15.03.2021
«Ինքը՝ Սողոմոն Թեհլիրյանը, միայն խորհրդանիշ է, հյուլե,
ում մեջ կենտրոնացված է քամահրված ռասսայի ցավը,
և ով հուսահատ ինքնապաշտպանության մեջ իր վրեժն է լուծում»:
Արմին Թեոֆիլ Վեգներ
Խաչատուր և Հնազանդ Թեհլիրյանների ընտանիքում 1896 թ. ապրիլի 2-ին ծնվեց Սողոմոն Թեհլիրյանը. նա չորս եղբայրներից ամենակրտսերն էր:
Հայրենիքում ուսանելուց հետո Սողոմոնը մեկնել էր Եվրոպա՝ Գերմանիայում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Երբ սկսվեց Առաջին աշխարհամարտը, Սողոմոնը Սերբիայում էր, որտեղ գտնվում էին հայրն ու հորեղբայրը, և շուտով Բալկաններում ապրող մի խումբ հայ երիտասարդների հետ գալիս է Թիֆլիս (1915 թ. սկզբին) և անդամագրվում զորավար Անդրանիկի հայ կամավորական 1-ին ջոկատին:
1915 թ. հունիսին Թեհլիրյանը հայ կամավորների հետ մտնում է Վան՝ ականատես դառնալով տեղի հայության բռնագաղթին: Նա հազարավոր հայ գաղթականների հետ հասնում է Իգդիր, այնտեղից էլ՝ Երևան:
1915 թ. հուլիսի սկզբին սկսվում է Երզնկայի հայ բնակչության կոտորածն ու տեղահանությունը: Թեհլիրյանների 85 հոգանոց գերդաստանից փրկվեց միայն նրա ավագ եղբոր` Միսաքի դուստրը՝ Արմենուհին, ում հետագայում հայտնաբերեցին քրդերի մոտ (փրկվեցին նաև Սերբիայում արտագնա աշխատանքի մեկնած Սողոմոնի հայրը՝ Խաչատուրը, եղբայրները՝ Միսաքը, Սեդրակը և հորեղբայրը՝ Օսկիանը):
1916 թ. Սողոմոնը գալիս է Երզնկա, որն այդ ժամանակ գրավված էր ռուսական զորքերի կողմից, այն հավատով, որ կգտնի իր ընտանիքի կորցրած անդամներին: Երբեմնի հայաշատ քաղաքի ավերակների մեջ նա դժվարությամբ է գտնում հայրական տունը: Ավերված և դատարկված տան մեջ Թեհլիրյանը հոգեկան խորը ցնցում է ունենում և ուշագնաց ընկնում: Այս դեպքը հետագայում՝ դատաքննության ժամանակ, նրա մոտ ախտորոշված ընկնավորության (էպիլեպսիա) երկրորդ դրսևորումն էր (առաջին անգամ նա ուշագնաց եղավ 1915 թ. հուլիսին, Երևանում):
Երզնկայում նա իրականացնում է կարևոր առաքելություն՝ հայտնաբերել անմարդաբնակ վայրերում՝ քարանձավներում, անտառներում, լքված, ավերակ տներում թաքնված անապաստան ու ծնողազուրկ երեխաների և նրանց հանձնել որբանոցների խնամքին:
Շուտով Երզնկայում Սողոմոնը միանում է Սեբաստացի Մուրադի ջոկատին և մասնակցում Կովկասյան ճակատի ռազմական գործողություններին: 1918 թ. ապրիլի 6-ին Սարիղամիշի մոտ, Թեհլիրյանը հրազենային վնասվածք է ստանում և տեղափոխվում Թիֆլիս:
1918 թ. դեկտեմբերին Սողոմոն Թեհլիրյանը ժամանում է Կ.Պոլիս` գտնելու մատնիչ Հարություն Մկրտչյանին, որի կազմած «սև ցուցակի» համաձայն Թալեաթի հրամանով 1915 թ. ապրիլի 24-ին աքսորվեց Կ. Պոլսի հայ քաղաքական և մշակութային վերնախավը: 1919 թ. փետրվարին Կ.Պոլսում Թեհլիրյանը հայտնաբերում և գնդակահարում է հայազգի մատնիչին:
1919 թ. վերջին Թեհլիրյանը ուղևորվում է ԱՄՆ, որտեղ ծանոթանում է հայտնի քաղաքական գործիչ Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյանի) հետ և նրա կողմից ընդգրկվում «Նեմեսիս» գործողության մեջ: Դեռ 1919 թ. աշնանը Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ ժողովում խիստ գաղտնիության պայմաններում որոշվել էր մահապատժի ենթարկել հայերի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպած երիտթուրք հանցագործներին, ովքեր, Թուրքիայից փախուստի դիմելով, խուսափել էին թուրքական դատարանից: ՀՅԴ 9-րդ ժողովում ընտրվեց 41 թիրախ. ցուցակում առաջինը Թալեաթն էր: Վերջինս իր հայրենիքում հեռակա կարգով արդեն իսկ դատապարտվել էր մահվան: Գործողության համար ընտրվեց հունական դիցաբանության վրեժի աստվածուհու՝ Նեմեսիսի անունը:
1921թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում գնդակահարեց Թուրքիայի Ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: Վերջինս, փոխելով արտաքինը և անձնական տվյալները, ծպտյալ Գերմանիա էր տեղափոխվել (Բեռլինում Թալեաթն ապրում էր Ալի Սալիհ անունով): Թալեաթին հուղարկավորեցին մահվան միայն 5-րդ օրը, քանի որ թուրքական նոր իշխանություններն արգելեցին նրան թաղել հայրենիքում: Բեռլինում նախկին դաշնակիցները՝ գերմանացիները, կազմակերպեցին Թալեաթի ճոխ հուղարկավորությունը. բազմաթիվ ծաղկեպսակներ, տարբեր երկրներից ժամանած թուրքեր, հակահայկական ելույթներ և կոչեր… 1943 թ. Թալեաթի աճյունը Հիտլերի հրամանով հանդիսավորությամբ տեղափոխվեց Ստամբուլ:
Սողոմոն Թեհլիրյանը հուշերում գրում է.
«Դիմացի մայթով հաւասարուեցի նրան, արագ քալերով բաւական յառաջացայ. անցայ նոյն մայթը, ուսկից գնում էր նա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձեւով՝ ձեռնափայտը անփոյթ ճօճելով: Մի կարճ տարածութիւն մնացած զարմանալի անդորրութիւն համակեց էութիւնս: Հաւասարուելու վրայ Թալեաթը շեշտակի նայեց ինձ, աչքերի մեջ առկայծեց մահուան սարսուռը: Վերջին քայլը բեկուեց. մի քիչ թեքուեց որ խուսափի, բայց զէնքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մէկ եղաւ…»:
Հայ վրիժառուն ձերբակալվում է գերմանական ոստիկանության կողմից: Դատավարության ընթացքում (Բեռլին, 2/3-ը հունիսի, 1921 թ.) վկայություն տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ, հայասեր Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր: Թեհլիրյանին պաշտպանում էին անվանի իրավաբաններ Ադոլֆ ֆոն Գորդոնը՝ իրավական գաղտնի խորհրդական, Յոհաննես Վերթաուերը՝ իրավական խորհրդական, Նիմայերը՝ Քիլի համալսարանի իրավագիտության բաժնի պրոֆեսոր: Նրա դատապաշտպանները Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին բնօրինակ հեռագրեր, որոնցում Թուրքիայի Ներքին գործերի նախկին նախարարը տալիս էր հայերի բնաջնջման և տեղահանության հրամանները: Բերված փաստերի ու վկայությունների արդյունքում 1921թ. հունիսի 3-ին Բեռլինում գերմանական դատարանը արդարացրել է Սողոմոն Թեհլիրյանին:
Թեհլիրյանի գործում գերմանացի հումանիստ Ա. Վեգների բնութագրմամբ
«ոչ թե սպանողն էր մեղավոր, այլ` սպանվողը»:
Ս. Թեհլիրյանի դատավարությունը բավականին մեծ հասարակական-քաղաքական արձագանք ունեցավ. այն լայնորեն լուսաբանվեց ինչպես ժամանակի եվրոպական, ամերիկյան ու հայկական մամուլում, այնպես էլ՝ գերմանացի և թուրք լրագրողների կողմից:
Դատավարությանը մասնակցում էր նաև երիտասարդ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ում կյանքում Թեհլիրյանի դատական գործը ճակատագրական նշանակություն ունեցավ: Տարիներ անց արդեն փորձառու իրավաբանը ստեղծեց «գենոցիդ» եզրույթը և նրա անմիջական ջանքերով նորաստեղծ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 1948 թվականին ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան:
Դատավարությունից հետո Սողոմոն Թեհլիրյանը բնակություն է հաստատել Բելգրադում (Սերբիա)՝ իբրև Սողոմոն Մելիքյան: 1950-1955 թթ. ապրել է Կասաբլանկայում (Մարոկկո), 1955-1957 թթ.՝ տեղափոխվել է Փարիզ, այնտեղից էլ 1957թ.՝ Սան-Ֆրանցիսկո (ԱՄՆ), որտեղ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին: Նրա աճյունը հողին է հանձնվել Ֆրեզնոյում:
Գոհար Խանումյան
ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող
Սողոմոն Թեհլիրյան, 1922 թ., հունիս
Լուսանկարը Արա Օսկանյանի ընտանեկան արխիվից
Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, 1921 թ.
(Սողոմոն Թէհլիրեան, Վերյիշումներ (Թալեաթի ահաբեկումը), գրի առավ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, 1953)
Ս. Թեհլիրյանը՝ կամավոր, 1915 թ., Երևան
(Սողոմոն Թէհլիրեան, Վերյիշումներ (Թալեաթի ահաբեկումը), գրի առավ՝ Վահան Մինախորեան, Գահիրէ, 1953)
Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշա
փոստային բացիկ, ՀՑԹԻ հավաքածու