22.05.2018
![](news-img/kipros0005-18.jpg)
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի, ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերը Կիպրոսի Հանրապետության անունից ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Մենք կրկին տեսանք հայ ժողովրդի տառապանքները բարբարոսության և ատելության մեջ. մենք ասում ենք` այլևս երբեք»:
Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած առաջին պետություններից է: Այն բանաձևեր ունի 1975, 1982, 1990 թվականներին, ինչպես նաև այն առաջին պետությունն է, որը բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում: Կիպրոսն ունի նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք՝ ընդունված 2015թ. ապրիլի 2-ին: