Ապրիլի 22, 2009 թ.
Ս. թ. Ապրիլի 23-ին ժամը 12:30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի կունենա թանգարան-ինստիտուտի տնօրինության մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն վերջին մեկ տարվա ընթացքում թանգարանի նոր ձեռքբերումներն ու արդյունքները:
2008-2009թթ. ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն նվիրատվությունների, փոխանակումների և գնումների միջոցով համալրվել է հարյուրավոր բացառիկ թանգարանային արժեքներով, որոնց մեծ մասն ունեն կարևոր սկզբնաղբյուրային նշանակություն Հայոց ցեղասպանության ուսումնասիրման համար:
Այս ընթացքում թանգարանի կողմից իրականացված հավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Մեծ Եղեռնին ու հայ բնակչության բռնագաղթին առնչվող վավերագիր շուրջ հարյուր նոր լուսանկարներ` որոնց մի մասը համալրել է թանգարանի վավերագիր լուսանկարների հավաքածուն:
Թանգարանի ջանքերով, բոլորովին վերջերս, հայտնաբերվել և թվայնացվել է շուրջ 250 (երկու հարյուր հիսուն) բացառիկ լուսանկարների օրիգինալ ապակե կրիչներ, որոնք ներկայացնում են Սիրիայում` Եղեռնից փրկված հայ տարագրյալներին հումանիտար օգնություն ցուցաբերելու դրվագներ, ի մասնավորի` Ազգերի Լիգայի կողմից տարագրյալներին ցուցաբերած օգնությունը լուսաբանող լուսանկարային նյութեր:
Բացառության կարգով նորահայտ վավերագիր լուսանկարներն ապրիլի 24-25-ը զետեղվելու են թանգարանի հիմնական ցուցադրության մեջ:
2008թ. ընթացքում թանգարանը նվիրատվության կարգով ստացել է երեք խոշոր հավաքածուներ, որոնք ներառում են հարյուրավոր եզակի նյութեր` արևմտահայերի կենցաղի, ընտանեկան կյանքի, կենսագործունեության վերաբերյալ, ինչպես նաև Մեծ Եղեռնին առնչվող ու դրա հետևանքները լուսաբանող վավերագրեր ու եզակի հրատարակություններ:
Այս հավաքածուների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյորնի ձեռագիր հուշագրությունները և նամականին, որոնք ներկայացնում են Մուշի հայ բնակչության դեմ թուրքական բանակի կողմից իրականացված մասսայական կոտորածներն ու Սիրիայում նրա իրականացված որբախնամ գործունեությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական աջակցությամբ թանգարանի գրադարանը համալրվեց անգլիալեզու շուրջ հարյուր արժեքավոր ու հազվագյուտ գրքերով, որոնք կարևոր սկզբնաղբյուրային արժեք են ներկայացնում Հայոց ցեղասպանության ուսումնասիրման գործում: Այս գրքերի մի մասը ներմուծվել է թանգարանի մշտական ցուցադրության մեջ:
2008թ.-ին ավարտվեցին Հայոց ցեղասպանության թանգարանային նոր նախագծի կազմման աշխատանքները: Դիզայներական խմբի կողմից ներկայացված այս նախագծով նախատեսվում է 2010թ. սկսել ժամանակակից թանգարանային ցուցադրության պատրաստման աշխատանքները, որի արդյունքում կստեղծվի հայեցակարգային և տեխնիկական նոր լուծումների հիման վրա ստեղծված նոր ցուցադրություն:
Ապրիլի 23-ին կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ թանգարանում տեղի է ունենալու նաև Հայոց ցեղասպանության թեմայով թանգարան-ինստիտուտի նոր հրատարակությունների շնորհանդեսը: Մասնավորապես ներկայացվելու են 2008թ. լույս տեսած Ալմա Յոհանսոնի «Աքսորյալ ժողովուրդ», Արամայիս Բալոյանի կողմից կազմված` «Իտալիայի դիվանագիտական արխիվի վավերագրերը հայկական հարցի մասին» ժողովածուի առաջին հատորը, ինչպես նաև Կլոդ Մութաֆյանի և Ռուբեն Ադալյանի աշխատությունները:
Աշխատանքներ են տարվում թանգարանի կայքէջը հարստացնելու ուղղությամբ, տարվա ընթացքում ավելացվել է ՀՑԹԻ-ի կայքէջի թուրքերեն տարբերակը: 2008թ. դեկտեմբերին, էլեկտրոնային բովանդակության համահայկական Երրորդ մրցույթում ՀՑԹԻ www.genocide-museum.am կայքէջն արժանացավ ՀՀ վարչապետի գլխավոր մրցանակին, ինչպես նաև հաղթող ճանաչվեց «էլեկտրոնային գիտություն» անվանակարգում:
Ակտիվ էլեկտրոնային քաղաքականության շնորհիվ հնարավոր է դարձել կապեր հաստատել արտասահմանյան գիտական կենտրոնների, հետազոտողների, ինչպես նաև տարբեր երկրների բազմաթիվ կրթական հաստատությունների` դպրոցների ու վարժարանների աշակերտության հետ:
Վերջին մեկ տարվա ընթացքում խորացել են թանգարան-ինստիտուտի կապերը ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի հայկական գիտական ու կրթական հաստատությունների հետ: Գործուղումների արդյունքում համագործակցության շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ու պայմանագրեր են կնքվել մի շարք թանգարանների հետ:
Ազգային արխիվի հետ համատեղ հնարավոր դարձավ իդենտիֆիկացնել 1909թ. ապրիլի` Կիլիկիայի հայ բնակչության կոտորածներին առնչվող եզակի ու անհայտ շուրջ 70 լուսանկարներ, որով, փաստորեն, կրկնապատկվեց Ադանայի նահանգի հայ բնակչության կոտորածներին առնչվող վավերագիր լուսանկարների հավաքածուն:
Թանգարանի հավաքածուն մեծապես համալրվել է նաև 1919-1922թթ. ընթացքում Օսմանյան կայսրության հայ և մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրականացված բռնություններին առնչվող եզակի վավերագրերով և հրատարակություններով, որոնք կարևոր սկզբնաղբյուր են կայսրության փլուզման և հանրապետության հռչակման անցումնային փուլում տեղի ունեցած հայկական կոտորածների ուսումնասիրության համար:
Թանգարան-ինստիտուտն ուշադրության կենտրոնում է պահում նաև Ծիծեռնակաբերդի զբոսայգու խնամքի, մաքրության և անտառազանգվածի վերականգման հիմնախնդիրները:
Վերջին մեկ տարվա ընթացքում զբոսայգու տարածքում տնկվել է շուրջ 6000 ծառ և թուփ: Զբոսայգու անտառազանգվածի վերականգման աշխատանքներն իրականացվում են փուլային եղանակով` որը ներառում է տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ, խնամքի և սանիտարական հատումներ, ջրագծերի վերականգնում և նորերի անցկացում, իսկ այնուհետև` ծառատունկ:
Ներկայումս բարեկարգված է Ծիծեռնակաբերդի անտառազանգվածի 100 հեկտարից շուրջ 60 հեկտարը: Հաջորդ տարիների ընթացքում նախատեսվում է յուրաքանչյուր տարի վերականգնել 15-20 հա տարածք:
Զբոսայգու տարածքում շարունակում են նաև բրոնզեդարյան հնավայրի պեղման, դրա ուսումնասիրության և կոնսերվացման աշխատանքները: