1915թ. սեպտեմբերի սկզբներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն հեռագրով դիմում է Պետական Դեպարտամենտին, որով անհրաժեշտ էր համարում ստեղծել հատուկ կոմիտե` դրամահավաք կազմակերպելու և հայերի համար միջոցներ հայթայթելու համար: Դեսպանի հեռագրում նաև նշվում էր, որ Թուրքիայում արագորեն ընթանում է Հայկական ռասայի ոչնչացումը և հույժ կարևոր է գործնական քայլերի դիմելը:
«Նրանք չպետք է մեռնեն»
Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի
հանգանակության պաստառ, 1918 թ.
Այս հեռագիրն անմիջապես փոխանցվում է Բոստոն` Արտաքին առաքելությունների համամիսիոներական ամերիկյան խորհրդի արտաքին գործերի քարտուղար Ջեյմս Բարտոնին: Վերջինս սեպտեմբերի 14-ին հայտնում է այս մասին Նյու Յորքում բնակվող մեծահարուստ, մարդասեր Քլիվլենդ Դոջին` վերջինիս առաջարկելով հանդիպում կազմակերպել և քննարկել հայկական խնդիրը:
Սեպտեմբերի 16-ին կայանում է մի շարք առաջադեմ գործիչների հանդիպումը, ուր որոշում է կայացվում հայ կարիքավորների օգտին դրամահավաքի կոմիտե ստեղծելու և այն բարեգործական նկատառումներով Կ.Պոլիս գործուղելու մասին:
1915թ. հոկտեմբերի 1-ից վերոնշյալ գործառույթներն իրականացնում էր Հայկական նպաստամատույց հանձնախումբը (Armenian Relief Committee): Մինչ այդ Մերձավոր Արևելքում նմանօրինակ ևս երկու կոմիտե էր գործում. դրանք էին Սիրիայի և Պաղեստինի նպաստույց կոմիտեն և Պարսկական պատերազմի նպաստի հիմնադրամը: 1915թ. նոյեմբերին այս երկու կոմիտեները, միավորվելով Հայկական նպաստամատույց հանձնախմբին, ձևավորում են Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց հանձնախումբը (American Committee for Armenian and Syrian Relief), որը 1918թ.-ից կրում էր «Մերձավոր Արևելքում ամերիկյան նպաստամատույց կոմիտե» անվանումը: 1919թ. օգոստոսի 6-ի Կոնգրեսի որոշմամբ այդ կոմիտեն վերանվանվում է Մերձավոր Արևելքի Նպաստամատույց (Near East Relief):
Հայերին և սիրիացիներին օգնելու ԱՄՆ նախագահ
Վ. Վիլսոնի ուղերձն`
ուղղված ամերիկյան հասարակությանը
Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի հիմնադիրների և անդամների թվում էին Քլիվլենդ Դոջը (ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի մերձավոր, Կոստանդնոպոլսի Ռոբերտ քոլեջի Խնամատարների խորհրդի նախագահ), Ջեյմս Բարտոնը, Չարլզ Քրեյնը (Կոստանդնոպոլսի Կանանց քոլեջի Խնամատարների խորհրդի նախագահ), Սամուել Դատոնը (Կոստանդնոպոլսի Կանանց քոլեջի գանձապահն ու Աշխարհի խաղաղության հիմնադրամի քարտուղար), ինչպես նաև Ստենլի Ուայթը, Էդվին Բալքլին, Չարլզ Վիքրին, Հարոլդ Հաչը, Վիլիամ Չեմբերլենը և այլոք:
Հանդիպման ընթացքում քննարկվում է նաև այն հարցը, թե որքան գումար անհրաժեշտ կլինի հավաքել, և արդյունքում համաձայնության են գալիս 100.000 դոլար գումարի շուրջ: Քլիվլենդ Դոջն անմիջապես իր վրա է վերցնում վարչական բոլոր ծախսերը: Կոմիտեի անդամները նաև կապ են հաստատում Պետդեպարտամենտի հետ, որի արդյունքում վերջիններիս տնօրինության տակ են անցնում Պետդեպարտամենտի բոլոր փաստաթղթերը. նրանց թույլատրվում է կարդալ ու կիրառել անհրաժեշտ բոլոր այն հեռագրերը, որոնք առնչվում էին Մերձավոր Արևելքի սոցիալական, կրոնական և ֆիզիկական վիճակին: Շուտով նրանց համար պարզ է դառնում, որ Թուրքիայի ոչ մահմեդական բնակչության վիճակը պատկերացրածից շատ ավելի ծանր է:
Կազմավորումից մի քանի ամիս անց Նպաստամատույցն արդեն հիսունից ավելի կենտրոններ ուներ Կ.Պոլսում, Իզմիրում, Մարզվանում, Այնթափում, Դիարբեքիրում, Ուրֆայում, Խարբերդում, Էրզրումում, Տրապիզոնում, Բիթլիսում, Վանում, Թավրիզում, Ուրմիայում, Հալեպում, Բեյրութում, Դամասկոսում:
Նպաստամատույցի մարդասիրական գործունեությունն ի սկզբանե բարձր գնահատանքի է արժանանում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից, որը լինելով Քլիվլենդ Դոջի և Չարլզ Քրեյնի մերձավորը` մեծ հետաքրքրություն է ցուցաբերում կոմիտեի նկատմամբ:
«Ձեր մանրադրամը կյանք է փրկում»
Մերձավոր Արևելքի Հայկական և Սիրիական նպաստամատույց
1916թ. հուլիսի 10-ին ԱՄՆ կոնգրեսը որոշում է ընդունում դիմել նախագահ Վ. Վիլսոնին` առաջարկելով վերջինիս սահմանել հատուկ օր, որպեսզի այդ օրն ԱՄՆ քաղաքացիներն իրենց ներդրումն ունենան հալածվող հայ ժողովրդի օգնության գործում: Նախագահի 1916թ. օգոստոսի 31-ի որոշմամբ հոկտեմբերի 21-ը` շաբաթ, և 22-ը` կիրակի, հայտարարվում են հանգանակություն իրականացնելու օրեր»:
Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի աշխատակիցների մեծ մասը կամավորներ էին, և քանի որ կենտրոնական գրասենյակի ծախսերը հոգում էր Քլիվլենդ Դոջը, հանգանակություններից ու նվիրատվություններից ստացված գումարը գրեթե ամբողջությամբ բաժին էր հասնում կոտորածները վերապրածների խնամատարության գործին:
Օսմանյան կայսրության տարածքից հարյուր հազարավոր գաղթականներ էին հասնում Հայաստան, որոնց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով Թիֆլիսում ամերիկյան հյուպատոս Վիլոբի Սմիթը դիմում է Նպաստամատույցին: Այս կոչին շատ արագ արձագանքում է Ռոքֆելլեր հիմնադրամը` հատկացնելով բավականին մեծ գումար:
«Միթե՞ մենք կործանվում ենք»
Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց
1916թ. Նպաստամատույցի գործունեությունն ավելի ծավալուն է դառնում: Ամերիկյան հյուպատոս Ջ. Ջեքսոնից ստացված տեղեկությունների համաձայն Հալեպի, Տեր-Զորի և Դամասկոսի գաղթականների թիվը շուրջ 150.000-ի հասնում էր, իսկ Հալեպի եկեղեցիներում և այլ շինություններում ապաստան էին գտել շուրջ 2000 որբեր:
1917թ. ԱՄՆ մտնում է պատերազմի մեջ, որի արդյունքում խզվում են դիվանագիտական հարաբերությունները Օսմանյան կայսրության հետ, սակայն թուրքական կառավարությունը հնարավորություն է ընձեռում Մերձավոր Արևելքի Նպաստամատույցին շարունակել իր մարդասիրական գործունեությունը:
Արդեն Մուդրոսի զինադադարից հետո Նպաստամատույցը գործունեություն է ծավալում ոչ միայն Կովկասում, Սիրայում ու Լիբանանում, այլև Թուրքիայի ներքին շրջաններում. այսպես, օգնություն է տրամադրվում ավելի քան 12.000 հայ որբերի Խարբերդում, Սեբաստիայում, Տրապիզոնում, Սամսոնում, Մարզվանում, Կոնիայում, Իզմիթում, Կեսարիայում, Բրուսայում, Պարտիզակում, Ադանայում և այլուր:
1919թ. Նպաստամատույցի ջանքերով Ալեքսանդրապոլի փողոցներից հավաքում էին թափառաշրջիկ հայ որբերին, որոնց բժշկական զննման ենթարկելուց հետո տեղավորում էին կամ հիվանդանոցներում, կամ որբանոցներում: Կովկասի որբանոցներում երեխաները օրական երեք անգամ սնունդ էին ստանում, այն դեպքում, երբ նրանց թիվը շուրջ 25.000 էր: Սա մարդկության պատմության մեջ երբևիցե գոյություն ունեցած ամենամեծ որբանոցն էր և կոչվում էր «Որբաքաղաք»:
«Հանգանակեք, այլապես կկործանվենք»
Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց
Երբ 1920թ. նոյեմբերին Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր, Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը, այնուամենայնիվ, ստանում է ազատ գործելու հնարավորություն, քանի որ այն զուտ մարդասիրական բնույթ կրող կազմակերպություն էր և որևէ քաղաքական նպատակ չէր հետապնդում:
Հարյուր հազարավոր գաղթականներին տեղավորելու և կերակրելու հարցը լուծելու համար անհրաժեշտ էր ինչպես կառավարական, այնպես էլ միջազգային մակարդակի աջակցություն. Նպաստամատույցին իր օժանդակությունն է ցուցաբերում Կարմիր Խաչը` 1922թ. տրամադրելով 3.000.000 դոլար, որի չափը հետագայում հասնում է 6.000.000 դոլարի: Այս շրջանում Նպաստամատույցը դադարեցնում է չափահասներին տրվող օգնությունն ու զբաղվում է միայն որբերի խնամքով:
Նպաստամատույցը Մերձավոր Արևելքում ձեռք է բերում 300-ից ավելի շենք և ևս հարյուրը` Արևելյան Հայաստանում: 1922-1923թթ. այն շուրջ 30.000 հույն և հայ երեխաներ է տեղավորում Հունաստանում և Սիրիայում:
Մերձավոր Արևելքի նպաստամատույցի կողմից խնամակալության տակ վերցված երեխաներ
Tessa Hofmann & Gerayer Koutcharian
Armenian Review, Spring/Summer, 1992, Vol. 45, No. 1-2/177-178, p. 119, Fig. 56
Խարբերդից, Մալաթիայից, Դիարբեքիրից, Մարդինից, Ուրֆայից, Մարաշից և Ադանայից որբանոցները փոխադրվում են Սիրիա, որտեղ ո´չ որբանցներում, և ո´չ էլ դպրոցներում հնարավորություն չկար ապաստան տալու նրանց: Պետք էր վերստին կազմակերպել Սիրիայում գտնվող 12.000 հայ որբերի կենսաապահովումը:
1923թ. հիմնվում է «Ոսկե կանոնի կիրակին» (Golden Rule Sunday), որի համաձայն նոյմբերի 10-ը և 11-ը համարվում էին հանգանակության օրեր: Այս նախաձեռնությունը մեծ հաջողություն է ունենում.ի հետևանք դրա 1925թ. դեկտեմբերի 6-ը ևս սահմանվում է որպես «Ոսկե կանոնի կիրակի»: Արդյունքում, մեկ տարվա ընթացքում բավականին մեծ նվիրատվություններ են արվում, որոնց չափը հասնում է 4.265.322 դոլարի: Հետագայում այս նախաձեռնությունը ստանում է միջազգային բնույթ, որին միանում են ևս 51 երկրներ:
Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը զբաղվում էր ինչպես որբերի մասնագիտական կրթությամբ, այնպես էլ պարտավորություն էր ստանձնել աշխատանք փնտրել որբանոցից հեռացողների համար, նրանց տեղավորել հարմար ընտանիքներում, հետևել նրանց ապրելակերպին և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել ցանկացած օգնություն:
«400 հազար սովահար որբեր»
Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց
Որբերի տեղավորման խնդրի լուծման աշխտանքներն սկիզբ են առնում 1925թ. և շարունակվում են մինչ որբանոցների լուծարումը` 1929-1930թթ.: Ոչ մի որբ չէր հեռանում որբանոցից անորոշ կարգավիճակով. նրանք որոշ ժամանակ դեռ մնում էին կազմակերպության հսկողության ներքո: Չափահասները, հեռանալով որբանոցներից, աշխատանք էին գտնում և հայկական ընտանիքներ էին կազմում: Այս գործունեությունն արդեն իսկ հովանավորվում էր Մերձավոր Արևելքի Հիմնադրամի կողմից (Near East Foundation), որը և Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի ժառանգորդն էր:
Մերձավոր Արևելքի նպաստամատույցի մի խումբ որբ աղջիկներ ամառային ճամբարում
Պոլիգոնի որբանոցի խմբակային պարապմունքը, հոկտեմբեր 1925
“Story of Near East Relief” by James L. Barton, New York, 1930, p. 21
Այսպիսով, հիմնվելով որպես ժամանակավոր կոմիտե` Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը վեր է ածվում մի խոշոր կազմակերպության, որն ի սկզբանե իր առջև դնելով 100.000 դոլար հավաքելու անհրաժեշտությունը` գործունեության տասնհինգ տարիների ընթացքում ավելի քան 110 միլիոն դոլարի ներդրում է իրականացնում գաղթականների և որբերի փրկության գործում: Այդ մարդասիրական առաքելությունն իրականացվում էր ամերիկյան գործիչների և միսիոներների կողմից, որոնցից երեսունն այդ տարիներին ամենատարբեր հիվանդությունների և պատահարների զոհը դարձան:
Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի ջանքերով և ամերիկյան կառավարության ու ժողովրդի գործադրած մարդասիրական ջանքերի շնորհիվ վերահաս ոչնչացումից փրկվեցին հարյուր հազարավոր հայեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքի կարիքավոր մյուս ժողովուրդների հազարավոր ներկայացուցիչներ: Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի գործունեությունը փառավոր էջ է գրել մարդկության հումանիտար պատմության մեջ: