13.05.2008
Մարտին Լութերի անվան «Հալլե Վիտենբերգ» համալսարանի Մեսրոպ հայագիտական հետազոտությունների կենտրոնի 2008 թ. ամառային դասընթացների շրջանակներում նույն համալասարանի դոկտոր-պրոֆեսոր Հերման Գոլցի գլխավորությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ժամանեցին դասընթացի մասնակիցները: Դոկտոր Գոլցը հանդիսանում է մեծ հայասեր, միսիոներ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի և արխիվի տնօրենը: Ի դեպ պարոն Գոլցը նաև ԵՊՀ-ի պատվավոր դոկտոր է:
Դասընթացի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ նրանց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը մանրամասներ հաղորդեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող հուշահամալիրին:
Այնուհետև, ՀՑԹԻ «Կոմիտասի անվան» սրահում հրապարակային դասախոսությամբ հանդես եկան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և «Հալլե Վիտենբերգ» համալսարանի դոկտոր-պրոֆեսոր Հերման Գոլցը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության պատմական իրողությանը և ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտությանը, դոկտոր Գոլցը նկատեց. «Հանցագործությունը, որ իրագործվել է հայերի դեմ, հանցագործություն է ողջ մարդկության դեմ և եթե մենք կարողանանք ճիշտ դատապարտել այն, գուցե կարողանանք կանխարգելել նմանօրինակ ոճիրներն ապագայում: Եվ այդ առումով այս թանգարան-ինստիտուտը կարևոր դեր ունի, որը նաև հայ-թուրքական պատմության ուսումնասիրման լուրջ կենտրոն է»: