12.10.2018
Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Քվեբեկի վարչապետ Ֆրանսուա Լգո ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Քվեբեկի նորընտիր վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Քվեբեկից ժամանած հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Քվեբեկի վարչապետ Ֆրանսուա Լգո շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի: