տպարաններ, որոնք, սակայն, գործում էին ընդհատումներով և ոչ լիարժեք: Յուրաքանչյուր տպարան ուներ իր ձուլարանը, որտեղ պատրաստվում էին կապարե տառերը: Դրանք երբեք չէին վաճառվում, ինչը վկայում էր առկա մրցակցության մասին: Տպագրիչներն անում էին ամեն ինչ` կանխելու համար գյութենբերգյան հայտնագործության տարածումը և պահպանելու համար իրենց մենաշնորհն այդ ոլորտում:
Հայոց ցեղասպանությունը և Միջազգային կարմիր խաչը
23.09.2009
Մինչ 19-րդ դարի կեսերը գոյություն չուներ ռազմաճակատում տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու, պատերազմի ժամանակ վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման համար նախատեսված միջազգային որևէ չեզոք կառույց կամ կազմակերպություն: 1859թ. շվեյցարացի հասարակական գործիչ, գրող Անրի Դյունանը, դառնալով Սոլֆերինոյի ճակատամարտի ականատեսը, կազմակերպում է վիրավոր զինվորներին ցուցաբերվող օգնությունը, իսկ 1862թ. գրած իր «Հուշեր Սոլֆերինոյի մասին» /“Un souvenir de Solferino”/ գրքում առաջ է քաշում պատերազմի ժամանակ վիրավորներին օգնություն ցույց տալու համար միջազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության գաղափարը: 1863թ. Ժնևում հրավիրվում է միջազգային համաժողով, որն էլ նախադրյալներ է ստեղծում Միջազգային մարդասիրական իրավունքի և Միջազգային կարմիր խաչի ստեղծման համար:
Միջազգային կարմիր խաչն իր մեջ ներառում է երեք բաղկացուցիչներ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Կարմիր խաչի և կարմիր մահիկի կազմակերպությունների միջազգային դաշնությունը և Կարմիր խաչի և կարմիր մահիկի ազգային կազմակերպությունները:
Հայ զինվորականներն օսմանյան բանակում.
ծառայություն և ոչնչացում
15.09.2009
Օսմանյան կայսրության ձևավորման և զարգացման պատմությունը սերտորեն կապված է նրա ռազմական կառույցի ձևավորման ու զարգացման հետ: Օսմանցի թուրքերը մշտական նվաճողական պատերազմներ էին վարում, սակայն սկզբնական շրջանում բավարար քանակությամբ ռազմական ուժ չունեին, քանզի փոքրամասնություն էին կազմում իրենց գրաված տարածքներում: Քրիստոնյա հպատակների ռազմական ուժը գործածելու և իրենց ռազմուժի շարունակ աճող կարիքները հոգալու նպատակով` սուլթանական իշխանությունները հպատակ քրիստոնյա բնակչության հանդեպ սկսեցին կիրառել մարդահարկ` դեվշիրմե (մանկահավաք, մանկաժողով): Բացի այդ ռազմագերիների հանդեպ կիրառվում էր նաև փենջեք կոչվող հարկատեսակը, որի միջոցով հպատակ ժողովուրդներից յուրաքանչյուր հինգ հոգուց մեկը հանձնվում էր Օսմանյան կայսրությանը` բանակի շարքերը համալրելու համար: Սուլթանական իշխանությունները պարբերաբար բռնությամբ հավաքագրում էին պնդակազմ ու առողջ մանկահասակ տղաներին և պատանիների, որոնց կրոնափոխ անելուց հետո ուղարկում էին աջեմի (անփորձ, օտար) զորամիավորում: Այնտեղ նրանք ձեռք էին բերում ռազմական գիտելիքներ, փորձառություն, իսկ առավել ուժեղ և ռազմունակ երիտասարդներն ընդգրկվում էին ենիչերիական զորամիավորումում:
Ենիչերիական զորագնդերը ստեղծվել են 1361-1363 թթ. սուլթան Մուրադ l-ի օրոք և հիմնականում կազմված են եղել բռնի մահմեդականացված քրիստոնյաներից: Հայ մանուկների բազմաթիվ սերունդներ, խլվելով իրենց ազգային միջավայրից, ծառայել են օսմանյան պետության շահերին:
Սերբիայի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
28.07.2009
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը:
Պաշտոնական այցելությունների շրջանակներում, Սերբիայի նախագահն այցելեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց զոհերի հուշակոթողին: Սերբիայից ժամանած պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետև Սերբիայի նախագահը Հիշողության պուրակում եղևնի տնկեց:
Պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ պարոն Տադիչը գրառում կատարեց Տպավորությունների մատյանում:
Հայկական և թուրքական թատրոնների հիմնադրման պատմությունը Օսմանյան կայսրությունում
07.07.2009
Պատմական անհերքելի փաստ է, որ թուրքական թատրոնի սկզբնավորումը և գոյության առաջին հիսուն տարիների պատմությունը սերտորեն կապված է հայերի հետ: Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ Օսմանյան կայսրություն թափանցող եվրոպական նորամուծությունների առաջին արձագանքողներն ու կրողները հայերն ու հույներն էին: 1850-ական թվականները կարելի է համարել արևմտահայության մշակութային վերելքի շրջան: Այնպիսի կարևոր հայաշատ կենտրոններում, ինչպիսին Կ.Պոլիսն ու Զմյուռնիան էին, ժամանակի նորամուծությունների պահանջներին համապատասխան զարթոնք ապրեց հայկական դպրոցն ու մամուլը, գիտությունն ու գրականությունը: Բազմաթիվ հայ երիտասարդներ այս ընթացքում կրթություն էին ստանում Եվրոպայում, որտեղից իրենց հետ բերում էին բազմաթիվ նորամուծություններ: Դրանց թվին էր պատկանում նաև թատրոնը, որը խանդավառությամբ ընդունվեց արևմտահայերի կողմից:
Դեռևս 1859 թ. Պոլսի Բերա թաղամասում Սրապիոն Հեքիմեանը, ով հայկական վարժարաններում պարբերաբար ներկայացումներ էր բեմադրում, կարճ ժամանակում թատրոնը վարժարանական սրահներից փոխադրեց պրոֆեսիոնալ բեմ և ձևավորեց առաջին արևմտահայ կանոնավոր թատրոնը`«Արևելյան թատրոնը»: Չնայած իր ունեցած կարճատև կյանքին, «Արևելյան թատրոնը» մեծ հաջողություններ ունեցավ: Արևմտահայ բեմի լավագույն դերասանները` Էքչեան, Ֆասուլեաճեան, Մնակեան, Պենկլեան, Թրեանց, Աճէմեան, Արուսեակ և այլոք` որպես հմուտ դերասաններ կազմավորվեցին հենց այս թատրոնում:
Կիպրոսի պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
07.07.2009
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 6-ին երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի հետ:
Պարոն Դիմիտրիս Խրիստոֆիասը Հայաստանի և Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կիպրոսի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետև Կիպրոսի նախագահը Հիշողության պուրակում եղևնի տնկեց: Պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ պարոն Խրիստոֆիասը գրառում կատարեց Տպավորությունների մատյանում. «Հայոց ցեղասպանության դատապարտումը ողջ ժամանակակից աշխարհի պարտականությունն է: Կիպրոսը միշտ եղել է և կմնա Հայաստանի կողքին` Երիտթուրքերի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման համար պայքարում»:
Սուրբ Բարդուղիմեոսի գերեզմանատեղին դեռևս արգելված գոտի է
02.07.2009
Հայ առաքելական եկեղեցին հիմնադրվել է երկու առաքյալների` սուրբ Բարդուղիմեոսի և սուրբ Թադևոսի կողմի, ովքեր նահատակվել են պատմական Հայաստանի հարավային շրջաններում առաքելություն կատարելիս առաջին դարում: Գերեզմանատեղին, որտեղ հանգչում է սուրբ Թադևոսը, այժմ գտնվում է Իրանի տարածքում, և դրա վրա կառուցված սուրբ Թադևոսի հայկական եկեղեցին հայտնի ուխտատեղի է քրիստոնյաների և մահմեդականների համար: Իրանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում իր երկրի տարածքում քրիստոնյա ժառանգության պահպանմանը, և հայկական վանական համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Սուրբ Բարդուղիմեոսի վանքը (այժմյան Թուրքիայի հարավ-երևելքում) կառուցվել է 4-րդ դարում Բարդուղիմեոս առաքյալի նահատակության վայրում:
Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանատեղին տաճարի ներսում էր, որը հայերի համար ուխտագնացության կարևոր վայր էր մինչ ցեղասպանությունը:
Էնտոնի Կրաֆտ-Բոնար - 140
(1869-1945)
02.07.2009
Կրաֆտ-Բոնարը ծնվել է 1869թ. հունիսի 15-ին Շվեյցարիայի Վո Նահանգի Էկլ քաղաքում, դեղագործի ընտանիքում: 1888թ. Լոզանում ստացել է «դպրության պսակավորի» աստիճան, որից հետո մինչև 1893թ., Լոզանում, Բեռլինում, ապա և Փարիզում, ստացել է աստվածաբանական կրթություն: 1893-1919թթ. ընթացքում որպես հոգևոր առաջնորդ գործելլ է Շվեյցարիայի տարբեր բնակավայրերում, ապա, թողնելով հոգևոր գործունեությունը, ամբողջապես նվիրվել է Հայկական հարցին ու հայության բազմաթիվ խնդիրների լուծմանը:
Ամուսնացել է 1894թ., ունեցել չորս զավակ` երեք դուստր և մեկ որդի, որոնք իրենց հոր օրիանկով եռանդուն ու համոզված հայասերներ են եղել:
Հայասիրական իր գործունեությունը Կրաֆտ-Բոնարը սկսել է դեռևս 1896թ-ից, երբ համիդյան կոտորածների սարսափելի հետևանքների մասին բանախոսությամբ հանդես եկավ Շվեյցարիայի Բենյեն գյուղում, ուր նա հոգևոր հովիվ էր: Ազդված Բոնարի ցնցող կոչից` մի քանի շվեյցարական ընտանիքներ ջարդերի արդյունքում որբացած հայ մանուկներ որդեգրելու ցանկություն հայտնեցին:
Միխայիլ Սահակաշվիլին ժամանեց Ծիծեռնակաբերդ
25.06.2009
Պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Վրաստանյան պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:
Որից հետո նախագահ Սահակաշվիլին ջրեց իր կողմից մի քանի տարի առաջ Հիշողության պուրակում տնկած եղևնին:
Օն լայն ցուցադրություն
Հայոց ցեղասպանությունն` արտասահմանյան մամուլի առաջին էջերին
23.06.2009
Հայկական կոտորածները և հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը մշտապես եղել են հայկական ու արտասահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում: Այս առումով, մամուլի անդրադարձներն ու հրապարակումները կարևոր սկզբնաղբյուր են հանդիսանում Հայոց ցեղասպանության հետ առնչվող հիմնահարցերի լուսաբանման համար և ունեն սկզբնաղբյուրային բացառիկ նշանակություն: Ուշագրավ են հատկապես անգլիական, ռուսական, ֆրանսիական, ամերիկյան և այլ երկրների մամուլի հրապարակումները, որոնք անդրադառնում են աբդուլհամիդյան կոտորածներին, Ադանայի արհավիրքին և 1915-1922 թթ. ցեղասպանությանը:
Հատկապես ուշագրավ են այն հրապարակումները, որոնց կցված են բացառիկ նշանակության լուսանկարներ: Նմանատիպ հրապարակումները, փաստորեն, կարևոր տեղեկություններ են հաղորդում ցեղասպանության, դրա ընթացքի և հետևանքների մասին: Արտասահմանյան մամուլի հրապարակումները, որոնք Թուրքիայի կողմից հայերի դեմ իրագործված բռնությունները դատապարտող բովանդակություն են պարունակում, հանդիսանում են անուղղակի վկայություններ ` հայերի դեմ իրագործված ցեղասպանության իրողության մասին:
ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականները ՀՑԹԻ-ում
18.06.2009
Հունիսի 15-21-ին Երևանում անց է կացվում ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնական-պատմաբանների 4-րդ Միջազգային ամառային դպրոցը`«Առօրեականության պատմությունը ԱՊՀ երկրներում պատմության ուսումնասիրության մեջ» թեմայով:
Ամառային դպրոցի մասնակիցները, որոնք ժամանել էին ՌԴ-ից, Մոլդովայից, Բելառուսից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, հունիսի 18-ին այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: Երիտասարդ պատմաբանները ծաղիկներ դրեցին զոհերի հուշակոթողին, այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:
ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
22.05.2009
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչն այսօր Արդարադատության նախարարի, Երևանի քաղաքապետի ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:
Առաջին անգամ Հայաստան այցելած Խորվաթիայի նախագահը հուշահամալիրում ծաղկեպսակ դրեց զոհերի հուշակոթողին, այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան: Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Խորվաթիայի նախագահին ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը:
Վերջում, Ս. Մեսիչը թանգարան-ինստիտուտի հուշամատյանում թողեց հետևյալ արձանագրությունը. «Խոնորհվում եմ մարդկային բռնության բոլոր զոհերի առաջ»:
Պրոֆ. Վահագն Տատրեանի մասնակցությամբ դասախոսությունների շարք ՀՑԹԻ-ում
08.05.2009
Մայիսի 5, 6, 7-ին Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը կազմակերպել էր հրապարակային դասախոսությունների շարք ամերիկահայ ճանաչված պատմաբան, սոցիոլոգիայի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում միջազգային հեղինակություն վայելող հետազոտող Վահագն Տատրեանի մասնակցությամբ:
Հրապարակային դասախոսություններ կազմակերպելու հիմնական նպատակն է հասարակության լայն շրջաններին հասու դարձնել ցեղասպանության ոլորտում առկա գիտական տեսակետներին ու նորագույն հետազոտություններին:
Երեք օր տևած դասախոսությունների ընթացքում պրոֆ. Տատրեանն անդրադարձավ հետևյալ թեմաներին.
Առաջին դասախոսությունը, որը վերնագրված էր որպես «Անավարտ «Նյուրնբերգի» հետևանքները. երիտթուրք հանցագործները հանրապետական Թուրքիայի քաղաքական վերնախավում», պրոֆեսոր Տատրեանը հանգամանորեն անդրադարձավ հայերի դեմ իրագործված մասայական բռնություններին և կոտորածներին մասնակցություն բերած զինվորական և քաղաքացիական պաշտոնյաների` հանրապետական Թուրքիայի վերնախավում ընդգրվկելու հիմնախնդրին` կենտրոնանալով Հայոց ցեղասպանության և քեմալական ռազմա-քաղաքական խմբավորման միջև եղած անմիջական կապի ձևավորման հիմնախնդրին:
ՌԴ Առաջին տիկինն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
05.05.2009
Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով Երևան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության Առաջին տիկին Ստետլանա Մեդվեդևան:
Ռիտա Սարգսյանը և Սվետլանա Մեդվեդևան այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Առաջին տիկնայք այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ՌԴ նախագահի տիկինը գրառում կատարեց պաշտոնական գրառումների մատյանում` ամուսնու ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի գրառման կողքին: «Սգում ենք միասին: Պատմության սարսափելի էջերն ստիպում են մեզ մտածել հավերժության մասին: Հուշահամալիրի աշխատակիցներին ցանկանում եմ առողջություն և բարություն, ամբողջ հայ ժողովրդին` բարգավաճում և խաղաղ երկինք»,- ասված է նրա գրառման մեջ:
Հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին
24.04.2009
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Այս տարի լրանում է ապրիլի 24-ը` որպես Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման օր նշելու 90-ամյակը: 1919թ. մարտին Հայոց ցեղասպանությունը վերապրած արևմտահայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ Կ. Պոլսում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որի գլխավոր նպատակը Մեծ Եղեռնի զոհերի չորրորդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումների կազմակերպումն էր: Հենց այս մտավորականների համառ ջանքերի շնորհիվ էր, որ պոլսահայ իրականության մեջ առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ ոգեկոչվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Եվ երկու տարի անց, 1921թ. Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով Կ. Պոլսի Հայոց պատրիարքին հաղորդում է ապրիլի 11-ը(24) համազգային սգո օր սահմանելու մասին:
Եվ մինչև այսօր ամեն տարի վաղ առավոտվանից հարյուր հազարավոր հայեր Հայաստանից և սփյուռքից այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հիշատակելու համար 94 տարի առաջ Հայոց ցեղասպանության ընթացքում սպանված հայերի հիշատակը:
Եվրոպացի պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին
07.04.2009
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարի Անն Իզլեր Բեգենի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:
Հյուրերը շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Հայկ Դեմոյանը մանրամասներ հաղորդեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հյուրերն անդրադարձան հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության պատմական իրողությանը և ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտությանը:
Ոգեկոչման ակունքներում. լրանում է ապրիլ 24-ը` որպես սգո և հիշատակի օր նշելու 90-ամյակը
31.03.2009
2009 թ. լրանում է ապրիլի 24-ը` որպես Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման օր նշելու 90-ամյակը: 1919թ. մարտին Հայոց ցեղասպանությունը վերապրած արևմտահայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ Կ. Պոլսում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որի գլխավոր նպատակը Մեծ Եղեռնի զոհերի չորրորդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումների կազմակերպումն էր: Հանձնաժողովը, որը հայտնի էր «Ապրիլ տասնմէկի սգահանդէսի մասնախումբ» անվամբ, իր մեջ ընդգրկել էր 13 անդամներ, որոնց թվում էին Եվփիմե Ավետիսյանը, Զարուհի Գալամքեարյանը, Մարի Ստամբուլյանը, Պերճուհի Պարսամյանը, Օր. Արփիարը, Տիգրան Զավենը, Մերուժան Պարսամյանը, Հակոբ Ճ. Սիրունին, Գևորգ Մեսրոպը, Թագվոր Սուքիասյանը, դոկտ. Բարսեղ Տինանյանը, Շահան Պերպերյանը և Հովհաննես Պողոսյանը: Վերջիններիս համառ ջանքերի շնորհիվ էր, որ պոլսահայ իրականության մեջ առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ ոգեկոչվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Արևմտահայ գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ Հակոբ Սիրունին այս մասին իր հուշերում գրել է. «Մեր սարքած սգատօնը այլևս ավանդական դարձավ: Այն օրէն որդեգրուեցաւ Ապրիլ 24-ը իբր համազգային սուգի խորհրդանշան»:
Հանձնախմբի որոշմամբ ոգեկոչման միջոցառումները պետք է իրականացվեին ապրիլի 11/24-ին, սակայն, հավանաբար, Հայոց պատրիարքի վատառողջության պատճառով, այն մեկ օրով հետաձգվել է:
1919թ. ապրիլի 12/25-ին Կ. Պոլսի Բերա թաղամասի Ս. Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի պատարագ, որը վարել է Մեսրոպ եպիսկոպոս Նարոյանը: Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Եղիայանը, հանդես գալով քարոզով, մասնավորապես ասել է. «Բոլոր այն նահատակները ցորենի հատիկներ են, հողին մեջ ծածկւած, պիտի ծլին, բազում արդիւնք յառաջ պիտի բերեն...»:
«Հոգիների աճուրդ». ցեղասպանության թեմային անդրադարձող առաջին ֆիլմն աշխարհում
26.02.2009
«Հոշոտված Հայաստան» ֆիլմի 90-ամյակի առթիվ ՀՑԹԻ թողարկել է հոբելյանական բացիկ և կազմակերպել է օնլայն ցուցադրություն` թանգարանի պաշտոնական կայքէջում:
1918թ. Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` «Հոշոտված Հայաստան» խորագրով, որում հեղինակը` ցեղասպանությունը վերապրած չմշկածագցի Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանը, պատմում է բռնագաղթի ճանապարհի իր սարսափները: Կորցնելով ծնողներին, քույրերին ու երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանվեցին իր աչքերի առջև, 14-ամյա Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է թուրք և քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում. նրա պատմությունը արյան խրախճանքների ու մարդկային պատկերացումից դուրս դաժանությունների մասին վկայություններ են:
«Հոշոտված Հայաստան» գիրքն արդեն պատրաստ էր, երբ Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեն առաջարկեց գրքի սյուժեի հիման վրա ստեղծել մի կինոնկար, որի ամբողջ հասույթը (այն հետագայում կազմեց 30մլն. ամերիկյան դոլար) պետք է տրամադրվեր Մերձավոր արևելքի որբանոցներում գտնվող շուրջ 60 հազար հայ որբերի կենսաապահովմանը: 1918թ. Կալիֆորնիայում, ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանեց «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը (շուրջ 10 հազար անձանց, այդ թվում և հայ բռնագաղթվածների 200 երեխաների մասնակցությամբ), որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր և ընդհանրապես` ցեղասպանության թեմային անդրադարձող առաջին ֆիլմն էր աշխարհում:
Վրաստանի Արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
21.02.2009
Վրաստանի Արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Վրաստանի Արտաքին գործերի նախարարը և նրան ուղեկցող պատվիրակությունը շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում: Շրջայցի վերջում պարոն Վաշաձեն գրառում կատարեց թանգարանի պաշտոնական գրառումների մատյանում: «Շատ ցավալի է, որ մարդիկ մինչև օրս դասեր չեն քաղել պատմությունից»,- ասված է նրա գրառման մեջ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքէջն արժանացավ գլխավոր մրցանակի
17.01.2009
2008թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը Երևանում անցկացվեց էլ. բովանդակությամբ համահայկական Երրորդ մրցույթը, որը նվիրված էր Հայոց տպագրության 500-ամյակին: Մրցույթում ընդգրկված էին 377 աշխատանքներ:
Մրցույթի նպատակներն էին`
- բացահայտել հայկական էլ. բովանդակության ոլորտի 2007-2008 թթ. նվաճումները
- հասնել գերազանցության դրանց ստեղծման և տարածման մեջ
- Հայաստանի արտադրողների համար ստեղծել հիմք` միջազգային ասպարեզում իրենց արտադրանքը և նվաճումները ներկայացնելու համար:
|