04.05.2011
Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտը Հոլոքոստի զոհերի հիշողության շաբաթի շրջանակներում մայիսի 4-ին կազմակերպեց հանրային հերթական դասախոսությունը ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի մասնակցությամբ` Հայոց ցեղասպանության և Հրեից Հոլոքոստի հիշողություն. կառուցվածքային առանձնահատկությունները թեմայով: 2009-2010 թթ. պարոն Մարությանը խնդիրը բազմակողմանիորեն ուսումնասիրել և արժեքավոր հետազոտություններ է իրականացրել Վաշինգտոնի հոլոքոստի հուշային թանգարանում «Հիշողության վրա հենված քաղաքականություն. հայոց և հրեից փորձառության համեմատական ուսումնասիրություն» թեմայով։
Դասախոսության ընթացքում անդրադարձ եղավ այնպիսի հարցերի, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության և Հրեից հոլոքոստի պատմության պարբերականացումը, դրանց առաջնայնության և բացառիկության հաճախ հանդիպող որակումները դիտարկվեցին ավելի լայն հենքի վրա, մանրամասվեց «Հոլոքոստ» բառեզրը և սահմանները, քննարկվեց ցեղասպանություններն իրականացնողների հարցում նրանց էթնիկության և որոշակի գաղափարախոսության կրողներ լինելու հանգամանքը, դիտարկվեց երախտավորների խնդիրը, ընդարձակ անդրադարձ եղավ ցեղասպանության հիշողության մեջ զինված և բարոյական դիմադրությունների խնդրին, ինչպես նաև «մորթվել ոչխարների նման» կարծրատիպին, համեմատություններ անցկացվեցին ամերիկյան հիշողության մաս դառնալու գործընթացի շուրջ և այլն: Պրն. Մարությանը շեշտեց, որ հարցին առնչվող խնդիրներին մտադիր է անդրադառնալ առանձին մենագրությամբ:
Տարածել