Օսմանյան կայսրության ձևավորման և զարգացման պատմությունը սերտորեն կապված է նրա ռազմական կառույցի ձևավորման ու զարգացման հետ: Օսմանցի թուրքերը մշտական նվաճողական պատերազմներ էին վարում, սակայն սկզբնական շրջանում բավարար քանակությամբ ռազմական ուժ չունեին, քանզի փոքրամասնություն էին կազմում իրենց գրաված տարածքներում: Քրիստոնյա հպատակների ռազմական ուժը գործածելու և իրենց ռազմուժի շարունակ աճող կարիքները հոգալու նպատակով` սուլթանական իշխանությունները հպատակ քրիստոնյա բնակչության հանդեպ սկսեցին կիրառել մարդահարկ` դեվշիրմե (մանկահավաք, մանկաժողով): Բացի այդ ռազմագերիների հանդեպ կիրառվում էր նաև փենջեք կոչվող հարկատեսակը, որի միջոցով հպատակ ժողովուրդներից յուրաքանչյուր հինգ հոգուց մեկը հանձնվում էր Օսմանյան կայսրությանը` բանակի շարքերը համալրելու համար: Սուլթանական իշխանությունները պարբերաբար բռնությամբ հավաքագրում էին պնդակազմ ու առողջ մանկահասակ տղաներին և պատանիների, որոնց կրոնափոխ անելուց հետո ուղարկում էին աջեմի (անփորձ, օտար) զորամիավորում: Այնտեղ նրանք ձեռք էին բերում ռազմական գիտելիքներ, փորձառություն, իսկ առավել ուժեղ և ռազմունակ երիտասարդներն ընդգրկվում էին ենիչերիական զորամիավորումում:
Ենիչերիական զորագնդերը ստեղծվել են 1361-1363 թթ. սուլթան Մուրադ l-ի օրոք և հիմնականում կազմված են եղել բռնի մահմեդականացված քրիստոնյաներից: Հայ մանուկների բազմաթիվ սերունդներ, խլվելով իրենց ազգային միջավայրից, ծառայել են օսմանյան պետության շահերին: Հայկական ծագում ունեցող ենիչերիների մեջ ի հայտ են եկել այնպիսի անհատականություններ, ովքեր իրենց քաջության և ընդունակությունների շնորհիվ կարողացել են բարձրագույն դիրքեր գրավել օսմանյան ռազմական և վարչական համակարգում: Նրանցից էին նշանավոր ծովակալ Հալիլ փաշան, զորավար և պետական գործիչ Սուլեյման փաշա Էրմենին, Դամադ Աբրահամ փաշան և այլոք:
Թեև շարիաթի սկզբունքներին դեմ էր անհավատների մուտքը «հավատքի բանակ», սակայն օսմանյան իշխանությունները, իրենց պետական շահերից ելնելով, հաճախ անտեսել են կրոնական նորմերը, քրիստոնյաներին գործածելով թուրքական բանակի տարբեր զորատեսակներում` յայա (հետևակ), լաղըմջը (խրամատ փորող), մեզարջը (գերեզմանափոր) և այլն: Հայերը, որպես վարձկաններ, ծառայել են նաև օսմանյան ռազմածովային նավատորմում:
Դարեր շարունակ բանակին սպասարկող հայ արհեստավորների մեծ խումբ է եղել կայսրության ցամաքային ուժերում և ռազմածովային նավատորմում: Շատ բարձր է գնահատվել հատկապես հայ զինագործների, թամբագործների, դերձակների և այլ արհեստավորների դերը օսմանյան բանակում:
Օսմանյան ռազմական նավատորմի ատաղձագործ վարպետները հիմնականում հավաքագրվում էին հայերից և հույներից: Կայսրության ծովակալության դարբնապետության պաշտոնը XVII-XIX դդ. հանձնված էր Դեմիրջիբաշյան ընտանիքին: Իսկ կայսրության վառոդարանները շուրջ մեկ դար համալրում ու վերահսկում էր նշանավոր Տատյան ամիրայական տոհմը: Օսմանյան բանակի հիմնական մատակարարները հայ վաճառականներն էին, ովքեր դարեր շարունակ հոգում էին բանակի պետքերն ու պարենի պաշարների համալրումը: Տարբեր դարերի ընթացքում կայսրությանն իրենց ծառայություններն են մատուցել օսմանյան բանակի նշանավոր մատակարարներ Յոհաննես բեյ Խանազատը, Աբրահամ չելեբի Ապրոեանը, Հաջի Օհան Եաղճեանը, Նորատունկեանները: Վերջիններս երկար տարիներ կրում էին «Էքմեքչի բաշի» տիտղոսը:
Հայերը երկրի տարբեր ոլորտներում ծառայելուց զատ բարձր պաշտոններ են զբաղեցրել նաև Ռազմական (Պատերազմի) և Նավատորմի նախարարություններում: Նրանցից շատեր ստացել են զինվորական բարձր կոչումներ: Իրենց մասնագիտական հմտությամբ առանձնացել են Յոսեփ Վարդանեանը (Վարդան փաշա), Ստեփան փաշա Ասլանեանը, Անտոն Եաւէր փաշա Թընկըրեանը:
1839թ. նոյեմբերի 9-ին սուլթան Աբդուլ Մեջիդ I-ը Գյուլհանեի արքայական պալատում հռչակեց օսմանյան բարենորոգումների առաջին հրովարտակը` Հաթթ-ը Շերիֆը, որը հայտնի է Թանզիմաթ անունով:
Թանզիմաթի ընձեռած հնարավորությունների և թուրք բժիշկների սակավության պատճառով` Եվրոպայի համալսարաններում կրթություն ստացած հայ բժիշկներն սկսեցին ծառայել օսմանյան բանակում: 1841թ.-ից ոչ մահմեդականներին հնարավորություն տրվեց սովորել Կայսերական զինվորական բժշկական վարժարանում (այսուհետ` ԿԶԲՎ), որը հիմնադրվել էր 1838թ. սուլթան Մահմուդ ll-ի արքունի բժիշկ Մանուել Շաշեանի նախաձեռնությամբ: Հայ զինվորական բժիշկներից շատերը դասավանդել են ԿԶԲՎ-ում, նրանց նախաձեռնությամբ հիմնվել է Կայսերական բժշկական ընկերությունը: Հայ զինվորական բժիշկներից շատերը կայսրությանն իրենց մատուցած ծառայությունների համար արժանացել են փաշայի և բեյի տիտղոսների: Նրանցից էին Գաբրիել Փաշա Սևանը (1822-1900), ով օսմանյան ռազմածովային նավատորմի առաջին հայ զինվորական բժիշկն էր, Անտոն փաշա Նաֆիլեանը, Տիրան փաշա Փափազեանը, Արթին բեյ Տեւլէթեանը, Տիգրան փաշա Փափազեանը և այլոք:
Զինվորական բժիշկներից բացի օսմանյան բանակի տարբեր ստորաբաժանումներում ստվար թիվ են կազմել նաև հայ դեղագործներն ու անասնաբույժները:
Թանզիմաթից հետո ևս Բարձր Դուռը հրաժարվեց քրիստոնյաներին համատարած զինվորագրելու գաղափարից և շարունակեց գանձել զինվորագրության հարկը` նախ իյանե-ի ասքերիե (օժանդակություն բանակին), ապա` բեդել-ի ասքերիե (զինվորագրության փոխարեն): Թեպետ, երբ օսմանյան բանակը երկրի արևելյան նահանգներում պայքարում էր քուրդ ինքնիշխան ցեղապետերի դեմ, 1847թ. հայերը կարճ ժամանակով զինվորական ծառայության կանչվեցին կառավարության կողմից:
1864թ. բացվեց Հարբիեի Զինվորական Վարժարանը: Սուլթան Աբդուլ Ազիզի հրամանով հինգ հայ երիտասարդներ (Գաբրիել Էքնաեան, Կարապետ Բարազամեան, Սիմոն Տատեան, Հովեան, Սինարեան) ընդունվեցին վարժարան, սակայն նրանց չթույլատրվեց հարյուրապետից բարձ աստիճան ստանալ:
1908թ. Սահմանադրության վերահռչակումից հետո հայերը երկրի մյուս քրիստոնյաների հետ միասին Օսմանյան խորհրդարանում պահանջեցին զինվորագրվել և հավասար իրավունքով ծառայել օսմանյան բանակում: 1910թ. օսմանյան խորհրդարանի կողմից ընդունված օրենքով երկրի բոլոր ազգերն ենթակա էին զինվորագրության: 1910թ. օգոստոսին և սեպտեմբերին հրատարակված զորակոչի հրամանները հայ երիտասարդներն ընդունեցին մեծ ոգևորությամբ: Բազում հայ երիտասարդներ ընդունվեցին Հարբիեի վարժարան և ցուցաբերեցին իրենց կարողությունները զինվորական ասպարեզում: Շատերը ստացան զինվորական բարձր աստիճաններ: Հայ զինվորականները թե´ Բալկանյան, և´ թե Առաջին Աշխարհամարտի ժամանակ աչքի ընկան մարտունակությամբ և բազում քաջագործություններով:
1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին Աշխարհամարտը: Օսմանյան բանակ զորակոչվեցին 18-45 տարեկան բոլոր տղամարդիկ, այդ թվում նաև շուրջ 60 հազար հայ տղամարդ, ովքեր միացան մինչև այդ արդեն Օսմանյան բանակում ծառայող հայ զինվորականությանը:
Չնայած բանակում հայ զինվորների համար ստեղծված ծանր պայմաններին` նրանք բարձր պատասխանատվությամբ հանձն առան կատարելու իրենց պարտականությունները: Հայ զինվորները Կարնո ճակատում գերի ընկնելու վտանգից փրկեցին Ռազմական նախարար Էնվեր փաշային, ով այդ առիթով գովեստի խոսք ու շնորհակալագիր հղեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Զավեն Տեր-Եղիայանին:
Սարիղամիշի տակ թուրքական բանակի ծանր պարտությունն առիթ հանդիսացավ հայ զինվորականներին մեղադրելու դավաճանության մեջ: 1915թ. փետրվարի 12-ին նույն Էնվեր փաշայի հրամանով սկսվեց օսմանյան բանակի հայ զինվորականության զինաթափումը, որից հետո նրանցից կազմվեցին ամելե թաբուրիները (բանվորական գումարտակներ) և համալ թաբուրիները (բեռնափոխադրող գումարտակներ): Նույն ժամանակ սկսվեց հայ սպաների մեկուսացումն ու ձերբակալությունները: Դրան հաջորդեց ռազմական նախարար Էնվերի` օսմանյան բանակում ծառայող, հայ զինվորներին ոչնչացնելու մասին հրամանը: Ռազմաճակատում գտնվող հազարավոր հայ զինվորականներ և բանակի մատակարարներ թիկունքում անօրինակ դաժանությամբ սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:
Պատերազմի առաջին օրերից զինվորական հիվանդանոցներում ծառայող հայ բժիշկներից շատերն ընկան պատերազմի դաշտում: Ոմանք մահացան իրենց պարտականությունները կատարելիս` բծավոր տիֆով վարակված թուրք զինվորներին խնամելու ժամանակ, իսկ շատերն էլ սպանվեցին պարզապես հայ լինելու համար: Ու եթե նրանց մի մասի կյանքն էլ խնայվեց, ապա դրա հիմնական պատճառը ռազմաճակատում թուրք բժիշկների պակասն էր:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տասնյակ հազարավոր հայ երիտասարդների զինվորագրումը և նրանց ծառայությունն Օսմանյան բանակում մեկ անգամ ևս ապացուցում է թուրքական ժխտողականության պնդումների սնանկությունը, թե իբր հայերը հարել են օտարերկրյա բանակներին` դրանով իսկ վտանգ ստեղծելով Օսմանյան բանակի թիկունքում:
Հայ զինվորականության զինաթափումն ու ոչնչացումը կայսրության հայ բնակչության դեմ իրագործված ցեղասպանության առաջին փուլը հանդիսացավ: Օսմանյան կառավորությունը, հետևողականորեն ոչնչացնելով արևմտահայության մարտունակ ուժերը, հնարավորություն ստացավ հեշտությամբ ու առանց լուրջ խոչընդոտների իրականացնելու հայ բնակչության նախապես ծրագրված տեղահանությունն ու բնաջնջումը:
Հայազգի Դամադ Աբրահամ փաշա
Օսմանյան բանակի բարձրաստիճան զինվորական
Կայսերական վառոդապետ Օհաննես բեյ Տատեան (1798-1869)
Կայսերական վառոդապետ Օհաննես բեյ Տատեան (1798-1869)
Կայսերական վառոդապետ Բողոս բեյ Տատեան (1800/01- 1863)
Կայսերական վառոդապետ Սիմոն ամիրա Տատեան (1777-1834)
Օսմանյան բանակի գնդապետ Պողոս բեյ Տատեան (1862-1934)
Ստեփան փաշա Ասլանեան (1822-1901)
1870-ականներին աշխատել է Ռազմական նախարարությունում
Թորոս բեյ Գիսակ
Օսմանյան նավատորմի պաշտոնյա, գնդապետ
Գրիգոր բեյ Թագուորեան (?-1884), գնդապետ
Անտոն Եաւէր փաշա Թընկըրեան (1812-1908)
Օսմանյան ռազմա-ծովային նավատորմի գնդապետ
Անդրանիկ փաշա Կրճիկեան (1819-1894), զինվորական բժիշկ
Ավարտել է ԿԲԶՎ-ն հարյուրապետի աստիճանով, 1855/1856
Անտոն փաշա Նաֆիլեան (1834-1912)
Հայդարփաշայի զինվորական հիվանդանոցի բժշկապետ
1891թ. արժանացել է Մեջիդիէի, Օսմանիէի շքանշանների
Տիգրան փաշա Պապայեան (1861-1939), գնդապետ
Գասպար բեյ Սինապեան (1814-1872), գնդապետ
Յովսէփ Վարդանեան (Վարդան փաշա) (1815-1879)
Արժանացել է Մեջիդիէի, Օսմանիէի շքանշանների
Արթին բեյ Տեւլէթեան (1852-1937)
Բալկանյան պատերազմում Բ. Զորաբանակի բժշկապետ
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գատըգյուղի զինվորական հիվանդանոցի բժշկապետ
Տիրան փաշա Փափազեան (1858-1926)
Օսմանյան Գ. Զորաբանակի բժշկապետ
Տիգրան փաշա Փեշտիմալճեան (1837-1894)
Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի խորհրդատու բժիշկն է եղել
Վահան փաշա Մանուէլեան (1847-1902)
ԿԶԲՎ-ի առաջնակարգ մանկավարժ, պալատական բժիշկ
Կոմիտաս բեյ Մինասեան (1837-1903)
1878թ.-ից աշխատել Ռազմական նախարարությունում
Օսմանյան նավատորմի առաջին հայ զինվորական բժիշկ Գաբրիէլ փաշա Սեւեան (1822-1900)
Ֆերդի փաշա Թերճիմանեան
Օսմանյան բանակի հայ կրտսեր սպաներ
Ա.(ձախից)-Երուանդ Հէքիմեան, Մատթեոս Մամուրեան, Գասպար Հայրապետեան
Բ.– Վարդան Ստամպօլեան, Շաւարշ Խրխշլեան, Անանիա Աբրահամեան
Զմյուռնիա «Հայ Սպայից միութեան» վարչությունը
Հարբիէի զինվորական վարժարանի սեբաստացի հայ ուսանողներ, 1910-1914թթ.
Նկարի կենտրոնում` Տիգրան Խոյեան, բանակի սպա, 1917թ.
Ձախից` Եդուարդ Խաչատրեան, հայտնի ֆուտբոլիստ, նրանից ձախ` Պողոս Շապոեանը
Ա. շարք, աջ կողմում` զինվորական համազգեստով Զարմայրը. հայտնի ֆուտբոլիստ և մարմնամարզիկ
Հակոբ Սիրունին Օսմանյան բանակի պահեստի հայ սպաների հետ, 1914թ.
Հարբիէի զինվորական վարժարանի հայ ուսանողներ, 1913թ.
1914թ. Հարբիեն ավարտած մի խումբ հայ սպաներ
Մեսրոպ Քաջբերունի, Մարտիրոս Զուրիկեան, Մկրտիչ Խանճեան և Մկրտիչ Շալճյան
Բալկանյան պատերազմում նահատակված հայ զինվորներ, Ադրիանապոլիս, 1912թ.
Ձախից` Գրիգոր Պալելօզեան, Գարեգին Աստուրեան, Ղըլչըրեան
Նստած` Յակոբ Չէթինեան, Մկրտիչ Սիւմելեան
Արթին Օղլի Վահան Էֆենտի, Հալեպի Արհեստից վարժարանի մարզանքի ուսուցիչ
Հալեպի վիլայեթի Արհեստից վարժարանի տնօրինության գրասենյակի փաստաթուղթ, 1917թ.
«Արթին Օղլի Վահան Էֆենտի, 1894ի ծնունդ, Հալէպի Արհեստից վարժարանի…մարզանքի ուսուցիչ է»
Օսմանյան բանակի հայ զորակոչիկներ, 1915թ.
Զիլէի մարզարանի հայ սպաներ
Ձախ կողմում նստողը` Գ. Սիւրմէնեան, աջ կազմում նստողը` Օհաննես Սահակեան
Օսմանյան բանակի երեք հայ սպաներ
Ձախից` Գրիգոր Սարրաֆեան, Գալուստ Սյումենեան, Շահեն Թաթիկեան, /Հարբիեյի աշակերտ/, 1913թ., Կ. Պոլիս
Կ. Պոլսի զինվորական դպրոցի աշակերտներ, մեջտեղում` Ա. Ալճյան
Օսմանյան բանակի հայ սպաներ
Օսմանյան բանակի հայ սպաներ, 1915/1916թթ.
Օսմանյան բանակի հայ սպաներ
Աջից` Գ. Գապզէմալեան, ձախից` Անգարայի դեղագործ Պետրոս էֆենտիի որդին` Հմայակը
Սարգիս Ազատեան
Օսմանյան բանակի զինվորական բժիշկ, սպա
Ձախից առաջինը` Բենիամին Կարապետի Շաքարյան, սպա, երկրորդը` նրա հորեղբոր որդին, Կ. Պոլիս, 1916թ.
Հայկ Ճիզմեճեան և Տիգրան Խոյեանը` օսմանյան բանակի սպայի համազգեստով, 1917թ.
Ավետիս Ճեպեճեան
Օսմանյան բանակի սպա, բժիշկ, մասնակցել է Դարդանելի և Պաղեստինի գործողություններին, 1915թ.
Գնդապետ Պողոս բեյ Տատեան (1862-1934)
Յեղյազար Մեսյաեան
Բռնագաղթի ընթացքում նահատակված Սեբաստիայի առաջին հայ դեղագործը
Գնդապետ Պողոս բեյ Տատեան (1862-1934)
Գալուստ Սիւրմէնեան
Հարբիեյի նորավարտ սպա, 1913թ.
Գալուստ Սիւրմէնեան, Հարբիեյի աշակերտ
Յովհաննէս Ասպետ, 1915թ.
Բենիամին Կէտիկեան` ծածկանունն Աֆիոն - Գարահիսարցի Մարտիրոս
Նիշաթաշի սուլթանական հիվանդանոցի դեղագործ Միհրան Քալեմքարյան
Օսմանյան բանակի հայ զինվորական Լևոն (ազգանունը հայտնի չէ), 21 հոկտեմբեր, 1917թ.
Արամ Ն. Սէլիեան, օսմանյան բանակի հայազգի զինվորական
Գալուստ Սիւրմէնեան
Գարեգին Եօլճեանը, Օսմանյան բանակի սպայի համազգեստով
Սուրեն Ազիրեան
Օսմանյան բանակի զինվորական բժիշկ, 1914թ.
Օսմանյան բանակի հայ զինաթափված զորակոչիկները բեռնակիր բանվորի կարգավիճակում, 1915թ.
Հովհաննես Ֆերամեան
Զինաթափվել և նահատակվել է 1915թ., 4-րդ բանակ
Գրիգոր Ահարոնեան
Զինաթափվել և նահատակվել է 1915 թ., 4-րդ բանակ
Ռուբեն Եալընըզեան
Զինաթափվել և նահատակվել է 1915թ., 4-րդ բանակ
Մելքոն Տաղլըեան
Զինաթափվել և նահատակվել է 1915 թ., 4-րդ բանակ
Յակոբ Զատուրեան
Գնդակահարվել է 1921թ., Բոլաթլը
Մարտիրոս Թերզեան
Գնդակահարվել է 1921թ., Բոլաթլը
Բիթլիսի ճանապարհին զինաթափված և սպանված հայ զինվորական, 1915/16
Թրքահայ զինաթափված զինվորականի դիակը Բիթլիսում, 1915/16թթ.
Զինաթափված հայ զինվորական, սպանված Մուշի մոտ,1914-1915թթ.
Բիթլիսի ճանապարհի թրքահայ գլխատված զինվորներ
Լուսանկարվել է ռուս զինվորների կողմից, 1915/1916թթ.
Աղբյուրները`
Հայկազեան Հայագիտական Հանդես, Անահիտ Աստոյան, Հայերն Օսմանեան բանակում /ԺԴ. Դարից մինչև 1918/, Պէյրութ, 2008թ.
Տիգրան ՔՀՆՅ. Խոյեան, «Նահատակ ցեղի անմահներ», Պեյրութ, 1983թ.
Գ. Սիւրմէնեան,, Տաճկահայ Զինուոր և Զինուորականութիինը նախ տաճկական ապա Հայկական բանակներուն մեջ, Պէյրութ, 1967թ.
Գ. Սիւրմէնեան, Երզնկա, Գահիրէ, 1947թ.
ՀՑԹԻ, լուսնկարների ֆոնդ, թպ-176, ֆ հ 2009
Վահե Սամուէլեան, Հայ Անցեալը, Երևան
Օսմանեան կայսերական բանակի սպա` Բժիշկ Ավետիս Ճեպեճեանին օրագիրը 1914-1918, Պէյրութ, 1986թ.
Միսաք Քէլէշեան, Սիս-Մատեան, Պէյրութ, 1949թ.
Ա. Տագէսեան, «Վահան Պէտէլեան. Երաժիշտ մանկավարժը», Պեյրութ, 2007թ.
Ալիս Օտեան Գասբարեան, «Պատմագիրք անկիւրիոյ եւ ստանոզի հայոց», Պեյրութ-Լիբանան, 1968թ.
Թեոդիկ, Ամենուն Տարցոյոյցը, Կ. Պոլիս, 1922թ.
N 16, Գաղթականական ալբոմ, 1914-1915թթ.
N 15, Գաղթականական ալբոմ, 1914-1915թթ.
Pars Tuğlacı, Tarih Boyunca Batı Ermeniler, (287-1850), c. 1, İstanbul, 2004
Pars Tuğlacı, Tarih Boyunca Batı Ermeniler, (1891-1922), c. 3, İstanbul, 2004
Pars Tuğlacı, The Role of The Dadian Family in Ottoman social, economic and political life, İstanbul, 1993
Pars Tuğlacı, Dadyan Ailesi’nin Osmanlı Toplum, Ekonomi ve siyaset hayatındaki rolü, İstanbul, 1993
Armenian review, spring/summer, 1992