23.10.2018
Հոկտեմբերի 22-ին Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախագահի կիբեռանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի նախագահ Արա Աբրահամյանի ուղեկցությամբ մասնավոր այցով ժամանեց Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հյուրերը ծաղիկներ դրեցին նաև Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Այնուհետև պատվիրակության անդամներն եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցուցադրությանը, այցի ավարտին Ռուդոլֆ Ջուլիանին գրառում կատարեց թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Պատվիրակությունը շրջեց նաև Հիշողության պուրակում, որտեղ ԱՄՆ նախագահի խորհրդականը տնկեց արծաթափայլ եղևնի: