30.10.2007
2007 հոկտեմբերի 30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի ունեցավ երկրորդ հրապարակային դասախոսությունը, որը կարդաց Անի Քալայջյանը: Թեման` «Ցեղասպանության ներգործությունը սերունդների հոգեբանության վրա»:
Անի Քալայջյանը միջազգային ճանաչում ունեցող փորձագետ է աղետների զոհերի վրա թողած հոգեբանական ազդեցության ուսումնասիրության ոլորտում: Նա հեղինակել է Աղետ և զանգվածային հոգեբանական ցնցում: Հետցնցումային հոգեկան առողջության հետ կապված պրոբլեմների հաղթահարման գլոբալ հեռանկարները ձեռնարկը: Երկար ժամանակ աշխատել է Պարսից ծոցի և Վիետնամի պատերազմի վետերանների, Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության, ինչպես նաև տարերային աղետների վերապրածների հետ: 1988-2006թթ. եղել է Հայաստանում, Կալիֆորնիայում, Կիպրոսում, Ֆլորիդայում, Ճապոնիայում, Կորեայում, Թայվանում, Շրի Լանկայում, Պակիստանում և Թուրքիայում` աջակցելու բժիշկներին բնական և արհեստածին աղետների հետևանքով առաջացած հոգեբանական ցնցումները հաղթահարելու գործում, ինչպես նաև սեմինարներ է անցկացրել հոգեբույժների, հո•եբանների և լայն մասնագիտացում ունեցող բժիշկների հետ: Նրա հիմնական տեսլականը հետևյալն է. խաղաղ կարգավորման ճանապարհով կարելի է լիովին կանխել մարդու կողմից մարդու հանդեպ կատարվող անարդարությունները:
Օսմանյան կայսրությունում 1895-1923թթ. հայ ժողովրդի ոչնչացման փորձը ոչ միայն մեկ ու կես միլիոն հայերի կոտորածի պատճառ դարձավ, այլ նաև հոգեբանական լուրջ ազդեցություն ունեցավ վերապրածների վրա: Դասախոսության ընթացքում բանախոսը կներկայացնի ցեղասպանությունը վերապրածների սերունդների վրա ցեղասպանության ֆիզիկական, հոգեբանական և հոգևոր ազդեցությունը: Դասախոսությունը կամփոփի ցեղասպանությունը վերապրածների և նրանց սերունդների հետ Հյուսիսային Ամերիկայում իրականացված մի շարք հետազոտությունների արդյունքները: Դոկտոր Քալայջյանը շարունակում է Հյուսիսային Ամերիկայում սեմինարներ անցկացնել սերունդների վրա ցեղասպանության ունեցած ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ: Միաժամանակ, բանախոսության ընթացքում կներկայացվեն այն թերապևտիկ միջոցները, որոնք օգտագործվում են այդ զգացողությունների վերլուծության և դրանց հոգեբանական բացասական ազդեցությունը թուլացնելու համար: