«Թանգարանների գիշեր» միջոցառմանը կմիանա նաև ՀՑԹԻ` ժամանակավոր ցուցադրությամբ
16.05.2014
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մայիսի 17-ին կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Ցուցադրությունը բաց կլինի ժամը 11:00-ից:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորակառույց մասնաշենքում ապրիլի 21-ին բացվեց Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրությունում ներկայացված են մինչ օրս անհայտ հարյուրավոր բնօրինակ նմուշներ` ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ և այլ նյութեր, որոնք յուրովի դատապարտում են Օսմանյան կայսրությանը` որպես ցեղասպանություն իրագործած պետության:
Ժամանակավոր ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես հայ այցելուների, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանակներում:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում 2014թ. մայիսի 17-ին Երևանում կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, իսկ մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը:
2014 թվականը հոբելյանական է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման համար. լրանում է ծրագրի 10-ամյակը:
«Թանգարանների միջազգային օրվա» խորագիրն է` «Թանգարանները միավորում են մեզ», որն ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ
Արտաքին կապերի և լրատվության բաժին