23.02.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրին դիմավորեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, վերջինս ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Մադագասկարից ժամանած բարձրաստիճան պաշտոնյան ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկաներին պատմեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմության մանրամասները։ Շրջայցի վերջում Մադագասկարի Արտաքին գործերի նախարարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
«Որպես անձինք, ովքեր հարգանքով են վերաբերվում մարդկությանը` մենք նաև մշտական հիշողության պարտավորություն ունենք անմեղ զոհերի հիշատակի առջև: Այն երեխաների, պատանիների, երիտասարդների, կանանց և տղամարդկանց հանդեպ, ովքեր ընդամենը խնդրում էին թույլ տալ իրենց ապրել: Ողջ մարդկությունը պետք է դաս քաղի այս սոսկալի դեպքերից, որպեսզի պատմությունն այլևս այս ուղղությամբ չկրկնվի: «Այլևս երբեք»-ը չպետք է լինի սոսկ կարգախոս, մենք այդպես պետք է ապրենք: Մենք խոնարհվում ենք ու մեր հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր հայ զոհերի հիշատակին»,-գրել է Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական: