31.10.2018
Հոկտեմբերի 24-27-ը ՀՑԹԻ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Շուշան Խաչատրյանը մասնակցել է Իտալիայում՝ Բոսեի վանական համալիրում, կայացած ամենամյա միջազգային գիտաժողովին: Այս տարի գիտաժողովը կրում էր «Աստվածաբանությունը և բռնությունը. վեր հանելով կրոնական բռնությունների հիմքերը» (“Theology and Violence: Discerning the Roots of Religious Conflicts”) խորագիրը:
Շուշան Խաչատրյանը ներկայացրեց «Կայենի սինդրոմը. ցեղասպանությունն իբրև զոհաբերական երևույթ» (“The Syndrome of Cain”: Genocide as a Sacrificial Phenomenon) վերնագրով զեկույցը, որտեղ շոշափված են ցեղասպանությունների կրոնագիտական և աստվածաբանական մեկնաբանությունների հարցեր, հեղինակն առաջարկում է կիրառության մեջ դնել նոր՝ «Կայենի սինդրոմ» կոչվող ֆենոմենոլոգիական եզրույթ:
Գիտաժողովի կազմակերպիչներն էին Ս. Անդրեաս առաքյալի աստվածաշնչային- աստվածաբանական ինստիտուտը (Մոսկվա, Ռուսաստան) և Բոսեի վանական համալիրը (Մանյանո, Իտալիա):
Գիտաժողովի շրջանակներում ներկայացվեցին կրոնական բռնություններին ու դրանց միջգիտակարգային ուսումնասիրություններին ու խնդիրներին վերաբերող զեկուցումներ: Գիտաժողովի թեմատիկ ընդգրկման մեջ առանձնահատուկ տեղ էր հատկացված ֆրանսիացի պատմաբան, փիլիսոփա Ռենե Ժիրարի հայեցակարգային մոտեցումներին, հատկապես՝ միմետիկ տեսությանը: Գիտաժողովին մասնակցեցին ևս 20 հետազոտողներ՝ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից Իռլանդիայից, Իտալիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Չեխիայից: