06.12.2007
2007 դեկտեմբերի 6-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում քաղաքագետ Արա Պապյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական հրապարակային դասախոսությունը, որի թեման էր «Սևրի դաշնագիրը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը»:
Արա Պապյանը 2000-2006 թթ. եղել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Կանադայում: 1999-2000 թթ.` ՀՀ արտգործնախարարության խոսնակ, Հասարակության հետ հարաբերությունների վարչության պետ: 1989-1991թթ. դասախոսել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում: 1981-82թթ. և 1984-86թթ. եղել է զինվորական թարգմանիչ Աֆղանստանի Հանրապետությունում:
Համաշխարհային քաղաքագիտական միտքը բազմիցս է անդրադարձել Վուդրո Վիլսոնի քաղաքական ժառանգությանը, սակայն գրեթե ոչինչ չի արվել վեր հանելու համար ԱՄՆ նախագահի հետևողական և աննկուն ջանքերը հանուն հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման և, ամենակարևորը, արժեվորելու համար այդ գործունեության բարձրակետը հանդիսացող Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը որոշող և մեկընդմիշտ ամրագրող իրավարար վճռի (arbitral award) քաղաքական անանց կարևորությունը մերօրյա Հայաստանի Հանրապետության ներկայի և ապագայի համար: Վուդրո Վիլսոնը իրավարար վճիռը ստորագրեց 1920թ. նոյեմբերի 22-ին: