![](news-img/yuhanson-alma.jpg)
Հայոց ցեղասպանության տարիներին որոշները կարողացան փրկվել և հայ մնալ տարբեր երկրներից Օսմանյան կայսրություն ժամանած միսիոներ կանանց անձնվեր գործունեության շնորհիվ: Վերջիններս, իրենց երկրներում տեղեկանալով հայ ժողովրդրի հետ տեղի ունեցող ոճրագործության մասին, հաղթահարելով բազում դժվարություններ, իրենց կյանքը նվիրեցին հայերի փրկության գործին: Վտանգելով սեփական կյանքը՝ միսիոներներից շատերը փնտրում էին անտուն երեխաների, տեղավորում նրանց որբանոցներում, փրկում ջարդերից:
Այս առնչությամբ բացառիկ է շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնը, ով ծնվել է 1881 թվականի հոկտեմբերի 29-ին Շվեդիայում:
Գերմանական միսիոներական դպրոցում մեկ տարի սովորելուց հետո նա սկսում է իր գործունեությունը
«Կանանց առաքելության աշխատողներ» (ԿԱԱ) կազմակերպության շվեդական մասնաճյուղում:
1900-ական թվականներին լսելով հայերի կոտորածների մասին՝ բողոքական եկեղեցու բազմաթիվ միսիոներներ և գթության քույրեր մեկնում են Փոքր Ասիա:
Շվեդական թերթերից մեկում հայերի ջարդերի մասին պատմող հոդվածը փոխում է 19-ամյա Ալմայի ճակատագիրը:
Ալմա Յուհանսոնը մարդասիրական մեծ գործունեություն է ծավալել և´ Արևմտյան Հայաստանում, և´ Հունաստանի Սալոնիկ քաղաքում:
1901 թվականին, 20 տարեկան հասակում Ալմա Յուհանսոնը մեկնում է Արևմտյան Հայաստան իր դանիացի գործընկեր Քրիստա Համմեի հետ: Նրանց ջանքերի շնորհիվ Օսմանյան կայսրության Խարբերդի նահանգի Մեզրե քաղաքում հիմնվում է
«Էմաուս» որբանոցը: Ինչպես իր նորվեգացի գործընկեր Բոդիլ Բյոռնը, Ալմա Յուհանսոնը նույնպես որոշում է նոր մարտահրավերներին ընդառաջ գնալ Մուշ քաղաքում և Մուշի շրջանում: Այստեղ նա՝ որպես բուժքույր և մանկաբարձուհի, իր գիտելիքները ծառայեցնում է քրիստոնյաներին ու մուսուլմաններին օգնելու գործին:
1910-1915 թթ. Յուհանսոնը նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյոռնի հետ անց է կացնում Մուշում: 1915 թվականին Ալման և Բյոռնը վկան են դառնում զարհուրելի տեսարանների, իրադարձությունների, տեսնում են, թե ինչպես են իրենց որբերին փակում մի շինության մեջ և ողջակիզում:
Արևմտյան Հայաստանում Ալմա Յուհանսոնը և բազմաթիվ միսիոներներ դառնում են հայերի ցեղասպանության և դրա ծանր հետևանքների ականատես-վկաները։
Հաղթահարելով հոգեկան ծանր ապրումները ու կամքի մեծ ուժ դրսևորելով՝ նրանք ամբողջովին նվիրվում են որբացած հայ երեխաների հավաքման և խնամքի գործին:
1915 թվականին սարսափելի ապրումներից հետո Ալմա Յուհանսոնը վերադառնում է Շվեդիա. հոգին այնպես էր ցնցվել, որ այլևս ապրել չէր ցանկանում: Տունդարձի ճանապարհին՝ Կոպենհագենում, դեկտեմբերի 7-ին այցելում է
«Կանանց առաքելության աշխատողներ» դանիական մասնաճյուղի Հայկական կոմիտե, պատմում իր տեսածի մասին: Նրա պատմությունը տպագրվում է յոթ էջանոց գրքույկում, որը 1916 թվականին տարածվում է
«Կանանց առաքելության աշխատողներ» (ԿԱԱ-ի) անդամների մեջ: Գրքույկում զետեղված է Մուշում և Մեզրեում հայերի կոտորածների մասին, փրկված հայերի և միսիոներների կյանքի, ինչպես նաև այն մասին, որ պատերազմից հետո նրանց հետագա գործունեությունը վտանգի չենթարկելու համար նույնիսկ գաղտնի գրքույկում միսիոներների անվան միայն առաջին տառերն էին գրվում:
1920 թվականին Յուհանսոնը դանիացի ավագ միսիոներուհի տիկին Վիլհելմին Գրյունհագենի հետ մեկնում է Կոստանդնուպոլիս, որի արվարձաններում՝ Սկյուտարում ու Մաքրիքյոյում, խնամում էին ցեղասպանությունից փրկված որբերին մինչև 1922 թվականը:
Ալմա Յուհանսոնը Հունաստանում՝ հայերի շրջանում, իր աշխատանքը սկսեց 1923 թվականին Սալոնիկում, որտեղ արդեն կային ամերիկյան կայաններ: Յուհանսոնը հայ գաղթականների շրջանում օգնում էր տառապյալներին և համատեղում իր միսիոներական աշխատանքը:
Յուհանսոնը կիրառում է իր աշխատանքի երեսնամյա հարուստ փորձը, սիրով, հավատարմությամբ ու ջանասիրությամբ աշխատում այրիների և որբերի, չքավորների, անօթևանների շրջանում:
1923-1941 թթ. Ալմա Յուհանսոնը Սալոնիկում հիմնում է ձեռագործի արհեստանոց փրկված հայ գաղթականների համար: Միսիոներների արհեստագործական արհեստանոցներում այրիները և երիտասարդ աղջիկները հնարավորություն են ստանում իրենք վաստակել իրենց ապրուստի միջոցները: Հայ կանանց գեղեցիկ ձեռագործերն ուղարկվում են Շվեդիա՝ ցուցահանդես-վաճառքի: Որտեղ դրանք մեծ գնահատանքի են արժանանում:
1934 թվականին, երբ շվեդական թագավորական զույգը ժամանում է Սալոնիկ, Յուհանսոնը շվեդական հագուստ է կրում, շվեդական կրծքազարդը կրծքին ամրացնելով և գեղեցիկ ծաղկեփնջով դիմավորում է զույգին։ Նա պատմում է փախստականների հուսահատ վիճակի մասին, և հանդիպման ժամանակ նվիրում է երիտասարդ կանանց ձեռքով պատրաստված հայկական ձեռագործ: Մեկ շաբաթ անց նա իր մարդասիրական օգնության համար բավականին մեծ գումար է ստանում, ինչը նպաստում է հայ կանանց ու որբերի կյանքը բարելավվելուն:
Մասնակցելով հայերի շրջանում մարդասիրական նպաստամատույց աշխատանքներին՝ Յուհանսոնը դառնում է ներգաղթյալների ամենօրյա կյանքի մի մասը՝ ապրելով նրանց հետ և լինելով նրանց կարիքների հանդեպ հոգատար:
Յուհանսոնն օգնում է նրանց վերապրել մի նոր վայրում և տանը, միաժամանակ ձևավորում հայկական համայնք, պահպանում նրանց ինքնությունը:
Շատ հայեր ամենատարբեր նպատակներով մեկնում էին Ֆրանսիա (1920թ.), Խորհրդային Հայաստան (1930-ականներից), Գերմանիա, Ավստրիա և այլ երկներ:
Յուհանսոնը նրանց հետ շարունակում էր բարեկամական կապ պահպանել՝ նամակներ գրելով և նյութական աջակցություն ուղարկելով: Ավելին, նամակագրությունը շարունակվում է նույնիսկ այն ժամանակ, երբ նա 1941 թվականին վերադառնում է Ստոկհոլմ (Շվեդիա):
Շվեդ ընթերցողներին Ալման զեկուցում էր, որ հայերը գնահատված ու հարգված աշխատողներ էին:
Ալման Յուհանսոն շվեդերեն հրատարակել է երկու արժեքավոր գրքույկ՝
«Աքսորյալ ժողովուրդ»(1930 թ.) և
«Հայ աքսորականների կյանքը» (1931 թ.) ցեղասպանության և դրան հաջորդած տարիներին իր ապրումների մասին:
Ինչպես այս գրքույկներում, այնպես էլ գերմանական ու ամերիկյան դիվանագետներին հղած իր զեկույցներում Յուհանսոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում ցեղասպանության տարիներին և դրանից հետո վերապրածների շրջանում իրականացված փրկարարական հսկայական աշխատանքների մասին:
Ալմա Յուհանսոնը իր կյանքի տարիները նվիրեց որբերին ու կարիքավորներին, 1941 թվականին վերադարձավ Շվեդիա, երբ հիտլերական բանակը ներխուժել էր Հունաստան:
Ալմա Յուհանսոնը կյանքից հեռացել է 1974 թվականին Ստոկհոլմում:
Ի հիշտակ Ալմա Յուհանսոնի՝ 2011 թվականի ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ալմա Յուհանսոնի գերեզմանից բերված հողի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի մեջ ամփոփման և հուշատախտակի տեղադրման արարողությունը, որից հետո սկանդինավյան երկրներից ժամանած հյուրերը Հիշողության պուրակում տնկել են սկանդինավյան ծառը՝ ի հիշատակ սկանդինավցի հայասերների:
Շվեդիայի սքանչելի դուստր Ալմա Յուհանսոնը դարձավ իսկական մայր բոլոր այն որբերի համար, որոնք հրաշքով փրկվեցին և ապաստան գտան անձնուրաց ու գթասիրտ շվեդուհու հովանու ներքո:
Քրիստինե Նաջարյան
(Կրթական ծրագրերի բաժնի վարիչ)
1.Ալմա Յուհանսոն,
Աքսորյալ ժողովուրդ, մեկ տարի հայոց պատմությունից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2008:
2.
Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2014:
3.Լիպարիտ Ազատեան,
Հայ որբերը մեծ եղեռնի, Լոս Անճելըս,1995:
4.Արծվի Բախչինյան,
Հայանպաստ շարժումը Սկանդինավյան երկրներում (1896-1930-ական թվականներ), «Պատմաբանասիրական հանդես», N 3, 2002:
5.Maria Småberg on Mission in the Cosmopolitan World Ethics of care in the Armenian refugee crisis, 1920–1947.
6.Maria Småberg ,
Materiality and cosmopolitan care in the Swedish humanitarian work among Armenian refugees in Thessaloniki, 1923–1947.
![](news-img/alma1.jpg)
Մեզրեում բացված դանիական
«Էմաուս» որբանոցը, որտեղ ապաստան են գտնում հարյուրավոր հայ երեխաներ
![](news-img/alma2.jpg)
Ալմա Յուհանսոնը երկու հայ վերապրողների հետ
![](news-img/alma3.jpg)
Հայ կանանց կողմից պատրաստված ձեռագործ
![](news-img/alma4.jpg)
Ալմա Յուհանսոնի «Մի աքսորյալ ժողովուրդ» գրքի շվեդերեն հրատարակությունը
![](news-img/alma5.jpg)
Ալմա Յուհանսոնի «Մի աքսորյալ ժողովուրդ» գրքի հայերեն հրատարակությունը
![](news-img/alma6.jpg)
2011թ. Ապրիլի 21, սկանդինավցի միսոներներ Ալմա Յուհանսոնին և Մարիա Յակոբսոնին նվիրված հանդիսավոր արարողություն