24.04.2017
Այսօր լրանում է ապրիլի 24-ը` որպես Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման օր նշելու 102-րդ ամյակը: 1919թ. մարտին Հայոց ցեղասպանությունը վերապրած արևմտահայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ Կ. Պոլսում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որի գլխավոր նպատակը Մեծ Եղեռնի զոհերի չորրորդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումների կազմակերպումն էր: Հանձնաժողովը, որը հայտնի էր «Ապրիլ տասնմէկի սգահանդէսի մասնախումբ» անվամբ, իր մեջ ընդգրկել էր 13 անդամներ, որոնց թվում էին Եվփիմե Ավետիսյանը, Զարուհի Գալամքեարյանը, Մարի Ստամբուլյանը, Պերճուհի Պարսամյանը, Օր. Արփիարը, Տիգրան Զավենը, Մերուժան Պարսամյանը, Հակոբ Ճ. Սիրունին, Գևորգ Մեսրոպը, Թագվոր Սուքիասյանը, դոկտ. Բարսեղ Տինանյանը, Շահան Պերպերյանը և Հովհաննես Պողոսյանը: Վերջիններիս համառ ջանքերի շնորհիվ էր, որ պոլսահայ իրականության մեջ առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ ոգեկոչվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Արևմտահայ գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ Հակոբ Սիրունին այս մասին իր հուշերում գրել է.
«Մեր սարքած սգատօնը այլևս ավանդական դարձավ: Այն օրէն որդեգրուեցաւ Ապրիլ 24-ը իբր համազգային սուգի խորհրդանշան»:
Հանձնախմբի որոշմամբ ոգեկոչման միջոցառումները պետք է իրականացվեին ապրիլի 11/24-ին, սակայն, հավանաբար, Հայոց պատրիարքի վատառողջության պատճառով, այն մեկ օրով հետաձգվել է:
1919թ. ապրիլի 12/25-ին Կ. Պոլսի Բերա թաղամասի Ս. Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի պատարագ, որը վարել է Մեսրոպ եպիսկոպոս Նարոյանը: Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Եղիայանը, հանդես գալով քարոզով, մասնավորապես ասել է. «Բոլոր այն նահատակները ցորենի հատիկներ են, հողին մեջ ծածկւած, պիտի ծլին, բազում արդիւնք յառաջ պիտի բերեն...»:
Նախապես հայտարարված սգո օրվա առթիվ Կ. Պոլսի բոլոր ազգային վարժարաններն ու հայերին պատկանող խանութները չեն գործել: Սգո այս արարողությանը բազմաթիվ արևմտահայերից բացի ներկա են գտնվել նաև հունական Այա-Թրիատա եկեղեցու թաղական խորհրդի ներկայացուցիչները, ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ Պ. Թախթաչյանը և այլոք:
Արևմտահայ լրագրող Հակոբ Տեր-Հակոբյանը, «Վերջին Լուր» թերթում անդրադառնալով օրվա խորհրդին, մասնավորապես նշում է. «Այսօր, երբ մեր սիրտերը կը ճմլուին անդարձօրէն կորած այնքան թանկագին էակներու վիշտին տակ, այսօր, երբ սուգի համեստ ցույցով մը մեր արցունքը անգամ մըն ալ թափեցինք այնքան սիրական յիշատակներու ետեւէն... անոնց բաժանման չորս ահաւոր տարիներու անջրպետը յանկարծ կը կրճատուի, և մենք... կ'ողջունենք, կ'ողջագուրենք, կը համբուրենք զիրենք այն անբացատրելի գրկախառնումով և սրտազեղումով որ եղած ըլլայ երբեք»:
Կեսօրին եկեղեցում հավաքված ամբոխը տեղափոխվել է քաղաքի Չեշմե թաղամասի Հայ ավետարանական Ս. Երրորդություն եկեղեցի, ուր պատարագից հետո տեղի ունեցավ «սգահանդես»` բանախոսների ելույթներով, ասմունքով, հոգևոր երաժշտությամբ: «Սգահանդեսի մասնախմբի» անունից բացման խոսքով հանդես եկավ Շահան Պերպերյանը, ապա ելույթներ ունեցան Հնչակյան ու Ռամկավար կուսակցության ներկայացուցիչներ Վահան Զեյթունցյանն ու պրոֆ. Հ. Հակոբյանը, Բժշկական միության կողմից` դոկտ. Խանջյանը, Ուսուցչական միության կողմից` Գևորգ Մեսրոպը և այլոք: Բանախոսություններն ընդմիջվել են նահատակված մտավորականների հեղինակած բանաստեղծությունների ասմունքով ու սգո մեղեդիներով: Սգո օրվա առթիվ Թեոդիկի խմբագրությամբ հրատարակվեց նաև «Յուշարձան Ապրիլ 11-ի» խորագրով աշխատությունը (Կ. Պոլիս 1919թ., տպարան` Օ. Արզուման)` «իբրև սգապսակ Պոլսի ու գավառի մտավորական նահատակներուն»` վերջիններիս կենսագրություններով, լուսանկարներով ու անտիպ նյութերով:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման առաջին այս արարողությունը, որը տեղի ունեցավ Կ. Պոլսում, իր տեսակի մեջ միակը չէր. 1919թ. մարտի 24-ին` դարձյալ Բերայի Ս. Երրորդություն եկեղեցում, Հայոց պատրիարքի առաջնորդությամբ մատուցվել է հոգեհանգստի պատարագ` ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նահատակված ամերիկյան միսիոներների: Արարողությանը ներկա են գտնվել նաև Թուրքիայում ամերիկյան դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյաներ Մր. Հէյկը և Մր. Ֆաուլը, «Թայմզ» թերթի թղթակիցը, հարյուրապետ Պենեթը և այլոք: Հաջորդ օրը` մարտի 25-ին, նույնպիսի արարողություն տեղի է ունեցել նաև Վատիկանի հայ Կաթողիկե եկեղեցում Հռոմի Պապի հավանությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության նահատակներին, որին ողջ իտալահայ գաղութից բացի, որպես Պապի ներկայացուցիչներ մասնակցել են նաև մի շարք կարդինալներ ու եպիսկոպոսներ, Իտալիայի կառավարության անդամներ` կրթության նախարար Մ. Լուձաթթին, Պառլամենտի նախագահ Լոմբարդոն, արտգործնախարարի փոխանորդը, Իտալիայում Ֆրանսիայի դեսպանը և այլ պաշտոնատար անձինք:
Ապրիլի 24-ը պաշտոնապես սգո և հիշատակի օր ամրագրելու որոշում ընդունվել է միայն 2 տարի անց, 1921թ. Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով Կ. Պոլսի Հայոց պատրիարքին հաղորդում է ապրիլի 11-ը(24) համազգային սգո օր սահմանելու մասին` «ի յիշատակ բիւրաւոր նահատակաց մերոց յընթացս համաշխարհային պատերազմի» և հայտնում, որ այդ օրն այսուհետ արձանագրված է Էջմիածնի օրացույցում որպես սգո օր, ուստի պետք է արձանագրվի նաև Պատրիարքարանի օրացույցում: Ապրիլի 23-ին պատրիարքական հատուկ շրջաբերականով պոլսահայ բոլոր խմբագրատներին հաղորդվում է. «Այլ եւս Պոլսոյ մտաւորականութեան կամ «տարբեր անուններով օրեր սահմանելու տեղ մէկ օր միայն սահմանուի իբր սուգի օր, պատերազմի ու տարագրութեան շրջանի նահատակներուն համար եւ Ս. Կաթողիկոսին կարգադրութեամբ այդ օրը բոլոր Հայոց կողմէ միեւնոյն օրը կատարուի»: Նույն թվականի ապրիլի 24-ին (Ծաղկազարդի օրը) Պատրիարքարանի կարգադրությամբ Կ. Պոլսի բոլոր հայկական եկեղեցիներում հոգեհանգստի պատարագ է մատուցվել` «Հայոց տարագրման և նահատակութեան առթիւ»: Պատարագից հետո` նույն օրը, քաղաքի Բերա և Սամաթիա թաղամասերի թատերական դահլիճներում տեղի են ունեցել հատուկ «սգահանդեսներ», ուր իրենց զեկուցումներով ու ելույթներով հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը վերապրած մի շարք մտավորականներ ու հոգևորականներ (Եղիշե Արք. Դուրյան, Հրաչ Երվանդ, Ա. Միքայելյան, Հովսեփ Տեր Մարգարյան և այլոք)` հավաքված բազմությանը կոչ անելով մշտապես վառ պահել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակն ու երբեք չհուսալքվել: