Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հարգելի թանգարանի այցելու,

Ներկա պահին Հայոց ցեղասպանության թանգարանում ընթանում են հիմնավերանորոգման և նոր թանգարանային ցուցադրության պատրաստման աշխատանքներ: Այդ պատճառով Հայոց ցեղասպանության թանգարանը դադարեցնում է իր աշխատանքները մինչև 2014 թ. ապրիլի 20-ը:

Հարգանքներով,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



The Guardian-ի անդրադարձը Հայոց ցեղասպանության վերապրածի պատմությանը

25.01.2014

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադրաձել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 106 ամյա Օվսաննա Գալուստյանի պատմությանը «Առաջին Համաշխարհային պատերազմ. վերջին վերապրածների հիշողությունները» հատուկ նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացվել է եվրոպական 4 այլ թերթերի հետ համատեղ։

«Փոքրամարմին տարեց կինն այլևս դուրս չի գալիս Մարսելի փողոցներ, քայլում է ձեռնափայտի օգնությամբ։ Սակայն նա չունի իր դստեր ու թոռների ուշադրության պակաս, ովքեր այդ առումով շատ են «երես տվել» կնոջը։ Երբ հարցնում ես նրան իր մանկության մասին, նա միանգամից անհանգիստ է դառնում։ 106-ամյա Օվսաննա Գալուստյանը 1915թ. տեղի ունեցած Ցեղասպանության վերջին վերապրածներից է, ով իր մեջ է կրում անցյալի ողջ սարսափելի հիշողությունները։ Նա քաջ գիտակցում է, թե այդ դեպքերից մեկ դար անց ինչ կարևոր առաքելություն ունի։



Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը

21.01.2014

«Շշուկների մատյան» վեպը հրատարակվել է 2009թ. Բուխարեստում և դարձելհրատարակչական տարվա ամենաբարձր գնահատականի արժանացած ևամենաշատ մրցանակներ ստացած գործերից մեկը:

Շշուկների մատյանը պատմում է Հայոց ցեղասպանության և 20-րդ դարիսարսափների մասին: Ցեղասպանության արհավիրքների և օտար ափերումվերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրականճշգրտությամբ պատմող այս ցնցող գործն արժանացել է միջազգային մամուլի ևգրական շրջանակների բարձր գնահատականներին: Գիրքը թարգմանվել է մի շարք լեզուներով` հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն,գերմաներեն և այլն:

«Այս գիրքն արժանի է, որ աշխարհի բոլոր գրողների կողմից ներկայացվիգրականության Նոբելյան մրցանակի,-Թել Ավիվում 2012թ. հոկտեմբերին վեպիներկայացմանն ասաց Իսրայելի Գրողների միության նախագահ Հերցել Հակակը,-այս մրցանակն արժանին կմատուցի գրողին, ով միաժամանակ հաջողել էստեղծել ճշմարիտ դասական գրական գործ, ինչպես նաև ցնցող ու կենդանիվկայություն տվել հայ ժողովրդի տառապանքների և ցեղասպանության մասին:Նման մրցանակն աշխարհի խիղճը կբևեռի այս աղետի վրա և խորությունկհաղորդի այս սարսափելի ոճրագործության ճանաչմանը»:



Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Արսեն Ավագյանի «Հայոց ցեղասպանություն. որոշումների ընդունման և իրականացման մեխանիզմները» գիրքը

09.01.2014

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանի «Հայոց ցեղասպանություն. որոշումների ընդունման և իրականացման մեխանիզմները» գիրքը: Արխիվային նյութերի և սկզբնաղբյուրների վրա հիմնված այս հետազոտությունը բացահայտում է Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության կազմակերպման գործում որոշումների ընդունման մեխանիզմներն ու դրանց իրագործումը:

Գրքում խորը և բազմակողմանի վերլուծության են ենթարկվում երիտթուրքերի` հայերի ոչնչացման մասին որոշումների ընդունման գործում պատասխանատու «Միություն և առաջադիմություն» կուսակցության ներքին կառուցվածքը, իթթիհադի Կենտրոնական մարմնում ուժերի տեղաբաշխումը, «Հատուկ կազմակերպության» ստեղծման գործընթացն ու կառուցվածքը, ինչպես նաև լուսաբանվում է երիտթուրքական կառավարության և խորհրդարանի պատասխանատվությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության բնաջնջման գործում:

Գրքում քննության է առնված նաև բանակի մասնակցության հարցը հայ ազգաբնակչության դեմ իականացրած ցեղասպանության մեջ: Առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվել փաստաթղթեր թուրքական արխիվից, այդ թվում նաև հայերի տեղահանության վերաբերյալ օսմանյան խորհրդարանի որոշումներն ու օրենքը, ներքին գործերի նախարար Թալեաթի և այլ նախարարների ստորագրությամբ երիտթուքական կառավարության հրահանգները, ինչպես նաև մեջբերումներ հայերի տեղահանության և դրա ընթացքում իրագործած զանգվածային կոտորածների վերաբերյալ դատական լսումների սղագրություններից:

Գիրքը հասցեագրված է պատմաբաններին, Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունն ուսումնասիրող մասնագետներին, արևելագետներին, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակներին:


Լույս է տեսել Նարինե Մարգարյանի «Հայոց ցեղասպանության հետևանքով Սիրիայում հաստատված հայ տարագիրների կարգավիճակը և հայ-արաբական փոխհարաբերությունները (1915-1925թթ.)» աշխատությունը

21.12.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է ՀՑԹԻ գիտաշխատող, պ.գ.թ. Նարինե Մարգարյանի «Հայոց ցեղասպանության հետևանքով Սիրիայում հաստատված հայ տարագիրների կարգավիճակը և հայ-արաբական փոխհարաբերությունները (1915-1925թթ.)» աշխատությունը:

Գրքի հեղինակը՝ Նարինե Մարգարյանն, անդրադառնում է Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիայում հանգրվանած հայ տարագիրներին առնչվող խնդիրներին՝ քննության նյութ դարձնելով վերջիններիս նկատմամբ Սիրիայի արաբ բնակչության ունեցած դիրքորոշումն ու կեցվածքը: Ներկայացվել է սկզբնական շրջանում հայ տարագիրների նկատմամբ տեղի արաբ կառավարիչների, ցեղապետերի դիրքորոշումը, այնուհետև Սիրիայում Էմիր Ֆեյսալի իշխանության (1918-1920թթ.), ապա՝ ֆրանսիական մանդատի հաստատման առաջին տարիներին (1920-1924թթ.) իրականացված քաղաքականությունը, քննվել նշված ժամանակահատվածում Սիրիայում հայժարաբական հարաբերությունների զարգացումները, վերլուծվել հայ-արաբական հարաբերությունների ընթացքը պայմանավորող հիմնական գործոնները: Աշխատությունում ուսումնասիրվել է հայ տարագիրների՝ Սիրիայի սոցիալական ու քաղաքական կյանքում ներգրավվելու հիմնական միտումները, ներկայացվել է սիրիահայ համայնքի աստիճանական վերաձևավորման և կազմավորման գործընթացը:

Աշխատությունը հասցեագրված է պատմաբաններին, արևելագետներին, միջազգայնագետներին, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակներին:


Հայոց ցեղասպանության հարավաֆրիկյան արձագանքը
Նվիրվում է Նելսոն Մանդելայի հիշատակին

11.12.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց հազվագյուտ մի փաստաթուղթ, որը վկայում է 1921թ. Հարավային Աֆրիկայի ցեղախմբերից մեկի կողմից հայ որբերին օգնություն ցուցաբերելու մասին:

Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելիներից մեկն իր կարիքավոր վիճակում գտնվող համայնքի անունից՝ շուրջ երկու հարյուր հիսուն մարդ, հանգանակություն է կատարել ի օգուտ թուրքական բարբարոսություններից տուժած հայերի:

Սա եզակի մի վկայություն է մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության մասին, որը չի ճանաչում ռասայական ու աշխարհագրական որևէ սահմանափակում ու սահման:

Նյութն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև առանց փոփոխությունների:





Հայաստան-Թուրքիա սահմանն ըստ 1922-1925թթ. ամերիկյան և եվրոպական քարտեզների

10.12.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվեց քարտեզագրական նոր նյութերով, որոնք թողարկվել են 1920-ականների առաջին կեսին: Ամերիկյան, գերմանական, բրիտանական քարտեզագրական այս նյութերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանցում առկա են նաև արդեն Հանրապետական հռչակված Թուրքիայի սահմանները: Ըստ այդմ, Թուրքիայի արևելյան սահմանն անցնում է այն սահմանագծով, որը հաստատվել էր ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի (1856-1924թթ.) իրավարար վճռով:

Քարտեզագրական այս նյութերը լավագույն վկայությունն են այն բանի, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումից և Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո Հայաստանի և Թուրքիայի սահմանագիծը համարվել է 1920թ. նոյեմբերին ԱՄՆ նախագահի կողմից հաստատված սահմանագիծը, որը միջազգային որևէ համաձայնագրով չի ենթարկվել փոփոխության և չեղյալ չի համարվել:





ՀՑԹԻ գիտքարտուղար Թեհմինե Մարտոյանը Ռուհր համալսարանի (Գերմանիա) գիտաժողովին

10.12.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, գիտական քարտուղար Թեհմինե Մարտոյանը 2013թ. դեկտեմբերի 4-6-ը մասնակցեց Գերմանիայի Բոխում քաղաքի Ռուհր համալսարանի Սփյուռքի և ցեղասպանության հարցերով հետազոտական ինստիտուտի կազմակերպած «Գաղափարախոսություն և պետության կողմից բռնությամբ կատարված հանցագործություններ» խորագրով երիտասարդ ուսումնասիրողների գիտաժողովին:

Թեհմինե Մարտոյանը հանդես եկավ «Քեմալականությունը և քրիստոնյա փոքրամասնությունները. Զմյուռնիայի հայ և հույն բնակչության բնաջնջումը՝ որպես պետական քաղաքականության դրսևորում (1922 թ. սեպտեմբեր)» զեկուցման թեմայով:

Գիտաժողովի հանդիսավոր բացմանը ելույթ ունեցավ Ռուհր համալսարանի Սփյուռքի և ցեղասպանության հարցերով հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միհրան Դաբաղը, իրենց զեկուցումները ներկայացրին Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Ուկրաինայից ժամանած երիտասարդ հետազոտողներ: Գիտաժողովի նպատակն էր զեկուցումների տեսքով միջազգային մասնագիտական լսարանին ներկայացնել զանգվածային բռնությունների վերաբերյալ ցեղասպանագիտության, պատմագիտության, սոցիոլոգիայի, մշակութաբանության և այլ գիտությունների ոլորտներում երիտասարդ հետազոտողների գիտական ուսումնասիրությունների արդյունքները:


ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

02.12.2013

Պետական այցով ՀՀ ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ և ՌԴ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ՌԴ Նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Այնուհետև Ռուսաստանի Դաշնության նախագահն ու պատվիրակության անդամները՝ հայկական կողմի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ՌԴ Նախագահին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կառուցման համառոտ պատմությունը:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ՌԴ Նախագահին և ՀՀ Նախագահին հանձնեց 1915 թ-ին ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար բարեգործական նպատակներով Պետրոգրադում թողարկված մեդալի ոսկե կրկնօրինակները:

Մեդալի վրա պատկերված է Ռուսական կայսրության զինանշան երկգլխանի արծվի և հայկական ավանդական խաչի պատկերներըը, հետևյալ գրությամբ. «Ռուսք առ հայս ի ժամու փորձանացս»:

Հիշեցնենք, որ 1995թ. ապրիլի 14-ին ՌԴ Պետական դուման, ընդունել է Հայոց ցեղասպանությունն ընդունող և դատապարտող հայտարարություն:



Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 80-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում Վիեննայում

28.11.2013

Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու համայնքի համատեղ ջանքերով նոյեմբերի 26-ին Վիեննայում կազմակերպվեց մշակութային երեկո` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հանրահայտ վեպի առաջին հրատարակության ութսունամյակին:

Միջոցառման կազմակերպմանն իրենց մասնակցությունն էին բերել նաև Ավստրիական ռադիոն, Ավստրիական գրականագիտական ընկերակցությունը և «Ֆրանց Վերֆել» կոմիտեն: Արարողությանը ներկա էին ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ, ավստրիացի մտավորականներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը:

Միջոցառմանը ներկա գտնվեց և ելույթ ունեցավ նաև ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը: Ելույթի ընթացքում ներկայացվեցին Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուի Մուսա լեռան հերոսամարտին առնչվող նոր լուսանկարային նյութեր:

Հատուկ այդ օրվա կապակցությամբ, Ավստրիայի ազգային գրադարանից բերվել էր Ֆրանց Վերֆելի հանրահայտ վեպի ձեռագիրը, որը ներկայացվեց ներկաների ուշադրությանը:

Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով:


Պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը Փարիզում հանդիպեց ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

21.11.2013

Նոյեմբերի 14-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի հանդիպումը Ֆրանսիայի հայկակական կազմակերպությունների համադրող մարմինների ներկայացուցիչների հետ:

Քննարկվեցին Փարիզում և ֆրանսիական մյուս քաղաքներում առաջիկա երկու տարիներին անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցն ու խորագրերը: Ներկաների մասնակցությամբ տեղի ունեցավ առաջարկությունների ու ներկայացված ծրագրերի քննարկում՝ կապված Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների ընդհանուր ռազմավարության և անցկացվելիք ձեռնարկների բնույթի շուրջ:

Հանդիպման մասնակիցների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև 2015թ. տեղի ունենալիք միջոցառումների կազմակերպման հարցում սերտորեն համագործակցելու և տեղեկատվության փոխանակման հարցերի շուրջ: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը:



Դանիացի պատմաբան Մաթիաս Բյորնլունդի «Հայոց Ցեղասպանությունը սկզբից մինչև վերջ» գիրքը

16.11.2013

Դանիայում լույս է տեսել դանիացի պատմաբան և համեմատական ցեղասպանագիտության մասնագետ Մաթիաս Բյորնլունդի «Հայոց Ցեղասպանությունը սկզբից մինչև վերջ» (Det armenske folkedrab fra begyndelsen til enden) գիրքը, որը դանիացի ընթերցողին է ներկայացնում անհերքելի վկայություններ և նյութեր Թուրքիայում 1915-1923թթ. հայերի դեմ իրագործած ցեղասպանության վերաբերյալ:

Գիրքն ընդգրկում է Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության ամբողջական պատմությունը՝ 19-րդ դարի բարեփոխումներից և կոտորածներից մինչև 1920-ական թվականներ և հետցեղասպանական շրջան:

Այս գիրքը, հիմնվելով հարուստ արխիվային աղբյուրների, ժամանակակից հրատարակությունների և վերջին միջազգային հետազոտությունների վրա, հավակնոտ փորձ է ներկայացնել Օսմանյան հայերի ոչնչացման պատմությունը որպես համաշխարհային պատմություն, որպես իրադարձությունների մի շարք, որն իր ազդեցությունը թողեց քաղաքական գործիչների, մտավորականների և սովորական մարդկանց մի սերնդի վրա՝ Սկանդինավիայից մինչև Ավստրալիա:
Գիրքը դրական արձագանք է ստացել դանիական մամուլում, որի գրախոսներից մեկն այն անվանել է «Հայոց ցեղասպանության հուշարձան»:

Մատիաս Բյորնլունդի զեկույցը «Դանիական արխիվային վավերագրերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ» թեմայով «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» միջազգային գիտաժողովին , ապրիլի 20, 2011թ., Երևան

Գիտաժողով Գյումրիում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

13.11.2013

ՀՑԹԻ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված գիտաժողովի, որը տեղի ունեցավ 2013թ. նոյեմբերի 12-ին Գյումրիում:

Շիրակի մարզի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կազմակերպած գիտաժողովին մասնակցեցին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտքարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Թեհմինե Մարտոյանը, հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյանը, Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը և այլք:



Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը և Կանադայի մարդու իրավունքների թանգարանը ստորագրեցին Փոխըմբռման հուշագիր

07.11.2013

Նոյեմբերի 7-ին կանադական Վիննիպեգ քաղաքում տեղի ունեցավ Կանադայի մարդու իրավունքների թանգարանի (ԿՄԻԹ) և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) միջև Փոխըմբռման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Զորյան ինստիտուտի գործուն մասնակցությամբ ստորագրված այս Փոխըմբռման պայմանագրով կողմերը պայմանավորվեցին համագործակցել Հայոց ցեղասպանության ուսումնասիրման, գրահրատարակչության, կրթության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման, տեղեկատվության, խորհրդատվության փոխանակման և այլ ոլորտներում: Այս համագործակցությունն օգտակար է նաև փորձի փոխանակման տեսանկյունից, ինչպես օրինակ երկու հաստատությունների նոր մշտական ցուցադրությունների մշակումը:

Պայմանագիրը ստորագրեցին ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և ԿՄԻԹ-ի տնօրեն Ստյուարտ Մյուրեն: Ստորագրման արարողությանը ներկա էին Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանը, կանադահայ համայնքի ներկայացուցիչներ:



Քննարկում Տորոնտոյում՝ նվիրված Ավրորա Մարտիկանյանին

07.11.2013

Տորոնտոյի (Կանադա) Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե եկեղեցում Երևանի ժամանակով նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի և աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Ավրորա Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» գրքին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակումների ծրագրերին: Քննարկումը կազմակերպել էր Զորյան ինստիտուտը:

Քննարկման ընթացքում ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ Ավրորայի պատմությունը մեկն է այն բազմաթիվ տպավորիչ պատմություններից, որի միջոցով կարելի Է պատմել Հայոց ցեղասպանության ընդհանուր պատմությունը: «Այս պատմությամբ դու կարող ես պատմել ամեն ինչ: Կարծում եմ սա է պատճառը, որ Թուրքիան սկսեց հետաքրքրություն ցուցաբերել այս հարցի շուրջ, քանի որ այն շատ հզոր է և դժվար է ժխտել»:

Կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը պատմեց Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի՝ հայկական Ժաննա դ’Արկի, պատմածների հիման վրա 1918 թվականին Հոլիվուդում նկարահանած «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի մասին՝ նրա ստեղծման, այնուհետև ժապավենի անհետանալու ոդիսականի մասին:

Քննարկմանը ներկայացվեց «Հոգիների աճուրդ» համր ֆիլմից մի դրվագ: Ցուցադրվեց նաև դեռևս 1980-ականների վերջին Զորյան ինստիտուտի Ավրորա Մարտիկանյանի հետ իրականացրած հարցազրույցից մի հատված:

Եվ վերջում, Հայկ Դեմոյանը՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, անդրադարձավ նաև հարյուրամյակի շրջանակներում ծրագրված միջոցառումներին:

Քննարկման տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:

Քեյթ Ռոյստերի «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը» գրքի շնորհանդեսը Դանիայում

06.11.2013

Դանիացի գրող Քեյթ Ռոյստերի «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» գրքի շնորհանդեսը, տեղի ունեցավ նոյեմբերի 6-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը: Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, դանիացի մտավորականներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը՝ նշելով, որ շնորհանդեսի համար ընտրված օրը պատահական չէ. ուղիղ մեկ տարի առաջ նույն օրը դանիացի մարդասեր և «հայ որբերի մայրիկե Մարիա Յակոբսենի 130-ամյակն էր և այդ նույն օրը Կոպենհագենի Թագավորական գրադարանում բացվել էր ՀՑԹԻ կազմակերպած «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցադրությունը:

Դեսպանն իր խոսքում հիշատակեց, որ վերջերս Դանիայի հեղինակավոր «Kristeligt Dagblad» թերթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակված մի քանի հոդվածներից մեկը կրում էր «Հայոց պատմությունը մեր պատմությունն է» վերնագիրը` հավելելով, որ Մարիա Յակոբսենի և Կարեն Յեփփեի միջոցով է, որ հայ ժողովրդի պատմությունը շատ դանիացիներ համարում են նաև իրենց սեփական պատմության մի մասը: Դեսպանն ավելացրեց, որ նրանց նվիրումը հայ ժողովրդին անսահման է եղել և նրանց մասին նոր վկայությունները հնարավորություն են տալիս մեզ բոլորիս ծանոթանալու նրանց գործունեության անծանոթ էջերին:



«Հոշոտված Հայաստան» գրքի շնորհանդեսը Մոսկվայում

05.11.2013

Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ նոյեմբերի 2-ին Մոսկվայի վանական համալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակած «Հոշոտված Հայաստան» գրքի ռուսերեն թարգմանության շնորհադեսը:

Միջոցառման ընթացքում դասախոսություն կարդաց Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը: Շնորհանդեսին ներկայացվեց նաև Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի՝ հայկական Ժաննա դ’Արկի, պատմածների հիման վրա 1918 թվականին Հոլիվուդում նկարահանած «Հոգիների աճուրդ» համր ֆիլմից մի դրվագ:



«Հոշոտված Հայաստան». Ավրորա Մարտիկանյանի պատմությունը

05.11.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Ավրորա Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը՝ ռուսերեն թարգմանությամբ:

Գիրքը Հայոց ցեղասպանությունը վերապրած չմշկածագցի Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի հուշագրությունն է՝ թուրքական իշխանությունների ցեղասպանական քաղաքականութան զոհ դարձած երիտասարդ հայուհու անձնական ողբերգությունը:

Այս պատմությունը նման է թուրքական յաթաղանից հրաշքով մազապուրծ եղած հազարավոր մարդկանց պատմությանն ու հուշերին: Բայց միևնույն ժամանակ, Ավրորայի պատմությունն ունի մի բացառիկ առանձնահատկություն: Փրկվելով ցեղասպանությունից՝ Ավրորա Մարտիկանյանը բնակություն հաստատեց ԱՄՆ-ում, որտեղ էլ նրա պատմության հիման վրա 1918թ. հրատարակվեց «Հոշոտված Հայաստան» գիրքը: Նույն թվականին Հոլիվուդում նկարահանվեց «Հոշոտված Հայաստան կամ Հոգիների աճուրդ» համր ֆիլմը, որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր:

Ֆիլմում Ավրորային վիճակված էր մարմնավորել գլխավոր հերոսուհու դերը՝ խաղալով ինքն իրեն:

Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրողների համար:



ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 20142 թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

23.10.2013

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2014թ. դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Հաղթող հավակնորդների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:

Տարեկան նախատեսվում է մեկ ասպիրանտի այցելություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության և կացության ծախսերը: Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը` 2013թ. դեկտեմբերի 15 Հաղթող հավակնորդի անվան հրապարակումը` 2013թ. դեկտեմբերի 25 Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է: Ծրագրի մեկնարկը` 2014թ. հունվարի 1

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի գրքի շնորհանդեսը ԱԳՆ-ում

17.10.2013

Այսօր ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Երևանում հավատարմագրված դեսպաններ, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Շնորհավորելով հեղինակին գրքի հրատարակման կապակցությամբ՝ նախարարը ասաց. «Հետաքրքրությամբ եմ կարդացել կարևոր գիտական արժեք ունեցող այս մենագրությունը և վստահ եմ, որ այն արժանի է ուշադրության ոչ միայն պատմաբանների, փորձագետների, դիվանագետների, բոլոր այն հետազոտողների, որոնք հետաքրքրվում են մեր տարածաշրջանով, այլև առավել լայն շրջանակի ընթերցողների համար»,- նշեց արտգործնախարար Նալբանդյանը:

Գրքի գիտական արժեքների մասին խոսեցին նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը և ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Ավագյանը։ Նիկոլայ Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծեց նաև գրքի արցախագիտության ոլորտում ունեցած արժեքի մասին: Արսեն Ավագյանն առանձնացրեց գրքի գիտակիրառական նշանակությունը:



Էրեբունի-Երևան տոնակատարության հյուրերն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան

11.10.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Էրեբունի-Երևան տոնակատարությանը մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր քաղաքներից ժամանած պատվիրակությանը ներկայացրեց Մեծ Եղեռնի տարիներին աշխարհի տարբեր քաղաքների քաղաքագլուխների նախաձեռնությամբ հայերի օգտին իրականացրած հանգանակությունները վկայող և մարդասիրական առաքելությունը ներկայացնող բացառիկ ցուցանմուշներ:

Երևանի քաղաքապետարանի հրավերով Էրեբունի-Երևան տոնակատարությանը մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր քաղաքներից Երևան ժամանած պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Տարբեր երկրներից ժամանած պատվիրակության անդամները ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: Հյուրերը ծանոթացան ինչպես մշտական ցուցադրության, այնպես էլ հատուկ այս օրվա համար կազմակերպած ժամանակավոր ցուցադրության հետ:



Լույս է տեսել «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի առաջին թողարկումը

05.10.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը սկսում է «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի թողարկումը: Այս հանդեսում զետեղվելիք նյութերն անդրադառնալուն են Հայոց ցեղասպանության պատմության, պատմագրության, ինչպես նաև այս թեմային առնչվող մյուս հիմնախնդիրների ու ասպեկտների լիարժեք ու համապարփակ ուսումնասիրությանը:

Հանդեսի առաջին հատորում զետեղված են 1909 թ. Ադանայում տեղի ունեցած կոտորածների հարյուրամյա տարելիցի առիթով 2009 թ. ապրիլին Երևանում կայացած միջազգային գիտաժողովի նյութերը: Այս գիտաժողովին տարբեր զեկույցներով ու հաղորդումներով իրենց մասնակցությունը բերեցին հետազոտողներ Հայաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Հունգարիայից և Ավստրիայից:

Ակնկալվում է նաև որ հանդեսը կդառնա հարմար հարթակ գիտական բանավեճերի համար, բացելով նոր հետազոտական հորիզոններ ապագա ուսումնասիրությունների համար:

Այդուհանդերձ, հանդեսը չի սահմանափակվելու միայն Հայոց ցեղասպանության առնչվող հիմնախնդիրների ուսումնասիրությամբ, այլև անդրադառնալու է այլ ժողովուրդների ցեղասպանություններին վերաբերող հարցերին, հատկապես կարևորելով համեմատական բնույթի հետազոտությունները:






ՀՑԹԻ-ի և Ռուսաստանի «Հոլոքոստ» կենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

25.09.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ռուսաստանյան «Հոլոքոստ» կենտրոնի միջև 2013 թ. սեպտեմբերի 19-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր: Ստորագրման արարողությունը տեղի էր ունեցել Մոսկվայի Պոկլոննայա գորա հուշահամալիրի տարածքում գտնվող Հոլոքոստի թանգարանում: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և «Հոլոքոստ» կենտրոնի համանախագահ Իլյա Ալտմանը:

Հուշագրի շրջանակներում նախատեսվում են համատեղ ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպում, մշակութային փոխանակումներ, Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ուսումնասիրություններում գիտելիքների, ինչպես նաև աշխատակիցների փոխանակում, համատեղ ազգային և միջազգային մակարդակներում ազգայնամոլության, ռասիզմի և մարդու իրավունքի այլ խախտումների կանխարգելմանն ուղղված հանրակրթական ծրագրերի մշակում և այլն:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվիրակության Մոսկվա այցի շրջանակներում տեղի են ունեցել նաև ՀՑԹԻ-ի ղեկավարության հանդիպումներ և բանակցություններ Ռուսական հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Կանների և «Հոլոքոստ» Հիմնադրամի նախագահ Ալլա Գերբերի հետ:

«Հոլոքոստ» գիտահանրակրթական կենտրոնը հիմնադրվել է 1992 թ. և հետխորհրդային տարածքում Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող առաջին կազմակերպությունն է: «Հոլոքոստ» կենտրոնը ներկայացուցչություններ ունի Ռուսաստանի Դաշնության քառասուն սուբյեկտներում:


Մեծ Եղեռնի հարյուրամյակին նվիրված փոստային թողարկումների մարում ՀՑԹԻ-ում

24.09.2013

Սեպտեմբերի 24-ին, Հայոց ցեղասպանության թանգարանի նախասրահում տեղի ունեցավ երեք փոստային թողարկումների մարման արարողություն: Այս տարի, Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ “Հայփոստ”-ը թողարկել է երեք դրոշմանիշեր` նվիրված գերմանացի աստվածաբան և հայասեր Յոհաննես Լեփսիուսին, անգլիացի դիվանագետ Ջեյմս Բրայսին և Մեծ Եղեռնը վերապրած Ավրորա Մարդիգանյանին:

Վերջինս, հրաշքով փրկվելով ցեղասպանության արհավիրքներից, խաղաց իր իսկ դերը սեփական հուշագրության հիման վրա 1918 թ. Հոլիվուդում նկարահանված “Հոշոտված Հայաստան կամ Հոգիների աճուրդ” համր ֆիլմում, որը բարեգործական նպատակներով ցուցադրվեց բազմաթիվ երկրներում:

Մարման արարողությանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, “Հայփոստ” ՓԲԸ-ի ներկայացուցիչները:


ՀՑԹԻ կրտսեր գիտաշխատող Հասմիկ Գրիգորյանի “Երեխաները՝ Հայոց ցեղասպանության զոհ” թեմայով զեկույցը Վլադիկավկազում

06.09.2013

«Երեխաները որպես ահաբեկչության զոհ ժամանակակից պատմության մեջ» Միջազգային առաջին գիտաժողովը՝ նվիրված Բեսլանի՝ #1 դպրոցի ահաբեկչության զոհերի 9-րդ տարելիցին, տեղի ունեցավ սեպտեմբերի 1-ից 3-ին Վլադիկավկազում (Ռուսաստան):

Գիտաժողովին մասնակցեց ՀՑԹԻ կրտսեր գիտաշխատող Հասմիկ Գրիգորյանը, ով զեկույց ներկայացրեց «Երեխաները՝ Հայոց ցեղասպանության զոհ» թեմայով: Գիտաժողովին մասնակցել են նաև «Հոլոքոստի» կենտրոնի համանախագահ Ի. Ալտմանը, ՌԴ Հանրային պալատի անդամ, «Հոլոքոստ» ֆոնդի նախագահ Ալլա Գերբերը, ՌԴ մանկավարժները, Իսրայելի ներկայացուցիչ Կիրիլ Ֆեֆերմանը («Աշխարհի ժողովուրդների երախտավորների կոչման» հանձնաժողովի անդամ), Ֆրանսիայի ներկայացուցիչ Սիմոն Սամուելսը (Ս. Վիզենտալի Կենտրոնի միջազգային ծրագրերի տնօրեն):

Գիտաժողովի մասնակիցները նաև այցելեցին Բեսլանի #1 դպրոցը, ուր հանդիպեցին Բեսլանի քաղաքապետի և «Բեսլանի մայրերը» կոմիտեի անդամների հետ: Այնուհետև մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին ահաբեկչության նահատակ երեխաների շիրիմներին «Հրեշտակների քաղաք» գերեզմանատանը և ծաղիկներ դրեցին «Հայաստանի երեխաների կողմից» հուշարձանին:

Գիտաժողովը կազմակերպվել է Ռուսաստանի հրեական կոնգրեսի, <<Հոլոքոստի>> կենտրոնի և ֆոնդի, Հյուսիսային Օսեթիայի-Ալանիայի հանրապետության կառավարության, Հյուսիսային Օսեթիայի Կ. Լ. Խատեգուրովի անվան պետական համալսարանի, Կրթության աշխատակիցների որակավորման և մասնագիտական պատրաստման Հյուսիս-օսեթական պետական ինստիտուտի, Մասնագիտական պատրաստման և որակավորման բարձրացման ակադեմիայի համագործակցությամբ:


ՀՑԹԻ-ի գիտաշխատողները Տորոնտոյում

05.09.2013

ՀՑԹԻ-ի գիտաշխատողներ Լուսինե Աբրահամյանը, Էդիտա Գզոյանը և Խաչատուր Կոբելյանը մասնակցեցին Զորյան ինստիտուտի կազմակերպած «Ցեղասպանության և մարդու իրավունքների կրթական ծրագրին», որը տեղի է ունեցել 2013, օգոստոսի 5-16-ը Տորոնտոյում (Կանադա):

Ամենամյա ծրագիրը երկշաբաթյա ակադեմիական կուրս է, որտեղ բարձրակարգ դասախոսներն ու տարբեր երկրներից ժամանած մասնակիցները ներկայացնում և քննարկում են մարդու իրավունքների, ցեղասպանության տեսությունների, Հայոց ցեղասպանության, Հրեից հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների, ժխտողականության, ցեղասպանության հոգեբանական ազդեցությունների, ցեղասպանության և միջազգային իրավունքի, ցեղասպանության կանխարգելմանն առնչվող թեմաներ ու հիմնահարցեր:

Կրթական ծրագրի վերջին օրը մասնակիցները հանդես են եկել ամփոփիչ զեկույցներով: ՀՑԹԻ հայցորդ Լ. Աբրահամյանը իր զեկույցի շրջանակներում ներկայացրել է ամերիկյան Կարմիր խաչի գործունեությունը Հայոց ցեղասպանության ժամանակ: Պատմական գիտությունների թեկնածու Է. Գզոյանի զեկույցը նվիրված էր միջազգային իրավունքում Ցեղասպանության ժխտման հիմնահարցին և միջազգային-իրավական նորմերի կիրառմանը Հայոց ցեղասպանության ժխտման մեջ: ՀՑԹԻ ասպիրանտ Խ. Կոբելյանն իր զեկույցում ներկայացրել է Վանի ինքնապաշտպանությունը և դրա նշանակությունը:


Մահացել է Ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժան Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան)

28.08.2013


Օգոստոսի 27-ին 2013 թ. կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժան Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան):
Ժանսեմը ֆրանսիական արդի արվեստի ականավոր դեմքերից էր: Վարպետը առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին: 2001-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելեց Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ցավակցում է անվանի նկարչի հարազատներին և ընկերներին:



Ցեղասպանության թանգարանի կայքի ամենաշատ այցելուները թուրքերն են. Հայկ Դեմոյան

20.08.2013

Հայոց ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իր ղեկավարած կառույց կողմից կատարվող աշխատանքին։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործին՝ Հայկ Դեմոյանը նշում է, որ պետք է անընդհատ նոր եղանակներ գտնել, որպեսզի ճնշումը, հատկապես հոգեբանական դաշտում, ավելի մեծացվի, քանի որ ամեն մի ճանաչում, նրանց այլևս բերում է ակնհայտ ցնցումների:

- Պարոն Դեմոյան, տեղեկություններ կան, որ Թուրքիան ևս շատ ակտիվ նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, ինչպես և մենք, ոչ պակաս: Ինչ-որ ֆիլմեր են նկարահանում:

- Թուրքերը առաջին տարին չէ, որ նախապատրաստվում են, նրանք պատրաստվում են ամեն ապրիլից առաջ, բայց քաջ գիտակցելով, որ 2015–ին լինելու է ավելի մեծ ծավալի ճնշում լինելու են բազմաթիվ ձեռնարկներ և նախաձեռնություններ, նրանք այսպես ասած՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել: Ո՞րն է այդ կանխարգելիչ միջոցառումների իմաստը. ավելի մեծ ֆինանսներ են տրվում տարբեր ձեռնարկների, այդ թվում՝ Ձեր հիշատակած ֆիլմերի, որոնք գեղարվեստական են, բայց իրենց գեղարվեստականության մեջ նաև քարոզչական իմաստ ունեն: Խոսուն օրինակ է «Սարիղամիշ» ֆիլմը: Կան մի քանի այլ ֆիլմեր ևս: Ասեմ նաև, որ մեզ առաջարկ է եղել, թարգմանված սցենար են ներկայացրել, որ նյութեր տրամադրենք ֆիլմ նկարահանելու համար: Նպատակը մեկն էր՝ նյութեր հավաքել մեզնից, շոշափել՝ ինչ ունենք, բայց դա մատուցվեց իբր կոտորածների մասին ֆիլմ:




ՀՄԸՄ խաղերի մասնակիցները այցը Ծիծեռնակաբերդ

01.08.2013

Oգոստոսի 1,2013 Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) 9-րդ համահայկական մարզախաղերի մասնակիցները ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամների գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամները ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և 650 երիտասարդ մարզիկների հետ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Տեղի ունեցավ նաև հոգեհանգստյան արարողություն: Պատվիրակությունը այնուհետև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ տեղի ունեցավ Մեծ Եղեռնի նահատակ մարզիկ Շավարշ Քրիսեանի հիշատակին նվիրված բացիկների ստորագրության և կնքման արարողությունը:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ծանոթացրեց ներկաներին Օսմանյան կայսրությունում մինչև 1915 թ. հայկական մարզական ակումբների և ֆուտբոլային թիմերի կազմավորման պատմության հետ, ներկայացնելով հատուկ ՀՄԸՄ-ի երիտասարդ մարզիկների համար կազմակերպված «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» խորագրով փոքրիկ ցուցադրությունը, որը ներառում է շուրջ 70 լուսանկար, փաստաթղթեր, պարբերականներ:

Այցելության ավարտին տեղի ունեցավ ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամների հանդիպումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:


ՀՑԹԻ-ի ավագ գիտաշխատողը մասնակցեց <<Միջազգային քրեական իրավունք. տեսությունից մինչև պրակտիկա>> ամառային դպրոցին Հաագայում

07.07.2013

ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Էդիտա Գզոյանը սույն թվականի հունիսի 23-ից հուլիսի 5-ը մասնակցել է Հաագայում (Նիդեռլանդներ) Լեյդենի համալսարանի կողմից կազմակերպված ամառային դպրոցին`«Միջազգային քրեական իրավունք. տեսությունից մինչև պրակտիկա» թեմայով:

Դպրոցի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են միջազգային քրեական իրավունքի վերջին զարգացումները, մասնավորապես Ցեղասպանության և Մարդկության դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ կոնվենցիաների վերանայման առկա մոտեցումներն ու տեսակետները:

Կազմակերպվել են այցելություններ Միջազգային քրեական դատարան, նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական տրիբունալ, Լիբանանի գործով հատուկ տրիբունալ:



ՀՑԹԻ ներկայացուցիչները Սիենայում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տասներորդ գիտաժողովում

23.06.2013

Հունիսի 19-22-ը իտալական Սիենա քաղաքում տեղի ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տասներորդ գիտաժողովը, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած ավելի քան 200 մասնակիցներ:

Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել նաև ՀՑԹԻ ներկայացուցիչները Հայկ Դեմոյանը, Սուրեն Մանուկյանը, Ասյա Դարբինյանը և Գևորգ Վարդանյանը:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանն իր «Հնարավոր դարձնելով ցեղասպանությունը. Ադրբեջանի առաջնորդների հակահայ հռետորաբանությունը» վերնագրով զեկույցում ներակայցրել է վերջին տարիներին Ադրբեջանի կողմից պետական քաղաքականության մակարդակի հասցրած հակահայ քարոզչության դրվագները, դիտարկելով այն որպես ցեղասպանության իրականացման մթնոլորտի և նախադրյալների ստեղծման ահազանզ:

Իր ելույթում Սուրեն Մանուկյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարիներին զանգվածային մասնակցության հիմնախնդիրներին, Գևորգ Վարդանյանը ներկայացրել է ցեղասպանության տարիներին հույների կողմից հայերին ցուցաբերված օգնության դրվագները, իսկ Ասյա Դարբինյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության տարիների մարդասիրական օգնության տրամադրման և դրանց կազմակերպման գործընթացը:

Նշենք, որ 2015 թվականին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հերթական տարեկան գիտաժողովը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում անց է կացվելու Երևանում՝ ՀՑԹԻ հովանու ներքո:


ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի այցը Ծիծեռնակաբերդ

1.06.2013

Հունիսի 1-ին, 2013 ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, փոխնախագահ Ռընե Ռուքեն եւ վեհաժողովի պատվիրակները ԵԽԽՎ պատվավոր անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նրանք ծաղկեպսակ դրեցին 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակը:

Հյուրերը եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան ցեղասպանությունը վավերացնող փաստաթղթերին:




ՀՑԹԻ-ի գիտաշխատող Խաչատուր Կոբելյանը Ռիգայում մասնակցեց միջազգային գիտաժողովին

01.06.2013

Մայիսի 27-28-ին Ռիգայում (Լատվիա), Լատվիայի Գիտությունների Ակադեմիայում կայացավ «Հոլոքոստի թանգարանները և հիշողության վայրերը հետխորհրդային երկրներում. մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով երկրորդ միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Ռիգայի գետտոյի և Լատվիայի Հոլոքոստի թանգարանի, Բալթյան միջազգային հանդուրժողականության կենտրոնի և «Շամիր» կազմակերպության ջանքերով:

Կոնֆերանսին մասնակցում էին հրեա և օտարազգի գիտնականներ տարբեր երկրներից, ինչպես նաև երիտասարդ գիտանականներ և հետազոտողներ: Կոնֆերանսի բացմանը ելույթ ունեցան Լիտվայում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Բելառուսիայի, Իսրայելի և այլ երկրների դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցիչներ:

Այս տարի կոնֆերանսին մասնակցեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Խաչատուր Կոբելյանը: Զեկույցի թեման էր «Ցեղասպանության հիշողության պահպանման և տարածման երկու մոտեցում»: Ինստիտուտի երիտասարդ ուսումնասիրողի մասնակցությունը հնարավոր եղավ Շապուհ և Հոփի Կիբարյանների օժանդակության շնորհիվ:




ՀՑԹԻ-ի գիտաշխատողները մասնակցեցին Չիկագոյի միջազգային գիտաժողովին

15.05.2013

2013թ. մայիսի 10-11-ը Չիկագո քաղաքում /ԱՄՆ/ տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` նվիրված հայերի, հույների և ասորիների ցեղասպանություններին:

Գիտաժողովը կազմակերպվել էր Փոքրասիական և Պոնտոսյան հունական հետազոտական կենտրոնի, Ցեղասպանության ուսումնասիրության ասորական կենտրոնի և Ամերիկայի Հայ Ազգային կոմիտեի համատեղ ջանքերով և անցկացվեց Իլլինոյսի Հոլոքոստի թանգարան-կրթական կենտրոնում:

Այն իր ձևաչափի մեջ առաջինն էր, որ անդրադառնում էր բացառապես երեք ցեղասպանություններին, որոնք իրագործվել են Օսմանյան կայսրությունում: Զեկուցումների թեմատիկան էր. ցեղասպանության պատմագրություն, հիշողություն, համեմատական ցեղասպանագիտություն, գենդերային ասպեկտ, միջազգային իրավունք, սոցիալ-հոգեբանական կողմ և այլն:

Ներկայացուցչական այս միջոցառմանը բազմաթիվ այլ հեղինակավոր գիտահետազոտական կենտրոնները (Զորյան ինստիտուտ, Կլարկի, Ֆլորիդայի, Նոր Օռլեանի համալսարաններ, Լոնդոնի թագավորական քոլեջ և այլն) ներկայացնող գիտնականների հետ մեկտեղ հրավիրված էին նաև ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը, ավագ գիտաշխատողներ պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը և պ.գ.թ. Գևորգ Վարդանյանը:

Սուրեն Մանուկյանի զեկուցումը նվիրված էր Հայոց ցեղասպանության սոցիալ-հոգեբանական ասպեկտին, Թեհմինե Մարտոյանինը` Զմյուռնիայի աղետի միջազգային իրավական որակման և պատասխանատվության խնդրին, իսկ Գևորգ Վարդանյանինը` Հայոց և հունաց ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրությանը:

Հեղինակավոր այս գիտաժողովը կարևոր ներդրում էր հայերի, հույների և ասորիների ցեղասպանության ուսումնասիրման նոր մոտեցումների մշակման, ինչպես նաև ոճրագործության ճանաչման և դատապարտման գործում։



Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելեց Ծիծեռնակաբերդ

15.05.2013

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Բելառուսի նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Ալեքսանդր Լուկաշենկոն եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ ջրեց դեռևս 2001թ. այցելության ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:




Չեռնոգորիայի փոխվարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

07.05.2013

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը այցելեց Ծիծեռնակաբերդ:

Չեռնոգորիայի փոխվարչապետը և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին:

Իգոր Լուկշիչը գրառում կատարեց պաշտոնական այցելությունների հուշամատյանում:


Երևանի պետական համալսարանը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ հայտարարում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկը

06.05.2013

Հայոց ցեղասպանության շուրջ օրեցօր ավելացող մարտահրավերներն առավել պահանջված է դարձնում մեզանում խնդրո առարկային տիրապետող, բանիմաց մասնագետների պատրաստման հարցը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ հայ կրթօջախների համար այս խնդիրն առավել քան հրատապ է դառնում: Հաշվի առնելով այս կարևոր հրամայականը, ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ կիրականացվի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը:

Մագիստրոսական ծրագիրը գործելու է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի շրջանակներում: Մագիստրոսական ուսումնառության ուղղությունները կկազմեն Հայոց ցեղասպանության պատմագիտական, սոցիոհոգեբանական, միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների, մշակութաբանության, լեզվագիտական ոլորտների համատեքստում առկա հիմնախնդիրները:

Ծրագրի շրջանակներում կդասավանդեն ոլորտի առաջատար մասնագետները, հնարավորություն կընձեռվի նաև արտերկրից հրավիրված դասախոսների ներգրավումը ուսումնական գործընթացի մեջ:



Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում

24.04.2013

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանից և սփյուռքից, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու և Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ խորհրդարանի և կառավարության անդամների ուղեկցությամբ, այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդ: Հարգանքի տուրք մատուցելով անմեղ նահատակների հիշատակին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն աղոթք կարդաց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:

Իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, քաղաքական գործիչներ, մտավորականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայրենակցական միությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ:

Այս պահին շարունակվում է հազարավոր մարդկանց երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:



Հայկ Դեմոյանի հաշվետու ասուլիսը թանգարանում

23.04.2013

Հայոց ցեղասպանության թանգարանի նախասրահում տեղի ունեցավ տնօրեն Հայկ Դեմոյանի տարեկան հաշվետու մամուլի ասուլիսը: Ասուլիսին Հայկ Դեմոյանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի գործունեության հիմնական արդյունքները: Շեշտը դրվեց 2012 թվականից մեկնարկված շինարակական լայնածավալ աշխատանքներին, մշակվող նոր թանգարանային ցուցադրությանը, ինչպես նաև ընթացիկ համալիր միջոցառումներին: «Բուն ցուցադրական մակերեսը մեծացվելու է երկուսուկես անգամ: Սա ուղղակի թվեր չեն, այդ ամենը ենթադրում է երկար, տաժանակիր աշխատանք, քանի որ մենք ցուցադրությունը պատրաստում ենք բացարձակապես նոր հայեցակարգի հիման վրա, և Հայաստանում ներդրվելու է թանգարանային նոր մշակույթ»,-նշեց Դեմոյանը: Նրա խոսքով` նոր ցուցադրությունը հագեցած կլինի թանգարանային նորագույն տեխնոլոգիանրով:
Հայկ Դեմոյանը 2012-2013թթ. ընթացքում ՀՑԹԻ կատարած աշխատանքներում առանձնացրեց հետևյալ հիմնական ուղղությունները.

• Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներ,
• Թանգարանային միջազգային համագործակցություն:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ տարվող բազմաբնույթ և աշխարհագրորեն ծավալուն աշխատանքին զուգընթաց թանգարան - ինստիտուտը շարունակում է իր հիմնական առաքելություն: Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների գիտական հետազոտություն ու թանգարանային մշտական և ժամանակավոր ցուցադրությունների միջոցով ցեղասպանության պատմության ներկայացումը հայ և օտար հանրությանը: Թանգարան-ինստիտուտի գործունեության հիմնական ուղղություններից է Հայոց ցեղասպանության պատմական հետազոտությունը, Օսմանյան կայսրությունում արևմտահայերի կյանքին վերաբերող գրականության, լուսանկարային նյութի, փաստաթղթերի և այլ վավերագրերի հավաքչական աշխատանքի կազմակերպումը: Հատկապես վերջին տարիների ընթացքում հաստատության ֆոնդերն ու գրադարանը համալրվել են արժեքավոր ու բացառիկ հավաքածուներով:



Գրքերի շնորհանդես Հայոց ցեղասպանության թանգարանում

23.04.2013

Այսօր ժամը 12:30-ին Հայոց ցեղասպանության թանգարանի նախասրահում տեղի ունեցավ վերջին հինգ տարիների ընթացքում թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակած գրքերի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեցին շուրջ քսանհինգ հատորներ` թողարկված տարբեր մատենաշարերով:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր գրահրատարակչական գործունեությունն իրականացնում է «Դիվանագիտական փաստաթղթեր», «Վերապրողի հիշատակարան», «Ականատեսի վկայություններ» և այլ մատենաշարերով:

Ներկայացված հատորները ներառում են ինչպես վերահրատարակված և թարգմանված սկզբնաղբյուրային գրականություն, այնպես էլ ՀՑԹԻ գիտաշխատողների մենագրությունները:

ՀՑԹԻ Հայկ Դեմոյանը իր խոսքում նշեց, որ գրահրատարակությունը հանդիսանում է ՀՑԹԻ ռազմավարության կարևորագույն մաս:

Իրենց հրատարակված մենագրությունները ներկայացրեցին նաև ՀՑԹԻ գիտաշխատող, պ.գ.թ. Գևորգ Վարդանյանը, պ.գ.թ. Մելինե Անումյանը:



Անվանի ցեղասպանագետ Իսրայել Չարնին իր անձնական գրադարանը նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

22.04.2013

Հեղինակավոր հրեա ցեղասպանագետ, Ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիր Իսրայել Չարնին իր անձնական գրադարանը նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Գրադարանը ներառում է շուրջ յոթ հարյուր հատոր ցեղասպանագիտական գրականություն, այդ թվում տեսական գրականություն, հրեական Ողջակիզմանը և Հայոց ցեղասպանության թեմային առնչվող միավորներ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նպատակադրված է այս հարուստ հավաքածուն զետեղել ՀՑԹԻ նոր գրադարանային մասնաշենքում և ի պատիվ Իսրայել Չարնիի բացել առանձին անվանական սենյակ:

Այս նվիրատվությունը ՀՑԹԻ գրադարանին վերջին հինգ տարիների ընթացքում խոշորագույնն է: Այն հնարավորություն կընձեռնի լուրջ գիտական հետազոտություններ իրականացնել ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրության ոլորտում:






ՀՑԹԻ-ն հրատարակել է բացառիկ նշանակության հուշագրություն
Սարգիս Թորոսյան. «Դարդանելից մինչև Պաղեստին»

20.04.2013

Սարգիս Թորոսյանի հուշագրությունը ներկայացնում է Առաջին աշխարհամարտի թոհուբոհով անցած օսմանյան բանակի հայազգի սպայի ոդիսականը։ Դեպքերի ու դեմքերի անսպասելի անցումները, ցեղասպանության պատմությունը բոլորովին անսպասելի կողմից ներկայացնելը Սարգիս Թորոսյանի իրապատումը դարձնում է խիստ հետաքրքիր ու գրավիչ հուշագրություն, որի ընթերցումն անջնջելի տպավորություններ է թողնում։

Հերոսը չի վերապրել Մեծ եղեռնը, սակայն քսաներորդ դարի մեծագույն ոճրագործություններից մեկի՝ օսմանյան կառավարության կողմից կազմակերպված հայոց ցեղասպանության զոհն է։

Սարգիս Թորոսյանի՝ իր բովանդակությամբ աննախադեպ ու եզակի այս հուշագրությունը պատմում է ճակատագրի բերումով և զինվորական պարտքի զգացումով Օսմանյան Թուրքիային բացառիկ ծառայություն մատուցած հայ սպայի կյանքի ու գործունեության մասին, որտեղ մեկտեղված են հերոսությունն ու անձնազոհությունը, դավաճանությունն ու դավադրությունը, սերն ու կորստի ցավը...

Սարգիս Թորոսյանի կարևոր այս հուշագրությունը տպագրված է նաև թուրքերեն և, ունեցած տվյալներով, այն արդեն առաջացրել է լուրջ հետաքրքրություն թուրքական շրջանակներում՝ միևնույն ժամանակ դառնալով տարաբնույթ մեկնաբանություննեբի ու բանավեճերի առարկա։

Հուշագրությունն առաջին անգամ է ներկայացվում ընթերցողին հայերեն թարգմանությամբ: Գիրքը բաղկացած է 17 գլուխներից:



Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի ութսունամյակին նվիրված ցուցադրություն բացվեց Ազգային գրադարանում

17.04.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ Ազգային գրադարանի համագործակցությամբ այսօր բացվեց ցուցադրություն` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության ութսունամյակին:
Բացման հանդիսավոր խոսքով ելույթ ունեցան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: ՀՑԹԻ տնօրենը Ազգային գրադարանին հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կողմից այս առիթով «Երախտագիտություն» շարքով թողարկած «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալի մեկ օրինակ:
«Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպը, որը նկարագրում է Մեծ Եղեռնի տարիներին կիլիկիահայության գոյամարտի հերոսական դրվագներից մեկը, որի արդյունքում և ֆրանսիական ռազմանավերի շնորհիվ վերահաս բնաջնջումից հրաշքով փրկվեց ավելի քան չորս հազար մարդ, իրավամբ համարվում է կոթողային մի ստեղծագործություն, որի բովանդակությունը մեկ գեղարվեստական ստեղծագործության սահմաններում լիարժեքորեն ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափներն ու ինքնապահպանության համար մղված պայքարը:
Ազգային գրադարանում ներկայացված ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիներին և տարբեր լեզուներով լույս տեսած ավելի քան հիսուն հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում:
Ցուցադրությունը բաց կլինի մինչև ապրիլի 25-ը:



ՀՑԹԻ հրատարակել է Մելինե Անումյանի «Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 թթ. և 1926 թ.)» մենագրությունը

16.04.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի «Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները (1919-1921թթ. և 1926թ.)» գիրքը:

Մենագրությունը նվիրված է 1919-1921թթ. Օսմանյան կայսրության Ռազմական արտակարգ ատյաններում հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված դատական գործերի և 1926թ. Թուքիայի Հանրապետության Անկախության դատարաններում կայացած երիտթուրքերի դատավարությունների ուսումնասիրությանը:

Գրքի առաջին գլխում ներկայացվում է քաղաքական մթնոլորտը Թուրքիայում` Մուդրոսի զինադադարի կնքումից հետո, ինչպես նաև` հայերի տեղահանության և կոտորածների խնդրի քննարկումները օսմանյան մամուլում և երկպալատ խորհրդարանում 1918թ. վերջերին: Հեղինակն առաջին գլխում անդրադառնում է նաև այն հետաքննություններին, որոնք Հայոց ցեղասպանության պատասխանատուների նկատմամբ իրականացվել են Թուրքիայում` նշված ժամանակահատվածում:

Երկրորդ գլխում ուսումնասիրվում են 1919-1921թթ. հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով Ստամբուլի Ռազմական արտակարգ ատյաններում քննված դատական գործերը և 1919-1920թթ. երիտթուրքերի դատավարությունները:

Երրորդ գլխում քննության են առնվում քաղաքական զարգացումները Թուրքիայում 1923-1926թթ.: Հեղինակը ներկայացնում է ազգայնական պայքարում էական դերակատարում ունեցած երիտթուրքերի` Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո ընդդիմության ճակատում հայտնվելու պատճառները և հանրապետության նախագահ Մուստաֆա Քեմալի դեմ ծրագրված Իզմիրի մահափորձը: Երրորդ գլխում ուսումնասիրվում են նաև 1926թ. Թուրքիայի Հանրապետության անկախության դատարաններում քննված Իզմիրի մահափորձի և Անկարայի կամ «Սև ավազակախմբի» դատական գործերը: Գլխի վերջում հեղինակի կողմից համեմատություն է անցկացվում երիտթուրքերի 1919-1921թթ. և 1926թ. դատավարությունների միջև, և ընդգծվում Թուրքիայի Հանրապետության քաղաքական կյանքում, գաղափարախոսության և պետական կառավարման մեջ իթթիհադական ավանդույթի պահպանման փաստը:



Մամլո հաղորդագրություն
Հիշատակի միջոցառում Ազգային գրադարանում` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի ութսունամյակին

16.04.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և ՀՀ Ազգային գրադարանը կազմակերպում են ցուցադրություն` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության ութսունամյակին:

«Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպը, որը նկարագրում է Մեծ Եղեռնի տարիներին կիլիկիահայության գոյամարտի հերոսական դրվագներից մեկը, որի արդյունքում և ֆրանսիական ռազմանավերի շնորհիվ վերահաս բնաջնջումից հրաշքով փրկվեց ավելի քան չորս հազար մարդ, իրավամբ համարվում է կոթողային մի ստեղծագործություն, որի բովանդակությունը մեկ գեղարվեստական ստեղծագործության սահմաններում լիարժեքորեն ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափներն ու ինքնապահպանության համար մղված պայքարը:

Ազգային գրադարանում ներկայացված ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիներին և տարբեր լեզուներով լույս տեսած ավելի քան հիսուն հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս առիթով «Երախտագիտություն» շարքով թողարկել է «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալ:

Բացումը` ապրիլի 17-ին, ժամը` 12:00-ին:
Վայրը` Ազգային գրադարանի կենտրոնական մասնաշենքի սրահ:

Մուտքն ազատ է:




Հայոց ցեղասպանությունը կներառվի Մարդու իրավունքների կանադական թանգարանի ցուցադրությունում

14.04.2013

Օսմանյան Թուրքիայի կողմից Հայերի սպանությունը ցեղասպանություն անվանելը կարող է վնասել Կանադայի և Թուրքիայի առևտրական հարաբերություններին, սակայն Մարդու իրավունքների կանադական թանգարանը չի պատրաստվում 1.5 միլիոն մարդկանց կոտորածն անվանել այլ կերպ, քան ցեղասպանություն, հաղորդում է Winnipeg Free Press-ը:

Թանգարանի պատասխանատու անձանցից մեկը` Քլինթ Քըռլը, հայտարարել է, որ մեկ տարի անց հիշյալ թանգարանի բացման ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութը «ցեղասպանություն» անվանումով ներառվելու է թանգարանի ցուցադրությունում:

Այս հայտարարությունը արվել է ի պատասխան Կանադայում Թուրքիայի դեսպան Թանքեյ Բաբալիի խոսքերի, որ Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի սպանությունները որպես ցեղասպանություն որակելը կարող է խոչնդոտ հանդիսանալ Թուրքիայի հետ Կանադայի առևտրական հարաբերությունների համար:



Չեխիայի փոխվարչապետ. «Հայոց ցեղասպանությունն ամբողջ մարդկության պատմությունն է»:

11.04.2013

Չեխիայի առաջին փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի գլխավորած պատվիրակությունն այսօր առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Չեխիայից ժամանած բարձրաստիճան հյուրը ծաղկեպսակ և ծաղիկներ դրեց անմեղ զոհերի հուշակոթողի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Շվարցենբերգը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանի ցուցանմուշներին: Չեխիայի փոխվարչապետը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. «Շուտով կլրանա հարյուր տարին այն սարսափների, որոնք տեղի ունեցան: Սա միայն ձեր պատմությունը չէ, այլ ամբողջ մարդկության: Այս նկարները պատմում են մեզ այն սարսափելի ճշմարտությունը, թե ինչ կարող է մարդը անել»:

Այնուհետ Չեխիայի առաջին փոխվարչապետը շրջեց Հիշողության պուրակում և ջրեց 2008 թվականին իր ձեռքով տնկած եղևնին:



Սլովակիայի փոխվարչապետ Միրոսլավ Լայչակն այցելեց Ծիծեռնակաբերդ

10.04.2013

Պաշտոնական այցով Հայաստամում գտնվող Սլովակիայի փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ դրեց զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Միրոսլավ Լայչակը և նրան ուղեկցող պատվիրակությունը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան դարասկզբին տեղի ունեցած արհավիրքի մանրամասներին` ցեղասպանության վերաբերյալ լուսանկարներին, փաստաթղթերին և գրականությանը:

Սլովակիայի փոխվարչապետը նաև գրառում կատարեց պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

Հիշեցնենք, որ 2004թ. նոյեմբերի 30-ին Սլովակիայի Ազգային խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը:



Հայոց ցեղասպանության 100-ամյակի Միջինարևելյան երկրների հանձնախմբերի ներկայացուցիչների խորհրդաժողով Անթիլիասում

08.04.2013

Ս.թ. ապրիլի 6-ին Անթիլիասի մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի նախագահությամբ բացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի կազմակերպած մեկօրյա խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում էին Հայաստանի, Իրանի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Կիպրոսի, Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովին ներկա էր նաև ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը բացման խոսքում նշեց, որ Ցեղասպանության ճանաչման և հատուցման աշխատանքները երեք ճանապարհ ունեն` պատմական, քաղաքական ևիրավական: «Ժամանակն է, որ առանց անտեսելու առաջին երկուսը` հստակ առաջնահերթություն տանք իրավական կողմին, և այս առումով հսկայական աշխատանք ունենք կատարելու»,- ընդգծեց Կիլիկիո կաթողիկոսը:

Այնուհետև ելույթ ունեցան Սեդա Խտշյանը, Աշոտ Քոչարյանը, Շահան Գանտահարյանը, Կիրո Մանոյանը, Հակոբ Կերկերյանը, Եղիկ Ճերեճյանը, ինչպես նաև մյուս ներկաները:



Հեդվիգ Բյուլ. ծննդյան 125-ամյակի առիթով
«Իմ սիրտը հայ է»

04.04.2013

Հեդվիգ Բյուլը ծնվել է 1887թ. Էստոնիայի Հաապսալու փոքրիկ քաղաքում: Լինելով բարեկեցիկ ընտանիքի զավակ` Հեդվիգը ստացել է հիանալի կրթություն (Սանկտ Պետերբուրգում բարձրագույն մանկավարժական, իսկ Գերմանիայում` միսիոներական կրթություն): Նա տիրապետել է մայրենի էստոներենին, ռուսերենին, ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, իսկ Կիլիկիայում միսիոներական առաքելությունն իրականացնելու ընթացքում` նաև թուրքերենին և հայերենեին:

1909թ. երիտասարդ Հեդվիգը եվրոպական մամուլի էջերից տեղեկանում է Ադանայում հայկական կոտորածների սարսափազդու լուրերին և կայացնում իր համար ճակատագրական որոշում. մեկնել հեռավոր երկիր` կոտորածների հետևանքով որբացած քրիստոնյա երեխաների փրկության գործին մասնակցելու համար: 1911թ. նա ժամանում է Կիլիկիա և անցնում աշխատանքի Մարաշի ծնողազուրկ հայ երեխաների համար գերմանացի ավետարանական քարոզիչների կողմից բացված «Բեյթել» որբանոցում` որպես ուսուցչուհի: Այստեղ չորս տարի պաշտոնավարելուց հետո` 1915թ. նա ականատես եղավ երիտթուրք իշխանությունների կողմից իրականացվող հայկական կոտորածերին: 1916-19թթ. Հեդվիգ Բյուլն աշխատել է նույն միսիոներական առաքելությանը պատկանող Հարունիե գյուղի (Մարաշից հարավ) գերմանական որբանոցում: 1918թ. երիտասարդ միսիոներուհին իր գործադրած գերմարդկային ջանքերի շնորհիվ կարողացավ թուրքական աքսորից փրկել որբանոցի սաներին և նրանց ազատել վերահաս վտանգից: 1919թ. հաշվի առնելով Կիլիկիայում ստեղծված քաղաքական իրավիճակը` Հ. Բյուլը հարկադրված էր մեկնել Էստոնիա: Սակայն նրա բաժանումը իր սիրելի հայ ժողովրդից երկար չտևեց:



Սուրեն Մանուկյանի Կալիֆորնիայի դասախոսությունները Ֆուլբրայթի կրթաթոշակի շրջանակում

02.04.2013

2013թ. փետրվարի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն և Նյու Ջերսիի Ռաթգըրս համալսարանի ցեղասպանագիտության, կոնֆլիկտաբանության և մարդու իրավունքների կենտրոնի Ֆուլբրայթի այցելու գիտնական Սուրեն Մանուկյանը Ֆուլբրայթի դասախոսությունների ծրագրի շրջանակում հանդես եկավ «Զանգվածային մասնակցությունը Հայոց ցեղասպանության ընթացքում: Սոցիոլոգիական չափում» թեմայով դասախոսությամբ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում /UCLA/:

Ս.Մանուկյանը UCLA-ի ուսանողներին, ֆակուլտետին, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրեց թեմայի շուրջ իր գաղափարները և ուսումնասիրության արդյունքները: Նա հատկապես շեշտեց այն միտքը, որ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը վերացական և ընդհանուր մոտեցումներից անհրաժեշտ է տեղափոխել ավելի առարկայական դաշտ: Քննարկվեց նաև այն հարցը, թե «ովքեր էին Հայոց ցեղասպանությունն իրագործողները»: Միջոցառմանը մասնակցեցին այնպիսի հանրահայտ գիտնականներ, ինչպիսիք են Ռ. Հովհաննիսյանը, Ս. Ասլանյանը, Ռ. Փիրումյանը, Փիթըր Քաուն, ինչպես նաև UCLA-ի ուսանողներ:

Փետրվարի 13-ին Ս. Մանուկյանը համայնքային հանդիպում ունեցավ Ֆրեզնոյում և «Հայոց ցեղասպանության ոճրագործներն ու զոհերը: Սոցիալ հոգեբանական չափում» թեմայով դասախոսություն ներկայացրեց: Մասնակցում էին ուսանողներ, Ֆրեզնոյի Կալիֆորնիայի Պետական համալսարանի ֆակուլտետի անձնակազմը, Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչները: Դասախոսությանը հետևեց հետաքրքիր քննարկում. Մասնակիցների թվում էին պրոֆեսորներ Բ. Տեր-Մկրտչյանը, Սերջիո լա Պորտան և Ս. Հարությունյանը:



Մարիա Յակոբսեն 130

29.03.2013

Մարիա Յակոբսենը ծնվել է 1882թ. նոյեմբերի 6-ին Դանիայի Սիիմ փոքրիկ քաղաքում: Արդեն պատանեկության տարիներին նա դանիական մամուլում հրապարակվող հոդվածներից տեղեկանում է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվող հալածանքների և համիդյան կոտորածների(1894-1896թթ.) մասին:

1890-ականներին Սկանդինավյան երկրներում և, մասնավորապես Դանիայում, սկիզբ առած հայասիրական շարժման անդամները հանդես են գալիս համիդյան կոտորածնեը դատապարտող նախաձեռնություններով և ելույթներով: 1900թ. Դանիայում հիմվում է «Կանանց առաքելության աշխատողներ» (ԿԱԱ) կազմակերպության դանիական մասնաճյուղը, որն օժանդակություն է ցուցաբերում Խարբերդի, Մարաշի, Վանի, Մուշի գերմանական որբանոցներում ապաստանած հայ որբերին: 1906թ. ավարտելով հիվանդապահուհիների դասընթացները` Մարիա Յակեբսենն անդամագրվում է «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպությանը և ուղևորվում Խարբերդ` որպես միսիոներուհի` օգնելու տառապյալ հայ ժողովրդին: 1907թ. նոյեմբերին երիտասարդ միսիոներուհին ժամանում է Խարբերդ, որտեղ նշանակվում է փոքրիկ հիվանդանոցի կառավարչուհի: Կարճ ժամանակահատվածում նա տիրապետում է հայերենին` տեղացիների հետ հաղորդակցվելու համար: Միևնույն ժամանակ Մարիա Յակոբսենը սկսում է գրառումներ իր օրագրում, որը հետագայում դառնում է Հայոց ցեղասպանության ականատեսի արժեքավոր վկայություն: Օրագրի առաջին գրառումը նա կատարում է 1907թ. սեպտեմբերի 7-ին, իսկ վերջինը` 1919թ. օգոստոսի 6-ին: Ստվարածավալ օրագիրը (շուրջ 600 էջ) հիմնականում ներկայացնում է 1915-19թթ. Խարբերդի հայության տեղահանությունն ու բռնագաղթը, թուրքերի կողմից անասելի դաժանություններով իրականացված սպանությունների տեսարանները… Երկար տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ականտես դանիացի միսիոներուհին իր օրագիրը գաղտնի էր պահում բոլորից, քանի որ կյանքի գնով էր այն դուրս բերել Օսմանյան կայսրության սահմաններից: Մարիա Յակոբսենի «Օրագրությունը» թարգմանվել է հայերեն, ապա հրատարակվել Բեյրութում` նրա մահից տարիներ անց` 1979թ.:



«Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը շարունակում է իր աշխատանքները

23.03.2013

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագիրը կրող միջազգային գիտաժողովն իր աշխատանքները շարունակեց նաև երկրորդ օրը՝ մարտի 23-ին:

Այս գիտաժողովին մասնակցում էին ինչպես հայազգի, այնպես էլ օտարազգի անվանի գիտնականներ: Գիտաժողովի երրորդ նիստին զեկույցներ կարդացին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երիտասարդ գիտնականները:

Գիտաժողովի ավարտին եղավ արդյունավետ քննարկում, մտքերի փոխանակում: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած միջազգային այս գիտաժողովը նպատակ էր հետապնդում Մեծ Եղեռնի հարյուրամյակի նախօրեին քննարկումներ սկսել և եզրակացություններ տալ երեք հիմնական ուղղություններով տարվող աշխատանքներին: Դրանք են`

ա. Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության և թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հետագա հեռանկարներն ու ուղղությունները,
բ. Ժխտողականության դեմ արդյունավետ պայքար մղելու աշխատաեղա-նակներն ու հրամայականները,
գ. Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների իրավահաջորդներին փոխհատուցման ու դրա հետ կապված խնդիրների իրավական հիմնավորումների քննարկում:



Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

22.03.2013

2013 թվականի մարտի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”):

Հայաստանը մշտապես ՄԱԿ-ի շրջանակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ նախաձեռնություններով, ներկայացնելով բանաձևերի նախագծեր: Այդ նախաձեռնությունների արդյունքում Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1998 թվականին ընդունվել են «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված», 1999 և 2001 թթ.` «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» բանաձևերը: 2008 թվականին Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունվել է «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձևը: Նշված բոլոր բանաձևերն ընդունվել են կոնսենսուսով` վայելելով անդամ պետությունների լայն աջակցությունը:

Հայաստանի կողմից առաջարկվող բանաձևերը նպատակ ունեին համաշխարհային հասարակության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան, դրան առնչվող այլ փաստաթղթերը և դրանց կիրառման հետ կապված խնդիրները` նպատակ ունենալով ընդգծել ցեղասպանության հանցագործության վերացմանն ուղղված` պետությունների համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:



Մեկնարկվեց երկօրյա միջազգային գիտաժողովը

22.03.2013

Այսօր Երևանում՝ ԱՆի պլազա հյուրանոցի Անի սրահում, մեկնարկվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած միջազգային գիտաժողովը: «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագիրը կրող միջազգային գիտաժողովին մասնակցում էին ցեղասպանագետներ, պատմաբաններ, տարբեր ոլորտի առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:
Գիտաժողովը բացվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձի ընթերցմամբ, որտեղ մասնավորապես ասված է.«Հայոց ցեղասպանության պատմությունը և դրա դասերը չեն առնչվում միայն հայ ժողովրդի պատմությանն ու հիշողությանը: Այն հավասարապես վերաբերում է նաև թուրքական պետության և թուրք ժողովրդի պատմությանն ու հիշողությանը, և այս տեսանկյունից մեզ համար ոգևորիչ է, որ տասնամյակներ շարունակ անփոփոխ մնացած լռությունն ու ժխտողական կեցվածքն այլևս տեղի են տալիս, և թուրք հասարակության առավել գիտակից հատվածն իր մեջ ուժ է գտել վերանայելու անցյալում տեղի ունեցած ողբերգության հանդեպ պարտադրված մոտեցումներն ու կեցվածքը, ավելին` նույնիսկ քննադատաբար մոտենալու պաշտոնական դիրքորոշմանը և ըմբոստանալու ժխտողականության նոր երևույթների դեմ»:
Բացման խոսքով ելույթ ունեցավ նաև ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը՝ նշելով, որ կազմակերպված միջազգային գիտաժողովը նպատակ է հետապնդում Մեծ Եղեռնի հարյուրամյակի նախօրեին քննարկումներ սկսել և եզրակացություններ տալ երեք հիմնական ուղղություններով տարվող աշխատանքներին: Առաջինը՝ Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության և թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հետագա հեռանկարներն ու ուղղությունները, երկրորդը՝ ժխտողականության դեմ արդյունավետ պայքար մղելու աշխատաեղանակներն ու հրամայականները և երրորդը՝ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների իրավահաջորդներին փոխհատուցման ու դրա հետ կապված խնդիրների իրավական հիմնավորումների քննարկում:
Այուհետև մեկնարկվեց երկօրյա միջազգային գիտաժողովի աշխատանքային առաջին օրը: Ելույթներ ունեցան ՀՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, միջազգային հեղինակություն վայելող հետազոտող Վահագն Տատրեանը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Փարիզի ՀԲԸՄ Նուբարյան գրադարանի տնօրեն Հարություն Գևորգյանը, ԱՄՆ Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, պատմաբան Միհրան Մինասյանը Սիրիայից, Վոլֆգանգ Գուստը Գերմանիայից, ԳԱԱ պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը, ««Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը, գերմանացի հայտնի իրավապաշտպան Թեսսա Հոֆմանը, Կանադայի Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանը:
Միջազգային գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը:



Մամլո հաղորդագրություն
Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին
Միջազգային գիտաժողով

21.03.2013

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած միջազգային այս գիտաժողովը նպատակ է հետապնդում Մեծ Եղեռնի հարյուրամյակի նախօրեին քննարկումներ սկսել և եզրակացություններ տալ երեք հիմնական ուղղություններով տարվող աշխատանքներին: Դրանք են`

ա. Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության և թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հետագա հեռանկարներն ու ուղղությունները,
բ. Ժխտողականության դեմ արդյունավետ պայքար մղելու աշխատաեղա-նակներն ու հրամայականները,
գ. Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների իրավահաջորդներին փոխհատուցման ու դրա հետ կապված խնդիրների իրավական հիմնավորումների քննարկում:

Գիտաժողովը կարևոր հանգրվան կհանդիսանա Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ շահեկան գիտական քննարկումների ու անհրաժեշտ հետևությունների համար, որի ընթացքում կձևակերպվեն հստակ եզրակացություններ ու առաջարկներ Հայոց ցեղասպանության տակավին չուսումնասիրված կամ նվազ ուսումնասիրված ոլորտների ուղղությամբ գիտական աշխատանքների իրականացման ու դրանց աջակցություն ցուցաբերելու համար:

Այս գիտաժողովը հնարավորություն կընձեռնի նաև հանգամանալիորեն քննարկելու թուրքական ժխտողականության դեմ առավել արդյունավետ հակազդեցության մեխանիզմների ու աշխատաեղանակների մշակման համար: Վերջապես, այս գիտաժողովը կոչված է մասնագիտական հեղինակավոր կարծիքների հիման վրա մշակել ու ծրագրել հարյուրամյա տարելիցի կապակցութ-յամբ Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում անցկացվելիք տարաբնույթ միջոցառումների ընդհանուր ռազմավարությունը:

Գիտաժողովի անցկացումը հարմար առիթ է նաև Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանն առնչվող հիմնահարցերի ճշգրտման ու հետագա քայլերի ռազմավարության մշակման համար:

Նման գիտաժողովի կազմակերպումը, որին իրենց մասնակցությունն են բերելու Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետները, կարևոր ստուգատես է համարվելու 2015 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողովի անցկացման նախօրեին, ինչպես նաև կոչված է լրջորեն նպաստելու Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում գիտական սերնդափոխության գործընթացին:



Տիգրան Քալայջյան. «Ճշմարտության պաշտպանը. Գուրգեն Յանիկյանը և Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարը»

19.03.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Տ. Քալայջյանի «Ճշմարտության պաշտպանը» աշխատությունը: Գիրքը բաղկացած է ներածությունից, 2 մասից և վերջաբանից:

Գիրքը ներկայացնում է 1973 թվականին Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Գուրգեն Յանիկյանի կողմից Կալիֆորնիայում երկու թուրք դիվանագետների սպանությունը: Հեղինակը այն որակում է որպես պայքար թուրք ժխտողականության դեմ: Տիգրան Քալայջյանը նաև լույս է սփռում հայկական սփյուռքի` տասնամյակներ տևած արդարության համար պայքարի մի շարք ոլորտների վրա:

Գիրքը հրատարակվել է Երևանում՝ անգլերեն լեզվով 2012 թ.:

Տիգրան Քալայջյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է: Նա Լոնդոնի Տնտեսագիտական դպրոցի շրջանավարտ է, գործարար, գրող, ակտիվիստ: Նա նաև Կիպրոսում հիմնված Քալայջյան բարեգործական կազմակերպության հիմնադրամի խորհրդի անդամ է:





Գորան Գյուներ. «Հայոց ցեղասպանութունը շվեդների աչքերով»

16.03.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Գ. Գյուների «Հայոց ցեղասպանութունը շվեդների աչքերով» աշխատությունը:

Գիրքը բաղկացած է ներածությունից և 9 գլուխներից: Գ. Գյուները առանձին գլուխներով անդրադառնում է համիդյան կոտորածներին, երիտթուրքերի վարչակարգի կողմից ծրագրած և իրագործած Հայոց ցեղասպանությանը, քեմալականների կողմից 1919-22թթ. հայ ժողովրդի հանդեպ իրագործած կոտորածներին: Հեղինակը Հայոց ցեղասպանությունը որակում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Աշխատությունն արժեքավոր է նրանով, որ հեղինակը օգտագործել է մեծ թվով շվեդական դիվանագիտական զեկուցագրեր, ականատեսների վկայություններ և մամուլի հրապարակումներ: Իններորդ գլխում Գ. Գյուները ներկայացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ շվեդական պառլամենտական քննարկումները և շվեդ հասարակության դիրքորոշումը այս հարցում:

Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Շվեդիայում՝ շվեդերեն լեզվով 2012 թ.:

Գորան Գյուները Շվեդական եկեղեցական հետազոտությունների բաժնի գիտաշխատող և Ուփսալայի համալսարանի պրոֆեսոր է: Նա հեղինակել է շվեդերեն լեզվով կրոնի ազատության և մարդու իրավունքների հարցերին առնչվող մի շարք աշխատություններ:



Հրատարակվել է Գևորգ Վարդանյանի «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում և Փոքրասիական աղետը (1914-1923թթ.)» մենագրությունը

15.03.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Վարդանյանի «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում և Փոքրասիական աղետը (1914-1923 թթ.)» գիրքը:

Մենագրությունը նվիրված է Օսմանյան կայսրությունում հույն բնակչության կարգավիճակի և 1914-1923 թթ. Հույների ցեղասպանության ուսումնասիրությանը:

Գրքի առաջին գլխում ներկայացվում է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հույն բնակչության տեղաբաշխումն ըստ վիլայեթների, ինչպես նաև հույների սոցիալ-տնտեսական ու քաղաքական դրությունը: Առանձին քննության է առվում նաև 1908-1914 թթ. հույների իրավական կարգավիճակը:

Գրքի երկրորդ գլխում ուսումնասիրվում է Առաջին համաշխարհային և 1919-1922 թթ. հույն-թուրքական պատերազմի տարիներին հույների զանգվածային տեղահանություններն ու կոտորածներն Արևելյան Թրակիայում, Փոքր Ասիայի արևմտյան հատվածում, Պոնտոսում և Օսմանյան կայսրության այլ շրջաններում: Ներկայացվում է նաև 20-րդ դարի առաջին քառորդին հայերի և հույների համագործակցության փորձերը:

Երրորդ գլխում քննության է առվում Լոզանի կոնֆերանսում Հունական հարցի քննարկումները և ստորագրված «Թուրքիայի և Հունաստանի միջև բնակչության փոխանակման վերաբերյալ» պայմանագիրը: Զուգահեռներ է անցկացվում նաև հայերի և հույների ցեղասպանությունների պատճառների և իրականացման մեխանիզմների միջև:



Ջեյմս Բրայս-175

10.03.2013

Բրիտանական հայասիրական շարժման ամենաականավոր գործիչ, իրավաբան, պատմաբան լորդ Ջեյմս Բրայսը ծնվել է 1838թ. մայիսի 10-ին Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում: Սովորել է Գլազգոյի համալսարանում և Օքսֆորդի Թրինիտի քոլեջում: Հետագա տարիներին Ջ. Բրայսը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել բրիտանական տարբեր կառավարությունների կազմում` արտգործնախարարի տեղակալ, առևտրի նախարար, Իռլանդիայի գործերի գլխավոր քարտուղար, իսկ 1907-13թթ. եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանը ԱՄՆ-ում:

1876թ. Բրայսն առաջին անգամ այցելել է պատմական Հայաստան` բիբլիական Արարատի գագաթը բարձրանալու նպատակով, որից հետո Լոնդոնում հրատարակվել է «Անդրկովկաս և Արարատ» (Transcaucasia and Ararat, London, 1877) գիրքը: Այն հիմնականում ճամփորդական նոթերի շարադրանք է, սակայն պարունակում է նաև որոշ քաղաքական դիտարկումներ ու եզրահանգումներ: Հայաստան կատարած ճամփորդությունից հետո Ջ. Բրայսը 1878թ. հիմնել է առաջին բրիտանական հայասիրական կազմակերպությունը` Անգլո-հայկական ընկերությունը (Anglo-Armenian Association), որի նախագահը դարձավ լորդ Կարնարվոն, իսկ քարտուղարի պաշտոնը ստանձնեց ինքը` Բրայսը: 1880թ. Բրայսն իր երկրորդ ճամփորդությունն է կատարել դեպի պատմական Հայաստան` այցելելով նաև Զմյուռնիա և Կ. Պոլիս:

1893թ. Ջ. Բրայսի նախաձեռնությամբ հիմնադրվել է նոր Անգլո-հայկական ընկերակցությունը (Anglo-Armenian Association), որի առաջին նախագահը եղել է բրիտանական պառլամենտի անդամ Ֆ. Ստիվենսոնը:



ԳԴՀ Բունդեսթագի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

06.03.2013

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ մարտի 6-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ԳԴՀ Բունդեսթագի նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Նորբերթ Լամմերթին և Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամներին ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ներկաներին ծանոթացրեց թանգարանի ցուցանմուշներին: ԳԴՀ Բունդեսթագի նախագահը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը 2005թ. հունիսի 15-ին:




ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլիորին այցելեց Ծիծեռնակաբերդ

20.02.2013

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլիորին փետրվարի 19-ին այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Միլիորին ծաղկեպսակ դրեց ցեղասպանության զոհերի հուշարձանին, լռությամբ հարգեց մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլիորին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին: Միլիորին գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլիորին տնկեց արծաթափայլ եղևնի:



Հայոց ցեղասպանությունը Նյու Ջերսիի դպրոցական ծրագրերում ընդգրկելու նախաձեռնություն

05.02.2013

2013 թ. հունվարի 7-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը մասնակցել է Խաղաղության, Արդարության և Հաշտեցման կենտրոնի, ինչպես նաև Հյուսիսային հովտի ուսումնական ծրագրերի զարգացման կենտրոնի համատեղ սեմինարին, որտեղ քննարկվել է Հայոց ցեղասպանությունը դպրոցական ծրագրերում ընդգրկելու նախաձեռնությունը:

Այս նախաձեռնությամբ նախատեսվում է օգնել ուսուցիչներին ծանոթանալու Նյու Ջերսի նահանգի այն պետական չափանիշներին, որոնք արտոնում են ցեղասպանագիտության ուսուցումը: Այն նաև ենթադրում է մասնագիտական զարգացման դասընթացներ, ուսումնական նյութեր և աջակցություն այլ միջոցներ միջնակարգ դպրոցների ուսուցիչների համար:

Շրջանի ուսուցիչները մասնակցել են առաջին սեմինարին, որի հիմնական թեման Հայոց ցեղասպանությունն էր: Սեմինարը վարել են պրոֆեսոր Թոմ Լափոյնթը, դոկտոր Դեյվիդ Էյչենհոլցը և Ցեղասպանագիտության, հակամարտությունների կարգավորման և մարդու իրավունքների Ռաթգերս կենտրոնի փոխտնօրեն Նելա Նավարոն:

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, այն օրինակը, որով կարել է հասկանալ, թե ինչպես կարող են բռնություններն ու կանխակալությունը հանգեցնել զանգվածային կոտորածների:



ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյոգուն այցելեց Ծիծեռնակաբերդ

04.02.2013

Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության հրավերով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյոգուն և նրան ուղեկցող պատվիրակությունը ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պատվիրակությանն ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:

ՌԴ պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը




Բիձինա Իվանիշվիլին հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին

18.01.2013

Հունվարի 17-ին Երևան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, նրա գլխավորած պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Վրաստանի վարչապետը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ 2004 և 2009 թվականներին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էր այցելել նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:









Կայքի նորություններ

17.01.2014Կայքը թարմացվել է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am