Միջազգային գիտաժողով` «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն»
03.04.2014
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպում է միջազգային գիտաժողով` «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» թեմայով, որը տեղի կունենա 2014թ. ապրիլի 21-22-ին Երևանում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Գիտաժողովների սրահում:
Գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալ Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատում ռազմական գործողությունների, փախստականների առկայության և պատերազմական իրավիճակում Օսմանյան կայսրության և նախկին Ռուսական կայսրության տարածքում հայ ազգաբնակչության նկատմամբ ցեղասպանության իրագործման դրվագներին:
Գիտաժողովի ընթացքում դիտարկվող հարցերը ներառում են հետևյալ թեմաները`
• Պատերազմ և ցեղասպանություն
• Ռուս զինվորականները՝ որպես ցեղասպանության վկաներ
• Զինվորական լուսանկարիչները և «մոռացված պատերազմի» Կովկասյան թատերաբեմի կինոժամանակագրությունը
• Պատերազմը և գիտությունը. հնագիտական և ազգագրական հետազոտությունները Հայաստանի տարածքում պատերազմի ընթացքում
• Հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության
• Ռազմագերիների և անհայտ կորածների կարգավիճակը և ճակատագիրը
• Պատերազմը և կամավորական շարժումը
• Մարդասիրական օգնությունը և փախստականները
• Բարեգործությունը Կովկասյան ռազմաճակատում