2015թ. ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բացվեց վերակառուցված Հայոց ցեղասպանության թանգարանը՝ միանգամայն նոր ու բացառիկ ցուցադրությամբ:
ՀՀ Նախագահին, բարձրաստիճան հյուրերին, թանգարանի մեկենասներին և մյուս ներկաներին ողջունեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: ՀՑԹԻ տնօրենն իր խոսքում խորին երախտագիտություն հայտնեց երկրի առաջին դեմքին՝ Սերժ Սարգսյանին, թանգարանի բարերարներին՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանին, «Սպարտակ» ակումբի տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատե ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արմեն Շահազիզյանին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, Տիգրան Քալաջյանին, ՀՀ Նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ողջ անձնակազմին:
Այնուհետև Հայկ Դեմոյանը հյուրերին ներկայացրեց թանգարանի նոր ցուցադրությունը: Հյուրերի համար պատրաստված էր նաև անակնկալ. ինստիտուտի հատուկ հրավերով ժամանած երեք հյուրեր թանգարանին նվիրաբերեցին բացառիկ ցուցանմուշներ: Կատերինա Յամադան թանգարանին է նվիրել բրնձով լցված ապակե շիշ՝ Ցեղասպանությունից հետո Մերձավոր Արևելքի որբանոցներից մեկում երեխաների համար նախատեսված օրական պարենի չափով, որի բավարար չլինելու պատճառով կոմիտեն ստիպված մերժել է ընդունել հազարավոր երեխաների: Շշի վրա կա գրություն՝ «Օգնություն հայ որբերին»: Հյուրերից Յուսի Բյոռնը նվիրել է իր տատիկի՝ նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյոռնի օրագիրը և կնիքը, իսկ Սոսի Հաբեշյանը՝ դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի դրամապանակը և լուսանկար՝ որբերին խնամելիս:
Շրջայցի ավարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի մատյանում. «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությունը, որ նվիրված է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին, իսկապես տպավորիչ է թե՛ նյութի ընդգրկման, թե՛ մատուցման տեսանկյունից: Ծավալուն և արդյունավետ աշխատանք է կատարված:
Թվում է, թե մենք՝ հայերս, Հայոց ցեղասպանության մասին գիտենք գրեթե ամեն ինչ, բայց նման ցուցադրությունները վեր են հանում նոր շերտեր, տալիս նոր գիտելիք նույնիսկ ամենատեղեկացվածին: Որպես այցելու՝ ես դուրս եմ գալիս թանգարանից՝ վերահաստատելով այն, ինչ բոլորիս մտքում է և բոլորիս շուրթերին՝ Հիշում եմ և պահանջում»:
ՀՀ Նախագահը թանգարանին նվիրեց նաև մի բացառիկ հատոր՝ «Գրիգոր ի Նարեկայ Վանից վանականի Մատեան Ողբերգութեան, Ի Կոստանդնուպօլիս, 1850» գիրքը: Գրքի տիտղոսաթերթին հայերեն ձեռագիր տեքստ կա, որից հայտնի է դառնում, որ այն գնվել է Սեբաստիայի փողոցներից մեկում սեբաստահայության տեղահանության ժամանակ: Գնորդը` Երվանդ Սերայտարյանը, թողել է հետևյալ գրությունը. «Սեբաստիա, 15 Յուլիս, 1915, գնեցի փողոցին տեղահանութեան ժամանակ 12 ղրշի: Աստուած ամենակարող տուր մէզի օրհնութիւններդ եւ մէզի ողորմեա եւ մէզի շնորհէ գամքիդ բարիքներդ, Ամէն. Երուանդ Թ. Սէրայտարեան»:
Թանգարանի նոր ցուցադրության գիտական հայեցակարգը մշակվել և իրականացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմի կողմից՝ պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի ղեկավարությամբ: Թանգարանի սրահների ներքին ձևավորումն ու դիզայներական հայեցակարգը մշակել ու իրականացրել են Լուսինե Մաթևոսյանը և Քրիստինե Աբրահամյանը: Թանգարանի դիզայներական հայեցակարգը և նոր ցուցադրությունը նախագծվել և իրագործվել է առանց լրացուցիչ վճարի` ի նշան հարգանքի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի:
2011 թվականից մեկնարկեցին Հայոց ցեղասպանության թանգարանի նոր մշտական ցուցադրության մշակման և դիզայներական նախագծի իրականացման աշխատանքները:
Թանգարանի ցուցադրական տարածքը ընդարձակվել է երկուսուկես անգամ՝ կազմելով 2400 քառակուսի մետր. Հայաստանում առաջին անգամ կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ: Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքստային նյութերն ու բացատրագրերը հիմնված են ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդական մշակումների վրա: Դրանք հայերեն, անգլերեն, ռուսերեն կազմվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական անձնակազմի մանրակրկիտ ու համալիր աշխատանքի շնորհիվ: Աշխատանքներին խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ձևավորված թանգարանային փորձագիտական խումբը:
Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութերը: Դրանց մի մասը ներկայացված է տպագիր, ինչպես նաև մուլտիմեդիայի՝ պրոյեկտորների և հպումով աշխատող էկրանների տեսքով: Ներկայացված են նաև բնօրինակ, եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլն: Թանգարանային նոր ցուցադրական տարածքն ունի տասներկու սրահ նախկին երեք սրահների փոխարեն:
Ցուցադրությունը բաղկացած է հիսուն հիմնական խորագրերից:
Թանգարանի ցուցադրությունը շուտով կունենա նաև աուդիոգիդեր` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով:
Աուդիոգիդերը հնարավորություն կտան կարգավորելու թանգարան այցելող խմբերի մեծ հոսքերը:
Թանգարանում գործում է նաև գրախանութ: